Ռուսաստանի փորձագիտական շրջանակներն արդեն կարծիքներ են հրապարակում Հայաստանի տարածքում Ռուսաստանի ռադիոտեղորոշիչ կայանի ստեղծման հեռանկարի վերաբերյալ, որն արտահայտվել էր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցով: Այդ հարցազրույցը տրվել էր ռուսական Կոմերսանտին, որի թղթակիցը վարչապետին հարց էր ուղղել, թե եթե Գաբալայի կայանի վարձակալության վերաբերյալ ռուս-ադրբեջանական բանակցությունը ապարդյուն լինի, արդյոք Հայաստանը Ռուսաստանին հնարավորություն կտա իր տարածքում կառուցել այդպիսի կայան: Վարչապետն ասել էր, թե Հայաստանը պատրաստ է քննարկել այդ հարցը:
Ռուսաստանի արձագանքը, առայժմ իհարկե փորձագիտական մակարդակով, չուշացավ: Ռուս փորձագետները Հայաստանի քայլը որակում են որպես «ձիու քայլ»: Իսկ նրանցից մեկն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը կհետաքրքրվի Հայաստանի առաջարկով: Այդպես կարծում է Ռուսաստանի Հանրային-քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը, որի կարծիքը հայտնվել է հայկական մամուլում:
Եվսեեւը կարծում է, թե ռազմական տեսանկյունից Գաբալայի կայանի շահագործումը անհրաժեշտություն չէ, քանի որ նույն ժամանակահատվածում գործարկվել է Ռուսաստանի Արմավիր քաղաքում կառուցված կայանը, ինչն օբյեկտներն ավելի հստակ բացահայտելու հնարավորություն է տալիս:
Այստեղ փորձագետ Եվսեեւը մի փոքր հակասում է իրեն: Եթե Ռուսաստանի համար Գաբալան կորցրել է ռազմական նշանակությունը, որովհետեւ կա Արմավիրի կայանը, այդ դեպքում ինչու պետք է Ռուսաստանը ծախս անի եւ Հայաստանում նոր կայան կառուցի, այսինքն ինչու պետք է հետաքրքրվի Հայաստանի առաջարկով, եթե չունի դրա ռազմական անհրաժեշտությունը:
Այստեղ արդեն Եվսեւը բացահայտում է Ռուսաստանի իրական շահագրգռության մոտիվը՝ որպեսզի ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունը չընդլայնվի:
Այսինքն, իրականում պարզ է դառնում, որ Հայաստանի տարածքում Ռուսաստանի ռադիոտեղորոշիչ կայանի ստեղծումը հետապնդելու է զուտ քաղաքական նպատակ: Իսկ այդ նպատակը ինչքանով է բխում Հայաստանի շահից: Պարզ է, որ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերության ընդլայնմանը խոչընդոտելը բխում է Ռուսաստանի քաղաքական շահից, քանի որ այդ հարաբերության ընդլայնումը նշանակում է Հայաստանի զինուժի, ընդհանրապես ռազմական ոլորտի համակարգային փոփոխություն, ինչն էլ հեռանկարային կտրվածքով ենթադրում է Հայաստանի անվտանգության համակարգում Ռուսաստանի գերիշխանության աստիճանական չեզոքացում: Հասկանալի է, որ այդ հեռանկարը չի բխում Ռուսաստանի պետական շահից:
Իսկ Հայաստանի պետական շահից դա բխու՞մ է: Հայաստանի պետական շահից բխու՞մ է արդյոք աշարհում ամենաարդյունավետ եւ ամենաարդիական անվտանգության համակարգի հետ հարաբերության որեւէ խոչընդոտում:
Միթե քիչ չէ սեփական տարածքում ունենալ Ռուսաստանի ռազմակայան՝ 49 տարվա ժամկետով, ունենալ ռուս սահմանապահներ, որոնք հսկում են Հայաստան ելքն ու մուտքը, ունենալ գրեթե 100 տոկոսով ռուսիֆիկացված էներգետիկ համակարգ, ունենալ «անվտանգության լեզու» հռչակված ռուսերեն կամ կրիվոպուսկովշչինա, ունենալ ՊԱԿ չբացված արխիվներ: Միթե այդ ամենը Հայաստանին քիչ է եւ դեռ կա մի հատ էլ ռադիոտեղորոշիչ կայանի անհրաժեշտություն:
Մեծ հաշվով իհարկե մի կայան ավելի, մի կայան պակաս, իրավիճակն ըստ էության չի փոխվում: Էականն այստեղ միտումն է, պետական քաղաքականությունը, պետական շահի համադրումն այդ քաղաքականությանը: Ինչի համար է Հայաստանին պետք այդ կայանը, բացի իհարկե մի քանի միլիոն դոլար ներդրումից եւ մի քանի հարյուր ժամանակավոր աշխատատեղից:
Ինչի համար է Հայաստանին պետք, որ Ռուսաստանն իր տարածքից դիտարկի տարածաշրջանը, հետախուզի տարածաշրջանը: Իսկ մտածե՞լ է արդյոք Հայաստանը, որ Ադրբեջանը գուցե հենց այդ պատճառով ունեցած խնդիրների համար է մի քանի անգամ բազմապատկում վարձակալության գինը, որ Ռուսաստանը հրաժարվի Գաբալայի կայանից, որովհետեւ տարածաշրջանի երկրներն այդքան էլ սիրահոժար չեն ընդունում Մոսկվայի դիտակետի վերածված որեւէ պետության:
Արդյոք Հայաստանն իսկապես «ձիու քայլ» է կատարել, թե այդ քայլը «ձիու» է միայն Ռուսաստանի պետական շահի տեսանկյունից, իսկ Հայաստանի պետական շահի տեսանկյունից քայլը գուցե այլ կենդանակերպով է հնարավոր խորհրդանշել:
