Ընտրարշավի բացական

    • Հայաստան-ՆԱՏՕ - Ուրբաթ, 13 Ապրիլի 2012, 11:37

Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում մեկնարկել է խորհրդարանի ընտրության քարոզարշավը, ու դրա ամենահատկանշական հանգամանքներից մեկը թերեւս այն է, որ չկա բանավեճ երկրի համար հիմնարար խնդիրների վերաբերյալ: Ընդ որում, խոսքը միայն միմյանց դեմ նստելու կամ կանգնելու մասին չէ: Խոսքը բովանդակային, հայեցակարգային մոտեցումների բախման մասին է, երբ քաղաքական ուժերը հասարակությանը կներկայացնեն հայեցակարգային տարբեր մոտեցումներ երկրի զարգացման տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ:

Այժմ, գերակշռում են միայն ելույթները սոցիալական իրավիճակի մասին, խոսքերը թալանի, կոռուպցիայի, կաշառակերության եւ անօրինականության մասին, բայց առավելապես գնահատականների տեսքով, ինչպես նաեւ դրանց լուծման առավելապես տեսական դատողությունների:

Դա էլ իհարկե կարեւոր է, բայց Հայաստանը որպես պետություն, եւ Հայաստանի քաղաքացին էլ որպես հասարակություն, ունեն ոչ պակաս կարեւոր այլ խնդիրներ այլ հարթություններում: Մասնավորապես, օրինակ զինուժի արդիականացման եւ անվտանգության համակարգի խնդիրը: Հազիվ թե որեւէ մեկը հերքի, որ դրանք Հայաստանի համար նվազ կարեւորություն ունեցող խնդիրներ են: Առաջիկա հինգ տարիների համար, նկատի ունենալով աշխարհաքաղաքական դինամիկ զարգացումները, այդ խնդիրները Հայաստանի համար կարող են դառնալ նույնիսկ հրատապ, հետեւաբար պետք է պատրաստ լինել դրան արդեն այսօր: Դե, իսկ բանակում առկա վիճակը եւ մահացությունների վիճակագրությունը պարզապես հրամայական են դարձնում զինուժի արդիականացման խնդիրը:

Այստեղ Հայաստանը պետք է որոշի, թե ինչ է ուզում, ինչ է պատկերացնում, ինչ է ընտրում աշխարհում առկա այն մոդելներից, որոնց հեղինակները փորձել են այս կամ այն կերպ լուծել իրենց զինուժի կառավարման եւ անվտանգության ապահովման հայեցակարգային խնդիրները: Իսկ այդպիսի մոդելները աշխարհում շատ չեն: Օրինակ, սառը պատերազմի տարիներին դրանք հիմնականում երկուսն էին եւ արտահայտվում էին ի դեմս ռազմաքաղաքական երկու բլոկների՝ ՆԱՏՕ եւ Վարշավայի պայմանագրի կազմակերպություն:

Ներկայում, Վարշավայի պայմանագրին կարծես թե փոխարինելու է եկել Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագիրը, որը սակայն արդեն ունի մի փոքր այլ աշխարհագրություն եւ չի ներառում Արեւելյան Եվրոպան: Արեւելյան Եվրոպան վաղուց ընտրել է ՆԱՏՕ մոդելը:

Հայաստանը ընտրել է ՀԱՊԿ-ն, բայց, միեւնույն ժամանակ փորձում է սերտորեն համագործակցել ՆԱՏՕ հետ եւ կիրառել այդ մոդելային տարբերակը Հայաստանի զինուժում: Բայց, արդյունքը կարծես թե նվազագույն է, քանի որ բավական մեծ է ՀԱՊԿ-ից, իսկ ավելի կոնկրետ ռուսական համակարգից եկող դիմադրությունը՝ ընդ որում ոչ միայն վարչահրամայական ձեւով արտահայտվող դիմադրությունը, այլ նաեւ արժեքային, աշխարհայացքային դիմադրությունը:

Հայաստանում, անկախության անցած տասնամյակների, դրանց ընթացքում համաշխարհային փորձի հետ հարաբերության իմաստով ձեւավորվել է թերեւս գիտակցում, որ զինուժի կառավարման եւ անվտանգության փաթեթային ապահովման տեսանկյունից ամենաարդյունավետ կառավարման մոդելը հյուսիսատլանտյան մոդելն է: Բայց, միեւնույն ժամանակ, քաղաքական կոնյունկտուրան եւ իշխանատենչությունը թույլ չեն տվել, որ Հայաստանն արդյունավետ ու առարկայական քայլ կատարի մեր երկրում այդ մոդելի առավել դինամիկ եւ արդյունավետ տեղայնացման ուղղությամբ:

Պրակտիկ մակարդակով, Հայաստանը շարունակում է զինուժի կառավարման եւ անվտանգության ապահովման խնդիրները դիտարկել խորհրդառուսական հնացած համակարգում, որը արդյունքից ավելի, տալիս է արզապես մետաստազներ, այն էլ հաճախակի մարդկային կյանքեր արժեցող:

Իհարկե, ամենեւին խոսք չկա այն մասին, որ խնդրի վերաբերյալ հյուսիսատլանտյան մեթոդաբանությունն ու արժեքային առանցքը կատարյալ են: Ավելին, ներկայում այդ համակարգն էլ կարծես թե կանգնում է լուրջ վերափոխումների անհրաժեշտության առաջ, եւ չի բացառվում, որ ՆԱՏՕ-ն ինքը զգա այդ թեմայով լուրջ քննարկումների եւ բանավեճերի անհրաժեշտություն:

Բայց, եթե այդ համակարգի առաջ վերափոխումների անհրաժեշտության հեռանկար է, խորհրդառուսական համակարգի առաջ ոչ մի հեռանկար չկա, եւ այն պարզապես լիովին սպառված մի համակարգ է, որը պետք է պարզապես ապամոնտաժվի, այլապես ուշ թե շուտ մաս մաս փլվելու է դրա տակ տեղավորվածների գլխին:

Այդ իրավիճակը Հայաստանից պահանջում է վեկտորի հստակեցում եւ կոնկրետացում: Դա չի ենթադրում արդեն այժմ կոնկրետ գործողություններ վեկտորի փոփոխության ուղղությամբ: Կամ, կոնկրետ գործողություններն այս պարագայում ամենեւին չեն ենթադրում որոշումներ, որ մենք իքսի փոխարեն ընտրում ենք իգրեքը: Դա չափազանց պարզունակ կլիներ:

Կոնկրետ գործողությունն այս պարագայում կլիներ այն, որ Հայաստանի քաղաքական օրակարգում հայտնվեր թեման եւ ծավալվեր բանավեճ, ուղղված հասարակությանը, քանի որ այդ թեմայի առումով կան նաեւ զգալի հասարակական կարծրատիպեր, ինչը շահագործում են եւ շահարկում ներսի եւ դրսի այն աղբյուրները, որոնցից բխում է թե կոնկրետ թեմայի, թե ընդհանրական առումով համակարգային փոփոխությունների դիմադրությունը:

Հասարակական-քաղաքական միջավայրում պատկերացումների արդիականացումը հնարավորություն կտա տեսանելի հեռանկարում արդեն կատարել կոնկրետ գործողություններ որոշումների տեսքով, փոխելով պատկերը թե զինուժի կառավարման, թե ընդհանրապես անվտանգության ապահովման համալիր մեխանիզմի առումով:

Սակայն, Հայաստանում բացակայում է անվտանգության մոդելների շուրջ բանավեճը, իսկ խորհրդարանի ընտրությունն էլ ցավալիորեն չի դառնում շարժառիթ եւ հարմար հարթակ: Քաղաքական ուժերը գերադասում են սպասարկել միայն մարտավարական պոպուլիստական պահանջարկը, իսկ ռազմավարական հարցերի քննարկման առումով կարծես թե քիչ շահագրգռություն կա: Պարզ է, որ հարաբերական իմաստով այդ խնդիրը այդքան էլ մեծ լսարանային պահանջարկ չունի: Բայց, քաղաքական դաշտի խնդիրը միայն եղած պահանջարկը բավարարելը չէ, այլ նաեւ հանրային պահանջարկ եւ կարծիք ձեւավորելը, հանրության համար պետական եւ հասարակական մարտահրավերների ամբողջ սպեկտրը ներկայացնելն ու մոտեցումներ եւ լուծումներ մատուցելը: