Քաղաքակրթական ընտրության խնդիր

    • Հայաստան-ՆԱՏՕ - Չորեքշաբթի, 11 Ապրիլի 2012, 15:33

Վերջին շրջանում Սերժ Սարգսյանի այցը ՆԱՏՕ, նախարար Սեյրան Օհանյանի այցը ԱՄՆ Հայաստանի համար նոր ՝ արևմտյան հեռանկարների մասին քննարկումների առիթ տվեցին: Հայաստանը աշխարհ-համակարգի մաս լինելու համար պարտավոր է եթե ոչ ընդգրկվել, բայց գոնե համագործակցել միջազգային կառույցների հետ: ՆԱՏՕ-ի դեպքում այս համագործակցության նշանակությունը մեծանում է, քանի որ խոսքն արդեն ռազմական անվտանգության մասին է: Ընդ որում, հատկանշական է, որ ի տարբերություն բանակցային այլ հարթակների, թե Սարգսյանը, թե Օհանյանը ռազմական ստրատեգիական խնդիրների հեռանկարն ավելի լայն են տեսնում: Սա նաև այն պատճառով, որ երկուսն էլ ըստ էության ուժային կառույցի, բանակի մարդիկ են: Ընդ որում, երկուսն էլ բանակաշինության այլ մեթոդներ են նախընտրում, այսպես ասած՝ դաշտային գեներալիզմից տարբեր: Ուստի կարելի է ենթադրել, որ նման համագործակցությունը քաղաքական մակարդակում կարող է հաջողել, քանի որ Հայաստանը ներկայացնողները գոնե այս մակարդակով պատկերացնում են իրավիճակը:

Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունները կառուցվում են քաղաքական ու ռազմական հիմքերի վրա: Սա իհարկե ոչ միայն հարցի ներկայացուցչական կողմն է, այլև հիմնական ու միակ: Բայց փոխհարաբերությունների բարեհաջող կառուցման պարագայում դրանք ընդամենը հետևանքներ են: Արևմտյան նման մասշտաբային կառույցի հետ հարաբերություններ սկսելու հիմքերն ու պատճառները քաղաքակրթական ինքնության դաշտում են: Ընդ որում, քաղաքականությունն այստեղ մեծ հնարավորություններ ունի, քանի որ պաշտոնապես նա կարող է ձևակերպել քաղաքակրթական ընտրությունը: Բայց քաղաքականությունը այդ ընտրությունը միայնակ ձևակերպել չի կարող, այդ ընտրությունը, քաղաքակրթական վեկտորի թեքումը կայացվում է սոցիալական, մշակութային հիմքերի վրա: Այս պարագայում պարզ է դառնում, որ ասենք ՆԱՏՕ-ի կամ արևմտյան մեկ այլ կառույցի հետ շփումների արդյունավետության համար իդեալական իրավական ու քաղաքական համաձայնությունները կարող են բավարար չլինել:

Սովորաբար, երբ Հայաստանում քաղաքակրթական ընտրության հարց է դրվում, առաջարկվում են երկու տարբերակներ՝ արևմուտք կամ արևելք, կամ ավելի կոպիտ՝ այդ ընտրությունը քաղաքական առումով արտահայտվում է ԱՄՆ, թե Ռուսաստան դիխոտոմիայի տեսքով: Ընդ որում, սա գրեթե տարածված ձևակերպում է Հայաստանի հասարակական ու քաղաքական բոլոր շրջանակներում: Վրաստանի օրինակը ցույց տվեց, որ դիխոտոմիայի մեջ ընտրություն կատարելը կարող է այլ հետևանքեր ունենալ: Արդեն հիմա Վրաստանի հիմնական խնդիրներից է դառնում Ռուսաստանի հետ հարաբերություններ կարգավորելը: Այս խառնաշփոթի պատճառը եղավ այն, որ Վրաստանն ըստ էության քաղաքակրթական ընտրությունը կայացրեց հեղափոխության պայմաններում, չձևավորված ինստիտուների մակարդակով ու միայն քաղաքական հիմքով: Հետո նոր քաղաքականությունը սկսեց իր հետևից տանել մշակույթն ու տնտեսությունը դեպի արևմուտք՝ ծանր ջանքերով: Ըստ էության, ստեղծվեց մի իրավիճակ, երբ քաղաքականությունը սկսեց ձևակերպել պահանջարկ, ոչ թե հասարակությունը, կամ մշակութային իրավիճակը:

Վրաստանի օրինակը Հայաստանի համար ուսանելի է: Ընդ որում, ոչ թե արևմուտքին միանալու ու միանգամից «երազանքների Հայաստան» ունենալու առումով, այլ այն, որ արևմուտքի հետ ցանկացած համագործակցություն նախ և առաջ պետք է կայացվի մի քանի տարբեր հիմքերով: Ընդ որում, քաղաքակրթական ընտրությունը չպետք է դրվի երկու ծայրահեղ բևեռների միջև: Հայաստանի ռազմավարական հեռանկարը այդպիսի բեկումներ իրեն թույլ չի կարող թույլ տալ:

Բայց, մյուս կողմից, ակնհայտ է, որ Հայաստանը կարող է «փակ արկղ» դառնալ, եթե ասենք փորձի միայն համագործակցել ՌԴ հետ, իսկ արևմուտքի հետ էլ քաղաքավարությունից դրդված, վերջիններիս նախաձեռնությամբ կամ էլ միայն ռազմական հիմքերով: Նախագահը ու արտաքին դիվանագիտությունն իրենց առաջ մի հիմնական խնդիր ունեն՝ լինել նախաձեռնողական ու պրոցեսների մասնակից: Ֆրանսիական սենատի կողմից ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մերժումը ցույց տվեց, որ Հայաստանի հիմնական խնդիրը հենց միջազգային գործընթացների օբյեկտից մասնակից-սույբյեկտի վերափոխվելու մեջ է: Այս պարագայում արդեն պարզ է դառնում, որ եթե Հայաստանը սուբյեկտ է, ու նաև նախաձեռնող, շանսեր է ստանում հավասարապես համագործակցել թե արևմուտքի, թե ՌԴ հետ: Այսինքն, ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը կարող է բարենպաստ լինել, եթե Հայաստանն ինքն իր համար հստակեցնի, թե որտեղ ինչ շահեր ունի: Այս պարագայում կարևորվում է քաղաքակրթական ընտրության հարցը, ու այդ ընտրությունը կայացվում է հիմնական երեք հիմքերով ՝ քաղաքականություն, տնտեսություն, մշակութային իրավիճակ:

Ակնհայտ է, որ Հայաստանը Ռուսաստանից կախված է տնտեսապես: Ժամանակավոր աշխատանքի մեկնած մարդկանց մեծ ֆինանսական հոսքերը Հայաստան ըստ էության բարեկեցության հիմնական աղբյուրներից մեկն են հայաստանցիների համար: Արևմուտքի հետ տնտեսական համագործակցությունն էլ դեռ այնպիսի մակարդակի վրա չէ, որ Հայաստանն ասենք կարողանա բավարար հիմք ունենալ երկու ուղղությամբ տնտեսություն կազմակերպելու: Չնայած հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները կրկին ինստիտուցիոնալ մակարդակով անփույթ են իրականացվում, բայց տնտեսական աջակցի դերում ընկալվում է Ռուսաստանը, նաև այն պատճառով, որ տնտեսական մի շարք գերակայություններ Հայաստանում հենց ռուսական ֆինանսներով է կառավարվում՝ գազ, երկաթուղի, հանքարդյունաբերություն: Մյուս կողմից, Ռուսաստանը նաև քաղաքականապես Հայաստանին վերահսկելու խնդիր ունի, որը հաջող կերպով իրականացնում է՝ ընդ որում Հայաստանի համաձայնությամբ: Հայաստանի քաղաքական դաշտն էլ որոշ բացառություններով միշտ վստահելի է համարել ՌԴ հետ համագործակցությունը:

Այս դեպքում արդյոք Հայաստանը կկարողանա արևմուտքի հետ լիարժեք ու ինքնուրույն համագործակցել: Տնտեսական ու քաղաքական առումով՝ ոչ: Հայաստանին փաստորեն մնում է քաղաքակրթական ընտրության հարցում բացվելու ու նոր շանսեր ստանալու համար փոխել մշակութային իրավիճակը: Ընդ որում, այստեղ արդեն դրսի քաղաքական ուժերը դժվար են կողմնորոշվում, քանի որ մշակութային իրավիճակը միանշանակ վերահսկելը անհնար է: Մշակույթի իռացիոնալիզմը հաճախ անհասկանալի է դառնում քաղաքական ռացիոնալիզմի համար:

Արդեն այսօր Հայաստանում արդիականացման խնդիր կա դրված բոլոր մակարդակներով: Ընդ որում, այդ արդիականացումը կապվում է գերազանցապես արևմտյան մշակույթի կամ գոնե դրա հետ համագործակցության հետ: Արդիականացումը, կամ մշակույթի վերափոխումը հիմնական խնդիրներից է դառնում, ընդ որում դառնում է նաև քաղաքակրթական ընտրության հարցում ինքնուրույն կողմնորոշվելու դեռևս միակ հիմքը: ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի «կապվածության» համար հենարան է նաև այն, որ Հայաստանն ըստ էության հետսովետական նույն մշակութային դիապազոնի մեջ է, ինչ ասենք ՌԴ-ն, կամ Բելոռուսը, կամ ՀԱՊԿ մյուս անդամ պետությունները: Սակայն միանշանակ չի կարելի ասել, որ հայաստանյան հասարակությունն այսօր վերափոխվելու համար կարող է երբևէ նայել դեպի Ռուսաստան: Ռուսաստանն ըստ էության չի էլ կարող արդիականացման համար օրինակ ծառայել, քանի որ նոր քաղաքական ու մշակութային տեքստերը, որոնք գործում են այսօր, արտադրվում են արևմուտքում, ուզենք, թե չուզենք:

Արդեն այսօր Հայաստանում արևմտյան ինտելեկտուալ ռեսուրսը համարվում է առաջատար, արևմտյան կրթական ու գիտական համակարգերն իրենց համարժեքներն են սկսում գտնել Հայաստանում: Ընդհանուր առմամբ, մշակութային իրավիճակն ավելի շատ հենց արևմուտքի առաջ բացվելու ու համագործակցելու հեռանկար է ենթադրում: Այս պարագայում արդեն ինչպես առանձին քաղաքական ուժեր, այնպես էլ նախագահն ու նախարարը, հնարավոր արևմտյան բարեփոխումների հեռանկարում պետք է որ փորձեն այլ մոտեցում ցույց տալ: Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմքերը ՝ ասենք ռազմական, քաղաքական հիմքերով միշտ ստորադասվելու են ՌԴ-ին կամ ՀԱՊԿ-ին: Նույնը լինելու է նաև, երբ տնտեսական ինտենսիվ կապեր ստեղծվեն Եվրոպայի ու Հայաստանի միջև: Մշակութային քաղաքակրթական հիմքը Հայաստան-ՆԱՏՕ, կամ Հայաստան-Արևմուտք փոխհարաբերություններում դառնում է գերակա:

Ըստ էության, արդիականացման երաշխիքը դառնում է մշակութային իրավիճակը, որի հնարավոր փոփոխման դեպքում արդեն հնարավորություն կստեղծվի ինքնուրույն քաղաքակրթական ընտրության հնարավորություն ստեղծել նաև քաղաքական ու տնտեսական առումներով: Այս իրավիճակում կարևոր են Հայաստան-ՆԱՏՕ ինտենսիվ շփումները, քանի որ ամեն անգամ ռազմական ու քաղաքական հարցերից բացի, ընդհանուր կոնտեքստում դրվում է նաև քաղաքակրթական ընտրության շատ կարևորը խնդիրը: Իսկ արդիականացման հեռանկարը ինքնին հենց արևմտյան հեռանկարն է, ինտեգրման կամ համագործակցության տեսքով: