Մեր զրուցակիցն է ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը
Պարոն Սարգսյան, թեև նախագահական ընտրություններին մի քանի ամիս է մնացել, սակայն ընտրությունների հանդեպ հետաքրքրություն կարծես չկա: Ինչո՞ւ:
Սա պայմանավորված է կամ քաղաքական ուժերի՝ հետաքրքիր ասելիք չունենալով, կամ էլ առաջարկված մոտեցումները համոզիչ և հետաքրքիր չեն: Այսօր քաղաքական դաշտում կա մի ներընդդիմադիր, ներհակական վեճ՝ ՀԱԿ-ի ներսում հայտարարված և տարվող կուրսի շուրջ: Այդ վեճն արդեն իսկ ընդունել է այնպիսի ձևեր, որ չես կարող հասկանալ՝ քայքայվող պրոցեսին սպասարկող վեճ, թե՞ քայքայվող պրոցեսի արդյունք է: Ընդհանրապես շատ դժվար է հասկանալ՝ ինչ է կատարվում, քանի որ լսում եմ մարդկանց կարծիքը վարվող կուրսի վերաբերյալ, որոնց մի մասը ՀԱԿ-ից կարծես թե դուրս են, բայց մյուսներն իրենց հայտարարում են ՀԱԿ-ի մաս և խոսում են նույնը: Այդ հայտարարած կուրսը Ծառուկյանի կուսակցության հետ ինչ-որ հույսեր կապելու կուրսն է: Նախկին կամ գուցե նաև ներկա ընդդիմադիր ուժն ինչ-որ ձև է առաջարկում երկրում փոփոխություններ մտցնելու, բայց այդ ձևը ոչ մեկին չի համոզում, բնական է, եթե չի համոզում, մարդիկ անտարբեր են դառնում:
Բացի այդ, կա այն աստիճանի աբստրակտ միասնական ընդդիմադիր թեկնածուի գաղափար, որ որևէ մեկը չի ուզում անդրադառնալ դրան, քանի որ կոնկրետության նշույլ գոյություն չունի: Ի վերջո, պետք է լինի ինչ-որ առաջարկ, որ մարդիկ քննարկեն: Բացի այդ, ընդհանրապես ընտրությունների միջոցով փոփոխությունների գաղափարն ինքնին մեծ հարված է ստացել խորհրդարանական ընտրություններից հետո: Համոզիչ արտահայտությունները, միակ ձևը, միակ ճիշտն արդեն չեն համոզում նույնիսկ այն մարդկանց, ովքեր դա հայտարարում էին: Ես տեսնում եմ, տարբեր քննարկումներում, մարդիկ, որոնք սարսափեցնում էին ժողովրդին, որ հեղափոխությունը մահ է, եւ հիմա հանգիստ խոսում են, որ այս ամենը սուտ է, ոչ մի ընտրություն, պետք է հեղափոխություն անել: Չեմ կարծում, թե այդ մարդիկ ազնիվ են, պարզապես այդ մարդիկ իրենք էլ են հասկացել այդ հայտարարությունների սնանկությունը: Այսինքն՝ գաղափարական ինչ-որ նոր վակուում է ստեղծվել, կեղծ համոզմունքներ են բացահայտվել հենց այդ համոզմունքներն ունեցողների համար: Այսպիսի ապագաղափարականացված վիճակ է, որով էլ պայմանավորված է անտարբերությունը:
Այս քսան տարիների գաղափարական սնանկությունն ինչո՞վ եք պայմանավորում: Տեսակետ կա, որ մենք պետք է մշակեինք ընթացակարգեր, թե ինչ էինք ուզում՝ գիտեինք, բայց ճանապարհը՝ ինչպես հասնել, չգիտեինք:
Քաղաքական խնդիրների շուրջ ցանկացած ակտիվություն պետք է բերի արդյունքի: Եթե դրել եք խնդիր, կապ չունի ինչ մասշտաբի է, պետք է լուծեք այն, եթե դուք երբևէ չեք լուծում, սա մի կողմից նշանակում է՝ դուք ի վիճակի չեք դա անել, ձեր մտածողությունը, ձեր փորձը բավական չեն դրված խնդիրների լուծման համար, մյուս կողմից՝ սա բերում է նրան, որ մարդիկ սկսում են կեղծ գաղափարներով գլուխները լցնել, որ ընդհանրապես ոչ մի բան հնարավոր չէ լուծել: Սա հիմնականում քարոզում են նրանք, ովքեր ի վիճակի չեն խնդիրներ լուծել: Երբ դնում ես խնդիր և չես լուծում, հետո սկսում ես քարոզել հասարակությանը, որ չի լուծվել, որովհետև Հայաստանում ոչ մի բան հնարավոր չէ լուծել. սա կեղծ գաղափարների էքսպանսիա է: 20 տարվա ընթացքում քաղաքական ուժերի կողմից դրված որևէ խնդիր, որը լուծման չի հասել, այդ ուժերը միայն պատրվակ են գտել ասելու՝ ինչու դա չի լուծվել, եւ որևէ քաղաքական ուժ չի վերցրել իր վրա պատասխանատվություն ասելու, որ ինքն ի վիճակի չէ: Հիշում եմ՝ հանրահավաքներից մեկում Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ ինքն ի վիճակի չէ միայնակ խնդիր լուծելու: Ինքնին բավական հետաքրքիր է, որ Հայաստանում նման բան է ասվել, բայց թե ինչու ի վիճակի չէ՝ համոզիչ չէր, որովհետև հետո սկսվեցին տարբեր մեկնաբանություններ՝ թե «մեզ պետք է մի քանի հարյուր հազար մարդ»: Ոչ մի համոզիչ բացատրություն չտրվեց դրան, ինչն ինքնին թուլացնում է հասարակությանը. մարդկանց գլուխն է մտցվում, որ 500 հազար երբևէ չի հավաքվի, և այս հարցերը երբևէ չեն լուծվի: Մենք պետք է հասկանանք, որ եթե ձևակերպվում են խնդիրներ, պետք է դրանց լուծումներ գտնվեն, եթե չեն գտնվում, հասարակությունն այս վիճակում է հայտնվում. մի մասը հուսահատ թողնում հեռանում է, մյուս մասը ենթարկվում է այդ վիճակին, այդ թվում՝ հենց նույն քաղաքական ուժերը, և հույսը մնում է հասարակության մի ուրիշ մասը, որն ընդհանրապես այս ամենը չի ընդունում և փորձում է դնել նպատակներ, ձևակերպել խնդիրներ և լուծումներ գտնել: Հասարակության այս չնչին տոկոսը հետաքրքիր վիճակում է, քանի որ ամբողջ ենթարկված հատվածը իր խանդը, չարությունը թափում է այդ չնչին տոկոսի վրա, սկսում է մատ թափ տալ, սովորեցնել, ասել՝ դուք ով եք, սխալ եք, դուք մեզ խանգարում եք ապրել:
Բայց ի վերջո ո՞րն է այս վիճակի պատճառը. սա կարևորագույն խնդիրներից մեկն է և պետք է փորձել գտնել պատճառները, տեսնել, թե ինչու է ժողովուրդն այդ վիճակում:
Առաջին՝ դա կապված է ստի կատեգորիայի հետ. 20 տարվա ընթացքում հասարակական-քաղաքական կյանքում մարդկանց, հատկապես քաղաքական ուժերի մեջ անընդհատ աճել է հավատը դեպի սուտը, որ այն շատ հզոր քաղաքական մեխանիզմ է, արդարացված է, որ սուտը մոբիլիզացնում է, ստի միջոցով կարելի է շատ խնդիրներ լուծել. ես հիմա տեսնում եմ ստի քաղաքականության ճգնաժամը: Ուրիշ պատճառներ էլ կան՝ ամբոխավար մոտեցումներ, որոնք եղել են 20 տարվա ընթացքում, մարդիկ հավատացել են, որ սրանք են ձևերը, որոնց միջոցով կարելի է հարցեր լուծել: Այս ամենը կեղծ համոզմունքներ էին, որոնք բերել են այս կրախին, մարդիկ իրենք էլ չեն հավատում, բայց փորձում են ուրիշ պատկերացումներից զերծ պահել: Այսինքն՝ հերթական ստի ալիք է գալիս, մի համոզմունք, որ ստով կարելի է արդարացնել քո վիճակը: Մարդիկ պետք է հասկանան՝ ինչու է մարդն իրեն անընդհատ գցում ստի մեջ, ինչու է անընդհատ իրականությունը կեղծում, չի ուզում տեսնել հաջողություններ: Լինում են հաջողություններ, մարդիկ ասում են՝ չի եղել նման բան, սուտ է, որովհետև տասնամյակներով նույն վիճակը դարձրել է այն անձնական կյանքի մասնիկ, ամբողջ կյանքում այդպես են ապրում, և չեն կարող ասել՝ ամբողջ կյանքը սխալ են ապրել:
Պարոն Սարգսյան, բայց չէ՞ որ արդեն կա քաղաքացիական հատված, որը կեղծ իրականության մեջ չէ, հնարավո՞ր է այս հատվածն ինքնակազմակերպվի և նոր իրականություն ստեղծի, ի՞նչ ելքեր եք տեսնում:
Քանի որ մեզ մոտ քաղաքացիական նախաձեռնությունները նոր երևույթ են, բնական է, որ իմ նկարագրած ձևով ապրող հասարակությունը փորձում է հասկանալ՝ ի վերջո սա ինչ է, և դեռ շատ բաներ հասկանալի չեն: Երբ մենք խոսում ենք Հայաստանի քաղաքական պայքարի մասին, մենք պետք է խոսենք Հայաստանի կուսակցական պայքարի մասին, Հայաստանում՝ սկսած ՀՀՇ-ից, բոլոր կուսակցությունների կողմից եղել է կազմակերպված և ղեկավարվող պայքար, որը սովորաբար հետընտրական և նախընտրական ժամանակահատվածում է եղել, և սա եղել է պայքարի փիլիսոփայությունը:
Մենք ունեցել ենք քաղաքացիական պայքար, Ղարաբաղյան շարժում, բայց դրանից հետո 20 տարուց ավելի չենք ունեցել: Քաղաքացիական պայքարը կուսակցական պայքարի կրկնօրինակ չէ, դրանք իրարից տարբեր են, այն աստիճան տարբեր, որ այն անգամ կուսակցական պայքարի հետ անտագոնիզմի մեջ կարող է լինել: Մենք տեսնում ենք, որ հիմա հիմնական խանդողները, չարություն տարածողները կուսակցություններն են, որովհետև քաղաքացիական պայքարը քաղաքացիներինն է: Դասական քաղաքացիական պայքարը ակտուալ խնդրի շուրջ է, դրվում է խնդիր հասարակության համար, նա մասնակցում է, հետաքրքրվում է, գնում է խնդրի լուծման ճանապարհով, այդ խնդիրը կարող է լինել պետական համակարգը փոխելը. քաղաքացիները դնում են նման խնդիր, հավաքվում են, լուծում են այդ խնդիրը, գնում իրենց տները: Սա է քաղաքացիական պայքարի տրամաբանությունը, որը ներկա կուսակցական խավը չի կարող հասկանալ: Քանի որ երկար տարիներ մեզանում չի եղել այդ հասարակական գիտակցությունը, անընդհատ մարդկանց ասել են, որ բոլոր խնդիրների լուծումը միայն ու միայն իրենց՝ կուսակցություններին է տրված, և որևէ մեկն իրավունք չունի խնդիրները լուծել: Եվ կուսակցությունների համար դա համոզմունք է դարձել: Բայց կուսակցությունները երբևէ դա չեն կարող լուծել, քանի որ իրենք քաղաքական ինստիտուտներ են, որոնց գործառույթներն ամրագրված են օրենքում՝ ինչ կարող են անել, ինչ նրանք իրավունք չունեն անելու: Կուսակցությունների խնդիրը չէ դնել համակարգային փոփոխություն, քաղաքացիները պետք է հավաքվեն ու որոշեն՝ դա ակտուալ է թե ոչ, իսկ մեզ մոտ դեռ որ այս հստակությունը չկա:
