ՆԱՏՕ-ն ունի այն, ինչ չի կարող տալ ՀԱՊԿ-ը

    • Հայաստան-ՆԱՏՕ - Հինգշաբթի, 05 Ապրիլի 2012, 11:18

ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների շուրջ զրուցել ենք քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ

Պարոն Մինասյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս փուլը:

ՀՀ բոլոր կոնցեպտուալ փաստաթղթերում՝ թե անվտանգության ռազմավարության, թե ռազմական դոկտրինի մեջ Հայաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի՝ որպես կազմակերպության և ՆԱՏՕ անդամ երկրների հետ հանդիսանում է համարժեք երկրորդ անվտանգության ապահովման սյունը՝ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունների հետ մեկտեղ: Ավելին, նույն այդ փաստաթղթերում և իրականացվող քաղաքականության մեջ մենք տեսնում ենք, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը միշտ փորձում է այդ հարաբերությունները բալանսավորել այնքան, որքան հնարավոր է: Հասկանալի է, որ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի դեպքում գոյություն ունեն անվտանգության պարտավորություններ, այսինքն`Ռուսաստանը պարտավորվում է որոշ իրադրությունների դեպքում ցուցաբերել ուղղակի ռազմական օգնություն, արտոնյալ կամ գրեթե անվճար տրամադրել զենք և զինամթերք: ՀԱՊԿ-ի անդամ երկրները գոնե թղթի վրա պարտավորություններ ունեն Հայաստանի նկատմամբ, ՆԱՏՕ-ն դա չունի, բայց ՆԱՏՕ-ն ունի այն, ինչ չեն կարող Հայաստանին տրամադրել Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը, քանի որ ՀՀ զինված ուժերը դեռևս նախկին սովետական ռազմական կառույցի շարունակությունն են, չնայած որ բավականին լուրջ փոփոխություններ կան: Այս առումով մենք նույնիսկ տարբերվում ենք Ռուսաստանի բանակից, ունենք Ղարաբաղի փորձ, կա զինված ուժերում նախկին ֆիդայական ջոկատների ներգրավվածություն, որոնք զինվորական են դարձել հաղթանակած պատերազմի արդյունքում, ինչը թե դրական, թե բացասական առումով ազդեցություն է ունենում կադրային առաջախաղացման գործում: Բայց դրա հետ մեկտեղ ժամանակակից ռազմական արվեստը, ռազմական գիտությունը, տեխնիկական զարգացումը ստեղծում են մի իրավիճակ, երբ սահմանափակվել միայն սովետական մոդելի շուրջ անհնար է, առավել ևս կան ոլորտներ, որտեղ սովետականը որևէ փորձ չունի, օրինակ` ռազմաքաղաքացիական հարաբերությունների, քաղաքացիական պաշտպանության նախարարության որոշ կառույցների և այլն: Եվ, ամենակարևորը, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները ոչ միայն կապված են բուն ռազմական համակարգի, այլ նաև քաղաքական համակարգի հետ, ինչը Հայաստանին հնարավորություն է տալիս նաև բալանսավորել աշխարհաքաղաքական իրավիճակը, օրինակ`Մինսկի խմբի հետ ղարաբաղյան հիմնահարցում, և նաև ՆԱՏՕ անդամ որոշ երկրների հետ երկկողմ հարաբերություններ կան, լինի դա Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Հունաստան, Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ, օրինակ` Լեհաստանը, որոնց հետ Հայաստանը բավական ակտիվ հարաբերություններ է հաստատում:

Որքան էլ բարձր է գնահատվում ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների ներկայիս փուլը, այնուամենայնիվ, ՆԱՏՕ անդամակցության մասին այդպես էլ չի խոսվում: Շատերը նշում են, որ դրա անհրաժեշտությունը չկա, կամ որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ անդամ երկիր, խոչընդոտ է հանդիսանում: Ի՞նչ եք կարծում, ՆԱՏՕ անդամակցության հարցը արդյոք մեր օրակարգում պետք է դրվի՞:

Ներկայում խնդիրն այն է, որ հենց ՆԱՏՕ-ն դեռ չի ցանկանում ներգրավվել մեր տարածաշրջան: Մենք ունենք հարևան երկիր, որը շատ ակտիվ գոռում էր դրա մասին, արդյունքը տեսանք: Եվ այդ երկիրը ավելի հեռու է ՆԱՏՕ անդամ դառնալուց, քան 7-8 տարի առաջ: Ինքը` ՆԱՏՕ-ն, չի ցանկանում ակտիվ ներգրավվել մեր տարածաշրջան, և եթե նույնիսկ մենք շատ ուզենանք, դա քիչ է: ՆԱՏՕ անդամ երկիր դառնալը նշանակում է`ՆԱՏՕ-ն էլ իր վրա որոշ պարտավորություններ է վերցնելու առաջին հերթին քո անվտանգությունն ապահովելու համար: Ես չեմ կարծում, որ մեր տարածաշրջանային երկրները կարևոր ներդրում կարող են ունենալ ՆԱՏՕ կառույցի անվտանգությունն ավելացնելու համար, բայց գլխացավանք, բնականաբար, բոլորը կավելացնեն: Հայաստանը դեռ բաց տեքստով չի խոսում իր` ՆԱՏՕ անդամ դառնալու համար ոչ միայն նրա համար, որ ինքը հանդիսանում է ռազմաքաղաքական այլ կառույցի անդամ, այլ համարում է, որ իրատեսական չէ այն իրավիճակում, որն ունենք: Միգուցե 5-10 տարի հետո դա արդիական լինի, հիմա իմաստ չունի իզուր լարվածություն ստեղծել լավ թե վատ քո ռազմաքաղաքական դաշնակցի` Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի անդամ այլ երկրների հետ մի իրավիճակում, երբ մյուս կառույցը չի էլ սպասում, որ դու վաղը դառնաս այդ երկրի անդամ, և ավելին, նույն այդ կառույցում շատ լավ հասկանում են Հայաստանի իրավիճակը, և այն, որ Հայաստանը չի ստեղծում գլխացավանք ոչ ՆԱՏՕ-ի համար, ոչ ՀԱՊԿ-ի, և ամենակարևորը, չի փորձում իր շահերից ելնելով օգտագործել այն կարևոր աշխարհաքաղաքական խնդիրները, որոնք կան այդ կառույցների համար, սա չափազանց լուրջ գնահատական է ստանում Բրյուսելում: Այն փաստը, որ Հայաստանը, լինելով Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակից, ունի չափազանց լուրջ և խորը ռազմաքաղաքական, նույնիսկ ռազմավարական հարաբերություններ ՆԱՏՕ-ի որպես կառույցի և ՆԱՏՕ անդամ երկրների հետ, սա լուրջ գնատահական է: Վերջիվերջո չմոռանանք, որ Վրաստանից հետո հետխորհրդային ամենամեծ խաղաղապահ կոնտինգենտը Աֆղանստանում, որտեղ իրական խաղաղապահ առաքելությունը կատարվում է հենց ՆԱՏՕ-ի մանդատի շարքում, ունի հենց Հայաստանը:

Բրյուսելում` ՆԱՏՕ Կենտրոնակայանում, մարտի 29-ին տեղի ունեցած Քաղաքական և գործընկերության կոմիտե + Հայաստան ձեւաչափով ամենամյա հանդիպման ժամանակ քննարկվեց բանակային բարեփոխումների հետ կապված հարցերի լայն շրջանակ, պրոֆեսիոնալ կրտսեր ենթասպայական` սերժանտական կորպուսի ձևավորման օրենսդրական փաթեթի խնդրին անդրադարձան: Վերջին մեկուկես տարվա մեջ շատ է բարձրաձայնվում զինված ուժերում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին, թեև բարեփոխումներ, այնուամենայնիվ, չեն նկատվում: Որքանո՞վ են այս դեպքում արդյունավետ այս քննարկումները:

Շատ կարևոր թեմա նշեցիք. սովետական բանակը ենթասպաների կամ սերժանտական կազմի վրա այնքան էլ մեծ ուշադրություն չէր դարձնում, մինչդեռ արևմտյան համակարգում դա հանդիսանում է ռազմական կառույցի հիմնասյուներից մեկը: Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ կառույցների փորձագետների կողմից զինված ուժերում այդ ինստիտուտի ներդրումն ամենակարևորն է ոչ միայն ռազմական, այլ նաև մարտական հնարավորությունները ուժեղացնելու առումով չափազանց մեծ առաջխաղացում է: Կարծում եմ`այդ ինստիտուտի հաջող ներդրումը և այդ գործընթացի ավարտը ոչ պակաս է, քան նոր զենքերի, զինամթերքի ձեռքբերումը Հայաստանի զինված ուժերի համար: Հայաստանի ռազմական ռեֆորմների մի մասը չի երևում հասարակությունում պարզ պատճառով, որ ռազմական բնագավառն ունի որոշ գաղտնիության աստիճաններ, որոնք անխուսափելի են: Մյուս կողմից, այն, որ բանակում տեղի ունեցող դեպքերը հասարակության ուշադրության կենտրոնում են, չափազանց մեծ դեր է խաղում բանակի ներսում բավականին լուրջ և կազմակերպչական, բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխմանը: Ես կարծում եմ, որ եթե բանակը լավ իմաստով հասարակության թիրախը չդառնար, միգուցե մենք չէինք ունենա այն դինամիկան, որ այս կամ նախորդ տարի բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի քանակը նվազել է նախորդ տարիների համեմատ: Դա իհարկե իդեալական իրավիճակ չէ, բայց մյուս կողմից կարևոր է, որ այդ գործընթացը շարունակվում է, ինչը նաև որոշ չափով պայմանավորված է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների արդյունքով, որտեղ մի կողմից այդ սերժանտական ինստիտուտի ներդրումը թույլ է տալիս շարքայինների կամ ցածր աստիճան զինվորականների հարաբերություններում ավելի լուրջ հստակություն ձեռքբերելու և մյուս կողմից`ռազմաքաղաքացիական հարաբերությունների ավելի ակտիվ ներգրավումը, որը թույլ է տալիս քաղաքացիական հասարակությանը որոշ չափով ազդելու և ներգրավված լինելու թվում է, թե փակ և գաղտնի ռազմական կառույցի մեջ: Դա անհնար կլիներ հինգ տարի առաջ, բայց դա արդեն որոշ չափով կարելի է իրականացնել ներկայումս, երբ դու գոնե ձևական ունես քաղաքացիական պաշտպանության նախարար, երբ դու ունես չափազանց մեծ դեր ունեցող քաղաքացիական անձնակազմ պաշտպանության նախարարության, երբ դու ունես ռազմական դատախազության անկախ որպես կառույց ընդհանուր կառույցում դա իր դերը խաղում է և դա անհնար կլիներ, եթե Հայաստանը չկատարեր Այպապի ծրագրերը:

Պարոն Մինասյան, առավել հաճախ խոսվում է ՆԱՏՕ կառույցի ժողովրդավար լինելու և ՀԱՊԿ ավտորիտար կառույց լինելու մասին: Դուք տեսնո՞ւմ եք նման տարբերություն:

ՆԱՏՕ-ի առավելությունն այն է, որ թեև չափազանց ավտորիտար էր սառը պատերազմի ժամանակ (կար Միացյալ Նահանգներ, գլխավոր միջուկային երկիր, ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը Եվրոպայում միշտ հանդիսանում է ամերիկյան գեներալ, Միացյալ Նահանգները ունեն վճռորոշ դեր ՆԱՏՕ-ում), բայց 20 տարվա ընթացքում դիմադրեց նոր փորձությանը և Վարշավյան պակտի նման չփլուզվեց մի իրավիճակում, երբ հին վտանգները չկային, որի դեմ ինքը ստեղծված էր, և ՆԱՏՕ-ն 20 տարվա ընթացքում ցույց տվեց, որ իսկապես հանդիսանում է եվրոպական երկրների, Միացյալ Նահանգների և Կանադայի ռազմական անվտանգությունն ապահովող կառույց: Այդ առումով ՆԱՏՕ-ն իսկապես չափազանց կարևոր և լուրջ առաջխաղացում է արել, որտեղ ինքն այդ սառը պատերազմի արդյունքներից, տրամադրություններից փորձում է ադապտացվել նոր իրականությանը: ՀԱՊԿ-ը իրականում կառույց է, որը իրականում այդքան գլոբալ նպատակներ չունի, կառույցը որպես ռազմաքաղաքական բավական ամորֆ դաշինք սկսել է գործել մի քանի տարի, և այդ գործընթացը դեռ չի ավարտվել: Հասկանալի է, որ ՀԱՊԿ-ը իրականում չի հանդիսանում մի կառույց, որը կարող է ապահովել իր անդամ երկների բոլորի անվտանգությունը, դա որոշ չափով պայմանավորված է Ռուսաստանի ցանկությամբ, հետխորհրդային տարածքում ունենալ իր վրա ուղղված ռազմաքաղաքական ինտեգրացիայի մի համակարգ, որը դրա հետ մեկտեղ որոշ չափով ձեռք է տալիս անդամ այլ երկրների, որովհետև բացի ՀԱՊԿ-ից, այդ երկրները այլընտրանք դեռևս չունեն, որովհետև ոչ մի այլ երկիր պատրաստ չէ Հայաստանին անվտանգության երաշխիքներ տալ, պատրաստ չէ Հայաստանին ձրի տրամադրել զենք և զինամթերք և պատրաստ չէ դրա դիմաց այդքան էլ շատ բան չստանալ: Այսինքն`այն, որ Հայաստանը Ռուստաստանին իր դաշնակիցն է համարում, դա բերում է ինչ-որ իրավիճակի, որը այդքան էլ Հայաստանի համար ծանր գին չէ, եթե դու ղարաբաղյան հիմնահարցի իրավիճակում ստանում ես ձրի S -300 համակարգեր, ինքնաթիռներ, հրթիռներ, զինամթերք և զենք, որովհետև ցավոք սրտի ոչ մի այլ կառույց մեզ չի կարող դա տրամադրել:

Ստացվում է`ՀԱՊԿ-ի անդամակցությունը և ՆԱՏՕ-ի հարաբերությունների ներկայիս փուլը ճիշտ չէ՞, և պետք չէ նրանցից որևէ մեկի հետ հարաբերություններ խզել:

Կարծում եմ՝ այնքան, որքան հնարավոր է շահ ստանալ և ՆԱՏՕ-ից, և ՀԱՊԿ-ից, մենք պետք է դա փորձենք իրագործել: Դա այն ոլորտն է, որը լուրջ հարցերի հետ է կապված: Եվ սա ոչ թե միայն արժեքների, քաղաքական սիմպատիաների հետ է կապված, այլ շատ լուրջ անվտանգության, երկրի անվտանգության և պաշտպանության հետ կապված, և այս դեպքում որոշ իլյուզիաները տեղին չեն, որովհետև եթե դու ինչ-որ սխալ քայլեր անես, դրա գինը լինելու է քո երկրի գինը: