ՏՏ ոլորտում հաշվետու լինել չեն սիրում

  • Հարցազրույց - 03 Հոկտեմբերի 2012, 16:02

Հարցազրույց «Հայկական ծրագրեր» ընկերության նախագահ Աշոտ Խաչատրյանի հետ

Պարոն Խաչատրյան, երբ ամիսներ առաջ բարձրացվեց ոլորտը համակարգելու նպատակով նախարարություն ստեղծելու հարցը, դուք դեմ արտահայտվեցիք: Ի՞նչ վիճակում է հիմա այդ հարցը և ձեր կարծիքով ինչպե՞ս են ընթանում ոլորտի զարգացումները ներկա փուլում:

Նախարարության հարցը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և Ձեռնարկությունների Ինկուբատր հիմնադրամն էին բարձրացրել: Մենք առարկեցինք, որ արդեն կան շատ կառույցներ` Ինկուբատոր, ԻՏՁՄ, ՏՏԶԱԽ և այլն, և ճիշտ է նախ ամփոփել նրանց արածը: Քանի որ Ինկուբատորը ֆինանսավորվում է բյուջեից, առաջարկեցինք Ինկուբատորի 10 տարվա գործունեությունն անկախ մասնագիտական փորձաքննության ենթարկել, հրավիրելով ՏՏ ոլորտի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների: Հիշեցնեմ, որ Ինկուբատորի համար Համաշխարհային բանկը միլիոնների վարկեր է տալիս ՀՀ կառավարությանը: Վարկեր, որոնք պետք է փակվեն հարկատուների, այդ թվում մեր միջոցներով:

Այսօր նախարարության ստեղծման հարցը փակվել է, բայց Ինկուբատորի փորձաքննությունը չի կատարվում:

Անկախ մասնագիտական փորձաքննությունն ամբողջ աշխարհում ընդունված ձև է, որպեսզի պարզվի՝ չարաշահումներ կան, թե ոչ: Եթե ոլորտի առաջատար ընկերություններից մեկը, խոշոր հարկատուներից մեկն ասում է` մենք մեծ կասկածներ ունենք, որ մեր վճարած հարկերը վատնվել են, և պահանջում է անկախ փորձաքննություն կատարել, կառավարությունն անմիջապես պետք է նշանակեր այդ փորձաքննությունը: Հակառակ դեպքում, կառավարությունն ուղղակի կասկած է առաջացնում, որ ինքը մասնակցել է միջոցները վատնելուն: Համաշխարհային բանկը, որը տրամադրել է այդ վարկը, նույնպես պետք է պահանջեր փորձաքննություն: Հակառակ դեպքում կասկած է առաջանում, որ Համաշխարհային բանկը նույնպես մասնակցել է միջոցները վատնելուն:

Անկախ փորձաքննություն չնշանակվեց, ավելին, Համաշխարհային բանկը ևս 24 մլն դոլար է տվել Ինկուբատորի գործունեության համար:

Մենք ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի այս վարքը ընկալում ենք այսպես` “այո, մենք դա արել ենք, գումարները վատնել ենք և շարունակելու ենք վատնել”:

Մի ուրիշ հարց: Որերորդ անգամ «ԱրմԹեք» կոչված միջոցառում են անում ԱՄՆ-ում, Սիլիկոնային հովտում: Արդեն ծաղրի է նման` Սիլիկոնային հովտում անել հայկական տեխնոլոգիական հավաք: Այստեղից վեր են կենում - մի 30 հոգանոց պատվիրակությամբ գնում են, որից մի 28 հոգին չինովնիկներ են և միայն մեկ-երկու հոգի՝ մասնավոր ընկերություններից, այն էլ իրենց միջոցներով:

Այս տարի մենք նամակ ստացանք Ինկուբատորից և էկոնոմիկայի նախարարից այն մասին, որ հերթական «ԱրմԹեք»-ն է կազմակերպվում, մեզ էլ հրավիրում են մասնակցելու: Պատասխան նամակով գրեցինք, որ «Հայկական ծրագրեր»-ը մասնակցում է միայն այն միջոցառումներին, որոնք արդյունավետ են երկրի համար, իսկ ֆինանսավորումը թափանցիկ է: Խնդրեցինք ներկայացնել տեղեկատվություն, թե նախորդ ցուցահանդեսների կազմակերպման համար ի՞նչ գումարներ են ծախսվել, ովքե՞ր են գնացել այդ ցուցահանդեսներին և ի՞նչ արդյունքներ ենք ունեցել այդ ցուցահանդեսներից:

Պատասխան չեղավ: Նրանք հաշվետու լինել չեն սիրում: Պատասխանի նման մի բան հնչեց Էկոնոմիկայի նախարարության և Ինկուբատորի «ԱրմԹեք»-ը գովաբանող ասուլիսում: Երկրին հայտնեցին, որ այս անգամ, ֆինանսավորման միայն 10-15 տոկոսն է բյուջեից և որ ԱՄՆ-ում, Սիլիկոնային հովտում, այսպիսի ցուցահանդես կազմակերպելն ինքնին պատվաբեր է:

Պատկերացնո՞ւմ եք, էկոնոմիկայի նախարարի կարծիքով, 10-15 տոկոսն այն թիվը չի, որի համար պետք է հաշվետու լինել: (Մանավանդ երբ ինքնին պատվաբեր է):

Որևէ արդյունքի մասին չի խոսվում, ասվում է` պատվաբեր է: Փող են ծախսում, գնում են Ամերիկա, ժամանակի զգալի մասն անց են կացնում Լաս Վեգասում` Հայաստանի համար պատվաբեր է:

Կառավարությունը ՏՏ ոլորտը գերակա ճյուղ է հռչակել, բայց ստացվում է, որ գումարները հենց այնպես փոշիանո՞ւմ են: Այսինքն` կատարված աշխատանքը արդյունավետ չէ՞ ոլորտի զարգացման տեսնակյունից:

Այո: Մինչև գերակա ճյուղ հայտարարելը Հայաստանը ՏՏ ոլորտի բոլոր տեսակի վարկանիշերով` երևացող և չերևացող, Հարավային Կովկասում առաջին տեղում էր: Այսօր, ոլորտը 10-12 տարի գերակա ուղղություն հայտարարելուց հետո, մենք բացարձակ վերջին տեղում ենք:

Իսկ միջազգային փորձն ուսումնասիրելով` ի՞նչ եզրահանգման եք եկել, ի՞նչ պետք է անի պետությունը` գերակա հռչակված ոլորտի առարկայական զարգացում ապահովելու համար:

Մեր պետության համար ամբողջ տնտեսությունը պետք է լինի գերակա: Այդ Գերմանիայի կամ Ճապոնիայի կառավարությունը կարող է որևէ ոլորտ գերակա հայտարարի և միգուցե արդյունքի հասնի:

Մեր կառավարությունը, տնտեսության մեջ, երկու ֆունկցիա պետք է ունենա: Առաջինը` ապահովի բարենպաստ գործարար միջավայր (շատ լայն հասկացողությամբ): Երկրորդը` մնացած բոլոր միջոցներն ուղղի կրթությանը:

Դրանից հետո շուկան կորոշի, թե որ ոլորտը ոնց կզարգանա: Ես համոզված եմ, որ բարենպաստ բիզնես միջավայրում ՏՏ ոլորտը ամենաարագ զարգացողներից մեկը կլինի:

Երկու խոսք ավելացնեմ բարենպաստ գործարար միջավայրի մասին: Կրոնական (մեռելոցների) պատճառներով աշխատանքային օրերի տեղափոխությունները միջնադարյան կրոնական աղանդի պահվածք է: Անխտիր բոլոր գործարարները խիստ դժգոհ են սրանից: Երևում է, կառավարությունը չի պատկերացնում, թե ինչ կարևորագույն բան է կայուն աշխատանքային ռիթմը: Մենք ոչ հարուստ և վտանգների առաջ կանգնած երկիր ենք, մեր համար ամենակարևոր բանը աշխատանքը պետք է լինի:

Դուք վերջին շրջանում մի նախաձեռնությամբ հանդես եկաք` սիրիահայերին աշխատանքով ապահովելու: Մի փոքր կմանրամասնե՞ք՝ ինչ աշխատանք է կատարվել, ինչ արդյունքներ կան:

Մենք, մի շարք ընկերությունների թվում, հանդես եկանք Սիրիայից եկած մեր հայրենակիցներին ինչ-որ ձևով աջակցելու, վերապատրաստելու և աշխատանքով ապահովելու նախաձեռնությամբ: Նրանց մեծամասնությունը բանիմաց կադրեր են, կիրթ և դաստիարակված անձինք են: Նրանք լավագույն մասնագետներ են, պետք է նրանց ինտեգրել մեր միջավայրին: Ընկերությունները հայտեր ներկայացրին, թե ով ինչ մասնագետի կարիք ունի: Հետո, քանի որ սիրիահայերը աշխատանքի հարցով դիմում էին Սփյուռքի նախարարություն, նախարարությունից մեզ զանգահարեցին և ասացին, որ ճիշտ կլինի, եթե մենք հիմնարկների ցուցակները տանք իրենց: Հիմա նախարարությունն է աշխատում հիմնարկների և սիրիահայերի հետ: Լավ կլիներ իմանալ, թե գործընթացը ինչ վիճակում է: Իրենք ժամանակ առ ժամանակ մեր ընկերությանն ուղարկում են մասնագետների անուններ: Ցանկալի կլիներ իմանալ, թե մյուս ձեռնարկութուններում աշխատանքի ընդունվե՞լ են արդյոք սիրիահայեր:

Ինչ վերաբերում է մեր ընկերությանը, մենք արդեն երկու սիրիահայի վերցրել ենք աշխատանքի, ովքեր բավականին լավ հաշվապահական կրթություն ունեն: Եվս երկու մասնագետի ուղարկում ենք դասընթացների, որից հետո կփորձենք աշխատանքի տեղավորել:

Սիրիահայերը լավ արաբերեն գիտեն, իսկ Մերձավոր Արևելքի շուկան մեծ շուկա է: Մենք հասկացանք, որ իրենց միջոցով կարող ենք այդ շուկաներ դուրս գալ: Օրինակ, մենք Վրաստանի շուկա էինք ուզում դուրս գալ, բայց լավ մասնագետ, ով կկարողանար թարգմանել հաշվապահական համակարգերը, չգտանք: Իսկ հայերենից արաբերեն թարգմանությունը սիրիահայերը կարող են իդեալական անել: Գործարարները պետք է լրջորեն դիտարկեն սիրիահայերի միջոցով Մերձավոր Արևելքի շուկաներ դուրս գալու հնարավորությունը:

Տես նաեւ՝

Հայկական Ծրագրեր. Հայտարարություն

Բարձր տեխնոլոգիաների ասպետները

Ամենաընթերցվածը