«Նախագահ դառնամ ու միլիարդ չաշխատե՞մ»

    • Հարցազրույց - Երեքշաբթի, 31 Հուլիսի 2012, 12:50

Մեր զրուցակիցն է բլոգեր Արմեն Հովհաննիսյանը

Արմեն, Գյումրիի քաղաքապետի շուրջ ծավալվող վերջին զարգացումները, Աշոտ Աղաբաբյան-Վարդան Ղուկասյան փոխադարձ վիրավորանքները և հիշեցումները շատերը քրեաօլիգարխիկ համակարգի փլուզման նախանշան են համարում: Արդյոք ունե՞ք նման տպավորություն:

Համամիտ եմ, որ համակարգը դեպի մարում է գնում, իսկ կոնկրետ Վարդան Ղուկասյանի դեպքում պետք է իրավիճակը շատ պարզ գնահատել: Կա չգրված կանոն. եթե ընդդիմությունը կամ ԲՀԿ-ն վերջին ընտրություններին որևէ տեղ հաղթել են, տեղի ղեկավարը փոխվում է, ինչպես եղավ Նոր Նորք համայնքի ղեկավարի հետ: Հարյուրից իննսունինը ենթարկվում է ներքին օլիգարխիկ կոնսենսուսային կարգապահությանը և սուսուփուս առաջ գնում: Ինչ վերաբերում է Գյումրիին, բավական ծանոթ եմ և արմատների տեսակետից, և բարեկամներ ունեմ, Վարդանիկն իրեն միշտ ընկալել է ուղղակի ռուսական գաղութի ղեկավար, Մոսկվայի դրածո, նրա համար իրական մայրաքաղաքը ոչ թե Երևանն է, այլ Մոսկվան: Նրա ընդվզումը պայմանավորված է նրանով, որ ինչ-որ մի Երևան, որն իր համար մեծ կայսրության մի մարզկենտրոն է, իրեն՝ Մոսկվայի շրջանակների դրածոյին, փորձում է հանել: Գուցե ինչ-որ տեղ ինքը ճիշտ է, որովհետև եթե ուզում ենք պատկերացնել՝ ինչ կլինի Հայաստանի հետ Ռուսաստանի կողմից 100 տոկոսով գաղութացումից հետո, պետք է գնանք մեկ շաբաթ ապրենք Գյումրիում: Գյումրիում ծանր, գաղջ մթնոլորտ է, ազգային ցանկացած դրական ձգտումների պակաս, ադաթախեղդություն, օրենքի բացակայություն, և որքան էլ ցավալի է, Գյումրին բացասական մթնոլորտով քաղաք է: Որքան հասկանում եմ, Աղաբաբյան Աշոտին նշանակել են իր պորտը տեղը դնող: Նախորդ ընտրություններին, սակայն, երբ Աղաբաբյանը պետք է ընտրվեր, Գյումրիում էի, Վարդանիկի ամբողջ ապարատն աշխատում էր, որ Աշոտ Աղաբաբյանն ընտրվի, այսինքն՝ այդ մարդիկ իրար հետ գործ են արել, «հաց են կիսել»:

Այսինքն՝ այն բոլոր տեղերում, որտեղ ԲՀԿ-ն է հաղթում, ՀՀԿ-ն ինքնակամ հանձնվո՞ւմ է:

Չէ, բոլոր տեղերում դրվել են այլ հանրապետականներ, հարց էր ծագում՝ ինչու Վարդան Ղուկասյանին չեն դնում, հնարավոր է այս պահին ԲՀԿ-ն ընկալվում է որպես ռուսամետ ուժ, իսկ սահմանային այդ քաղաքը պետք է ռուսամետ ուժ կառավարի:

Քաղաքական այս գործիչների իրականությունից դուրս կա այլ իրականություն, քաղաքացիները տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս: Վերջնարդյունքը ի՞նչ է, ըստ Ձեզ, լինելու:

Քաղաքացիական շարժումների բոլոր հաղթանակներն ընդամենը առանձին հաղթած կամ գուցե պարտված մարտեր են: Մինչև Հայաստանի ներկայիս տարածքում չվերականգնվի սահմանադրական իրավական, քաղաքացիական հայկական պետականություն, այդ բոլորը կամ կլինեն առանձին մարտեր, որտեղ կարելի է հաղթել, պարտվել, բայց քաղաքացիական ուժերը պետք է զգան իրենց ներուժը, ինքնակազմակերպվեն՝ Հայաստանում սահմանադրական կարգ, պետականություն հաստատելու համար, որովհետև բոլոր խնդիրները կապված են պետականության բացակայության հետ: Հայաստանի ներկայիս Հանրապետությունը պետականություն չէ, առևտրային ձեռնարկություն է՝ ՍՊԸ, որի նպատակն է բնակչության հաշվին մի խումբ փայատերերի շահույթ ապահովելը: Պետք է ստեղծել պետականություն, քաղաքացիական շարժումները, եթե չեն գնալու այդ ճանապարհով, հավերժ պայքար է լինելու, քանի՜ ծառ կա դեռ չկտրած, ամեն ծառի համար պետք է պայքարենք:

Արմեն, մեր հասարակությունը շատ բազմաշերտ է, ինչպե՞ս պետք է հասարակությանը համախմբել այս թեմայի շուրջ, երբ գիտենք, որ եթե նման հարց դրվի, շատ հնարավոր է այսքան մարդ չհավաքվի:

Այն եզրակացությանը, որին ես եմ եկել, մեկ օրում չեմ եկել: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը սկզբում լոկալ խնդիրներ էր դնում, հետո խնդիրները ընդլայնվեցին: Մի մասի համար պարզ դարձավ, որ սա համակարգային խնդիր է, որ պետականության պակասն է, որ կրթության ոլորտը հանվում է աճուրդի: Եվ կարծում եմ՝ այս ճանապարհը շատ մարդ պետք է անցնի: Այն կորիզը, որոնց անընդհատ տեսնում ենք ակցիաներին, դրանց մեծ մասը պետք է դա ընկալի, և եթե այդ ընկալումը լինի, հաշվի առնելով համակարգի ճգնաժամը, ինչ-որ բանի կհասնենք:

Դուք համակարգափոխություն պատկերացնում եք իշխանափոխությա՞ն միջոցով, թե պարզապես այս իշխանությանն էլ հնարավոր է «աշխատեցնել», որակական փոփոխությունների հասնել:

Ընդհանրապես, քաղաքացիական շարժման իմաստն այն է, որ դու ոչ թե իշխանության համար ես պայքարում կամ կոնկրետ անձի դեմ, դու պայքարում ես վերահսկման մեխանիզմի համար, այսինքն՝ քաղաքացիական շարժման տեսակետից բացարձակապես պետք է մեկ լինի՝ Սերժ Սարգսյա՞նը կլինի նախագահ, թե մեր բակի կոշկակար ուստան, կարևորը նա որոշակի գործողություններ կատարի և վերահսկելի լինի: Բայց խնդիրն այն է, որ մեր իշխող դասը պատրաստ չէ լինել վերահսկելի և պատրաստ չէ աշխատել այդ պայմաններում: Այդ պայմաններն իրենց համար խորթ են, վերջիվերջո այդ պայմաններում շահույթ ստանալն այդքան էլ հեշտ չէ, արդեն իմաստ չկա լինել իշխանության գլուխ:

Հավատացնում եմ՝ եթե Հայաստանում լինի սահմանադրական կարգ, որևէ ռեպրեսիա գործող իշխանավորների դեմ չլինի և նրանք ազատ միանան այդ կյանքին՝ մեր երևելի իշխանական գործիչներից շատերը չեն դնի իրենց թեկնածությունը որևէ մակարդակի ընտրություններում, որովհետև՝ «Նախագահ դառնամ և միլիարդ դոլար չաշխատեմ 10 տարում, իմաստը ո՞րն է նախագահ դառնալու»:

Օրինակ, Գագիկ Ծառուկյանն ասում էր, որ իրեն իր ունեցվածքը պետք էլ չի, որ ուզում է երկիրը փոխվի, ոտքի կանգնի:

Ինձ դժվար է պարոն Ծառուկյանի մոտիվացիան հասկանալ, ես ամենևին չեմ պնդում, որ այն կողմում բոլոր մարդիկ այդպիսին են, որ մեր ցավերով ընդհանրապես չեն ապրում, բայց խնդիրը ուրիշ է, որը ԲՀԿ-ի և Ծառուկյանի համար ամենամեծ խնդիրն է: Ինձ համար ԲՀԿ-ն «մի քիչ ավելի լավի» կուսակցություն է. այ, կլինի նույնը, բայց ոստիկանները կաշառք չեն վերցնի, չինովնիկները մարդկանց չեն ճնշի, բանակում սպա-զինվոր հարաբերությունները կկարգավորվեն: Բայց ինչպես են սրանք իրականացվելու՝ այդ մեխանիզմների մասին ոչ մի խոսք, սա բարի ցանկությունների կուսակցություն է: Բայց այդպես խնդիր չի լուծվում, ի՞նչը պետք է ստիպի ոստիկանին օրենքով աշխատել, հարգել քաղաքացուն, կաշառք չվերցնել, որ դատավորն ըստ իր խղճի և օրենքի դատի, ի՞նչը պետք է ստիպի, որ չինովնիկը զբաղվի իր ֆունկցիոնալ գործունեությամբ, ոչ թե իր և իր տոհմի համար շահույթ ապահովի, ի՞նչը պետք է ստիպի, որ նախագահը մտածի ռազմավարորեն, որպես ազգային պետության ղեկավար, այդ «ինչը» չեմ տեսնում: Դրա համար խնդիրը պետք է լինի այնպիսի համակարգի ստեղծումը, որ լինեն հաստատություններ և այդ հաստատությունները վերահսկելու մեխանիզմներ, իսկ անձերը կորոշի հասարակությունը, որովհետև նրանք ժամանակավոր են լինելու: Երբ դուք ձեր տուն հրավիրում եք սառնարան վերանորոգելու վարպետին, դուք հո չեք հրավիրում նրան որպես ձեր տեր-տիրակալ, ընտանիքի անդամ՝ պարզապես ֆունկցիա է կատարում ու գնում․․․ Հիմա ցանկացած ղեկավարի, չինովնիկի հասարակությունը կանչում է, որոշակի փող և առաջադրանք տալիս: Մինչև դա չլինի, ոչ մի ռեալ փոփոխություն չի լինի:

Այս շրջապտույտի մեջ ամենասարսափելին Հայաստանի դեպոպուլյացիան է, Հայաստանն այսօր դատարկվում է: Չեմ փորձում տագնապի զգացում ներշնչել, բայց փաստ է, գնացեք նայեք թվերը, մեր երկիրը բնակչություն է կորցնում, եթե անգամ անասնաբուծությամբ զբաղվող մարդու բոլոր կովերը սատկում են, ինքը սկսում է մտածել՝ ինչո՞ւ են սատկում, ուրեմն իր անասնաբուծական տեխնոլոգիաներն այն չեն: Հնարավոր է Սերժ Սարգսյանն էլ դեմ չէ, որ երկրում մի քիչ ավելի լավ լինի, բայց այն մեխանիզմները, որոնք ինքը պատկերացնում և առաջարկում է այս պայմաններում հակացուցված են: Արևելյան Եվրոպայի որոշ կոմունիստական ղեկավարներ անհամեմատ ծանր պայմաններում դա հասկացան և երկիրը այդ ծանր վիճակից դուրս հանեցին, կհասկանա՞ն մերոնք՝ նորմալ կլինի, չեն հասկանա՝ կան այլ տարբերակներ…

Սակայն այս տարիների փորձը ցույց տալիս, որ այլ ճանապարհների հազիվ թե դիմեն:

Երբ Հայաստանում մնան միայն այն մարդիկ, որոնք չեն մեկնում, որովհետև չունեն դրա նյութական հնարավորությունը, տոմսի գումար չունեն կամ չգիտեն՝ ուր գնան, որ իրենց ընդունեն, այդ ժամանակ հնարավոր է ամեն ինչ, մենք այս գծին ենք մոտենում, սա սոված բունտ է, որն, իմիջիայլոց, բացարձակապես դեստրուկտիվ է, սա սարսափելի բան կարող է լինել: Քանի կա հանրություն, որը պատրաստ է իր ընդվզմանը տալ դրական ուղղվածություն, պետք է այդ հանրությանն առաջ տանել, իսկ կարող է շուտով դա էլ չլինի, և կմնան մարդիկ, որոնք հասկանալով, որ «աշխարհում մի բան այն չէ», չգիտեն՝ թե ինչն այն չէ:

90-ական թթ. սկզբին Հայաստանի վերնախավը ընտրեց այդ ճանապարհը, որ հասարակությունը պետք է լինի որքան հնարավոր է թույլ, քանի որ դիտվում էր որպես խանգարող հանգամանք, որպես մրցակից, իսկ պետությունը, համեմատած հասարակությանը, պետք է լինի ուժեղ: Հիմա էլ նույնն է. հասարակությունը թույլ է, կիսատ-պռատ, գոյություն քարշ տվող պետությունը հասարակությունից ավելի ուժեղ է: Հասարակությունը քանդում է առաջին պատը, տեսնում է՝ էլի պատ է: ՍՊԸ-ն այն կետին է հասել, որ պետք է ինքնալուծարվի, նախ պարտքերն են շատացել ընկերության վրա և կան որոշակի քրեական պատմություններ: Այլ խնդիր է, որ հասարակությունը պետք է դրան օգնի նրանով, որ պահանջներ ներկայացնի և իշխանության պաշարները մաշեցնի, մինչև կգա «իքս օրը»: Դրա առավոտյան ես կարթնանամ և կզգամ, որ ես այս երկրի համատերն եմ և ապրում եմ ազատ երկրում, և այդ օրը անպայման գալու է:

Իսկ այդ օլիգարխիկ համակարգից հետո ի՞նչ մեխանիզմներ, ի՞նչ նորմեր են լինելու, պետության կառավարման ի՞նչ ձև է ընտրվելու:

Կա մի քանի սկզբունք, որոնք քննակման ենթակա չեն, օրինակ՝ ՀՀ-ն պետություն լինի, անկախ պետականություն, որևէ ֆեդերատիվ միավորում որևէ մեկի հետ չեմ ընդունում, քանի որ այն լինելու է մեր սերունդների շահերի հաշվին, ոչ մի տարածքային զիջում որևէ մեկին, մեր պատմական իրավունքների հաշվին ոչ մի եղբայրացում հարևան ժողովուրդների հետ: Բայց սա չի նշանակում, որ պետք է պատերազմենք. պետք է ունենանք մեր հստակ շահը: Հստակ սահմանադրական կարգ և իրավահավասարություն բոլորի համար: Նժդեհը մի շատ լավ խոսք ունի՝ հայրենիք․ որտեղ «մահվան և օրենքի առջև բոլորը հավասար են»: Իսկ մնացած հարցերում ազատ ընտրություններով, ներկայացուցիչների միջոցով կընդունվեն այդ օրենքները, բայց այդ սկզբունքները պետք է հիմքում լինեն: Սա է՝ ուրիշ ելք չկա:

  1. Կոմպրոմատային հավասարակշռությունը խախտվում է
    Մեր զրուցակիցն է Ստեփան Դանիելյանը
    15:40 17/05/2013
  2. Խնդիրը Արմավիան չէ, այլ հայկական ավիացիայի ոչնչացումը
    Մեր զրուցակիցն է հրամանատար օդաչու, ՀՀ առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի`«Ֆենիքս Ավիայի» հիմնադիր Հակոբ Ճաղարյանը
    09:53 16/05/2013
  3. ՀՀԿ-ի տրոհումն անխուսափելի է
    Այսօր նյութական հնարավորությունների սակավությունը կարող է փոխհատուցվել քաղաքացիների ակտիվությամբ և կոմունիկացիոն գործիքների ճիշտ կիրառմամբ:
    10:07 14/05/2013
  4. Այնպիսի երկրում չենք ապրում, որ քվեն տանք ու հանգիստ ապրենք
    Մեր զրուցակիցն է Երևանի ավագանու ընտրություններում «Բարև, Երևան» դաշինքի ցուցակի 10-րդ համար, «Ես Yes» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը:
    14:14 11/05/2013
  5. Գուցե ապահով Հայաստանը մեկուկես միլիոն մարդու համար է
    Կարծում եմ՝ առկա քաղաքական «թիմերի» հետ այլևս հույսեր չկան, ասում է Հրանուշ Խառատյանը
    10:05 10/05/2013
  6. ՀՀԿ-ի դեմքերը «ֆեյս կոնտրոլ» անգամ չեն անցնի
    Բացի ոստիկանությունից՝ շատ կարևոր ուղղություններ մնում են չլուծված՝ կապված ՊԵԿ-ի Գագիկ Խաչատրյանի, դատական համակարգի կոռումպացված լինելու հետ, ասում է Էդգար Բաղդասարյանը
    20:50 07/05/2013
  7. Հայաստանը պետք է դժվար որոշումներ կայացնի
    Lragir.am-ի բացառիկ հարցազրույցը Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսի հետ
    17:19 07/05/2013
  8. Փոփոխությունը տեղի է ունենում ամենաանսպասելի պահերին
    Այժմ, կուտակվող աննկատ, սակայն հուժկու դժգոհության լավան կայունության երաշխիք հաստատ չի կարող լինել, ասում է Հայկ Մարտիրոսյանը
    13:51 06/05/2013
  9. Դասեր քաղելու կարիք չկա, պարզապես կարելի է նորովի ապրել
    Մարդիկ սովորում են հորիզոնական հարաբերություններ հաստատել միմյանց հետ, ասում է ռեժիսոր Դավիթ Ստեփանյանը
    13:42 04/05/2013
  10. Ոստիկանապետը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնել
    Ոստիկանությանը շատ ավելի ապահով է իշխող ռեժիմի կողմը կանգնելը, քան թե նոր վերաբաշխմանը միտված ընդդիմությանը աջակցելը, ասում է Սարո Սարոյանը
    11:29 04/05/2013