Շատ է խոսվում այն մասին, թե արդյոք քաղաքացիական նախաձեռնությունները կվերածվեն քաղաքական ուժերի:
Դրանք էլ հարցեր են, որոք իրավունք ունեն բարձրացվելու: Սա գալիս է ուրիշ ոլորտի խնդիրների գիտակցումից, որ գուցե խնդիրը կուսակցություններն են, որոնք չունեն այն որակները, որոնք կարող են համակարգային խնդիրներ լուծել: Կուսակցությունները Հայաստանում գործում են այն մթնոլորտում, որտեղ երբևէ որևէ բան չեն կարող անել: Իրենք դուրս են գալիս իրենց ֆունկցիաներից և արդեն իսկ դուրս գալով թուլացնում, իրենց խնդիրների մեջ մնալով ոչ մի բան չեն կարողանում լուծել, որովհետև երկրում չի գործում ընտրական մեխանիզմը. եթե չի գործում կուսակցական մրցակցություն, կուսակցական գործունեությունն անիմաստ է դառնում: Դրա համար իրենք փորձում են դուրս գալ քաղաքացիական ոլորտ, քաղաքացիների ֆունկցիաները վերցնել իրենց վրա և լուծել, սակայն ոչ մի բան չի ստացվում, որովհետև գիտակցության մեջ պայքարն իշխանության համար է: Որևէ քաղաքացիական նախաձեռնության մեջ, որտեղ դրված է համակարգը փոխելու խնդիր, գոյություն չունի իշխանության գալու խնդիր, դրա համար են նրանք հզոր: Եթե որևէ քաղաքացիական պայքարի մեջ իշխանության գալու խնդիր ես դնում, այն ոչնչանում է և որևէ բանի չի հասնում, պետք է այդ խնդիրը հանես միջից, որ կարողանաս հստակ դրված խնդիրը լուծել: 2008-ին մեզ մոտ նույնը եղավ, քանի որ հնարավոր չէր համակարգային փոփոխություն անել՝ զուգահեռ ինչ-որ խումբ իշխանության բերելով: Եթե լիներ ոչ թե ստի քաղաքականության, այլ քաղաքականություն ճշմարտության վրա, կարող էինք մենք էլ այդ սխալներից զերծ մնալ, բայց մեզ մոտ ասում էին՝ ինչ-որ մարդկանց իշխանության բերելով մենք լուծում ենք համակարգային խնդիր: Դա բացահայտ սուտ էր, ինչը երկար չէր կարող մնալ, և մենք հիմա այդ քայքայումը տեսնում ենք:
Շատերը նաև քրեաօլիգարխիկ բուրգի քայքայում են նկատում, արդյոք բուրգը ճգնաժամի առա՞ջ է:
Մենք մեզ հարց պետք է տանք՝ երբ քայքայվի, դրա տեղն ի՞նչ է լինելու: Այլապես հարյուր տարի էլ կարող է քայքայվել. քրեական աշխարհում, եթե ինչ-որ խնդիր է ծագել, չի գործում իրենց պայմանավորվածությունների համակարգը, իրար «կտան», նոր քաղաքական պայմանագիր կնքեն, որից հետո նույնը կլինի, սա անընդհատ եղել է և նորից կլինի: Իհարկե, հիմա ինչ-որ ավելի բարդ վիճակ է՝ կապված քաղաքացիական ակտիվության հետ: Իշխանությունները ոչ պակաս, քան մնացած քաղաքական ուժերը խանդով և ատելությամբ են վերաբերվում սրան, որովհետև վտանգը զգում են: Տեսեք ինչ դաժանորեն են դատում ՀԱԿ-ի երիտասարդներին, ինչ չարությամբ են լցված. հենց այդ իշխանական չարությունն է, որը տեսնում է, որ այս երիտասարդները վաղը կարող են լրիվ ուրիշ լեզվով խոսեն: Հիշո՞ւմ եք երիտասարդներին մի վրանի համար ինչ օրը գցեցին Մաշտոցի պուրակում. համակարգը տեսնում է իրեն չենթարկվող երիտասարդներ: Սա ցույց է տալիս, որ համակարգը զգում է, որ իրավիճակ է փոխվում երկրում, բայց խնդիրները չեն լուծվում. տեսեք ինչպես են օլիգարխները խոսում, նրանց կեղծ ներողությունները: Նրանց այդ օրը գցել է հասարաակությունը, և դա ըստ երևույթին կարող է սկիզբ լինել, որ վաղը կարող է հասարակությունը լրիվ ուրիշ լեզվով խոսի, և դա նրանք հասկացել են, որ ուրիշ տերեր են դուրս գալիս և իրենց կամքն են թելադրում:
Պարոն Սարգսյան, Աղասի Թադևոսյանը բազմիցս նշել է, որ մեր խնդիրը չպետք է լինի օլիգախիայի տապալումը: Համաձա՞յն եք այս կարծիքի հետ:
Մենք պետք է հասկանանք, որ այս կամ այն ստեղծված համակարգը գենետիկորեն կապված է հասարակության գիտակցության և հասարակության զարգացման հետ: Այս օլիգարխիկ համակարգը, որը ստեղծվել և ամրանում է, անմիջապես կապված է հասարակության որակի հետ: Այս երևույթը կվերանա, եթե մենք մեր որակը փոխենք, այսինքն՝ պայքարի ձևը սա է, դա նույնն է, երբ հիվանդ մարմնի վրա թարախ է լինում, թարախը ինչքան ուզում ես սրբի, օգուտ չկա, քանի որ մարմինը նույն վիճակում է, ուստի մարմինն է պետք բուժել, որ թարախը վերանա: Ուրիշ բան, որ շատերին թվում է, թե մարմինը բուժելը մի ահավոր բան է, մենք դրա ժամանակը չունենք, երկիրը փլուզվում է, մենք պետք է այդ թարախը հանենք, տասնամյակներ նույնն է ասվում, դրա համար տասնամյակներ շարունակ նա չի բուժվում կեղծ պատկերացումների պատճառով, մարդիկ այնտեղ չեն որոնում խնդիրները լուծելու ճանապարհը: Օրինակ, եթե որևէ տեղ մարդիկ ինչ-որ բան են անում և չեն դնում «Սերժիկ հեռացիր» պահանջը՝ համարվում է սուտ, եւ դա բերել է նոր կեղծ երևույթի՝ «Սերժիկ հեռացիր» կամ «Սերժիկ մեղավոր» երևույթը դարձել է կոմերցիոն պաստառ կամ բրենդ, տասը հոգի կարող են հավաքվել մի թղթի վրա գրել, եւ դա թույլ է տալիս իրենց ասել, որ իրենք պայքարող են, որը թույլ է տալիս պախարակել ուրիշներին, ում ձեռքին այդ բրենդը չկա: Տեսեք ինչպես է քաղաքական պայքարում ամեն ինչ այլասերվում, երբ մարդը հույս չունի, որ կարող է դնել խնդիր և լուծել: «Սերժիկ, հեռացիր» բրենդն ունիվերսալ ամենափրկիչ բրենդ է. երբ մարդ բացարձակ ասելիք չունի, բայց կարող է դնել մեջտեղ և կարող է մեկ ժամ խոսել, սա նոր կեղծ գաղափարների զարգացման փուլեր են, որոնք ընդհանրապես թուլացնում են ցանկացած շարժում և բարդացնում խնդիրները լուծելու ճանապարհները: Սա համընդհանուր անզորությունից է, ընդհանրապես համընդհանուր անզորությունն է ծնում կրկնակի սուտ, որ մարդը կարողանա արդարացնի անզորությունը, որովհետև ինքնին այդ անզորությունը չարության և ստի արդյունք է:
