Հարցազրույց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ
Պարոն Բլեյան, ներկայիս իրավիճակը բնորոշվում է որպես քրեաօլիգարխիկ համակարգի փլուզում, երբ իշխանական բուրգի ներկայացուցիչները սկսել են միմյանց նկատմամբ հաշվեհարդար տեսնել, որպես օրինակ՝ Վարդան Ղուկասյան և Աշոտ Աղաբաբյան փոխադարձ հիշոցները և վիրավորանքները: Համաձա՞յն եք:
Գյումրիի և Ախուրյանի ժողովրդին խոսեցրեք: Չի կարելի կորցնել ամոթի զգացումը: Ձեր նշած հերթական-սովորական հիշոցները լսո՞ւմ է ժողովուրդը, ամաչո՞ւմ է իր ընտրյալների համար: Ընտրյալի հարցում սխալվել կարելի է, բայց… Վարդան Ղուկասյանին` քաղաքապետ և Աշոտ Աղաբաբյանին պատգամավոր կարգած մարդը, որ որպես հպատակ` ընտրությունից ընտրություն մի խնդիր է լուծել, կներեք, շնից մազ պոկելը, ա՞յլ է հիմա, ազատագրվելու, կորցրածը հետ բերելու վճռականությո՞ւն է ձեռք բերել: Տեսնենք, տեսնենք, դիմացը համայնքային ընտրություններն են: Ժողովուրդ կոչվածը իր ստեղծած պետությունն է: Հայոց պատմության ամենա-ամենա ժամանակում, երբ համարյա չորս միլիոն էինք, երբ խորհրդային պետության նյութական ապահովության սովորույթ ունեինք, կրթական բարձր ցենզ (ե՞րբ է ավելի նպաստավոր վիճակ եղել), մեզ տրվեց հնարավորություն ինքնորոշվելու, որպես ժողովուրդ` ազատության մեջ մեր հավաքական ստեղծական կարողությունը դրսևորելու: Այն, ինչ կա, որևէ բնորոշումով, Հայաստանի Հանրապետությունն է, որը, լսեք, միասին ենք ստեղծել անկախ պետականության 21 տարիներում: Որ զոհի-արդարի տեսքով պիտակավորմամբ են զբաղվում, դադարո՞ւմ են պատասխանատու լինելուց:
Քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք համախմբվեցին Հարսանքարի ողբերգության կապակցությամբ, հնարավո՞ր է ապագայով ներկա են կանխորոշում: Դուք բազմիցս մեր իրականությունը բնորոշել եք որպես անապագա ներկա, հիմա այս առումով տեղաշարժ նկատո՞ւմ եք:
Հարսնաքարի քաղաքացիական նախաձեռնությամբ որգևորված ու, առավել ևս, այն գերագնահատողը չեմ: Այ, հուսահատված եմ իշխանական ցինիզմի ու հասարակական անլրջության այն դրսևորումից, որ այս մեկ տարի ցուցաբերվում է, ու հրապարակավ, ինչ-որ քրեական հորինվածքով հաշվեհարդար են տեսնում քաղաքացիական պայքարի չորս հայտնի երիտասարդների հետ` Տիգրան Առաքելյան, Արտակ Կարապետյան, Սարգիս Գևորգյան, Դավիթ Քիրամիջյան: Քաղաքացիական պայքարի անընդհատությունը, որը պիտի ստեղծեր համերաշխ ու իրավական ակտիվ հանրություն, մեզանում փոխարինվում է հատվածական (դիսկրետ) դրսևորումներով, որն ինձ զգուշացնում է: Ինձ համար քաղաքացիության դրսևորումը ընտրություն կատարելն է` աշխատանքի, մշտական բնակության, այլոց իրավունքի պաշտպանության, ամուսնության, համայնքի ղեկավարի, պատգամավորի ու ՀՀ նախագահի, և քաղաքացիացող մարդը, ով Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծողն է, նրա պատասխանատուն ու հերոսը:
Պարոն Բլեյան, ի՞նչ եք կարծում, արդյոք ակտուալ են հեղափոխության մասին զրույցները, թե՞ պարզապես պետք է հստակ պահանջներ դնել իշխանության առաջ և հասնել փոփոխությունների:
Զրույցների ակտուալությունը լրագրական առարկա է: Ես բաց եմ թողնում նման հոդվածները, ինձ հետաքրքիր չեն. ինչքա՞ն կարելի է: Հալվա-հալվա ասելով` բերան քաղցրացնողներից չեմ: Կփոխվի ընտրողը` կփոխվի իշխանությունը: Ճիշտ է նաև, որ հեռանկար ունենալու` յոթը սերունդ ունեցածը վայելելու համար իշխանավորը պիտի փոխվի: Առանց հիմնավորված հավակնության` պահանջատիրության որևէ դրսևորում, անհատի թե հավաքանիի մակարդակով, ինձ խորթ է:
Ըստ Ձեզ, ի՞նչ տեղի ունեցավ վերջին չորս տարիների ընթացքում, ի՞նչ ստացվեց, ի՞նչ չստացվեց, և հիմա ի՞նչ պետք է անել հիասթափությունների հաղթահարման համար:
Ինչո՞ւ ես այդպես էլ չեմ կարողանում հիասթափվել, ի՞նչ է հայոց հիասթափությունը` բացառիկության իրավո՞ւնք: Պարույր Սևակին հղում անենք` հիասթափությունս նման է ուշաթափության, թվում է երկար, բայց տևում է կարճ: Իսկ Ձեր մատնանշածը հիասթափություն չէ: Եթե ուզում եք` վերամբարձ հնչի, սա լեթարգիական քնի է նման: 1988-91 թթ. ազգային վերածնունդից, զարթոնքից հետո հասարակությունը հոսանքազուրկ շրջանում լեթարգիական քուն մտավ ու երբեմն-երբեմն տեղից վեր է թռչում: Իսկ անցնողը կյանքն է: Արթնացիր, սիրելի ժողովուրդ, մեզ մեծ ու կոնկրետ գործեր են սպասում` մեր ու մեր երեխաների անհատական կյանքը:
