Հայաստանը շահում է ՆԱՏՕ-ից

    • Հայաստան-ՆԱՏՕ - Չորեքշաբթի, 07 Մարտի 2012, 17:15

Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շուրջ զրուցել ենք Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հետ

Պարոն Կիրակոսյան, Դուք բազմիցս նշել եք Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնման անհրաժեշտության մասին, սակայն մեր քաղաքական օրակարգում ՆԱՏՕ-ին անդամագրվելու որևէ հայտ չի ներկայացվում: Ինչո՞վ եք Դուք սա պայմանավորում և ինչպե՞ս եք առահասարակ գնահատում ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների ներկա փուլը:

Հետաքրքիր է, որ թեև Հայաստանը խորացնում է իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, բայց երբեք որևէ նախագիծ չի ունեցել ՆԱՏՕ-ին անդամակցելու, ելնելով երկու հիմնական պատճառներից: Առաջին՝ ընդհանուր առմամբ Հայաստանը չի տեսնում անվտանգության անհրաժեշտություն ՆԱՏՕ-ին միանալու, երկրորդ` Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն անդամակցում է ՀԱՊԿ-ին, և Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական հարաբերությունները կխանգարեն Հայաստանին անդամագրվել ՆԱՏՕ-ին: Բայց դրականն այն է, որ վերջին տարիներին տեսնում ենք` Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ շատ ավելի լուրջ համագործակցություն է ծավալում, և մենք դրանից ստանում ենք կոնկրետ շահ: Բացի այդ, Հայաստանը դարձել է ոչ միայն անվտանգություն սպառող, այլև անվտանգության երաշխավորող, անվտանգության աջակցող: Եվ այդ կոնտեքստում սա նաև օգնում է Հայաստանի պաշտպանության բարեփոխումներին:

Երկրորդ շահը Հայաստանի համար այն է, որ որքան շատ Հայաստանը սերտացնի հարաբերությունները և ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի և Արևմուտքի հետ, այնքան ավելին կստանա Ռուսաստանից: Հետաքրքիր է, որ եթե մենք նայենք Օսկանյանի կոմպլեմենտարության սկզբունքին, ապա ակնհայտ է դառնում, որ ռազմական տեսանկյունից Արևելքի և Արևմուտքի միջև ավելի շատ հավասարակշռություն է ստեղծվում:

Կարծիք կա, որ ՆԱՏՕ- Հայաստան համագործակցությունը հաճախ ֆորմալ բնույթ է կրում և գործողությունների մակարդակում նկատելի չէ:

Ընդհակառակը, Սեյրան Օհանյանի կառավարման տարիներին Պաշտպանության նախարարության հետ պրակտիկ համագործակցությունը շատ ավելի ցայտուն է երևում: Հայաստանի խաղաղապահներն ավելի պրակտիկ գործունեություն են ծավալում Աֆղանստանում, Կոսովոյում, Իրաքում: Եվ եթե մենք դիտարկենք ՆԱՏՕ-ի համագործակցության արդյունքում Հայաստանի զինված ուժերի պրակտիկ արժեքին, դրանք պրակտիկ զորավարժություններն են, ռազմական կրթությունը, արտակարգ իրավիճակների նկատմամբ ռեակցիան, այլ կերպ ասած, Հայաստանն ավելի շատ պրակտիկ օգուտ է ստանում ՆԱՏՕ-ից, քան Ադրբեջանը:

Սեյրան Օհանյանը հանդիպում է, ՆԱՏՕ-Հայաստան գործակցության ու հայկական զինուժի բարեփոխումների հարցը քննարկում, բայց բանակում իրավիճակը չի առողջանում: Այս առումով արդյոք ֆորմա՞լ չեն այս հանդիպումները:

Ես ակտիվորեն հետևել եմ Հայաստանի բանակում մահվան կամ նվաստացման դեպքերին: Անընդունելի է, երբ Հայաստանի զինվորները սպանվում են հայ սպաների ձեռքով, և ՆԱՏՕ-ի օգնությունը մասնագիտական զորավարժությունների և մասնագիտական պատրաստվածության առումով մի ուղի է իրավիճակը շտկելու և բանակից ոչ կոմպետենտ սպաներին հեռացնելու համար, ինչպես նաև վերականգնելու հաշվետու լինելու սկզբունքը, քանի որ Հայաստանի բարձրաստիճան զինվորական կոչում ունեցող մարդիկ պետք է նախևառաջ վաստակեն համազգեստ կրելու պատիվը` հիմնված իրենց ներկա, և ոչ թե նախկինում` ղարաբաղյան պատերազմի ժամանակ, իրենց ծավալած գործունեության վրա:

Ինչպե՞ս եք պատկերացնում այդ արգելքի հաղթահարումը: Այս առումով ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ ՆԱՏՕ-ն:

ՆԱՏՕ-ն միայն գործիք է, չի կարող հարցը լուծել, բայց օգնում է` ձևավորելով պրոֆեսիոնալ կադրեր: Համաձայն եմ, որ խնդիրը քաղաքական կամքին է վերաբերում: Եվ այս առումով Հայաստանի բանակում բարեփոխումների կողմնակիցները պետք է ավելի ուժեղ կեցվածք ընդունեն նրանց դեմ, ովքեր ընդդիմանում են բարեփոխումներին: Նույնիսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերջերս հայտարարեց, որ բանակը հասարակության արտացոլումն է: Սա նշանակում է օլիգարխների, քրեական տարրերի խնդիրները, որոնք իրենց դասում են օրենքից բարձր, նմանատիպ խնդիր կարող է լինել հենց բանակի ներսում:

Այսինքն՝ Դուք սա ներքին խնդիրներո՞վ եք պայմանավորում:

Չեմ կարող ասել, որ կապ չկա, քանի որ եթե մականունավորներ, օլիգարխներ ունենք, դժբախտաբար նույն տեսակ խնդիր կա, նրանք չեն վաստակել համազգեստ կրելու պատիվը և նույնիսկ ֆիզիկապես նրանք ի վիճակի չեն կրել համազգեստ:

Այսպիսով, եթե գնահատենք Հայաստան -ՆԱՏՕ համագործակցությունը, այսօր ո՞ր փուլում է գտնվում: Կարծիք կա, որ Հայաստան -ՀԱՊԿ հարաբերությունը երկար է տևելու:

Հարցի առաջին մասին անդրադառնալով ասեմ, որ Հայաստանը շատ ավելի մեծ ջանքեր է դրել և խորացրել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, քան Ադրբեջանը և շատ ավելի արդյունավետ, քան Վրաստանը, որովհետև Հայաստանը շատ ավելի իրատեսական է: ՀԱՊԿ-ի հետ չենք կարող որևէ համեմատություն անել: ՀԱՊԿ-ը ուժեղ կազմակերպություն չէ, չունի պատմություն և չունի ներուժ: Հայաստանն ավելի արդյունավետ է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության առումով և ավելի իրատեսական է: Մենք չենք երազում ՆԱՏՕ մտնելու համար, այլ կերպ ասած Վրաստանը ուզում է թողնել տարածաշրջանը և միանալ ՆԱՏՕ-ին, այնինչ Հայաստանը փորձում է մնալ տարածաշրջանում և ուժեղացնել տարածաշրջանը, և դա շատ ավելի իրատեսական է:

Վերադառնալով ՀԱՊԿ-ին` պետք է ասեմ, որ սա ավելի շատ ինստիտուցիոնալ մեխանիզմ է Ռուսաստանի համար: Բայց Հայաստանը հանդիսանում է ոչ միայն ՀԱՊԿ-ի միակ անդամ երկիրը տարածաշրջանում, այլ հանդիսանում է ամբողջ տարածաշրջանում Ռուսաստանի միակ վստահելի դաշնակիցը:

Հայաստանը թակարդո՞ւմ է:

Ոչ, ընդհակառակը, եթե Հայաստանի ռազմական անվտանգությունը լինի միայն Ռուսաստանը կամ միայն ՆԱՏՕ-ն, Հայաստանն ավելի թույլ կլիներ, բայց այս պարագայում Հայաստանը շահում է` խաղալով երկու կողմի հետ:

Կարծում եք քաղաքական ուժերի օրակագրում ճի՞շտ է, որ չի դրվում ՆԱՏՕ անդամակցության հարցը:

Ես չէ, որ պետք է ասեմ, թե ինչ պետք է անեն քաղաքական ուժերը, բայց որպես վերլուծաբան պատկերացնում եմ՝ Հայաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հետ պետք է ավելի շատ քննարկման առարկա դարձնել և ավելի ուշադրություն դարձնել, բայց իմ անձնական կարծիքով, Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այս պահին սխալ կլիներ: