Մեր եկեղեցում, ցավոք սրտի, գործում է բուրգի օրենքը

    • Հարցազրույց - 28 Դեկտեմբերի 2013, 10:17
Այս տարվա օգոստոսին Սուրբ Էջմիածնի միաբանության անդամությունից հրաժարական նամակ էր գրել Հայր Եղիա Խաչատրյանը: Lragir.am-ը մի քանի հարց է ուղղել նրան

Հայր Եղիա, կաթողիկոսի կողմից կարգալույծ հռչակվելուց հետո ինչո՞վ եք զբաղվում:

Այսպես կոչված «կարգալույծ» լինելը դեռ ոչինչ չի նշանակում: Այն ընդամենը եկեղեցականի պաշտոնական գործունեության սահմանափակումն է: Այդուհանդերձ, ես շարունակում եմ մնալ հոգևորական և իմ օգտակարությունը բերել հայ ժողովրդին: Առայժմ պատրաստվում եմ դիմավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները: Նոր Տարում սպասվում են նոր փոփոխություններ և ձեռքբերումներ: Ինչպես ժողովուրդն է ասում, «տաշած քարը գետնին չի մնում»:

Որո՞նք են այսօր եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները:

Մարտահրավերները շատ են, սակայն դրանցից առաջինը ես համարում եմ որակյալ և ուսյալ, սրբակենցաղ ու աստվածահավատ եկեղեցականների պատրաստությունը, որից էլ կախված է եկեղեցու առաքելության հաջողությունը: Իսկ երկրորդ մարտահրավերը աղանդավորական, հեթանոսական շարժումներին, ինչպես նաև անաստվածությանը դիմակայելն է ուղղափառ վարդապետությամբ, առաքինի կյանքով և անձանձրույթ ավետարանչությամբ:

Ըստ Ձեզ` հոգևորականը պե՞տք է արդյոք հարուստ լինի, օրինակ` Բենթլի ունենա:

«Բենթլիի» թեման, կարծում եմ, փակված կարելի է համարել, քանի որ ինձ հասած տեղեկությունների համաձայն` Ձեր ակնարկած մեքենան այլևս գոյություն չունի: Ինչ վերաբերում է հոգևորականի հարուստ լինելուն, մեր միակ ու անգին հարստությունը Քրիստոս է, որին եթե կրում ենք մեր մեջ, ամենահարուստ ու ամենաերջանիկ մարդը կարող ենք մեզ համարել: Սա վերաբերում է նաև յուրաքանչյուր քրիստոնյային: Իսկ աղքատներին ամեն ժամ պետք է հիշել և կարեկցել:

Որքանո՞վ է այսօր յուրաքանչյուր հոգևորական հաշվետու հանրությանը, որքա՞ն է եկեղեցին, որպես կառույց, հաշվետու:

Սա ցավոտ հարց է, քանի որ այսօր մեր եկեղեցին այնքան էլ թափանցիկ չէ իր հոտի առջև: Երբ եկեղեցին վերահաստատվի իր առաքելության մեջ, քարոզի Արքայության Ավետարանը, մարդկանց մեջ սերմանի սեր` հանդեպ իր նմանը, կյանքով վկայի Տիրոջ պատգամների մասին, այդժամ ցրված հոտը վերստին կվերադառնա իր փարախը` եկեղեցին: Իսկ հոգևորականն էլ, որպես այդ ընտանիքի հոգևոր հովիվը, հաշվետու կլինի նրան:

Որքանո՞վ է այսօր եկեղեցում հնարավոր բարեփոխումներ իրականացնել:

Սա նախ և առաջ պահանջում է մտածելակերպի լուրջ փոփոխություն: Ես որքան հասկացա, մեր եկեղեցին դեռ պատրաստ չէ բարեփոխումների, հակառակ որ դա անխուսափելիորեն անհրաժեշտ է մեզ: Ես ավելի շատ սիրում եմ գործածել «բարեկարգում» բառը, քանի որ ոչ թե ցանկություն կա փոփոխելու եղածը, այլ` վերականգնելու կորցրածը: Սակայն ցանկությունը շատ քիչ է, եթե չլինեն համապատասխան կադրեր: Բացի դրանից, մեզ մոտ, ցավոք սրտի, գործում է բուրգի օրենքը, հետևաբար ամեն ինչ թողնված է մեկի տրամադրությանը: Քրիստոնեական մյուս եկեղեցիներում այդպես չէ: Այնտեղ եկեղեցու հետ կապված բոլոր հարցերը լուծում է Եպիսկոպոսաց ժողովը, որն օժտված է լիարժեք իրավասություններով` ներկայացնելու Եկեղեցու ամբողջական դեմքը: Այդ ամենը, անշուշտ, կատարվում է` հավատարիմ մնալով ուղղափառ դավանանքին և Սուրբ Հայրերի ուսուցումներին ու կանոնական որոշումներին:

Որո՞նք են առաջնահերթ բարեփոխման ենթակա խնդիրները եկեղեցում:

Առաջին հերթին ծեսի լեզվի` գրաբարի մատչելիությունն է: Սա նշանակում է, որ եկեղեցական յուրաքանչյուր արարողության ժամանակ հավատացյալը կամ նորադարձ հայորդին պետք է հասկանա աստվածապաշտության աղոթքները, շարականները, զգա դրանց հոգեպարար զորությունը, հպվի երկնային շնորհներին: Բայց ինչպե՞ս դա կարող է տեղի ունենալ, եթե նա չի հասկանում Սուրբ Պատարագի և ժամերգությունների լեզուն: Ես կողմ չեմ գրաբարը փոխելուն: Աշխարհաբար լեզուն չունի այն աստվածեղեն խորհրդավորությունն ու հմայքը, ինչ որ ունի մեր Հայրերի լեզուն` գրաբարը: Սակայն կարելի է յուրաքանչյուր ծեսի տեքստը առանձին-առանձին հրատարակել փոքրիկ գրքույկների տեսքով` մի էջին դնելով գրաբար բնագիրը, իսկ զուգադիր էջին`դրա աշխարհաբար փոխադրությունը: Կամաց-կամաց, վարժվելով տեքստերի բովանդակությանը, գրաբարն այդուհետ մեզ համար կդառնա հասկանալի և սիրելի: Երկրորդ կարևոր բարեփոխումը ծեսի միօրինակությունն է, ծիսական գրքերի նույնականացումը: Երբեմն տարբեր հրատարակությունների ծիսամատյանները ունենում են բովանդակային տարբերություններ, ինչն էլ բերում է ծեսի բազմազանության: Հայ եկեղեցին պետք է չբավարարվի միայն ծիսակատարությամբ, այլ անհագորեն սերտի և տարածի Աստծո Խոսքը: Դե իհարկե, այս ամենի կողքին հրատապ հրամայական է կյանքի կոչել  վանական ավանդույթը` իր ուրույն առաքելությամբ: