Նրանք պետք է դառնան պերսոնա նոն-գրատա

    • Հարցազրույց - Երկուշաբթի, 23 Հուլիսի 2012, 16:42

Մեր զրուցակիցն է «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը

Զարուհի, մինչ ՀԱԿ ակտիվիստները պահանջում էին պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին, երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին դատապարտեցին 6, Սարգիս Գևորգյանին, Դավիթ Քիրամիջյանին և Արտակ Գևորգյանին՝ 2-3 տարի ազատազրկման: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված նման խիստ վճիռը:

Վճիռն անմիջականորեն մեր պայքարի հետ է կապված, քանի որ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները «Հարսանքարի» դեպքերի բացահայտման գործում չափազանց ակտիվ են, նույն շարժման մեջ են, և եթե չլիներ նրանց մասնակցությունը, վստահ եմ, կհամարեին, որ վտանգավոր չեն և պետք չէ նրանց մեկուսացնել: Սա բոլորովին նոր երիտասարդական շարժում է, չուղղորդված, և այդ տղաներն ունեն հսկայական մասնակցություն: Օրինակ՝ Սարգիսի պես խարիզմատիկ երիտասարդն ունակ է բազմահազարանոց երթը ամբողջ քաղաքով պտտեցնել, իրազեկել անցորդներին ու մոբիլիզացնել հանրությանը: Այս վարչախումբը երիտասադրության մեջ մեծ վտանգ է տեսնում, դեռևս 2008 թվականին այս նույն երիտասարդներին զրկեցին կրթության իրավունքից, հեռացնելով ուսումնական հաստատություններից, որպեսզի ազատության ու արդարության մասին իրենց պատկերացումներով չվարակեին ուսանողությանը: Ու տարիներ շարունակ կարողացան բոլոր ուսումնական հաստատություններում վերահսկողություն իրականացնել, բոլոր ուսխորհուրդներում ներդնել դրածոներին, ՀՀԿ-ական կարիերիստ, ստրկամիտ ու ծառայակամ մի սերունդ աճեցրին, որոնք կարողացան վերահսկել պրոցեսներն ուսանողական շրջանակներում: Հիմա այս նոր պայքարն ուղիղ հարվածում է տարիներ շարունակ մշակված՝ երիտասարդության վերահսկելությանն ուղղված համակարգին և դատավճռի այսպիսի սուր ելքի համար, կարծում եմ, հիմք է ծառայել տղաների ակտիվությունը հենց հանրայինի ցասումի մեծ ալիք առաջացնող և հասարակության տարբեր շերտեր ներառող «Հարսնաքարի» գործում: Այսինքն՝ սա ՀՀԿ-ի քաղաքական որոշումն է՝ հիմնականում ուղղված երիտասարդական շարժմանն ու քաղաքացիական պահանջատեր հանրույթին:

Զարուհի, ըստ էության՝ Հարսանաքարի մեղավորներին առավելագույնը 5-10 տարի պատժամիջոց են ուզում կիրառել, փորձում են համարժեք գնահատական տալ երկու դեպքերի՞ն էլ:

Դա նույն աբսուրդ որոշումների շարքից է, երբ «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության մեջ մեղադրվող երկրի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը երկու տարի պայմանական ազատազրկման դատապարտվեց, ու վճիռն ընթերցելուց հետո հանգիստ շրջում էր քաղաքի փողոցներով: Այժմ էլ Հարսնաքարի վայրագ ծեծի մասնակիցներին ընդամենը 4-6 տարի են տալիս, ու դեռ նախաքննության մարմինն անամոթաբար հայտարարում է, թե դեռ պիտի պարզել՝ Վահե Ավետյանն ինչից է մահացել: Այն դեպքում, երբ Վահե Ավետյանի բժշկական փաստաթղթերն ուղարկվել են Եվրոպայի բժշկական հաստատություններ, և արձագանքն ուղղակի ապշեցուցիչ է եղել: Բժիշկները նշել են, որ իրենց մոտ նման նախադեպ չի գրանցվել, երբ ուղեղի դիսլոկացիան՝ մի կիսագնդից մյուսը, մինչև 4 սմ լինի։ Ու այսքանից հետո մենք դեռ կարող ենք վստահե՞լ նախաքննության մարմին ու ընդհանրապես իրավական համակարգին: Այս երկրում մարդկանց փորձում են հիմարացնել ու լկտիության սանդղակն այնքան են բարձրացրել, որ արդեն պայթյունավտանգ է: Նույնն էլ տեղի ունեցավ ՀԱԿ ակտիվիստների հետ, երբ ուժայինների ջոկատի հարձակումը նրանց վրա վերաորակեցին, ու շրջեցին հակառակ ուղղությամբ: Այն ժամանակ պետք էր նման մեթոդաբանությամբ ընդհատել մի շատ կարևոր քաղաքական պրոցես՝ երկխոսությունը, այժմ էլ պետք է ընդհատել երիտասարդական ակտիվությունը՝ «Հարսնաքարի» գործում:

Այն, որ ակտիվ երիտասարդությանը պահում են ահաբեկումների դաշտում՝ կասկածից վեր է, մենք դա տեսանք բոլորովին վերջերս՝ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի երիտասարդական շարժման ժամանակ: Ռեկտորի ապօրինի հեռացման և կրթության իրավունքի համար առաջացած ընդվզման ալիքը, որը ոչ մի քաղաքական ենթատեքստ չէր պարունակում, խեղդվեց ուղիղ ահաբեկումների ու ճնշումների միջոցով: Առավել ակտիվ երիտասարդներին զանգերով ու ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքով կարողացան լռեցնել: Իշխանական լծակներին տիրապետողները փորձում են երիտասարդության ազատությունը ճնշել, քանի որ եթե երիտասարդները դուրս եկան փողոց, արդեն անվերահսկելի կլինի իշխանության վերարտադրության ծրագիրը, իսկ առջևում նախագահական ընտրություններն են:

Կարծում եք՝ վերջին զարգացումները երիտասարդությանը կհանե՞ն փողոց:

Կարծում եմ՝ եթե այս անգամ էլ երիտասարդությունը դուրս չեկավ փողոց, հերթական անգամ ստրկության է մատնվելու: Իսկ ստրուկից ոչ գիտնական, ոչ բժիշկ, ոչ էլ ուսուցիչ դուրս չի գա, ընդամենը ստրուկ: Այդ իսկ պատճառով, հատկապես երիտասարդությանն եմ կոչ անում հուլիսի 24-ին մասնակցել ՀՀ դատախազության շենքի մոտ կայանալիք բողոքի ցույցին՝ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների:

Որքան էլ ՀՀԿ-ին մատնանշում եք որպես իրավիճակի միակ պատասխանատու, ՀՀԿ ղեկավարը հասարակական պահանջը լսելու նախաձեռնությամբ է կարծես թե հանդես գալիս: Փոփոխություն նկատո՞ւմ եք:

Ոչ, Սերժ Սարգսյանը հերթական անգամ ամրացնում է իր իշխանությունը, ցույց է տալիս, որ երկրում միանձնյա որոշումներ է կայացնում, ցուցադրաբար ընդգծում է, որ ինքն է երկրի միակ տերը, իսկ միակը լինում է միայն բռնակալը: Բոլոր որոշումները կայացվում են Բաղրամյան 26-ում, իսկ անկախ արդարադատության համակարգի մասին խոսելն ուղղակի անիմաստ է դառնում նման իրավիճակում: Հարսնաքարի միջադեպի հետ կապված Ռուբեն Հայրապետյանի մանդատը վայր դնելու դիմումը խայտառակություն եմ համարում: Դա պետք է կատարվեր հատուկ ընցաթակարգով՝ ԱԺ արտահերթ նստաշրջանի միջոցով և ՀՀԿ պատգամավորական ֆրակցիայի ակտիվ մասնակցությամբ: Մենք տեսանք, որ քաղաքացիական հանրության՝ արտահերթ նստաշրջան գումարելու պահանջն ինչպես վիժեցվեց՝ չհավաքելով բավարար թվով պատգամավորների ստորագրություններ: Արդյունքում ունենք մանդատը վայր դնելու մասին Ռուբեն Հայրապետյանին վերագրվող մի կասկածելի նամակ՝ ուղղված հանրությանն ու հանրային տրամադրությունները մեղմելուն, և ՀՀԿ պատգամավորների դատարկ հռետորաբանություն՝ Ռուբեն Հայրապետյանի անբասիր վարքի փառաբանություններով լի: Իսկ փաստն այն է, որ իր բռնարարքներով աչքի ընկած Հայրապետյանը դեռ պատգամավոր է ու մեկնում է ԼՂՀ նախագահի ընտրություններին՝ ՀՀ ԱԺ պատգամավորների հետ միասին:

Այսօր շատ քաղաքացիներ են իրենց երկրի տերը համարում: Հնարավո՞ր է՝ հասարակությունը ստիպի իշխանություններին բարեփոխումների ենթարկվելու:

Այո, երբ պարզ դարձավ, որ իշխանությունը բռնազավթված է և չի արտահայտում ժողովրդի կամքը, ամբողջովին գործում է բռնության մշակույթի դաշտում, ի հայտ եկան քաղաքացիական խմբեր, որոնք բռնության մշակույթին հակադրեցին կյանքի մշակույթն ու հայտարարեցին, որ չեն ճանաչում նման տերեր, իրենք են տեր կանգնում: Ե՛ս եմ քաղաքի տերը, ե՛ս եմ բանակի տերը, ե՛ս եմ այս ծառի կամ պուրակի տերը: Անօրինությունների դեմ թիրախային պայքար մղող այս խմբերը վերաճեցին քաղաքացիական հանրույթի ու այժմ պահանջում են արդարություն՝ «Հարսնաքարի» գործում, նաև ՀԱԿ երիտասարդների հանդեպ կայացված ապօրինի որոշման հարցում:

Ի վերջո, հնարավո՞ր է այս քաղաքացիական նախաձեռնությունները վերածվեն քաղաքական ուժերի:

Շատ վաղ է խոսել այդ մասին, բայց հնարավոր է լինեն այդպիսի ձևավորումներ, որովհետև ի վերջո պայքարը հանրային պայմանագրի, հանրային տարածքների համար է: Հիմա ասում են Հարսնաքարի դեպքում ինչո՞ւ այսպիսի աղմուկ բարձրացվեց, երբ կային բազմաթիվ իրավախախտումների դեպքեր: Պարզապես այստեղ այնքան շատ էին տարբեր խճողումները: Հանրային վայրում, որտեղ մարդը եկել էր սպասարկվելու, իրեն փոխանակ սիրաշահեն, ենթարկում են բռնության, սպանում են, մյուս կողմից՝ հարված բժշկական համակարգին և Պաշտպանության նախարարությանը, որից ևս պահանջատեր քաղաքացիական հանրույթը բողոքներ ունի: Ամեն դեպքում, քաղաքացիական հանրույթը հետամուտ է իր պահանջներին, Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ միջազգային հանրությունն այսուհետ այլ կերպ է տրամադրված, բոլոր հեղինակավոր ատյաններում բարձրաձայնվել է այս խնդիրը: Նման վարքի տեր անձը պիտի դառնա մերժված, պերսոնա նոն գրատա ու երկրում իրավիճակ ու մթնոլորտ փոխելու նախադեպ հանդիսանա:

  1. Կոմպրոմատային հավասարակշռությունը խախտվում է
    Մեր զրուցակիցն է Ստեփան Դանիելյանը
    15:40 17/05/2013
  2. Խնդիրը Արմավիան չէ, այլ հայկական ավիացիայի ոչնչացումը
    Մեր զրուցակիցն է հրամանատար օդաչու, ՀՀ առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի`«Ֆենիքս Ավիայի» հիմնադիր Հակոբ Ճաղարյանը
    09:53 16/05/2013
  3. ՀՀԿ-ի տրոհումն անխուսափելի է
    Այսօր նյութական հնարավորությունների սակավությունը կարող է փոխհատուցվել քաղաքացիների ակտիվությամբ և կոմունիկացիոն գործիքների ճիշտ կիրառմամբ:
    10:07 14/05/2013
  4. Այնպիսի երկրում չենք ապրում, որ քվեն տանք ու հանգիստ ապրենք
    Մեր զրուցակիցն է Երևանի ավագանու ընտրություններում «Բարև, Երևան» դաշինքի ցուցակի 10-րդ համար, «Ես Yes» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը:
    14:14 11/05/2013
  5. Գուցե ապահով Հայաստանը մեկուկես միլիոն մարդու համար է
    Կարծում եմ՝ առկա քաղաքական «թիմերի» հետ այլևս հույսեր չկան, ասում է Հրանուշ Խառատյանը
    10:05 10/05/2013
  6. ՀՀԿ-ի դեմքերը «ֆեյս կոնտրոլ» անգամ չեն անցնի
    Բացի ոստիկանությունից՝ շատ կարևոր ուղղություններ մնում են չլուծված՝ կապված ՊԵԿ-ի Գագիկ Խաչատրյանի, դատական համակարգի կոռումպացված լինելու հետ, ասում է Էդգար Բաղդասարյանը
    20:50 07/05/2013
  7. Հայաստանը պետք է դժվար որոշումներ կայացնի
    Lragir.am-ի բացառիկ հարցազրույցը Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսի հետ
    17:19 07/05/2013
  8. Փոփոխությունը տեղի է ունենում ամենաանսպասելի պահերին
    Այժմ, կուտակվող աննկատ, սակայն հուժկու դժգոհության լավան կայունության երաշխիք հաստատ չի կարող լինել, ասում է Հայկ Մարտիրոսյանը
    13:51 06/05/2013
  9. Դասեր քաղելու կարիք չկա, պարզապես կարելի է նորովի ապրել
    Մարդիկ սովորում են հորիզոնական հարաբերություններ հաստատել միմյանց հետ, ասում է ռեժիսոր Դավիթ Ստեփանյանը
    13:42 04/05/2013
  10. Ոստիկանապետը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնել
    Ոստիկանությանը շատ ավելի ապահով է իշխող ռեժիմի կողմը կանգնելը, քան թե նոր վերաբաշխմանը միտված ընդդիմությանը աջակցելը, ասում է Սարո Սարոյանը
    11:29 04/05/2013