ՀՀԿ-ն ընտրում է ՀԱՊԿ-ը, իսկ մյուսնե՞րը

    • Հայաստան-ՆԱՏՕ - Շաբաթ, 21 Ապրիլի 2012, 10:44

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսական «Նեզավիսիմայա» էլեկտրոնային հանդեսին տված հարցարզույցում խոսել էր Հայաստանի ռազմական քաղաքականության, հատկապես ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի փոխհարաբերությունների մասին: Վարչապետը նշել էր, որ Հայաստանը պլանավորում է հեռանկարում բարելավել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Բայց ավելի լուրջ հեռանկարներ կան կապված ՀԱՊԿ-ի հետ: Այս ընտրության մեջ վարչապետը միանշանակ շեշտել էր ՀԱՊԿ կարևորությունը, ընդ որում` մի քանի անգամ:

Հնարավոր է վարչապետի նման կտրուկ պատասխանի պատճառն այն էր, որ հարցազրույցը հենց ռուսական պարբերականի հետ էր: Բայց այն, որ Հայաստանի իսթեբլիշմենթը ռազմական ու քաղաքական համագործակցությունը ավելի շատ հենց ՀԱՊԿ շրջանակներում է դիտում՝ փաստ է:

Այսպիսով, պետական մակարդակով հստակ ասվում է, որ Հայաստանի համար ՀԱՊԿ-ն ավելի կարևոր է, քան ՆԱՏՕ-ն: Ընդ որում, սա ասվում է հայաստանյան իշխանությունների «մոդեռն» թևի առաջնորդ Տիգրան Սարգսյանի միջոցով: Ինչը նշանակում է, որ Հայաստանում քաղաքական ու ռազմական արդիականացման հիմնական հեռանկարը Ռուսաստանում կամ ՀԱՊԿ-ում պետք փնտրել:

Ռուսական կրթական ու IT համակարգերն ակնհայտորեն հետ են արևմտյանից, ռուսական բանակը հենվում է միայն ռեսուրսների անսահման քանակության ու մասշտաբայնության վրա, Ռուսաստանն ունի բազմաթիվ ներքին քաղաքական ու սոցիալական խնդիրներ: Ռուսաստանն ինքն ունի արդիականացման հետ կապված լրջագույն խնդիրներ, ու ինքնին արդիականացման օրինակ հանդիսանալ չի կարող: Ուստի վարչապետի ու ընդհանարապես ցանկացած մեկի կողմից հետսովետական տարածքում արդիականացում փնտրելը ընդամենը քաղաքականության պարտադրանքն է:

Վարչապետի կողմից հնչեցվող նման հայտարարությունները փաստում են նաև, որ իշխող ՀՀԿ-ն հստակ արտաքին քաղաքական կուրս է ձևակերպում: Ընդ որում, դա անելով վարչապետի միջոցով, ՀՀԿ-ն փաստում է, որ նույնիսկ ամենահավանական արդիականացման դեպքում Հայաստանն ավելին, քան Ռուսաստանն է, չի գնալու:

Այդուհանդերձ, ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունն ավելի քան իրատեսական է, նաև այն պատճառով, որ հետսովետական ՀԱՊԿ-ի հետ համագործակցելու առումով Հայաստանի «պոտենցիալը» բավարար է: ՆԱՏՕ-ի պարագայում Հայաստանը ստիպված կլինի ջանքեր գործադրել, ինչը ավելի հեշտ պայմաններով պաշտպանություն առաջարկող ՀԱՊԿ գոյության դեպքում դեռևս անիրատեսական է թվում: Հայաստանի իշխանություններն ըստ էության իրենց ընտրությունը կայացնում են մատչելիության սկզբունքով, ընդամենը սպառելով դրսից տրվող ամենահեշտ օգնությունը:

Վարչապետի այսպիսի հայտարարությունը պարզաբանման կարիք ունի նաև քաղաքակրթական ընտրության առումով: Փաստորեն, իշխանությունները քաղաքական ուղին ձևակերպում են դեպի Ռուսաստան: Այս պարագայում արդեն Հայաստանի համար ներքին քաղաքական խնդիր է դառնում արևմտյան վեկտոր ունեցող կուսակցությունների առաջխաղացումը: Խնդիրը բնավ այն չէ, որ Հայաստանը միանգամից ընտրություն կատարի դեպի ՆԱՏՕ: Պարզ է, որ նման պայմաններում Հայաստանի համար գերադասելի է հենց ՀԱՊԿ-ը: Բայց ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների բարելավման հեռնակարը չարժե կորցնել: Միաժամանակ պարզ է, որ Հայաստանում քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ հիմնական ուժերը պրոռուսական են՝ առաջին հերթին ՀՀԿ-ն, ընդհանուր առմամբ նաև ԲՀԿ-ն: ՀԱԿ-ը մեծ հաշվով չի ձևակերպում այլ արտաքին քաղաքական վեկտոր: Հայաստանում ընտրության շանս են ունենում Ժառանգությունը, Ազատ դեմոկրատները, նաև ՀՅԴ-ն: Սրանք նաև այն կուսակցություններ են, որոնք այս կամ այն կերպ կապված են արևմուտքի հետ: Ժառանգությունը իդեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, ՀՅԴ-ն էլ ի դեմս սփյուռքի ակտիվորեն շոշափում են արևմտյան շահերը Հայաստանում: Ազատ դեմոկրատներն էլ թերևս ի սկզբանե ձևակերպել են իրենց արևմտյան վեկտորի կրող լինելու հանագամանքը:

Հայաստանի ներքին իրավիճակում արևմուտքի հանդեպ պահանջարկ ձևավորելը շանս կտա նաև հակակշռել ՀԱՊԿ-ին, դրանով ավելի մեծացնելով Հայաստանի կշիռը ՀԱՊԿ գործընթացներում: Շանս կտա նաև ՆԱՏՕ-ի հետ դեռևս որպես այլընտրանք համագործակցելով, հեռանկարում ունենալ ավելի լուրջ ու վստահելի քաղաքական գործընկեր:

Այս առումով, առաջիկա ընտրությունների հետ կապված պարզ է դառնում, որ ՀՀԿ-ն մեծ հաշվով իր արտաքին քաղաքականության մեջ որևէ բան չի փոխել: Ավելին, քաղաքական դաշտում ՆԱՏՕ-ի հարցը չի էլ քննարկվում, ինչը ցույց է տալիս, որ ուժերին մեծ իմաստով հետաքրքիր չէ ոչ ռուսական այլ հեռանկար: Սակայն ակնհայտ է, որ արդիականացման կոնտեքստում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ավելի մեծ հեռանկարներ ունի: Ընդ որում, ՆԱՏՕ-ն, ռազմական ու քաղաքական կառույց լինելով, հարաբերությունների այլ՝ դիվանագիտական պլատֆորմների կողմնակից է: Նաև այս առումով վարչապետի նշված հարցարզույցը կարելի է գնահատել բավական հնացած: Ռազմական անվտանգության խնդիրները զենքի, պատերազմի ու նմանատիպ հասկացությունների մակարդակով քննարկելը բնորոշ է հետսովետական երկրներին: Նման մակարդակի քննարկումները բացառում են Հայաստանի համար արևմտյան տնտեսական հեռանկարը, քանի որ վերջինս իր ներդրումները կատարելիս հիմնվում է խաղաղության քաղաքականության վրա: Այս առումովմ ասենք մանր ու միջին բիզնեսը ևս իր շահերն է ձևակերպում անուղղակիորեն ՆԱՏՕ-ի միջոցով, որովհետև ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական կազմակերպություն լինելով, դիվանագիտական լեզվի այլ մակարդակում է գտնվում:

Քաղաքակրթական ու մշակութային առումներով հասունանում է ՆԱՏՕ -ի հետ համագործակցության համար ներքին քաղաքական ու հասարակական պահանջարկի ձևավորման ժամանակը, ինչն ըստ էության նախընտրական գործընթացներում շատ քիչ է արվում: Միաժամանակ, անընդհատ հստակեցվում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցության տեսլականը, առաջին հերթին հենց իշխանություն/ՀՀԿ-ի կողմից: Արևմտյան վեկտորին հարող ուժերն ու կազմակերպությունները, ինչպես նաև արդիականացման հեռանկար շոշափող ուժերը պետք է որ անդրադառնան վարչապետի այս հայտարարությանը:Այլապես ստացվում է, որ միայն ՀՀԿ-ն որպես գործող իշխանություն իր քաղաքական ու քաղաքակրթական ընտրությունն է ձևակերպում, իսկ մյուս քաղաքական ուժերը մեծ իմաստով համաձայն են այդ ընտրությանը ու սեփական առաջարկելու տարբերակները չունեն: