Իսկ դուք սրանց հարսանիքները նայեք

    • Հարցազրույց - Հինգշաբթի, 19 Հուլիսի 2012, 13:35

Մեր զրուցակիցն է գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը

Պարոն Մարտիրոսյան, «Հարսնաքարում» տեղի ունեցածից հետո հասարակությունը նորից պայքարի վճռականություն դրսևորեց: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարող է ստացվել այս ամենի արդյունքում:

Մեր հասարակությունը, այնուամենայնիվ, մի քայլ առաջ է քաղաքական ուժերից. հիշենք՝ հասարակությունն ակտիվորեն պաշտպանում էր Վազգեն Մանուկյանին 96-ի ընտրություններից հետո, 98-ի ընտրություններից հետո կպաշտպաներ Կարեն Դեմիրճյանին, եթե նա ինքը չհրաժարվեր իրավիճակը սրելուց, պաշտպանել է Ստեփան Դեմիրճյանին 2003-ի ընտրություններից հետո, 2008-ին ձայն է տվել Լևոն Տեր-Պետրոսյանին: Վահե Ավետյանի ցավալի մահվան արձագանքը ևս մեկ ապացույց է, որ մեր հասարակությունn ակտիվ է և ընդվզող:

Ասել, որ այս շարժումը վաղը քաղաքական փոփոխությունների կհանգեցնի, չեմ համարձակվի: Բայց արմատական մի բան արդեն կատարվել է՝ հասարակությունը աղաղակեց, որ չի ընդունում այն տեսակը, որ իրենից ներկայացնում է այսօրվա իշխանությունը, որը բուծում է այսօրվա իշխանությունը: Սրանք հարստությունից, իշխանությունից օգտվելու մի ձև գիտեն (չհաշված ցուցադրական կամ ՇԱՀԱԴԻՏԱԿԱՆ բարեգործությունը)՝ մարդակեր շների միջոցով ահաբեկել հասարակությանը:

Նիկոլայ 2-րդի պսակադրության առթիվ իշխան Չեռնիգովը ներեց իր բոլոր պարտատերերի պարտքերը, մեկ ուրիշ ազնվական (անունը այս պահին չեմ հիշում) գրադարան նվիրեց նահանգային մի քաղաքի: Իսկ դուք սրանց հարսանիքները նայեք: Ոնց են ուզում զարմացնեն իրար: Մի օր «վերնախավային» ամուսնության հարսանեկան թափոր եմ տեսել՝ մտածեցի, որ լավ կլիներ էդպես թափորով էլ Հայաստանից հեռանան: Թող անիրական հնչի, բայց երկրի իշխանությունը չպետք է ժողովրդի մեծամասնությունից շատ տարբեր կենսամակարդակ ունենա: Ուրեմն, ոչ թե ընտրական գրավ պետք է սահմանել, այլ հակառակը՝ ունևորության որոշակի չափից հետո սահմանափակել ընտրվելու իրավունքը… Հասարակության արժանապատվությունը պաշտպանող «Վահե Ավետյան» շարժումը, հարաճուն ակտիվության պարագայում հասունացնելու է քաղաքական փոփոխությունների պահը:

Պարոն Մարտիրոսյան, 2007-2008-ին կար քաղաքացիական աշխուժություն,  ինչո՞ւ չստացվեց պահել այն, և ըստ Ձեզ, երբ հիմա չկա քաղաքական ուժը, որը առաջ էր մղում հասարակությանը, ի՞նչ արդյունքներ հնարավոր կլինի գրանցել:

Հայաստանում չեմ եղել՝ չեմ կարող համեմատել. երբ ականատեսի զգացողություններ չունես, համեմատությունը լիարժեք չի լինի: Հասարակությունն ուղղակիորեն չի կարող կառավարել պետությունը, կառավարում է միջնորդավորված ձևով՝ ընտրությունների, քաղաքական կուսակցությունների միջոցով: Այս շարժումները կարող են քաղաքական նոր ուժի ձևավորման հիմք հանդիսանալ, եթե ոչ ուժի, ապա բևեռի, եթե ոչ բևեռի, ապա քաղաքական դաշտում շեշտադրությունների փոփոխության: Բոլոր դեպքերում, ազդեցությունը դրական է, բայց այսպիսի շարժումներն իրենք չունեն մեխանիզմներ, որպեսզի արմատական փոփոխություններ, իշխանափոխություն իրականացնեն:

Ձեր կարծիքով, հասարակության համար պետք է օրակարգային լինի քրեաօլիգարխիկ համակարգի վերացմա՞ն հարցը, թե հասարակությունը պետք է հարցեր բարձրացնի և փորձի իշխանությունների միջոցով հասնել փոփոխությունների:

Մենք գիտենք, որ այս քրեաօլիգարխիկ համակարգը հովանավորվում է երկրի ղեկավարի կողմից, կամ ինքը մասն է այդ համակարգի. գնալ և նրան խնդրել՝ այսպես կամ այնպես արա, սխալ է, բայց եթե հասարակական ընդվզումը, անհնազանդությունը հանգեցնեն որոշ արդյունքների, դա երկրի հարստությունն է՝ մի քանիսով կպակասեն ապագայի հոգսերը: Առհասարակ, ընդվզում արտահայտելու բոլոր միջոցներն ինձ համար ընդունելի են, բացի նրանցից, որոնք կարող են նվաստացնել հասարակության արժանապատվությունը:

Վերջերս Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն “հայկական գարունը” վաղուց արդեն սկսված է համարել: Համաձա՞յն եք այս կարծիքի հետ:

Իհարկե համաձայն եմ, բայց “հայկական գարունը” անցյալ տարի “սառեցվեց”, մեր դաշնակցական բարեկամները կասեին՝ կախակայվեց: Նախ պետք է գնահատենք Հայաստանի իրավիճակը: “Հայկական գարունը”, հեղափոխությունը սկսվել է 1988-ին: Բայց հեղափոխությունները ունեն մի վատ առանձնահատկություն. դրանց հետևում են հակահեղափոխությունները: Պատճառն այն է, որ հասարակությունը մի կողմից հասնում է մի կրիտիկական աստիճանի, որ հեղափոխություն է անում, մյուս կողմից նույն հասարակությունն իր ամբողջության մեջ պատրաստ չէ փոխվելու, համենայն դեպս, արագ ու արմատականորեն: Այդ ժամանակ դժգոհություն է հասունանում նոր հասարակարգի դեմ, տեղատվություն է սկսվում, որից օգտվելով հակահեղափոխական ուժերը ռևանշ են անում: Հայաստանում դա կատարվեց Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալով: Այսինքն, մեր երկրում հակահեղափոխությունը չեզոքացնելու խնդիր կա: Տարբերվելով արաբական երկրներից այս առումով, միևնույն է, պետք է «արաբական գարնան» դասերն էլ հաշվի առնենք: Որոշ արաբական երկրներում իշխանության եկան ուժեր, որոնք կարող են հետ մղել հասարակությանը՝ քանդելով երկրի միասնականությունը կամ միջդավանանաքային, համայնքային խաղաղ գոյակցության հիմքերը:

Հակահեղափոխությունը, հետընթացը շատ սրընթաց եղավ:

Ընդվզումը, որ հարուցեց Հարսնաքարի սպանությունը, և այն, որ հասարակությունը չբավարարվեց Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատը վայր դնելու խոստումով, ցույց են տալիս, որ ռևանշիստները (և նրանց հենարան օլիգարխներն ու քրեական տարրերը) անցանկալի անձինք են հռչակված Հայաստանում:

Արդյոք ժամանակը չէ՞ բոլոր օլիգարխներին պատասխանատվության կանչել, ոչ թե մեկին թիրախավորել:

Միշտ ժամանակն է, բայց պետք է իրավական դաշտում մնալ, հակառակ դեպքում ընդհանուր պահանջներին կհետևեն ընդհանուր խոստումներն ու երդումները իշխանության կողմից: Վահե Ավետյանի սպանության գործը թարմ է, և շատ կարևոր է, որ հասարակությունը հասնի արդարության հաղթանակին: Մյուս օլիգարխների հետ կապված դեպքերը, ինչպես և «Առագաստ» սրճարանում կատարված սպանությունը կարելի է և պետք է արծարծել ու վերարծարծել, բայց պահանջները պետք է լինեն հասանելի, իրագործելի: Ցավոք սրտի, ուրիշ ձև չկա, ուրիշ ձևը Լինչի դատաստանն է, որը ոչ մի լավ բանի չի բերի, որովհետև այն մարդիկ, ովքեր Լինչի դատաստան են իրագործում, բռնություն կիրառելու ընդունակ մարդիկ են, և հետագայում մի փորձանք էլ իրենք են դառնալու:

Կարծիք կա, որ նախորդների համեմատ Սերժ Սարգսյանը հասարակական պահանջը լսելի է դարձնում:

Նախորդի հետ համեմատ տարբերություն կա, որոշ մեղմացում է նկատվում, բայց սա Հայաստանում գործող ժողովրդավարության նմանակման առաջընթացն է, ոչ թե բուն ժողովրդավարության: Բոլոր դեպքերում ես մեղմացումը դրական բան եմ համարում, եթե միայն հանրությունը չխաբվի, որովհետև նրա մեջ մի հատված կա, որի խելքն իրենը չէ խաբված լինելու, ինքնախաբեության համար: Հիշենք, թեկուզ կեղծ ընդդիմադիր ուժերից, որոնք ասպարեզ է նետել իշխանությունը ընտրություններից առաջ, ժողովրդի մի զգալի մասը խաբվել է մի քանի անգամ:

ՀԱԿ-ը կեղծ ընդդիմությո՞ւն չէր:

Չէ, ՀԱԿ-ը կեղծ ընդդիմություն չէր, կարծում եմ՝ ուղղակի ինչ-որ մի պահից սկսած ընտրվեց քաղաքական կոնյուկտուրայում գործելու, զանգվածային շարժումը քաղաքական ինտրիգներով փոխարինելու մարտավարություն, որի պատճառով կորցրեց ընդդիմության անվերապահ առաջատարի իր դերը:

  1. Կոմպրոմատային հավասարակշռությունը խախտվում է
    Մեր զրուցակիցն է Ստեփան Դանիելյանը
    15:40 17/05/2013
  2. Խնդիրը Արմավիան չէ, այլ հայկական ավիացիայի ոչնչացումը
    Մեր զրուցակիցն է հրամանատար օդաչու, ՀՀ առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի`«Ֆենիքս Ավիայի» հիմնադիր Հակոբ Ճաղարյանը
    09:53 16/05/2013
  3. ՀՀԿ-ի տրոհումն անխուսափելի է
    Այսօր նյութական հնարավորությունների սակավությունը կարող է փոխհատուցվել քաղաքացիների ակտիվությամբ և կոմունիկացիոն գործիքների ճիշտ կիրառմամբ:
    10:07 14/05/2013
  4. Այնպիսի երկրում չենք ապրում, որ քվեն տանք ու հանգիստ ապրենք
    Մեր զրուցակիցն է Երևանի ավագանու ընտրություններում «Բարև, Երևան» դաշինքի ցուցակի 10-րդ համար, «Ես Yes» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը:
    14:14 11/05/2013
  5. Գուցե ապահով Հայաստանը մեկուկես միլիոն մարդու համար է
    Կարծում եմ՝ առկա քաղաքական «թիմերի» հետ այլևս հույսեր չկան, ասում է Հրանուշ Խառատյանը
    10:05 10/05/2013
  6. ՀՀԿ-ի դեմքերը «ֆեյս կոնտրոլ» անգամ չեն անցնի
    Բացի ոստիկանությունից՝ շատ կարևոր ուղղություններ մնում են չլուծված՝ կապված ՊԵԿ-ի Գագիկ Խաչատրյանի, դատական համակարգի կոռումպացված լինելու հետ, ասում է Էդգար Բաղդասարյանը
    20:50 07/05/2013
  7. Հայաստանը պետք է դժվար որոշումներ կայացնի
    Lragir.am-ի բացառիկ հարցազրույցը Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսի հետ
    17:19 07/05/2013
  8. Փոփոխությունը տեղի է ունենում ամենաանսպասելի պահերին
    Այժմ, կուտակվող աննկատ, սակայն հուժկու դժգոհության լավան կայունության երաշխիք հաստատ չի կարող լինել, ասում է Հայկ Մարտիրոսյանը
    13:51 06/05/2013
  9. Դասեր քաղելու կարիք չկա, պարզապես կարելի է նորովի ապրել
    Մարդիկ սովորում են հորիզոնական հարաբերություններ հաստատել միմյանց հետ, ասում է ռեժիսոր Դավիթ Ստեփանյանը
    13:42 04/05/2013
  10. Ոստիկանապետը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնել
    Ոստիկանությանը շատ ավելի ապահով է իշխող ռեժիմի կողմը կանգնելը, քան թե նոր վերաբաշխմանը միտված ընդդիմությանը աջակցելը, ասում է Սարո Սարոյանը
    11:29 04/05/2013