ՆԱՏՕ-ն քաջ գիտակցում է մեր խնդիրը

    • Հայաստան-ՆԱՏՕ - Չորեքշաբթի, 29 Փետրվարի 2012, 12:01

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վերաբերյալ զրուցեցինք ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի հետ:

- Ձեր կարծիքով, որքանով է արդյունավետ գործում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկայիս ձեւաչափը:

- Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ ունի ստորագրած Անհատական գործընկերության համատեղ ծրագիրը, որով նաեւ սահմանվում են մեր համագործակցության շրջանակները: Հայտնի է, որ Հայաստանը նախկին ԽՍՀՄ վեց երկրների հետ միասին ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի անդամ է: Հայաստանն իր ռազմաքաղաքական գործունեությունը ծավալում է ՀԱՊԿ շրջանակներում: Մասնավորապես՝ ակտիվորեն մասնակցում է ՀԱՊԿ բոլոր նախաձեռնություններին, զորավարժություններին: Բացի այդ, ինչպես գիտեք, ստեղծվել են օպերատիվ արձագանքման ուժեր՝ ՀԱՊԿ շրջանակներում, գործում է նաեւ ՀԱՊԿ վեհաժողովը եւ այլն, եւ այլն: Սակայն այս ամենը չի հակասում ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությանը: Ընդ որում, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը բավական արդյունավետ է ընթանում: Մասնավորապես, մենք մասնակցում ենք միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում խաղաղարար առաքելություններին: Հայաստանը խաղաղարար ուժերի կազմում մասնակցություն ունի թե Կոսովոյում, թե Իրաքում, թե Աֆղանստանում: Բացի այդ, Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության ծրագրով բարեփոխումների ծրագիր է իրականացնում զինված ուժերում եւ ոստիկանական համակարգում: ԶՈՒ-ում եւ ոստիկանությունում արդեն իսկ կիրառվում է քաղաքացիական ծառայությունը, այսինքն՝ մի շարք ստորաբաժանումների աշխատակիցներ այլեւս ուսադիրներ չեն կրում, այլ հանդիսանում են քաղաքացիական ծառայողներ: ԶՈՒ-ում այսօր ընթանում են բարեփոխումներ օրենսդրական առումով, ԱԺ կողմից ընդունվել է ԶՈՒ երկու կանոնագիր, եւս մեկը նախապատրաստվում ենք ներկայացնելու խորհրդարան: Այս քայլերի արդյունքում էլ ավելի է մեծանում հասարակական վերահսկողությունը ԶՈՒ նկատմամբ: Այսօր ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն էլ են արձանագրում, որ մենք բավական առաջ ենք տանում այն ծրագրերը, որ արձանագրված են ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության համատեղ ծրագրում:

- Այս պահին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա դրված Հայաստանի պետական քաղաքական օրակարգում, ավելին՝ այդ թեման չկա նաեւ հայաստանյան քաղաքական ուժերի ծրագրում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը:

- Այո, նման հարց Հայաստանի օրակարգում չկա դրված, ՆԱՏՕ-ն եւս իր կողմից չի դնում նման հարց՝ քաջ գիտակցելով, որ մեր անվտանգության սպառնալիքները բխում են մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից: Այն է՝ Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի ամենաակտիվ անդամներից մեկն է, սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը: Սա պատճառ է, որ մենք մեր հայացքն ուղղենք ոչ թե ՆԱՏՕ՝ որպես մեր անվտանգության խնդիրը փարատողի, այլ՝ բռնենք ուրիշ ուղղություն, որն ավելի արդյունավետ է մեզ համար:

- Իսկ այս հարցում ռուսական գործոնի ազդեցությունը կա՞, թե ոչ: Արդյոք ՌԴ-ն չի խոչընդոտում Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, թույլ չի տալիս մեր հայացքն ուղղենք դեպի ՆԱՏՕ:

- Ոչ, որեւէ երկիր չի խոչընդոտում: Մենք ինքներս ենք որոշում՝ ինչ է թելադրում մեր պետական, ազգային շահը, ըստ այդմ էլ՝ կառուցում մեր պետական քաղաքականությունը: Այսօրվա քաղաքականությունը մեզ ստիպում է առայժմ լինել ՀԱՊԿ անդամ, այդ ռազմաքաղաքական դաշինքում լինել ակտիվ անդամներից մեկը: Այլ ելք մենք չենք տեսնում: ՆԱՏՕ-ն եւս քաջ գիտակցում է դա: Մի քանի անգամ խոսել ենք ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ, ասել, որ եթե իրենց դաշնակիցներից մեկը՝ Թուրքիան տնտեսական, քաղաքական շրջափակման չենթարկի Հայաստանը, ինչը անում է ավելի քան 15 տարի շարունակ, եթե ԼՂ հակամարտության հարցում խիստ ադրբեջանամետ կողմնորոշում չունենա, եթե հակահայկական քաղաքականությունը չվերացնի, նշանակում է՝ մեր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ կարող է կայանալ: Իսկ քանի դեռ Թուրքիան չի գնում այդ քայլին, համագործակցություն չեմ տեսնում: Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն եւս հասկանում է դա:

- Կարո՞ղ է ՆԱՏՕ-ն ազդել Թուրքիայի վարքագծի վրա, զսպել նրան:

- Ցանկալի է, որ այդպես անի: