Վարքականոն

Lragir.am` միայն ստուգված տվյալներ

Լրատվամիջոցները, որոնք հավակնում են հասարակական լուրջ դերակատարության, կարող են մրցունակ լինել միայն իրենց արժանահավատությամբ: Lragir.am-ը փորձում է ընթերցողին ներկայանալ արժանահավատ եւ ստուգված տեղեկությամբ:

Մենք մեզ համար մշակել ենք էթիկայի ուղեցույց, որին աշխատում ենք հավատարիմ մնալ եւ որի հիմքում ընկած է արժանահավատությունը:

Մենք պարտավորվել ենք ստուգել ցանկացած տեղեկություն եւ տվյալ, հատկապես լայն հասարակական հնչողություն ունեցող:

Բացի այդ, մենք համադրում ենք պաշտոնական աղբյուրներից ստացած տվյալները քաղաքացու ընկալումների հետ, փորձելով «հագցնել» պաշտոնական եւ այլ տվյալները կոնկրետ մարդու վրա, որին այդ տվյալը վերաբերում է: Դրանից լավ ստուգում չկա:

Մեր լրագրողները պարբերաբար մասնակցում են սեմինարների եւ թրենինգների, որոնք կարող են մեզ ֆակտ-չեկինգի՝ փաստերի ստուգման տեխնիկական ժամանակակից հնարավորությունների մասին տեղեկություններ եւ գիտելիքներ տալ:

Փաստերի ստուգումը, հստակ հղումներն աղբյուրներին եւ հեղինակային իրավունքի հարգումը ոչ միայն էթիկական պարտավորություն է, այլեւ մեր աշխատանքի անբաժանելի մասը եւ օրենքի պահանջը:

Մեր լրագրողներն առաջնորդվում են երկու սկզբունքով՝ ճշգրտություն եւ անկողմնակալություն: Կա եւս մի քանի կարեւոր կանոն.

- չտարածել միակողմանի տեղեկատվություն եւ ստուգել տեղեկությունը հնարավորինս շատ աղբյուրներով
- նշել տեղեկության աղբյուրը, այդ թվում, եթե այն վերցված է սոցցանցերից
- չօգտվել կասկածելի աղբյուր ունեցող լուրերից
- փորձել ստանալ համապատասխան մարմնի պարզաբանումը
- ստուգել ներկայացված փաստաթղթերի իսկությունը:

Ստուգման եղանակները

Ստուգումը կարևոր գործիք է, որն իրականացվում է օնլայն գործիքների ու լրագրողական փորձված հմտությունների միջոցով: Երբ լրագրողը ինֆորմացիա է գտնում կամ ստանում սոցիալական ցանցի միջոցով, պետք է ստուգի և հաստատի 4 էլեմենտ՝

1. Նյութի իսկություն. օրիգինա՞լ է կոնտենտը, թե ոչ:
2. Աղբյուր. ո՞վ է բեռնել կոնտենտը:
3. Ամսաթիվ. ե՞րբ է ստեղծվել կոնտենտը:
4. Տեղանքը. որտե՞ղ է ստեղծվել կոնտենտը:
5. Նյութի իսկություն. ինչպե՞ս ապացուցել, որ կոնտենտը իրական է:

Հատկապես կարեւոր են լուրերը սահմանից

Ինչպես տալ հրատապ, հավաստի տեղեկություն, բայց առանց թյուրիմացությունների մեջ ընկնելու ու խուճապ ստեղծելու: Փաստերի ստուգման ամենապարզ կանոններն է պետք օգտագործել.

- Ստուգել լուրերը պաշտոնական աղբյուրներից (ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայք՝ http://www.mil.am/ , ԼՂՀ ՊՆ պաշտոնական կայք՝ http://nkrmil.am/ )

- Պաշտոնական մեկնաբաննությունների ուշացման պարագայում, հատկապես, երբ լուրը սահմանամերձ գյուղերի հետ է կապված, պետք է կապ հաստատել ՏԻՄ ներկայացուցիչների հետ: Կոնտակտային տվյալներ հնարավոր է գտնել ՀՀ կառավարության կայքէջում՝ http://gov.am/am/regions/ հասցեով:

- Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների գերեվարման մասին լուրերը պետք է ճշտել Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակից: Կոնտակտային տվյալներն են. հասցեն՝ Պարոնյան 21/1, Երևան, հեռ.՝ ( +37460) 62 50 50, պաշտոնական կայք՝ http://www.redcross.am/:

Ոչ պակաս կարեւոր են նաեւ ընտրությունների, քվերակությունների ժամանակ ահազանգերի հիման վրա պատրաստվող նյութերի ստուգումը

Համապետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, հանրաքվեների ժամանակ լրատվամիջոցները հաճախ են ահազանգեր ստանում այս կամ այն տեղամասում գրանցված ընտրախախտման, կաշառք բաժանելու մասին:

Պետք է հասկանալ` ո՞վ է ինֆորմացիան տարածողը:

Պետք է պահանջել, որ ահազանգողը ներկայանա, թողնի հեռախոսահամարը, հակառակ դեպքում ինֆորմացիան կհամարվի անհեղինակ:

Պետք է ճշտել` ահազանգողն ականատե՞ս է, թե՞ ոչ: Եթե նրան պատմել է ինչ-որ մեկը, ապա ահազանգողի միջոցով հարկ է գտնել ականատեսին, հակառակ դեպքում ինֆորմացիայի հավաստիությունը կասկածելի է:

Ճշտել խախտումն արձանագրողը, ինֆորմացիան տարածողը ոստիկանություն գրավոր դիմում-բողոք ներկայացրե՞լ է, թեժ գծին զանգե՞լ է, թե՞ ոչ:

Անպայման տեսա/ձայնագրել ընդդիմությունը ներկայացնող հանձնաժողովի անդամներին, հանձնաժողովի նախագահին ու վստահված անձանց, ականատեսներին:

Ոստիկանությունից ճշտել` այդ հատկանիշով տվյալ ընտրատեղամասից գրավոր դիմում-բողոք եղե՞լ է, թե՞ ոչ:

Ահազանգերի ճշտումը նախընտրելի է անել` այցելելով տեղամաս, սակայն եթե ահազանգը հեռավոր մարզից է, ուր անհնար է հասնել ողջամիտ ժամկետում, կարելի է ահազանգի իսկությունը ճշտել հեռախոսով` զանգահարելով տարբեր կամ հակադիր վկայություններ տվող աղբյուրների:

Ամենաընթերցվածը