Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանի հետ զրուցել ենք ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների շուրջ
Շահան, ինչպե՞ս եք գնահատում ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության ներկայիս փուլը: Ըստ Ձեզ՝ կապ կա՞ արդյոք ՀՀ անվտանգության ապահովման խնդրի և ՆԱՏՕ-ի հետ առկա համագործակցության միջև: Փորձագետները համարում են, որ այս առումով չկա հստակություն:
ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության այսօրվա մակարդակն իհարկե չի կարելի գնահատել՝բացառապես հիմնվելով մամուլի հարապարկումների վրա։ ՆԱՏՕ-ն ռազմական կազմակերպություն է, և համապատասխան ոլորտի հարաբերություններն ու համագործակցության տարողությունները թափանցիկ չեն։
Կարծում եմ՝ այդ վարժողական ծրագրերի ներգրավվածությունը կամ ՆԱՏՕ-ի հետ առնչված խաղաղապահ զորամիավորումներին Հայաստանի մասնակցությունը (Կոսովո, Իրաք, Աֆղանստան) առերևույթ բնականանոն համագործակցության պաշտոնական մասին են խոսում։
Այսուհանդերձ պետք չէ մոռանալ, որ Հայաստանը շրջափակած Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր անդամ պետություն է, որ չհայտարարված աշխատանք է տանում այդ համագործակցության խոչընդոտմանը։ Նաև պետք է արձանագրել, որ ՆԱՏՕ-ի վարժողական բուդապեշտյան ծրագիրներում ներգրավված Ադրբեջանը ինչպիսի պահվածք ունեցավ հայ սպայի նկատմամբ, որը ՆԱՏՕ-ի կողմից անհրաժեշտ դատապարտման և համապատասխան միոցառումներին չարժանացավ։
Քաղաքական մեկնաբանությամբ՝ ՆԱՏՕ-ի համար այնքան էլ դրական ընկալելի չէ Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հատուկ և արտակարգ կարգավիճակով գոյություն ունեցող գործընկերությունը, ինչը ընկալվում է իբրև ՆԱՏՕ-ի հետ համագործակցության սահմանափակում։ Մյուս կողմից ՆԱՏՕ-ն միշտ ասում է, որ համագործակցության խորացման չափը կախված է հայկական կողմի ցանկությունից: Ավելին, ՆԱՏՕ-ն շատ իրատեսական է գնահատում այս հարցում ՀՀ պահվածքը՝ ի տարբերություն Վրաստանի, որը ամեն օր հայտարարում է իր անդամության ցանկության մասին այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ն պարզ հայտարարում է, որ Վրաստանը պատրաստ չէ այդ անդամակցությանը։
ՆԱՏՕ-ի մեկ անդամի կողմից շրջափակված Հայաստանը փորձում է այս պայմաններում փոխլրացուցիչ կամ հավասարակշռված արտաքին քաղաքականություն կիրառել և այդ շրջանակներում բնականոն հարաբերություն մշակել ՆԱՏՕ-ի հետ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունն այն մասին, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ Արցախի բանակցային գործընթացին միջնորդի դեր վերցնել իր վրա, վկայում է ԵԱՀԿ-ի ձևաչափի պահպանման համաձայնություն։ Այդ ձևաչափի պահպանման ի նպաստ հանդես գալու հետ մեկտեղ՝ ՆԱՏՕ-ի կեցվածքը գնահատելիս անպայման պետք է նկատի ունենալ արևմտյան ուժերի կողմից Իրանի մեկուսացման ընդհանուր քաղաքականության ուղղությունները և ըստ այդմ դիտարկել կովկասյան տարածաշրջանի և հայությանը վերաբերող ՆԱՏՕ-ի հետ կապված անվտանգության խնդիրները։
Իսկ ի՞նչ եք կարծում, պե՞տք է դնել ՆԱՏՕ անդամակցության խնդիր, հրաժարվել ՀԱՊԿ-ի անդամակցությունից:
Կովկասյան տարածաշրջանում ոչ ՆԱՏՕ միջավայրը հիմնականում Հայաստանն է։ Ադրբեջանը հակաիրանյան իր ուղղությամբ, նավթային քաղաքականությամբ և հատկապես ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի պետության ճամբով հայտնված է այդ ճամբարում, մինչ Թիֆլիսը բացահայտ նկրտումներով առաջադրում է լիիրավ ընդգրկվել ՆԱՏՕ-ի կազմակերպությունում։ Այս հանգամանքներով էլ բացատրվում է ՆԱՏՕ-ում ներառվելու համար Վրաստանի անպատրաստ լինելուն կամ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը խորացնելու հավանականությունը հայկական կողմի հայեցողությանը թողելու կամ ԵԱՀԿ-ի ձևաչափի պահպանման կեցվածքով հանդես գալով՝ առանց Բաքուն մատնացույց անելու՝ բանակցային գործընթացը արգելակելու պատասխանատվությունը Ադրբեջանի ուսերին բարդելու հայտարարությունները։
Կարծում եմ, որ այս բոլորի նկատառումով, Հայաստանի ՆԱՏՕ-ում ընգրկվածության այսօրվա չափը բավարար է։ ՀՀ հաջողվում է, ի տարբերություն այլ երկրների, խաղալ ՆԱՏՕ-ՀԱԿՊ հակասությունների վրա, այլ երկուսի հետ պահել նորմալ հարաբերություններ։ Կարծում եմ՝ ՀՀ արտաքին քաաքականության շահերից է բխում այսօրվա կարգավիճակը և երկու ուղղությամբ էլ ներկա հարաբերությունների ձևաչափը:
ՊՆ պաշտոնյաների խոսքերով՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կապված է Հայաստանում պաշտպանական բարեփոխումների հետ: Վերջին շրջանում շատ է խոսվում ՊՆ բարեփոխումների անհրաժեշտության մասին: Զինված ուժերում նկատո՞ւմ եք այդ բարեփոխումները:
Այո, ՆԱՏՕ-ի անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը ենթադրում է ՀՀ զինված ուժերի բարեփոխումներ, մասնավորապես ՀՀ Զինված ուժերի համակարգի քաղաքացիացում։ Պաշտպանության փոխնախարաներից մեկը քաղաքացիական անձ է: Ի դեպ, ՆԱՏՕ-ն պարբերաբար ՀՀ-ի մասին պատրաստում է միջնաժամկետ գնահատականներ և համաձայն ՆԱՏՕ-ի Կովկասի հարցերով զբաղվող պաշտոնյաների ՀՀ-ը կատարում է իր ստանձնած պարտավորությունները։
Ստացվում է՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին առայժմ չպե՞տք է մտածենք:
Այս պահի դրությամբ հարաբերությունների ներկա ձևաչափը թույլ է տալիս թե՛ զորավարժությունների ծրագիրներին մասնակցելու, թե՛ անհատական գործողություններին մասնակցելու, թե՛ խաղաղապահ առաքելություններ ստանձնելու և թե անհատական գործընկերության գործողություններին ներգրավվելու:
Մի՞թե չի ստացվում երկակի խաղ, մի կողմից ՀԱՊԿ-ի, մյուս կողմից ՆԱՏՕ-ի հետ, կամ մեկ ձեռքով երկու ձմերուկ բռնելու գործընթաց:
Մեկնաբանությունները կարող են տարատեսակ լինել։ Փաստն այն է, որ և՛ ՀԱՊԿ-ը, և՛ ՆԱՏՕ-ն գոհ են ՀՀ-ի հետ հարաբերությունների և համագործակցության ներկա իրավիճակից: Երկու կազմակերպություններն էլ հրապարակավ դրական են գնահատել ՀՀ-ի հետ իրենց համագործակցությունը։
Այսինքն՝ Հայաստանի համար նպատակահարմար է թե՛ ՆԱՏՕ-ի , թե՛ ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը և ներկայիս համագործակցությունների փուլը բավարար է:
Այո, սա է բանաձևը:
