Հարցազրույց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի հետ
- Սերժ Սարգսյանն օրերս ընդհատեց արձակուրդն ու աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, ընդ որում՝ կարծես թե ռուսական կողմի թելադրած օրակարգով: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանդիպումը, ինչո՞վ էր սա պայմանավորված:
- Աշխարհում ստեղծված են տարբեր ուժային կենտրոններ, եւ դրանք փորձում են անել այնպես, որ իրենցից յուրաքանչյուրն առավելություն ունենա աշխարհի ռեսուրսների դերաբաշխման խնդրում: Ռուսաստանը եւս բացառություն չէ: Ճիշտ է՝ նա այսօր ամենաառաջատարներից չէ, բայց համենայն դեպս, փորձում է իր մասն ունենալ, ուստի, գործում է այնպես, ինչպես ուրիշները:
- ԱԺ ընտրություններից հետո դուք հայտարարեցիք, որ «անգլոամերիկյան ադմինիստրացիան» Հայաստանում փորձում է հաստատվել որպես առաջատար ուժ: Հիմա ի՞նչ վիճակում է այդ պայքարը, եթե հաշվի առնենք, որ ՌԴ-ն եւս փորձում է քայլեր անել: Ռուսաստա՞նն է հիմա շահեկան դիրքում, թե «անգլոամերիկյան պրոյեկտը»:
- Այսօր հայերը չկան որպես ամբողջականություն, նրանք զբաղված են ամեն մեկն իր փայը պոկելով: Հայաստանն այդ փիլիսոփայությամբ տարվածների համար ոչ հայրենիք է, ոչ պետություն, ոչ երկիր: Նկատի չունեմ միայն իշխանություններին, իշխանություններն այդ մարդկանց մեջ ընդամենը հաջողակներն են: Նկատի ունեմ այդ փիլիսոփայությունը կրողներին: Արդյունքն այսօր ունեցած բզկտված հանրապետությունն է: Եվ այս տեսակետից, աշխարհի մյուս պետություններն են տնօրինելու այստեղի եղած-չեղածը: Բայց լավագույնը կլիներ, եթե մենք կարողանանք «մենք» լինել: Դրա նախադրյալը հետեւյալն է՝ պետք է հրաժարվենք օտարածին փիլիսոփայություններից, որովհետեւ դա խորթ է ոչ միայն մեր, այլեւ՝ մարդկության փիլիսոփայությանը: Ժամանակին այդ փիլիսոփայությունը՝ նյութապաշտ, սպառող մարդու գաղափարախոսությունը խթանել է մարդկության զարգացմանը, բայց այսօր այդ կաղապարները սպառնում են մարդու գոյությանը: Կարծում եմ՝ մենք ի վիճակի ենք հրաժարվելու դրանից ու ինքներս հաստատելու մեր պատկերացումներին համապատասխանող երկիր, միջավայր, հասարակական կարգ:
- ՌԴ-ն փորձում է այսօր ստեղծել Եվրասիական միություն, որը ԽՍՀՄ-ի «մոդեռնացված» տեսակն է լինելու, ստեղծել միասնական մաքսային սահման, եւ փորձում է դրան ներքաշել նաեւ Հայաստանին: Ս.Սարգսյան-Պուտին հանդիպմանը քննարկվել է նաեւ այդ թեման: Ռեալ համարո՞ւմ եք Հայաստանի անդամակցությունը:
- Այսօր կա երկու հիմնական բանակ՝ արեւմուտք եւ հյուսիս, իսկ արեւելքը հզոր չի ներկայացված: Այս բանակներն իրար դեմ արգումենտներ են ներկայացնում, այնպիսի բանաձեւեր ու կաղապարներ են ներկայացնում, որոնք առարկայական կյանքում գոյություն չունեն: Այդ կաղապարներից մեկը Եվրասիական միությունն է, որը մի բանակի համար դարձել է «անեծքի խոսք»: Արեւմուտքը ներկայացնող բանակի համար «ռուս», «սոցիալիզմ», «խորհրդային միություն» բառերն անեծքին հավասար խոսք են: Իրանում այդպես օգտագործում են «սատանա», ԱՄՆ-ում՝ «չարի կայսրություն» բառերը: Նախկինում այդպես էին նաեւ հյուսիսային բանակի ներկայացուցիչները, որոնք հիմա մի էապես ջարդված վիճակում են: Ուստի, այս պայմաններում անհնար է բանական խոսակցությունը: Ի դեպ, ռուսական բանակի ամենավառ ներկայացուցիչներն այսօր վաճառված են Արեւմուտքի բանակին: Անգամ իրենցից ներկայացնելով ամենահյուսիսապաշտ կուսակցություն, պարզապես մարիոնետներ են. նրանք բարձր են խոսում՝ Ռուսաստանին ցույց տալու համար, թե ինքն այստեղ բանակ ունի:
Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա ասեմ՝ Ռուսաստանն այսօր փիլիսոփայություն չի կրում, որովհետեւ Ռուսաստանը մտել է անգլոամերիկյան փիլիսոփայության դաշտի մեջ: Ռուսական իշխանություններն էլ նույն նյութապաշտ գաղափարախոսության դաշտում են, նրանք էլ են փող ուզում գողանալ, գռփել: Ուղղակի Ռուսաստանում կա հետեւյալ պարադոքսալ բանը. գոյություն ունի ռուս ժողովուրդ, որը չի ընկալում այդ գաղափարախոսությունը: Ճիշտ է, այնտեղ որոշ մասեր լափի հասարակության խրախճանքում է ապրում, բայց ռուս ժողովուրդը չի ընդունում այդ ամենը, ավելին՝ ցածրաձայն գռմռում է: Բոլորը գիտեն, ինչ կլինի հետեւանքը, եթե սկսվի ռուսական բունտը: Սա է պատճառը, որ ռուսական քաղաքական, պետական էլիտաները պարբերաբար բաներ են առաջարկում, որը նման կլինի ռուս ժողովրդի հոգուն, նվիրական բաներին: Այսինքն՝ էրզացներ են ստեղծում, որպեսզի դրանով փոխարինեն ժողովրդի հնարավոր բունտը: Բունտ, որը ռեալ վտանգ կներկայացնի նյութապաշտ հասարակության համար:
- Հայաստանի համար կիրառելի՞ է դա:
- ՌԴ-ում նստած է խորամանկ աղվեսների մի խումբ, որոնք փորձում են պոկել իրենցը: Բայց այդ աղվեսներն իրենց խորամանկությամբ էապես զիջում են այն աղվեսներին, որոնք նստած են Լոնդոնում, Վաշինգտոնում, Թել Ավիվում եւ այլն: Ռուս ժողովուրդը կարող է վերցնել առաջադեմ դրոշ ու կատարել մեսիական իր դերը, ինչպես արել է նախկինում՝ իր կարծիքով մոլորակն ու մարդկությունն աղետից փրկելու համար: Քսակի իշխանությունը ձգտում է ռուս ժողովրդին թույլ չտալ դա անել, ուստի կարող է առաջարկել էրզաց գաղափարներ՝ ռուսական քաղաքական էլիտայի կամ իշխանության միջոցով:
- Ակնհայտ է, որ Վրաստանը չի ուզում գնալ Եվրասիական միություն, Ադրբեջանը եւս կարծես թե մերժել է այդ առաջարկը: Հայաստանը տվյալ դեպքում կգնա՞ արդյոք այդ քայլին, արդյոք կլինի Ռուսաստանին միակ օժանդակողը այս տարածաշրջանից:
- Վրաստանի պետական այրերի հայտարարություններն ընթերցելու դեպքում կտեսնեք. մոտ մեկ ամիս առաջ, երբ ԱԳ նախարարին հարցրել էին, թե Ղարաբաղյան կոնֆլիկտը սկսվելու դեպքում ինչ ավարտ կարող է ունենալ, նա ասել է. «Եթե Ղարաբաղյան կոնֆլիկտը սկսվի, պարտվողը լինելու է Վրաստանը, իսկ հաղթողը՝ Ռուսաստանը, որն օկուպացնելու է Վրաստանը»: Այսօրվա սցենարները շատ ավելի զգույշ են. մոլորակը հիմա կիսաշիզոֆրենիկ վիճակում է գտնվում, որովհետեւ ամենածայրահեղ քայլերը, որոնք նախկինում անհնար էին, հիմա հնարավոր են: Երբ Լիբիայում եղավ պատերազմը, հաղթական արեւմուտքի դրոշի ներքո մտան Տրիպոլի, Ռուսաստանը տեսավ 2008 թ. իր սխալը. եթե ինքն էլ մտներ Թբիլիսի, ապա իրեն եւս թույլատրված կլիներ, ինչպես Տրիպոլիի դեպքում: Երբ Ռուսաստանը տեսնում է, թե Սիրիայում ընթացող պատերազմն ինչ ձեւերով է ընթանում, հասկանում է՝ ամեն ինչ թույլատրված է մեծ լափի համար պայքարում: Ուստի, քննարկել՝ Հայաստանը կմտնի, Ադրբեջանն ու Վրաստանը չեն մտնի… մեր դեպքում մակերեսային մոտեցում կլինի: Խորքային մոտեցման դեպքում պետք է ասել՝ նման աշխարհում շատ կարեւոր են դառնում անվտանգության ապահովման խնդիրները: Մինչեւ այն օրը, երբ հայերովս կգանք մեր փիլիսոփայության հաստատմանը, դեռ պետք է ապրենք: Ոչնչացված լինելը կլինի ճակատագրական սխալ: Ուստի՝ շատ թեթեւամիտ ենք մոտենում շատ խնդիրների: Ես ձեզ բերեցի Վրաստանի օրինակը: Ես համարում եմ, որ Վրաստանի ղեկավարության քաղաքականությունն այս վիճակում Վրաստանի, նաեւ՝ Հարավային Կովկասի հանդեպ անպատասխանատու է: Նրանք իրավունք չունեն Ռուսաստանի հետ ունենալ նման հարաբերություններ, նրանք Ռուսաստանին դրդում են թշնամանքի: Ինչ վերաբերում է Հայաստանին, երբ Ռուսաստանի մասին խոսելիս թշնամանքի ալիք ենք բարձրացնում: Ասենք թե՝ Ռուսաստանը չարիք է, այդ դեպքում՝ ի՞նչ անենք, հայտարարենք նրան պատերա՞զմ: Այդ դեպքում քեզանից թաց տեղը կմնա. նա նույնիսկ չի էլ գործի, այլ կհանի իր զսպող գործոնները, եւ ցույց կտա քո ողորմելի վիճակը: Այդ դեպքում՝ մտածիր, թե ինչ կարող ես անել: Ասենք՝ փորձիր ստանալ ուրիշ Ռուսաստան, դարձրու քո ցանկացած երկիրը, եթե այդքան լկտի ես /դրական իմաստով/: Եթե այդքան «լկտի» չես, հանգիստ նստիր քո տեղը եւ քո գործերով զբաղվիր:
Անդրադառնամ անվտանգության համակարգերին. մենք մտնում ենք անվտանգության մի համակարգի մեջ, որի դեմքն ու առանցքը ՌԴ-ն է. նկատի ունեմ ՀԱՊԿ-ը: Ադրբեջանը մշտապես ասում է, որ ինքը ոչնչացնելու է Հայաստանը, Թուրքիայից էլ ամիսը մեկ-երկու անգամ պետական այրերն ասում են՝ «այո, Ադրբեջանը կոչնչացնի Հայաստանը… մենք էլ նրան կաջակցենք»: Հիմա նման պայմաններում, եթե արեւմուտքն այդքան մտածում է Հայաստանի մասին, ինչու չասաց, թե սա ֆաշիզմ է, ինչու ՆԱՏՕ անդամ Թուրքիային չասաց, որ թույլ չի տա նման ագրեսիան: Մինչդեռ, Ռուսաստանից զսպող հայտարարություններ են հնչում, ՀԱՊԿ-ից նաեւ հայտարարություններ եղան, որ ՀՀ դեմ պատերազմի դեպքում, այդ թվում եւ՝ ԼՂՀ-ում ՌԴ-ն կաջակցի ՀՀ-ին: Իսկ նման հայտարարություններն առնվազն զսպող դեր ունեն:
Եթե մենք ուզում ենք հասկանալ, թե ինչ վիճակում ենք, որտեղ ենք եւ ինչ կարող է պատահել, վերադառնանք շատ ավելի հանգիստ ժամանակահատված՝ 1998 թ: Մենք հիմա վախենում ենք Եվրազեսին հնարավոր անդամակցության պատճառով կորցնենք անկախությունը: Մինչդեռ, մենք 1992 թ. համաձայնություն տվեցինք մասնակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբին: Մտանք այդ համակարգի մեջ, եւ ահա 1998 թ այդ համակարգի շրջանակներում արվեց առաջարկ՝ Մեղրիի փոխանակման մասին: Արդեն քանի տարի է՝ չենք խոսում այդ մասին: Այն ժամանակ չխոսեցինք, որովհետեւ դրան հետեւեց հոկտեմբերի 27-ը: Կասկածներ առաջացան հոկտեմբերի 27-ի ու Մեղրիի փոխանակման տարբերակի միջեւ առկա կապի վերաբերյալ: Ու մենք լռեցինք: Իրականում սա ամենախոշոր մարտահրավերն է եղել Հայաստանին, մանավանդ, որ Հայաստանում գործում էր հզոր ուժ, որն ուզում էր այն իրականություն դարձնել: Դա իրականություն կդառնար, եթե չդիմագրավեին Կարեն Դեմիրճյանն ու Վազեն Սարգսյանը: Սա խոշորագույն մարտահրավեր է մեր անվտանգությանը: Մեզ ոչնչացում էր սպառնում: Եվ դա արվեց Մինսկի խմբի շրջանակներում: Հիմա ինչու ենք Եվրազեսի հանդեպ այդպես տրամադրված: Ինչու ենք նրանց գրողի ծոցն ուղարկում: Միգուցե մենք փորձենք մասնակից դառնալ այդ գործընթացին ու փորձենք անել այնպես, որ հակադիր նախագիծ ներկայացնենք, ասենք՝ առաջարկում ես Եվրազես ստեղծել՝ այսպիսին պետք է լինի Եվրազեսը:
