ՌԱՀՀԿ փորձագետ, պատմաբան Սարո Սարոյանի հետ զրուցել ենք Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շուրջ
Սարո, ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության ներկայիս փուլն ինչպե՞ս եք գնահատում, և որքանո՞վ է այսօր ՆԱՏՕ-ն դիտարկվում որպես անվտանգության երաշխավոր:
ՀՀ նախագահի բրյուսելյան այցի հագեցվածությունն ու այն ուշադրությունը, որ պաշտոնական մակարդակներով երկուստեք ցուցաբերվեց Սերժ Սարգսյանի երկկողմ ու բազմակողմ հանդիպումներում, արդեն իսկ վկայում են, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում դինամիկան բավական մեծ է: Զուտ գնահատականի առումով որպես փորձագետ շատ դրական եմ համարում նման դինամիկայի գոյությունը, սակայն կոնկրետ արդյունքների հարցում գտնում եմ, որ որոշակի ժամանակ է պետք, որպեսզի լիարժեք գնահատական տրվի եղածին:
Ինչ վերաբերում է հարցի մյուս մասին, հարկ է տարբերել, թե ովքեր են դիտարկողները: Իհարկե, հայ հանրության շրջանում ՆԱՏՕ-ն այնքան էլ ներկայացված չէ և Հայաստանի անվտանգության տեսանկյունից այն շատ վերացական մի կառույց է դիտարկվում: Մեր հանրությունն անգամ ՀԱՊԿ-ը չի դիտարկում անվտանգության երաշխավորի դերում, փոխարենը գրեթե միակ արտաքին երաշխավորի դերում տեսնելով բացառապես Ռուսաստանին: Սակայն քաղաքական նեղ շրջանակաների համար ՆԱՏՕ-ն, իհարկե, իր կարևոր դերն ունի և տարածաշրջանում հավասարակշռության պահպանման տեսանկյունից, իմ կարծիքով, շատ էական:
Ռուսաստանի մեջ անվտանգության երաշխավոր տեսնելը ինչո՞վ եք պայմանավորում: Եվ արդյոք սրանո՞վ եք պայմանավորում այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ չի ներկայացվում:
Հայ ժողովուրդն իր վերջին երկհարյուրամյակի կեցության անվտանգության երաշխավորի դերում որպես գլխավոր դերակատար պատկերացրել է կայսերական Ռուսաստանին: Իհարկե, այդ գործում շատ մեծ է Ռուսաստանի պետական քարոզչության դերը, հատկապես 1920 թ. հետո, երբ Հայաստանի բաժանման հարցում սեփական մասնակցությունը քողարկելու նպատակով առավել մեծ ջանքեր էին պետք ներկա Հայաստանի բնակչության շրջանում ցուցանելու համար «ռուսական փրկության» անայլընտրանքայնությունը: Ու մինչև հիմա հասարակության շրջանում Ռուսաստանը հենց այդ պրիզմայով է ներկայանում: Այստեղ գործում է թե ավանդույթի ուժը, թե հասարակության քաղաքական խակությունը, թե Հայաստանի անվտանգության համակարգերում (ուժային կառույցներ, կառավարման համակարգ, տեղեկատվական-քարոզչական միջոցներ և այլն) ռուսական հիմնովին ներակայացվածության փաստը և այլն:
Սակայն ՆԱՏՕ-ի անդամակցության հարցում, նշված հանգամանքների առկայությամբ հանդերձ, գործում է առավել լայն ինքնապաշտպանական բնազդը: Նախ գիտակցվում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը միանգամից կանդրադառնա Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վարքի վրա, առավել ևս, որ կա Անտանտի հետ դաշնակցած Հայաստանի՝ ի վերջո Թուրքիայի ու Ռուսաստանի միջև բաժանման պատմական փորձը: Գիտակցվում է Ղարաբաղյան խնդրում բացասական հետևանքները, Իրանի հետ հարաբերությունների հեռանկարայնությունը և այլն: Այնպես որ, ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, անկախ Ռուսաստանի միջամտության վտանգից, հայ հանրությունն ինքն է գիտակցում այդ անդամակցության ժամանակավրեպությունը: Սակայն, իհարկե, միջնաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքում` կախված Ռուսաստանի և Իրանի քաղաքական ապագա կառուցվածքներից, այդ անդամակցությունը կդառնա Հայաստանի քաղաքական օրակարգի մասը:
Վերջերս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ ունեցավ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ, քննարկվեցին հայկական զինուժի բարեփոխումների հարցերը: Որքանո՞վ ՆԱՏՕ-ն կարող է նպաստել զինված ուժերում բարեփոխումների զարգացմանը, թե այս ամենը մեծ հաշվով ֆորմալ բնույթ է կրում:
Արևմտյան հանրությունն ընդհանուր առմամբ հետխորհրդային ավտորիտար երկրների ու մասնավորապես Հայաստանի համար գործակցության մի սկզբունք է մշակել: Ըստ այդմ, նրանք գիտակցում են վարչակարգերի կողմից բազմաթիվ հարցերում ստանձնած պարտավորությունների կատարման ձևականությունն ու անկամությունը: Սակայն աչք փակելով նման երևույթների վրա` նրանք առաջադիմություն են համարում ցանկացած առաջխաղացում և պատրաստ են նույն կերպ նորանոր խնդիրներ առաջ բերել երկկողմ օրակարգում: ՀՀ զինված ուժերում նրանց առաջարկների մեջ նմանապես այդ սկզբունքն է գործում, և բարեփոխումներ ասվածը ձևական չէ այնքանով, որքանով կան կոնկրետ լուծված կամ ընթացքի մեջ գտնվող խնդիրներ, մասնավորապես, օրինակ զինված ուժերում շատ ստորաբաժանումների անցումը զինվորական ծառայությունից դեպի քաղաքացիական ծառայության:
Սարո, ստացվում է Հայաստանը երկակի խաղի մե՞ջ է մի կողմից ՀԱՊԿ-ի, մյուս կողմից ՆԱՏՕ-ի հետ:
Ես ձեր հարցը կվերահասցեագրեմ ձեզ` իսկ ե՞րբ Հայաստանն ու նրա քաղաքական վերնախավը (մեծ հաշվով` հասարակությունը) երկակի խաղի մեջ չի եղել հզորների հետ: Քաղաքական սուբյեկտ եղած բոլոր ժամանակաշրջաններում ես այլ տարբերակ չեմ հիշում:
Դրա համար միշտ տանո՞ւլ ենք տվել:
Ոչ միշտ: Սակայն պատմական հարթությունն այժմ մի կողմ թողնելով` ավելի լավ է գիտակցել երկակի խաղի անխուսափելիության սկզբնաղբյուրը: Իսկ դա քաղաքական բացատրություն ունի և կապված է տարածաշրջանում մեր զբաղեցրած դիրքի հետ: Եվ հետևաբար եթե նշում ենք տանուլ տալու մասին, ուրեմն միաժամանակ պետք է նշենք, որ տանուլ ենք տվել քաղաքական մի խաղում, որտեղ մեր քաղաքական գիտելիքներն ու կամքն են զիջել, քաղաքական այրեր չենք ունեցել և այլն: Բոլոր հետևանքները (ռազմական, տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական եւ այլն) գալիս են հենց դրանից: Այլ դեպքերում կամ այլոց մոտ երկակիության հնարավորությունը կդիտվեր առավելապես որպես հնարավորություն, քան մարտահրավեր: Ի դեպ, ներկայում այդ խաղի էությունը, ինչպես ես եմ տեսնում, ընկալվում է մեր իշխող վարչախմբի կողմից, սակայն այլ հարց է, թե որքանով են նրանք ունակ դա տանել առաջ, կբավականացնի՞ նրանց գիտելիքը, փորձը, կամքը՝ հասնել որոշակի դրական արդյունքի: Տանուլ տալն էլ հենց այստեղից է գալիս:
