Ինչո՞ւ ՆԱՏՕ, կամ ինչո՞ւ ՀԱՊԿ

    • Հայաստան-ՆԱՏՕ - 10 Ապրիլի 2012, 16:48

ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների ապագայի վերաբերյալ հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում առկա խոսակցություններում հաճախ է դրվում հետեւյալ հարցը՝ կարող է արդյոք ՆԱՏՕ-ն Հայաստանի անվտանգության ապահովման գործում ավելի նախապատվելի համարվել, քան ՀԱՊԿ-ը։ Եվ նկատելի է, որ այս հարցի շուրջ ծավալվող հեռակա եւ ուղղակի քննարկումներում գերակշռում է խնդիրը, այսպես ասած, «պատմական իներցիայի» հարթության մեջ դիտարկելու մոտեցումը։

Շատերը Հայաստանի ապագան տեսնում են միայն ՀԱՊԿ-ի հետ, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հետ ոչ վաղ անցյալում եղել է մեկ պետության կազմում: Բացի այդ այսօր էլ Հայաստանի քաղաքական վերնախավը «մերոնքական է» համարում ՀԱՊԿ երկրներին եւ հատկապես դաշինքի առանցքը կազմող Ռուսաստանին։

Ոմանք էլ, ելնելով հակառակ տրամաբանությունից, այսինքն՝ «պատմական հակաիներցիայից», Հայաստանի ապագան տեսնում են ՆԱՏՕ-ի հետ։ Այսինքն, նրանք Ռուսաստանը դիտարկել եւ դիտարկում են որպես «ոչ մերոնքական», իսկ ՆԱՏՕ-ի ավանգարդ պետությունները՝ «մերոնքական» եւ դրանով են պայմանավորում դեպի ՆԱՏՕ իրենց հակվածությունը։ Օրինակ, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը խնդիրը շոշափող այն սակավաթիվ հասարակական-քաղաքական գործիչներից է, ով հայտարարում է, որ Հայաստանի պետականության կայացման խոչընդոտը ռուսական իմպերիալիզմն է եւ հարցը նաեւ դիտարկելով քաղաքակրթական հարթության վրա եզրակացնում է, որ «մեր պետության անվտանգության հուսալի երաշխիքը մեզ իսկապես հարազատ Արևմտյան քաղաքակրթությունն է` իր անվտանգության համակարգ ՆԱՏՕ-ով»։

Ի դեպ ռազմա-քաղաքական դաշինքների հետ հարաբերությունների թեման քաղաքակրթական եւ արժեքային հարթության վրա դիտարկելը նույնպես, մեղմ ասած, ընդունված չէ Հայաստանում։ Տպավորություն է ստեղծվում, որ շատերի համար այդ հարթությունը ընդհանրապես գոյություն չունի։ Այս առումով կարծես թե տարբերվում են, օրինակ, Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի դիտարկումները խնդրո շուրջ։ «ՆԱՏՕ-ն հեռացող աշխարհի` հաշվենկատ մարդու, հարստությունը որպես իր գոյության հիմնական նպատակ տենչող համակարգի գործիքն է»՝ նշում է Մանուչարյանը։ Այսինքն կարելի է եզրակացնել, որ Մանուչարյանը չի ցանկանում որ Հայաստանը ապագայում անդամագրվի ՆԱՏՕ-ին, քանզի ցանկանում է որ Հայաստանը դառնա «հարստությունը որպես իր գոյության հիմնական նպատակ չտենչող մարդու» երկիր։ Սա արժեքային մոտեցմանը հարիր փաստարկում է, անկախ նրանից դուր է գալիս այն մեզ, թե ոչ։ Սակայն երբ Մանուչարյանը նշում է, որ «Ռուսաստանը պրակտիկ տեսանկյունից, որը ՀԱՊԿ-ի միջուկ պետությունն է, ինչպես ՆԱՏՕ-ինը Միացյալ Նահանգները, ապահովում է Հայաստանի թե տարածաշրջանի, թե գլոբալ անվտանգությունը»` այստեղ հարց է առաջանում, իսկ արդյոք Ռուսաստանը «հեռացող աշխարհի», նման «հաշվենկատ մարդու» երկիր չէ։

Ընդհանրապես Հայաստանում շատերն են քննադատում ՆԱՏՕ-ին` նշելով, որ այն իմպերիալիստական, մարդու իրավունքների հետ հաշվի չնստող կառույց է եւ այլն: Սակայն այդ քննադատությունները հիմնականում արժեքային հարթության վրա չեն, քանզի որպես կանոն, պարզվում է, որ քննադատողները հանդես են գալիս անվերապահորեն ՀԱՊԿ-ի անդամ լինելու եւ մասնավորապես Ռուսաստանի հետ սերտ ռազմա-քաղաքական հարաբերություններ ունենալու օգտին (որն աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության հարցում հաստատ առաջատար երկրներից չէ)։

Հետաքրքրական է, որ Հայաստանում, որտեղ կարծես թե չկա ձախակողմյան հասարակական-քաղաքական ուժերի պակաս, գրեթե չես հանդիպի այն տեսակետին, ըստ որի Հայաստանն ապագայում պետք է, օրինակ, չեզոքություն հայտարարի ու չպետք է որեւէ ռազմաքաղաքական դաշինքի անդամ լինի։

Եվ շատ հազվադեպ կարելի է հանդիպել, երբ «ՆԱՏՕ, թե ՀԱՊԿ» հարցը դիտարկվի այդ դաշինքների` ՀՀ անվտանգությունն ապահովելու գործում արդյունավետության գնահատման հարթության վրա: Այսինքն, երբ խնդրո շուրջ ծավալվող քննարկումներում համեմատեն դաշինքների ռեսուրսները, ռազմատեխնիկական հագեցվածության մակարդակը, սպայական կազմերի պատրաստվածությունը, նրանց նորագայուն տեխնոլոգիաներին տիրապետումը եւ այլն եւ վերոնշյալ հարցին պատասխանեն այս համեմատության արդյունքների հիման վրա։