Մեր զրուցակիցն է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդական Վան Բայբուրդը
Պարոն Բայբուրդ, ՆԱՏՕ-ն տարածաշրջանի երկրների` Հայաստանի և Վրաստանի համար ինչքանո՞վ է գիտակցվում որպես անվտանգության երաշխավոր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր Վրաստանը ՆԱՏՕ անդամակցության հայտ է ներկայացրել, կարո՞ղ ենք ասել` այս առումով մեկ քայլ առաջ է Հայաստանից:
Մեկ քայլով՝ ոչ, բայց որ այսօրվա դրությամբ կես քայլով առաջ ենք, անժխտելի է: Իսկ ընդհանրապես վերջին 10-15 տարվա ժամանակահատվածը ցույց տվեց, որ ՆԱՏՕ-ի երաշխիքներն անվտանգության առումով առկա են, գործում են: Ոմանք սա չեն ուզում հասկանալ, ոմանք պարզապես ինչ-որ երկրի պրոպագանդայի ազդեցության տակ են: Այս առումով ուշադրությունն ինչ-որ երկիր երբեմն շեղում է, և ՆԱՏՕ-ի արժեքները ճշգրիտ չեն բնութագրվում, և ճիշտ չի ընկալվում անվտանգության հարցում նրա դերը: Վերլուծաբաններն ու փորձագետները համեմատում են տարբեր անվտանգության ծրագրեր իրար հետ, և պարզվում է, որ ՆԱՏՕ-ի ծրագրերը շատ ավելի հուսալի և երաշխավորված են, քան ուրիշները: Ինչ վերաբերում է Հայաստան-ՆԱՏՕ համագործացությանը, ապա այդ համագործակցությունը բնականոն ընթացքի մեջ է և բոլորը գիտեն, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններն ընթանում են ըստ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի, որ Հայաստանը իր զորախմբերն է ուղարկում Աֆղանստան, ինչպես և Վրաստանը: Մինչ այդ, Հայաստանի և Վրաստանի բանակայինները ՆԱՏՕ-ի շրջանականերում գտնվում էին Կոսովոյում և Իրաքում: Բացի դրանից, Հայաստանում ամեն տարի անց են կացվում ՆԱՏՕ-ի շաբաթվա օրերը:
Հայաստանը համագործակցում է, բայց Վրաստանի պես անդամակցության հայտ չի ներկայացնում, սա պայմանավորված է Թուրքիայի ՆԱՏՕ անդամ երկիր լինելու հանգամանքո՞վ:
Համոզված եմ, որ Թուրքիան այս հարցի հետ բացարձակապես որևէ առնչություն չունի: Բայց հետևելով Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրերին`գիտեմ/ոչ միայն ես, այլև ամբողջ աշխարհը/, որ Հայաստանը լավ, ամուր և կայուն հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ, և սա միայն ողջունելի է: Այդ շրջանակներում ձեր երկրում հաջող իրականացվում են ինչպես ժողովրդավարական, տնտեսական, այնպես էլ ռազմական բարեփոխումներ: Այդպիսի համագործակցություն ՆԱՏՕ-ի հետ ունի նաև Ռուսաստանը, բայց այդ երկիրը, չգիտես ինչու, միայն և միայն խանդոտ կեցվածքով է նայում Վրաստանի և Հայաստանի` ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը:
Մի պահ երևակայեք, որ այն պայմանագիրը, որ այսօր արդեն կա և ուժի մեջ է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, Իլյանովսկ քաղաքի օդանավակայանի` Աֆղանստանի ուղղությամբ տարացիկ թռիչքների իրականացման համար անեին Երևանի կամ Թբիլիսիի օդանավակայանները,ինչ կլիներ...կրկնվեմ և ասեմ, որ Հայաստանը դեռևս 2004 թվականից Վրաստանից ընդամենը չորս ամիս հետո դարձավ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և «Համագործակցություն հանուն խաղաղության» մասնակից ՆԱՏՕ-ի հետ: Իսկ Ռուսաստանը, իմիջիայլոց, ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է Ռուսաստան -ՆԱՏՕ հանձնաժողովի շրջանակներում և բազմիցս մասնակցել և պատրաստվում է մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին:
Շատերը համարում են, որ ՆԱՏՕ-ն ժողովրդավար կառույց է, մյուս կողմից ՀԱՊԿ-ը ավտորիատար է: Արդյոք համակարծի՞ք եք:
Իհարկե, անհնար է համեմատել այս երկու կազմակերպություններն իրար հետ, ոչ միայն նրան համար, որ ՆԱՏՕ-ն ժողովրդավարական կառույց է, ժամանակակից է, խաղաղարար արժեքների կրող, այլ նաև շատ տարբեր է ՀԱՊԿ-ից ամեն առումով: ՆԱՏՕ-ի երազանքն է` չլինի պատերազմ, աշխարհի որևէ կետում կոնֆլիկտներ չլինեն, խաղաղություն լինի, ժողովրդավարություն և տնտեսական հարստություն: Այս առումով այս երկու կառույցները համեմատել անհնար է: ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական բլոկ է, որի ղեկավարը քաղաքական գործիչ է, իսկ ՀԱՊԿ-ը մաքուր ջրի ռազմական բլոկ է, որը ղեկավարում է պրոֆեսիոնալ բանակային, որը անպայման գեներալ պետք է լինի, և ՆԱՏՕ-ի ինչ-որ գոծոնին մասնակցելու համար հարկավոր են 28 երկրների ղեկավարությունների թույլատվությունը ինչ-որ գործողությունների մասնակցելու համար, իսկ ՀԱՊԿ-ը մի երկրի ղեկավարի կողմից է ղեկավարվում...
Ով ունի ՆԱՏՕ-ի հետ առնչություն, տարբերությունը շատ ակնհայտ տեսնում է: Բացի այդ, Ռուսաստանը շատ անգամ իր խոստումները չի կատարել և ամենակոշտ ձևով միշտ խախտել է փոքր երկրների շահերը: 21-րդ դարի սկզբում Ռուսաստանը վայրագորեն խախտեց իր պարտավորությունները և օկուպացրեց Վրաստանի՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքները: Էլ ո՞ր երկիրը կարող է հավատալ այդպիսի պետության:
Պարոն Բայբուրդ, Վրաստանը անդամակցության հայտ է ներկայացրել, սակայն ՆԱՏՕ-ն չի շտապում անդամակցության հայտն ընդունել: Ինչո՞ւ:
Մի կրկնեք ինչ-որ երկրի դեզինֆորմացիան: ՆԱՏՕ-ն իրոք չի շտապում այդ հարցում, բայց ըստ իր արարողակարգի` ծրագրված գնում է դեպի այն, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Հիշեցնեմ, որ 2008-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները գրավոր հաստատեցին, որ Վրաստանը անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Իմիջիայլոց, ասեմ, որ այդպիսի գրավոր հաստատում նախօրոք չի ստացել և ոչ մի ՆԱՏՕ անդամ երկիր մինչ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը: Այդ որոշումը բազմիցս հաստատեցին հետագա գագաթնաժողովների, այդ թվում և անցյալ տարվա դեկտեմբերին կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ժողովում: Այսպիսով Վրաստանը ստացավ «գործընկեր ասպիրանտ» կարգավիճակը, իսկ դա նշանակում է, որ մեր երկիրը Մակեդոնիայի, Բոսնիայի և Չեռնոգորիայի հետ միասին շատ մոտ է ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն: ՆԱՏՕ անդամ երկիր դառնալու համար միայն տվյալ երկրի ցանկությունը բավարար չէ: Այդ երկիրն ամեն մի պարամետրով պետք է համապատասխանի ժամանակակից ժողովրդավարական երկրի, ոչ միայն ժողովրդավարական, այլ նաև տնտեսական և այլ առումներով: Ցանկանալ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, նշանակում է ուժեղացնել քո երկիրը տնտեսապես, ժողովրդավարական երկիր ուժեղացնել: Կան երկրներ, որոնք մոտակա ժամանակներում չեն կարողանա հասնել դրան: Վրաստանի բռնած ուղին ճիշտ է, և ՆԱՏՕ-ի ղեկավարներն ընդգծում են, որ Վրաստանը ճիշտ ուղիով է գնում, սա էլ է փաստ:
Այսինքն` ՆԱՏՕ-ն միջոց է ժողովրդարական կարգերին արագ հասնելո՞ւ համար:
Իհարկե, ՆԱՏՕ-ի անդամ երկրի չի կարող դառնալ ժողովրդավարական ստանդարտներից հեռու, մարդու իրավուքները և ազատությունները խախտող երկիրը, որտեղ ամեն քայլափոխի խախտվում են մարդու իրավունքները:
Իսկ ի՞նչ տեղի կունենա Վարաստանի հետ, եթե նա դառնա ՆԱՏՕ անդամ:
Երբ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, նախևառաջ կապահովի Վրաստանի անվտանգությունը, եթե Վրաստանը մի քիչ շուտ դառնար ՆԱՏՕ անդամ, չեմ կարծում ինչ-որ մի երկիր կարողանար օկուպացնել նրա տարածքները: Բոլորն էլ համոզված են, որ այդպիսի բան չէր կատարվի, բայց նորից եմ կրկնում, դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, սա նշանակում է ժողովրդավարական աստիճանի բարձրացում: Եվրոպայի նախկին սոցիալիստական երկրները, որոնք վերջին տարիներին դարձան ՆԱՏՕ-ի անդամ, փաստում են, թե որքանով աճեց իրենց երկներում ներդրումների քանակը: Իմիջիայլոց, այպիսի կտրուկ թռիչք այդ երկրների տնտեսություններում չկատարվեց, երբ այդ երկրները դարձան Եվրամիության անդամներ: Այ հիմա ինքներդ դատեք` ինչու են նորմալ երկրները ուզում դառնալ ՆԱՏՕ-ի անդամներ:
Այս օրերին Մոսկվայում գործող ոչ կառավարական «Ռուսաստանի Ջավախքի սփյուռքը» կազամակերպությունը հայտարարություն է տարածել, որ եթե Վրաստանը անդամակցի ՆԱՏՕ-ին, ջավախահայությունը դեմ է, և Ջավախքը դուրս կգա Վրաստանի կազմից: Իրոք սա ջավախահայության կարծի՞քն է, թե սա Ռուսաստանի կողմից պարտադրված քայլ է:
Դուք այդ կազմակերպությունը անվանեցիք ոչ կառավարական, միչդեռ այն իսկական կառավարական է և ստեղծված է Ռուսաստանի և նրա հատուկ ծառայությունների կողմից: Այդ հայտարարությունը այդ կազմակերպության ղեկարավարն է արել: Այդ հայտարարությունը այդ կազմակերպության ղեկավարն է արել, որը բացի այս երկու տարվա ընթացքում Վրաստանի դեմ քաղաքական հայտարարություններից` ուրիշ հայտարարություն չի անում, այն դեպքում, երբ որպես կազմակերպություն, որը կոչված է պաշտպանել ջավախահայության իրավունքները Ռուսաստանում, ոչ մի դեպքում, թեև հազար անգամ խախտվում են ջավախահայերի իրավունքները Ռուսաստանում, սպանություններ են տեղի ունենում, սակայն որևէ հայտարարություն այդ առումով չի արվում և ոչ մի ջավախցու այդ կազմակերպությունը չի օգնում, փոխարենը անում է քաղաքական հայտարարություններ: Ջավախահայությունը Վրաստանի ժողովրդի այն առողջ մասն է, որը կարիք չունի, որ իր փոխարեն Մոսկվայից որևէ մեկը կողմ կամ դեմ մի բան ասի: Ժողովուրդը գիտի, որ այդ կազմակերպությունը պրովոկատորների կազմակերպություն է և մեկ մարդու կազմակերպություն է:
