“Քավության նոխազը” բանակում

    • Հայաստան-ՆԱՏՕ - Ուրբաթ, 30 Մարտի 2012, 10:27

Բրյուսելում, ՆԱՏՕ Կենտրոնակայանում մարտի 29-ին տեղի է ունեցել Քաղաքական եւ Գործընկերության կոմիտե + Հայաստան ձեւաչափով ամենամյա հանդիպումը: Հայկական պատվիրակությունը գլխավորել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպմանը, ի թիվս բանակային բարեփոխումների հետ կապված հարցերի լայն շրջանակի, մասնավորապես անդրադարձ է եղել նաեւ պրոֆեսիոնալ կրտսեր ենթասպայական` սերժանտական կորպուսի ձեւավորման օրենսդրական փաթեթի խնդրին:

Հայաստանի զինուժի համար սա չափազանց կարեւոր մի խնդիր է, որը նույնիսկ որոշակիորեն անուշադրության է մատնվում Հայաստանի զինուժում առկա իրավիճակի մասին մտահոգ շրջանակներում՝ հատկապես հասարակական-քաղաքական շրջանակներում:

Բանն այն է, որ բանակում կրտսեր սպայակազմի, սերժանտական կազմի խնդիրը թերեւս պակաս կարեւոր չէ, քան գեներալակազմի խնդիրը: Իհարկե, բանակի սպեցիֆիկան աներկբա հուշում է, որ իրավիճակն ի վերջո պայմանավորված է վերից վար իջնող հրամայական մեխանիզմի վերին օղակում առկա իրավիճակով՝ այսինքն բարձրագույն սպայակազմի որակով, բայց այդուհանդերձ շատ բան կարող է փոխել կրտսեր սպայակազմը, սերժանտական կազմը:

Դա ամենեւին չի նշանակում, որ պետք է թուլացնել գեներալակազմի եւ պաշտպանության նախարարության ղեկավարության հանդեպ հանրային ճնշումը, իրավիճակը փոխելու մասին պահանջների դինամիկան: Բայց, հարկ է իհարկե իրավիճակը դիտարկել համակողմանիորեն:

Այդ տեսանկյունից, ակնհայտ է, որ գեներալակազմի կադրային եւ որակական փոփոխությունը Հայաստանում լինելով թե բանակի, թե ընդհանրապես պետության որակի ու բարոյահոգեբանական մթնոլորտի համար կենսականորեն անհրաժեշտ հրամայական, այդուհանդերձ զգալիորեն ենթարկվում է քաղաքական հանգամանքների ազդեցությանը, նկատի առնելով Հայաստանում իշխանության ձեւավորման արատավոր մեխանիզմն ու դրանում այդ գեներալակազմի շատ ներկայացուցիչների ներգրավվածությունը:

Այդ խնդիրը անհապաղ լուծում է պահանջում պետության անվտանգության տեսանկյունից, բայց, միեւնույն ժամանակ նկատելի է, որ քանի դեռ չի լուծվում Հայաստանում իշխանության ձեւավորման մեխանիզմի քաղաքական հարցը, գեներալակազմի հարցը շարունակում է մնալ քաղաքական իրավիճակի պատանդ: Մինչդեռ, բանակը, զինծառայղներն էլ շարունակում են մնալ այդ իրավիճակի պատանդ, ու վտանգվում է անգամ նրանց կյանքը, ինչպես ցավալիորեն ցույց են տալիս բանակում արձանագրվող տարատեսակ ողբերգական դեպքերը:

Այդ տեսանկյունից, կրտսեր սպայակազմում, սերժանտական կազմում որակական փոփոխությունները կարող են փոքր ինչ փոխել իրավիճակն ու զգալիորեն բարձրացնել զինծառայղների անվտանգությունը: Իհարկե դա հարցի հիմնարար լուծում չէ, բայց հիմնարար լուծման կառուցվածքում նշանակալի հարց է:

Եվ այդ հարցի լուծումը թերեւս կարող է ժամանակի մեջ առավել դյուրին լինել, քաղաքական իրավիճակի եւ կոնյունկտուրայի անմիջական ազդեցության տակ չլինելու պատճառով:

Բանն այն է, որ բանակային առօրյան անմիջականորեն պայմանավորվում է նաեւ այդ կրտսեր սպայական կազմի, սերժանտական կազմի որակներով: Այդ սեգմենտը պետք է հանդիսանա այն առարկայական պատնեշներից մեկը, որը չպետք է թույլ տա, որպեսզի բանակ ներթափանցեն արտաքին հասարակական արատները: Մինչդեռ դրանք բանակ են ներթափանցում նաեւ հենց այդ սեգմենտի միջոցով՝ եզակի բացառություններով հանդերձ:

Այդ հարցում, ՆԱՏՕ-ի բանակների փորձն իսկապես կարող է լինել ուսանելի, քանի որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների զինված ուժերում կրտսեր սպայակազմը, սերժանտական կազմը ունեն զգալի դերակատարում եւ հանդիսանում են զինված ուժերի ընթացիկ կառավարման կարեւորագույն օղակ:

Ավելին, այդ տեսանկյունից, իհարկե ոչ ուղղակի, այլ ավելի շատ պատկերավոր իմաստով, այդուհանդերձ կրտսեր սպայակազմը, սերժանտական կազմը, ինչ որ առումով դառնում են նաեւ առավել բարձր հրամանատարական կազմին հակակշռող մի մեխանիզմ, որն ապահովում է բանակի կառավարելիության արդյունավետության հնարավորինս բարձր մակարդակ:

Հայաստանի բանակում այդ օղակը կարծես թե ունի մեկ հիմնական “գործառույթ”՝ քավության պոտենցիալ նոխազ բանակում հնարավոր հանցագործությունների դեպքում: Իհարկե, շատ հաճախ նաեւ հենց այդ օղակի ներկայացուցիչներն են դառնում հանցանքի անմիջական մասնակից, բայց տարածված է նաեւ, երբ առավել բարձր սպայակազմի ներկայացուցչի գործողության պատասխանատվությունը դրվում է առավել կրտսեր սպայի վրա, ավագի կամ սերժանտի վրա, եւ դրանով հարցը փակվում է:

Այսինքն, կրտսեր սպայակազմը, սերժանտական կազմը Հայաստանի զինված ուժերում ներկայում հանդիսանում է ոչ թե կառավարման համակարգի արդյունավետությունը պայմանավորող կարեւոր օղակ, այլ ինքն էլ դարձել է անպաշտպան օղակներից մեկը, ինչն էլ ըստ էության, ինքնապաշտպանական ենթագիտակցական մղումով, հանգեցնում է նրան, որ այդ օղակը անպաշտպան լինելով ավելի բարձր սպայակազմի առաջ, ինքն էլ ագրեսիվ է դառնում իրենից ավելի ցածրի՝ զինվորների հանդեպ: Դրա հետեւանքով, բանակի առօրյայում էլ ավելի է մեծանում լարումը, կամ ավելանում են այսպես ասած լարման ընթացիկ օջախները:

Հետեւաբար, զինուժի կառավարման արդիականացման տեսանկյունից, չափազանց կարեւոր խնդիր է կրտսեր սպայակազմը, սերժանտական կազմը “քավության նոխազի” կարգավիճակից դուրս բերելը՝ թե իրավա-կառուցվածքային, թե հոգեբանական առումով, ինչպես նաեւ այդ օղակը հնարավորինս արագ համալրելը որակապես նոր մակարդակ ունեցող սպաներով:

Քանի որ այդ գործընթացը բավական ծավալուն է եւ օբյեկտիվորեն պահանջում է համեմատաբար երկար ընթացակարգ, իսկ հայկական զինուժում առկա վիճակը հակառակն է պահանջում՝ անհապաղ քայլեր, ապա պաշտպանական գերատեսչությունում թերեւս պետք է կրկնապատկեն եւ եռապատկեն այդ խնդրի ուղղությամբ աշխատանքների ինտենսիվությունը:

Այդ խնդրում, Հայաստանի համար ՆԱՏՕ օժանդակությունն իհարկե չափազանց կարեւոր է, որպես խնդրի համակարգային ամենահաջողված լուծումների օրինակ, քանի որ ինչպես զինուժի կառավարման գրեթե բոլոր հարցերում, այդպես էլ կրտսեր սպայակազմի, սերժանտական կազմի դերի եւ գործառույթի վերանայման խնդրում Հայաստանն ունի խորհրդա-ռուսական համակարգից, մտածողությունից արագորեն դուրս գալու անհրաժեշտություն: Պետք է էապես ավելացնել այդ դուրս գալու արագությունը՝ մտածելով ոչ թե սահմանված առավելագույն, այլ անհրաժեշտ արագության մասին: