Պետք չէ բացառել այլ ընտրության իրավունքը

    • Հայաստան-ՆԱՏՕ - Ուրբաթ, 23 Մարտի 2012, 13:33

Հարցազրույց Բրյուսելում Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, “Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի” փորձագետ, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության նախկին աշխատակից Մուշեղ Մկրտչյանի հետ:

- Կարծիք կա, որ ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը հաճախ ֆորմալ բնույթ է կրում եւ գործողությունների մակարդակում նկատելի չէ: Ինքներդ համամի՞տ եք այս կարծիքին, եւ որքանո՞վ է արդյունավետ գործում ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը:

- Իմ կարծիքով, ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության էությունը եւ ծավալը բնորոշելու եւ այն գնահատելու համար հարկավոր է դիտարկել գործընկեր կողմերի ռազմավարական նպատակները եւ իրականացվող քաղաքականությունը, իրենց ակնկալիքները միմյանցից, փոխադարձ շահավետության գործակիցները: 2010 թ Լիսաբոնի գագաթաժողովում ՆԱՏՕ-ն ընդունեց նոր Ռազմավարական հայեցակարգ, որով “Հավաքական անվտանգության” սկզբունքի կիրառումը հռչակվեց գործընկեր երկրների եւ կազմակերպությունների հետ համատեղ Եվրատլանտյան անվտանգությունն ապահովող նպատակ: Քսանմեկերորդ դարի մարտահրավերներին դիմակայելու նպատակով Գործընկերության ընդլայնման եւ ամրապնդման խնդիրն առանցքային է նաեւ մայիսի 20-ին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգում: Գործընկեր պետության ռազմական ունակությունների ամրապնդման եւ քաղաքական բարեփոխումների աջակցության ծրագրերի միջոցով ՆԱՏՕ-ն հնարավորություն է ընձեռնում Հայաստանի նման գործընկեր պետություններին Եվրատլանտյան ռազմական, քաղաքական եւ արժեքային համակարգերին համապատասխան զարգացնել սեփական համակարգերը եւ ներդրում ունենալ Դաշինակիցների կողմից ղեկավարվող գործողություններում համաձայն իրենց հնարավորությունների եւ ունակությունների:

Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ իրագործում է ԱԳԳԾ ծրագիրը: Հայաստանն ինքն է սահմանում այն նպատակները, որոնք ցանկանում է իրագործել ՆԱՏՕ-ի աջակցությամբ: Համագործակցության շրջանակներում Հայաստանը Դաշինքի չափորոշիչներին համապատասխանող, փոխգործունակ զորամիավորներ է պատրաստում, որոնք մասնացում են ՆԱՏՕ-ի գործողություններին: Դա արժանանում է ՆԱՏՕ-ի դրվատանքին, բարձրացնում Հայաստանի վարկանիշը գործընկերության շրջանակներում եւ բացում համագործակցության նոր հեռանկարներ: Միեւնույն ժամանակ, ԱԳԳԾ-ն նաեւ ներքին բարեփոխումների հավակնոտ ծրագրեր իրականացնելու հնարավորություն է այնպիսի հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ ունեցող ոլորտներում, ինչպիսիք են Զինված ուժերի համակարգային բարեփոխումները, արդիականացումը, դրանց քաղաքացիական վերահսկողությունը, Արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամերի կառավարումը, Մարդու իրավունքների պաշտպանությունը Զինված ուժերում: Ժողովրդավարության եւ ազատության Եվրատլանտյան արժեքային համակարգին համահունչ բարեփոխումների իրականացումը Հայաստանի կողմից ներկայացված եւ ընդունված ԱԳԳԾ հիմնական քաղաքական նպատակն է եւ պարտավորությունը: ՆԱՏՕ-ն այն կենտրոնն է, որտեղ նաեւ կարծիք է ձեւավորվում գործընկեր պետության վերաբերյալ, եւ այդ կարծիքի հետ հաշվի են նստում նաեւ այլ միջազգային կառույցներում: Արդյունավետ համագործակցությունը նաեւ թափանցելիության մասին է, այդ թվում նաեւ տեսանելի արդյունքների եւ բաց թողնված հնարավորությունների:

- Այնուահանդերձ, ՆԱՏՕ-ին անդամակցել-չանդամակցելու հարցը Հայաստանում ոչ պետական մակարդակով, ոչ քաղաքական ուժերի օրակարգում, ոչ էլ հասարակական քննարկումների մակարդակում չկա: Ձեր կարծիքով` ինչո՞ւ է այդպես. չե՞նք կարեւորում, թե չենք գիտակցում դրա արժեքը:

- Այստեղ որոշակի դեր ունի ՆԱՏՕ-ի ավանդական ընկալումը որպես անդամակցության առումով մերժելի հեռանկարի: Իրականում երկրի քաղաքական եւ հասարակական օրակարգում խնդիրը գոյություն ունի ավելի լայն համատեքստում: Դա Հայաստանի ինքնուրույն արտաքին եւ անվտանգության քաղաքականություն վարելու ունակության խնդիրն է: Իհարկե, փոխշահավետ սերտ համագործակցություն հնարավոր է նաեւ առանց կառույցին անդամակցելու: Հայաստանն, ի տարբերություն հարեւան Վրաստանի, եվրոպական համակարգերին համահունչ բարեփոխումներ իրականացնելու հնարավորություն ունի, չդիտարկելով անդամակցությունը որպես վերջնական նպատակ: Նպատակ կարող է լինել մարտունակ եւ ժողովրդավարական պետության կայացմանը միտված բարեփոխումների իրականացումը: Բարեփոխումների հաջող իրականացման դեպքում երկիրը կհայտնվի որակական այլ մակարդակում, ի վիճակի կլինի ինքնուրույն անվտանգության եւ արտաքին քաղաքականություն վարել: Այդ դեպքում երկրի ապագա ուղին որոշելու իրավունքը վերապահված կլինի երկրի քաղաքացիներին, ովքեր կախված մեր տարածաշրջանի դինամիկ ռազմաքաղաքական փոփոխություններից, անհրաժեշտության պահին կարող են որոշել այս կամ այն համաշխարհային ռազմաքաղաքական կենտրոնի կողմից ղեկավարվող դաշինքին անդամակցելու հարցը: Լավագույնը, որ կարելի է անել այսօր վաղվա Հայաստանի համար, դա ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության դուռը չփակելն է:

- Ինքներդ որքանո՞վ եք նպատակահարմար համարում Հայաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին: Ի՞նչ կտա այն Հայաստանին:

- Համոզված եմ, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումն այլընտրանք չունի: Եվրատլանտյան համակարգերին համահունչ եւ փոխգործակցող պետական եւ հասարակական կառույցների ձեւավորումը նույնպես Հայաստանի հայտարարած նպատակներից է: Այդ նպատակների իրագործման դեպքում անդամակցության հարցը կդիտարկվի այլ տեսանկյունից: Կարեւորն այն արդյունքներն են, որ պետությունը եւ հասարակությունը կունենան իրականացվող բարեփոխումներից: Երկրի զարգացմանը համընթաց կաճի նաեւ նրա դերն ու կշիռը Եվրատլանտյան անվտանգությունն ապահովելու կոչված կառույցում: Պահպանելով Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները, պետք է չբացառել երբեւէ այլ ընտրություն կատարելու Հայաստանի իրավունքը, ինչը կարող է նաեւ զսպող գործոն հանդիսանալ որոշ առաջնորդների կայսերական հավակնությունների համար: Ժամանակի ընթացքում գուցե նպատակահարմար կլինի պահպանել չեզոք գործընկերոջ կարգավիճակը: Սակայն ես չեմ բացառում նաեւ հեռանկարում ՆԱՏՕ-ին անդամակցելու անհրաժեշտությունը, որը Հայաստանին կտա նաեւ Դաշինքի այլ անդամներին հավասար որոշիչ ձայնի իրավունք:

- Հայաստանի համար ո՞րն է ՆԱՏՕ-ին անդամակցելու խոչընդոտը: Օրինակ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներից տեսակետ է հնչել, որ քանի դեռ ՆԱՏՕ անդամ Թուրքիան շրջափակման է ենթարկում ՀՀ-ն, մենք չպետք է գնանք այդ ուղղությամբ:

- Իսկ գուցե հենց այդ պատճառով մենք պետք է գնանք այդ ուղղությամբ: ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ներկա ձեւաչափը քաղաքական խորհրդակցություններ է նախատեսում դաշինքի եւ գործընկեր պետության միջեւ: Դա լավ հնարավորություն է դաշինքի անդամի կողմից իրականացվող ոչ բարեկամական քայլերը դաշինքի բոլոր անդամների ներկայությամբ քննարկելու համար: Համաձայն ԱԳԳԾ-ի, Հայաստանը եւ Թուրքիան պետք է կառուցողական երկխոսություն վարեն: Դաշինքի անդամները պարտավորվել են աջակցել երկխոսությանը: Դա հնարավորություն է խնդրին անդրադառնալ բազմակողմ ձեւաչափով, անկախ դաշինքի որոշ անդամների կամքից: Նույնիսկ ցանկության դեպքում Թուրքիան չի կարող խոչընդոտել Հայաստանի կողմից ստանձնած ծրագրերի իրագործմանը, որովհետեւ Հայաստանն ինքն է որոշում, թե դաշինքի անդամ որ պետությունները կարող են ներգրավվել այս կամ այն նպատակի իրագործման համար: Չեմ կասկածում, որ ժողովրդավարության ճանապարհով գնալու դեպքում Հայաստանի վարկի եւ հեղինակության աճը կնպաստի Թուրքիայի վրա միջազգային ճնշման ուժեղացմանը, այդ թվում ՆԱՏՕ-ի շրջանակներում:

- Արդյոք Ռուսաստանի գործոնը խոչընդոտ է Հայաստան-ՆԱՏՕ ավելի սերտ հարաբերություններին, թե ոչ:

- Այս պահին ոչ, որովհետեւ Ռուսաստանն ինքը փոխշահավետ եւ սերտ համագործակցություն է ծավալել ՆԱՏՕ-ի հետ: Ահաբեկչության դեմ պայքարը եւ քսանմեկերորդ դարի մարտահրավեր հանդիսացող այլ հրատապ հարցեր պարբերաբար քննարկվում եւ համակարգվում են երկկողմ ձեւաչափով: Նշված մարտահրավերները կենսական են նաեւ Հայաստանի համար, եւ ավելի սերտ հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ ոչ մի կերպ չեն կարող հակասել ընդհանուր գործընկերային, այդ թվում Ռուսաստանի նպատակներին: