Մեր փողատերերի կենսակերպը փլուզվելու է

    • Հարցազրույց - Երկուշաբթի, 16 Հուլիսի 2012, 17:04

Մեր զրուցակիցն է ազգագրագետ Աղասի Թադևոսյանը

Աղասի, խորհրդարանական ընտրություններից հետո շատերը խոսում էին թե քաղաքական, թե քաղաքացիական դաշտերի լճացման մասին: Մինչդեռ “Հարսնաքարի” դեպքից հետո շատերը հասարակական վերարթնացման պրոցես են նկատում:

Հայաստանն այսօր շատ արագ փոփոխություններ ապրող երկիր է դարձել: Ըստ էության, ձեր նշած վերարթնացման գործընթացը սկիզբ առավ 2008-ին, երբ դաշտը աշխուժացրեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հետո, մարտի 1-ից հետո ինչ-ինչ պատճառներով նա թուլացրեց իր ակտիվությունը, և շատ մարդիկ, ովքեր դուրս էին եկել գոյություն ունեցող կյանքի ձևը փոխելու, մնացին կես քայլի դիրքում: Իրենց մոտ առաջացավ այդ քայլը շարունակելու ձգտում: Այդ ժամանակ սկիզբ առավ արդի քաղաքացիական ակտիվությունը թե մտքի, թե գործողությունների ոլորտում: Այս փուլում աշխուժացան նաև բնապահպանական շարժումները, հետո քաղաքային մշակույթի օլիգարխիկ (այս բառը շատ պայմանականորեն եմ օգտագործում, հասկանալով, որ մեծ շռայլություն է օլիգարխ հասկացութունը մեր փողատերերից շատերի համար կիրառելը) տեսանկյանը հակադրվող քաղաքացիական շարժումները: Այս երիտասարդական ուժերն այսօր առավել կենսունակներն են, ակտիվը: Կարող է երբեմն թվալ, թե նրանք նաև ծայրահեղական են, քանի որ հաճախ չեն համաձայնվում համակերպվել որևէ կիսատ լուծման հետ: Այսինքն, այդ գործընթացի վերարթնացումն ավելի վաղ է եղել: Ասենք օրինակ, Մաշտոցի պուրակի շարժումը: Մինչ այդ էլ բնապահպանական այլ շարժումներ կային` Թռչկանը, Թեղուտը և այլն: Սրանք, չնայած պայմանավորված են պետական իշխանությունը տնօրինող փողատերերի դասի ռացիոնալ կառավարման կամքի բացակայության ու նաև ունակությունների անբավարարության հետևանքով երկրում առաջացած ապրելու ու գործելու օրեցօր վատթարացող ծայրահեղ անբարենպաստ իրավիճակով, բայց ունեն նաև ինքնուրույն տրամաբանություն: Դրա պատճառներից առանցքայինը, կարծում եմ, կապված է Հայաստանում անհատականության տիպի փոփոխության հետ: Այս շարժումներում կան շատ երիտասարդներ, ովքեր իրենց ինքնության ձևակերպման համար ավտորիտար հեղինակությունների ու նրանց ձևավորած իդենտիֆիկացիոն կաղապարների կարիքը չունեն: Նրանք չեն ընդօրինակում ու վերարտադրում օլիգարխ հորջորջվող փողատերերի կենսակերպն ու տեսակետները: Ավելին, նրանք դրա դեմ դուրս են գալիս պայքարի ու հաճախ նաև ցույց տալիս դրանց մարդատյացությունը, հակազգային ու հակապետական էությունը:

Այսօր տարբեր խմբեր, հիմնականում միջին ու երիտասարդ տարիքի ինտելեկտուալներ, քաղաքացիական կեցվածքի երիտասարդներ փորձում են Հայաստանում ձևավորել նոր ու արդիական իդենտիֆիկացիոն կոդեր, որոնք բնականաբար բախվում են միջնադարյան ֆեոդալների դղյակները հիշեցնող պարսպապատ տներում ապրող և հասարակությանը չհիմնավորված իռացիոնալ մեծամտությամբ ու արհամարհանքով վերաբերվող փողատերերի իդենտիֆիկացիոն կոդերին ու տեսանկյուններին: Այս խմբերը բավական դինամիկ կերպով ձևավորում են սեփական մշակույթը, կամ որ այս դեպքում նույնն է՝ սեփական իշխանությունը տարածելուն ուղղված շարժումներ: Բնական է, որ մեր փողատերերի ֆեոդալական կենսակերպը հաշված տարիներում փլուզվելու է: Եկել է տրանսֆորմացիաների շրջանը: Առաջիկա տասնամյակը, կարծում եմ, կլինի անհանգիստ: Հնարավոր է նաև փոթորկոտ: Ովքեր հասկանան սա ու փոխեն իրենց ունեցվածքի ու իշխանության վերարտադրության մեթոդները, նրանք բնականաբար կդառնան փոխակերպվող Հայաստանի տնտեսական համակարգի համամասնակիցները, ովքեր փորձեն ուժով պահպանել հինը, հնարավոր է կորցնեն ամեն ինչ: Ուժն այսօրվա աշխարհում իշխանությունը պահելու ամենապրիմիտիվ միջոցն է: Ձևավորվող գործընթացները, բնական է, որ առաջացնում են նաև նոր ուժերի կողմից հանրային տարածքի փոխակերպմանն ուղղված շարժումներ, որոնք հիմնականում ուղղված են լինելու տարածքների հանդեպ փողատերերի հավակնությունները սահմանափակելուն, ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ Հայաստանի ողջ տարածքում:

Ակնհայտ է, որ Հայաստանում իշխանության ներկայիս պրիմիտիվ ու մոնոտոն պատկերը առաջիկայում դիֆերենցվելու է ու դառնա ավելի բազմաշերտ: Համենայնդեպս, նշածս նոր ուժերն արդեն ունեն իրենց իշխանությունը, և եթե պետական իշխանությունը չվերակառուցվի այդ հանգամանքը հաշվի առնելով, ապա կհայտնվի լուրջ ճգնաժամի մեջ:

Այսօրվա մեր այսպես կոչված օլիգարխիան ունի պրիմիտիվագույն կառուցվածք: Այն գործում է թաղային կիսակրիմինալ “վլաստի” սկզբունքով: Այդ պատճառով էլ փորձում է վերարտադրել մարդկանց համար հենց նման իդենտիֆիկացիոն ֆորմաները՝ “մեր լավ ախպեր”, “թագավոր ախպեր”, “լավ տղա”, “շնորհքով տղա”, “թասիբով տղա”, “ընկեր տղա”, “թաղի տղա”, “հարգված տղա” և այլն: Ազգարյունակցականության կամ դրացիության սկզբունքի վրա մեխանիկորեն վերարտադրվող իդենտիֆիկացիոն կառուցվածքները նախնադարին ու վաղ միջնադարին բնորոշ համայնական երևույթներ են: Դրա համար էլ մեր այդ փողատերերի իշխանություն էլ նման է նախնադարյան ցեղային առաջնորդի կամ վաղմիջնադարյան ֆեոդալի իշխանությանը, որի ուժային բազան զինված հրոսակախումբն է: Եվ հիմա հայտնվել են նոր մարդիկ, ովքեր ասում են, որ այդ հնավանդ իդենտիֆիկացիոն կառույցներին այլտընտրանքների կարիք կա: Հակառակ դեպքում այս խավարամիտները տանուլ կտան Հայաստանն ամեն առումով: Կքայքայեն ազգաբնակչության բնակության համար անհրաժեշտ բնաէկոլոգիական միջավայրը, երկրի կարող ու կիրթ բնակչությանը կմղեն արտագաղթի, բնակչության մեծ մասին կպահեն խրոնիկական, այսինքն՝ ինքնավերարտադրվող աղքատության մեջ և այլ բազում չարիքներ:

Կարելի է ասել, որ ներկայիս հակադրությունների ու բախումների հիմքում առաջին հերթին ընկած են աշխարհայացքային խնդիրներ: Եվ ըստ էության, Հայաստանում գնալով արմատական կարևորություն է ստանալու բարոյական՝ չարի ու բարու պայքարի հարթությունը:

“Հարսանքարի” միջադեպից հետո թեև Ռուբեն Հայրապետյանը պատգամավորական մանդատը վայր դրեց, բայց սա պայքարի ալիքը չթուլացրեց, ավելին, միևնույն խնդրի շուրջ երկու նախաձեռնություններ են ձևավորվել: Սա որքանո՞վ արդյունավետ կլինի և արդյոք պայքարի տրամաբանությունը չի՞ թուլացնի:

Նախ ճշտենք` ինչ ի նկատի ունենք պայքարի արդյունավետություն ասելով: Եթե խնդիրը Ռուբեն Հայրապետյանին նույնպես պատասխանատվության ենթարկելուն է վերաբերում, սա մի հարց է: Այսինքն, երբ խնդիրը ձևակերպվում է որպես մասնավոր դեպք, որն իր լուծումը պետք է ստանա օրենքի դաշտում: Բայց եթե արդյունք է համարվում այն, որ քրեաօլիգարխիկ համակարգը պետք է փլուզվի, ուրեմն դա ավելի լայն նպատակ է: Բայց միգուցե ոչ թե պետք է հարուստներին ունեզրկել ու դատել, այլ ներկայիս անօրեն փողատերերի ստեղծած համակարգը հանրային շարժումների ճնշման տակ տրանսֆորմացիայի ենթարկել և օրենքի դաշտ բերել. սա էլ այլ նպատակ է: Այսինքն, կարծեք թե նպատակները մի փոքր խառնված են, ինչի պատճառով էլ մեկ շարժումը կարծեք թե բավարար չէ բոլորին միավորելու, ու առաջացել են ճյուղավորումներ: Նույնիսկ տարբեր խմբերի կողմից հնչում են փոխադարձ քննադատություններ, մեղադրանքներ: Աղմուկ հանողները շատացել են: Իսկ աղմուկի դեպքում խոսքի լսելիության հնարավորությունը նվազում է: Կարծում եմ հարցն այստեղ հստակ է, կա հասարակական հնչեղություն ստացած հանցագործության դեպք, և բոլոր տեսակի շարժումների գլխավոր նպատակը պետք է լինի հանցագործությունը օրենքի շրջանակներում բացահայտելը և բոլոր մեղավորներին պատժելը: Մնացած բարոյագիտական ճառերը, սկսած ընկերության ու տղայության մասին հիշատակումներից և ընդհուպ մինչև Աստծուն ու սրբազան ուժերին հղումներ անելը աղմուկն ուժեղացնելուն է ուղղված:

Կարելի է իհարկե խնդիրը մեկնաբանել նաև բարոյական դաշտում: Բարոյական դաշտ ասելով ի նկատի ունեմ այն, որ չարիք են գործել, մարդու կյանք է խլվել, և այս չարիքի որջը պետք է փակել, որպեսզի այն դադարի հասարակության մեջ շարունակաբար տարածվելուց և չարագործություններ սփռելուց: Եթե բարոյական դաշտում ենք տեղավորում պայքարը, այն դառնում է չարիքի որջի դեմ ուղղված պայքար` ընդհուպ մինչև չարիքի վնասազերծումը, հասարակությունից դրա մեկուսացումը, կամ դրա բնույթի փոփոխությունը: Այս դեպքում արդեն կարևոր է ձևակերպել չարիքը: Արդյոք դա օլիգարխ Ռուբեն Հայրապետյանն է մարդասպանների իր թիկնազորով հանդերձ, թե՞ ողջ օլիգարխիկ համակարգը:

Աղասի, շատերի մոտ կար այն կարծիքը, որ Ռուբեն Հայրապետյանի տուն չպետք է գնային մոմավառության օրը, քանի որ դա շատ ներքին անձնական խնդիր է:

Մարդիկ գտնում են, որ այդ տանտիրոջ ձևավորած ու նրա ձեռքով կերակրվող, թանկարժեք մեքենաներով պտտվող ու հասարակությունում վախ տարածող մարդասպանները, եթե իրենց իրավունք են վերապահում, խախտելով բոլոր սահմանները, մտնել մինչև մարդու կյանքի ու հիմնարար այլ իրավունքների տարածք, ապա իրենք էլ իրավունք ունեն համարժեքորեն հակադարձման: Եթե մեկը հանդգնում է հրապարակավ հայտարարել, որ ինքն իրավունք ունի իր կամքը հաշվի չառնողներին ծեծել, ապա պետք է պատրաստ լինի, որ հասարակությունում կգտնվեն մարդիկ, ովքեր իր նման մտածելով կմտնեն նաև իր անձնական տարածք իր հանդեպ նմանապես վարվելու ցանկությամբ: Այսինքն, կան իրավունքի և բարոյականության սահմաններ, որոնք եթե ինչ-որ մեկը այդ տվյալ հասարակությունում խախտում է, ապա պատրաստ պետք է լինի, որ դա իր նկատմամբ էլ կարող է կիրառվել: Այսօր, գաղտնիք չէ, որ Հայաստանում կա ցինիզմի բարձրակետում հայտնված մոլորյալ փողատերերի մի զանգված, որը ծայրահեղ արհամարհական վերաբերմունք ունի մարդկային իրավունքների, ընդհուպ մինչև կյանքի իրավունքի հանդեպ: Նրանք, մինչև չզգան այն, որ իրենց ստեղծած սպառնալիքները սպառնալիք են նաև հենց իրենց հանդեպ, չեն կարող վերափոխվելու պատրաստակամություն դրսևորել:

Ինչ վերաբերում է կոնկրետ այդ օրվա իրադարձությանը, ապա դրանում կար նաև շատ հետաքրքիր, արխետիպային հնավանդության ծիսականություն: Մարդիկ գնացել էին անմեղ զոհի սպանության վայր, որն ընկալվում է որպես չարիքի օջախ, որպեսզի զոհի սպանվելու տեղում չարին հաղթահարելու նպատակով մոմավառությամբ ոգեկոչեին բարուն: Ոստիկանությունը նրանց դա արգելեց: Նրանք էլ շուռ եկան ու գնացին այդ չարիքի մեկ այլ վայր, մեջքով շրջվեցին դրա հանդեպ՝ ի նշան հասարակությունից չարիքի խորհրդանշանային մեկուսացման: Զուտ ծիսական առումով սա նույնպես բացատրելի ու ընկալելի է ինձ համար: Այս առումով հետաքրքրաշարժ է, որ նույնիսկ ոստիկանների գործողությունները ղեկավարող պատասխանատուն իր խոսքում չդիմացավ ու հղումներ կատարեց սրբազան ուժերին, ֆուկցիոնալ առումով հայտնվելով բարոյախոս քահանայի կարգավիճակում, դրանով իսկ կոմիկական էլեմենտ մտցնելով իրավիճակի ծիսականության դաշտում:

Այս ամենն իհարկե բացատրում է կատարված վանդալիզմի և դրա աղբյուրի հանդեպ ցուցարարների գործողության համարժեքությունը ու տրամաբանությունը: Սակայն խնդիրը ես տեսնում եմ այնտեղ, որ ցուցարարները եթե նպատակ ունեն իրավիճակը փոխելու, ապա պետք է դուրս գան այն իդենտիֆիկացիոն հարթությունից, որը ձևավորել են հենց այն ուժերը, ում դեմ որ պայքարի են դուրս եկել մարդիկ: Խնդիրը պետք է լինի նոր, ավելի հզոր իդենտիֆիկացիոն կառույցներ ձևավորելը, որը հնարավորություն կստեղծի հասարակության մեծամասնությանը համաձայն դրանց վերաձևակերպելու իրենց ինքնությունը: Այսինքն, քաղաքական խնդիրն այս պահին ես տեսնում եմ ոչ այնքան բուն քաղաքական (կամ տրադիցիոն կերպով քաղաքական բնորոշվող), որքան մշակութային դաշտում: Հարցը ոչ այնքան այդ փողատերերի հետ հասարակության շահերի համապատասխանեցման, որքան ի հակակշիռ այսպես կոչված օլիգարխականի, նոր իդենտիֆիկացիոն կոդերի ու կառույցների ձևավորումը, որը հնարավոր կդարձնի հասարակության մեջ նոր ու բազմազան տեսանկյունների ձևավորումն ու դրանց փոփոխականության անընդհատականությունը: Եթե հարցին այս տեսանկյունից նայենք, ապա ցուցարարներն առայժմ կրկնում են փողատերերին, քանի որ վերարարտադրում են անտագոնիզմը ու դրանից բխող թշնամանքը: Դրա համար եմ ասում, որ մեզ նոր մոտեցումներ են պետք: Ավելի կատարյալ, որոնք ուղղված կլինեն ոչ թե օլիգարխի ոչնչացմանը, այլ փոխակերպմանը:

Հնարավո՞ր է հասարակությունն ինքնակազմակերպվի, և, ըստ Ձեզ, ո՞րը պետք է լինի ինքնակազմակերպման վերջնական արդյունքը:

Ամբողջ հարցն այն է, որ մեր հասարակությունը միատարր չէ, հասարակության տարբեր խմբեր տարբեր նպատակներ ունեն: Բայց որքանով նկատել եմ, դրանց գրեթե բոլորի հիմնական նպատակը մյուսներին իր նման դարձնելն է: Դա փորձում է անել իշխանությունը և այն էլ հաճախ մեր վճարած հարկերի հաշվին: Դա են փորձում անել գյուղացիները, մեծ ու փոքր քաղաքների թաղերում ապրող տղամարդիկ ու կանայք, այսպես կոչված “լավ տղերքը”, ովքեր ամեն օր իրենց կյանքից մի երեք-չորս ժամ տրամադրում են անկյուններում անիմաստ հարցեր քննարկելուն: Դա են փորձում անել դպրոցական երեխաները, ուսանողները, նրանց դասավանդող դասախոսները և այլոք: Եվ այս իրավիճակում հայտնվել են մարդիկ, որոնք ասում են, որ այսպես ապրելը սխալ է, և մենք այլ ձև ենք առաջարկում` լինել ակտիվ քաղաքացի և մասնակցել քեզ վերաբերող որոշումների կայացմանը, ազդել դրանց վրա, ձևավորել այնպիսի հանրային միջավայր, որտեղ մարդիկ թե էսթետիկորեն և թե էթիկապես իրենց ռեալիզացված ու բավարարված կզգան: Բայց երբեմն այս շարժումներում էլ նկատվում են ինքնության վրա գործադրվող ճնշումներ, երբ մարդիկ, ձևավորելով իդենտիֆիկացիոն նոր ֆորմաներ, սկսում են ճնշում գործադրել դրանք ընդունելու համար: Սկսվում է մոտավորապես հետևյալ բովանդակություն կրող կեղծ բարոյագիտական քարոզը. եթե դուք ձեզ համարում եք բարոյական մարդ, ապա պետք է լինեք մեր շարքերում, մեր կողքին, քանի որ մենք բարին ենք, մնացածը՝ չարը կամ մենք այս երկրի փրկիչներն ենք, և դուք պետք է սատարեք մեզ և այլն: Մարդիկ, ովքեր իրենց համարում են քաղաքացիական ակտիվիստներ, սկսում են հայհոյել նրանց, ովքեր նախընտրում են ավանդական ապրելաոճը, կամ նրանք, ովքեր իրենց համարում են ժամանակակից, սկսում են անհանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել պահպանողական հայացքներ ունեցողների հանդեպ: Ու նորից կանգ ենք առնում այդ չհաղթարված անտագոնիզմի առջև, որը կառուցված է չարության էլեմենտի վրա:

Նորույթը, որը կարող է արմատական լինել մեզ համար, կարծում եմ, այդ չարությունն ու անտագոնիզմը հաղթահարելը պետք է լինի: Հարցն այն չէ, որ բոլորը միատեսակ լինեն: Հակառակը, հարցը տարբերությունների վերարտադրության կարողությունը զարգացնելու մեջ է, որին հնարավոր է հասնել բարությամբ կամ, այլ կերպ ասած՝ հանդուրժողականությամբ: Ինձ ամենից շատ դուր չի գալիս այսօր մեր հասարակության մեջ գոյություն ունեցող անտագոնիզմը: Մինչև վերջ չարության էլեմենտը մտել է մեր մեջ, և մինչ այժմ գոյություն ունեցող պայքարները չարության, փոխժխտման ու դիմացինին ոչնչացնելու սկզբունքի վրա են կառուցվում: Բանը հասավ նույնիսկ խորհրդանշական թաղում կազմակերպելուն: Հաջորդ քայլը թվում է արդեն կլինի մոգությունը, բնության ոգիներին կանչելը կամ միստիկ բնույթի ինչ-որ մի այլ բան: Ես չեմ գտնում, որ որևէ մեկի դերը պետք է գերիշխող լինի, իսկ դրա համար հասրակությանն անհրաժեշտ են զորությամբ օժտված տարբեր խմբեր: Զորություն ասելով, նկատի ունեմ մյուսներին օգտակար արդյունք ստեղծելու կարողությունը:

Հարցերից մեկն էլ բոլոր օլիգարխներին օրենքի առաջ կանգնեցնելն է, քանի որ կան փաստեր, որ նրանցից շատերն են կյանքեր խլել:

Թիրախների ընտրությունը ոչ թե մարդկանց դեմ շարժումներ ծավալելն է` հակառուբենհայրապետյանական, հակասամվելալեքսանյանական, հակագագիկծառուկյանական, կամ հեղափոխական իրավիճակ ձևավորելու նպատակով այդ բոլոր շարուժումների միավորումը և հեղափոխական վիճակների ձևավորումը, այլ ապրելու, համագործակցելու նոր ձևեր գտնելը: Իհարկե, ասածս չի նշանակում, որ հանցագործությունը կարելի է հանդուրժել ու մեղմորեն վերաբերել այն ծնող պատճառներին: Եթե անհրաժեշտ լինի, ամենաթողությունն ու արտոնյալությունը հովանավորող բոլոր փողատերների, կամ իշխանավորների դեմ էլ նման թիրախային շարժումներ պետք է ծավալել: Բայց ասածս այն է, որ դա մեր հասարակության գլխավոր խնդիրը չէ: Գլխավորը հարաբերությունները համաձայնեցված օրենքների դաշտ տեղափոխելն է, ինչը պետք է արվի անտագոնիզմը հնարավորինս բացառելու ճանապարհով: Պետք է հաշվի առնել, որ այսօր մեր հասարակությունում տարբեր խավեր կան, և խելամիտ կլինի ջանքերը ներդնել բոլորի համար հավասարապես համագործակցելու ու ռեալիզացվելու միջավայր ստեղծելու գործում: Կարելի է մերժել այն, ինչը ձևավորում է չարություն: Բայց, միևնույն ժամանակ, եթե չստեղծենք բարին վերարատադրելու ավելի ազդեցիկ ֆորմաներ, ապա մարդիկ կշարունակեն իրենց ինքնությունները ձևակերպել չարության դաշտում, ու չարիքի փոքրագույնը անընդհատ կմնա մեր հասարակության ընտրության հիմնական հեռանկարը:

Սահմանադրականության վերականգնելն են ուզում, համենայն դեպս հաճախ հենց դա է բարձրաձայնվում:

Այդ ե՞րբ է Հայաստանում սահմանադրական կարգ եղել, որ հիմա էլ ուզում են վերականգնել: Սահմանադրական կարգը հաստատվելու կարիք ունի: Բայց դրա համար անհրաժեշտ է ժողովրդավար անհատների զգալի քանակ կամ վստահության հզոր ու ազդեցիկ ինստիտուտի ձևավորում, որը հնարավոր կդարձնի ավելի քան մեկ միլիոն չափահաս քաղաքացու կողմից երկրում սահմանադրական կարգ հաստատելու վստահության քվեի հանձնումը սահմանափակ թվով ժողովրդավար անհատներին: Նվազագույնը երաշխավորված պետք է լինի սահմանադրական կարգի գոնե հասարակական պահանջի ձևավորումը, ինչը հայաստանյան հասարակությունում այսօր չկա: Այլ կերպ սահմանադրական կարգի հաստատումը ես չեմ պատկերացնում:

Ենթադրենք, թե ինչ-որ հեղափոխական ճանապարհով ռեժիմը փոխվի, ու մի 40 օլիգարխի էլ բանտարկենք ու նույնիսկ ցմահ ազատազրկենք: Հետո՞, ո՞րն է մեր քայլը, ո՞վ է այդ սահմանադրական կարգը հաստատողը, ինչպե՞ս է որոշվելու, որ մենք իրեն վստահում ենք: Չէ՞ որ այդ կոչերը բարձրացնողներից մեկը 1995 թվականին երկրի նախագահ էր: Ինչո՞ւ տապալեց հանրաքվեն ու ազատ ընտրությունները Հայաստանում: Միայն Չարենցից հրապարակավ բանաստեղծություններ կարդալը այսօր արդեն բավարար չէ վստահություն ձևավորելու համար:

Այս պայքարների արդյունքում այնքան նեգատիվիզմ է մտել մեր կյանք, որ ես դադարել եմ համակրել այդ շարժումները: Փոխադարձ ատելության մթնոլոտում իրար ոչնչացնող արտահայտություններով խմբերը ինձ համար անհնարին են դարձնում ապրումակցման հնարավորությունը: Լավագույն դեպքում առաջարկվում են սիմպատիկ, համակրանքի հենքի վրա կառուցվող հարաբերություններ, որը միևնույն է սահմանափակում է մարդու ինքնությունը և պարտադրում այդ շարժման իդենտիֆիկացիոն կոդը, որպես պարգև կրծքիցս կախելով, ասենք օրինակ, “ինքնորոշված քաղաքացի” մեդալը:

Քաղաքացիական խմբերը օլիգարխին դիտարկում են որպես թշնամի: Բայց եթե ուզում են հասարակությունը փոխվի, ապա անհրաժեշտ է պայքարել ժողովրդավար հանրային տարածքներ ձևավորելու համար, որտեղ մարդիկ պարտադիր չէ, որ կիսեն քո կարծիքը, կարևորն այստեղ ազատության ու անհատի իրացման գոտիների ձևավորումն է: Կոմունիկացիոն նոր մեթոդների ներդրման, փոխճանաչողության խողովակների ձևավորման կարիք կա: Թե չէ ասում են առավել առաջադեմ երիտասարդները պետք է գան տապալեն սրանց և Հայաստանը փրկեն կործանումից… սա նոր միֆ է: Իրականում նման բան հնարավոր չէ: Դրա համար էլ հաճախ իրականության գունազարդումը ընթանում է վախճանաբանական ու աշխարհաստեղծման միֆոլոգիային բնորոշ ոճաբանությամբ: Հայաստանը չի կործանվում: Այն շատ արագ տեմպերով փոխվում է, և որքան շատ մարդ մասնակցի նոր բան ստեղծելուն, այնքան լավը կլինի մեր կյանքը:

Հնարավո՞ր է հետադեմ ուժերն իրենց գործելաոճում փոփոխություն մտցնեն, մոդեռնանան, այլ գործելաոճ որդեգրեն:

Այս պահին դա դժվար է պատկերացնել այն պատճառով, որ մարդիկ դեռևս չեն հասկացել անտագոնիստական, թշնամական փոխհարաբերությունների կործանարարությունը, անիմաստությունը: Իրենց թվում է, թե այսպիսի հարաբերությամբ իրենք գալու են մի քանի հոգու պատժեն, բանտ նստեցնեն և ազգը փրկեն: Այդպես չի լինում, այդպես դեռ ոչ մի պետություն չի կայացել: Միշտ էլ գլուխները ջարդելուց հետո անհրաժեշտություն է եղել ստեղծել նոր ֆորմաներ: Եթե հնարավոր է նոր ֆորմաներ ստեղծել առանց գլուխները ջարդելու, ուրեմն լավ կլինի այդ ճանապարհով շարժվել: Ինչո՞ւ մենք այդքան չենք սիրում մեր փողատերերին: Որովհետև իրենք ատում են մեզ: Իրենք չեն սիրում նաև ինքնուրույն ու մտածող մարդկանց: Որովհետև նրանց պատկերացումներում իշխանությունը հավերժ է, իսկ մտածողներն այդ հավերժության համար վտանգավոր են: Այն մարդիկ, ովքեր այսօր իշխանության են, դրանք պետական ինստիտուտների միջոցով թաղային մակարդակի “վլաստ” վերարտադրողներն են: Զոռբայությունը որպես թաղային իշխանության հիմք հիշատակվում է դեռևս 19-րդ դարին վերաբերող ազգագրական աղբյուրներում: 1970- ականներին ինչ-որ բան փոխվեց այդ “վլաստի” մեջ, թաղային մակարդակում “վլաստը” անցավ այսպես կոչված “նստած-հելած”-ների ձեռքը: Այսօր պետական մակարդակով իշխանության այդ պրիմիտիվ ձևն է իրացվում: Սա իհարկե հասարակության մի շարք շրջանակների համար վրդովեցուցիչ է: Եթե մեր հասարակությունը լիներ բացառապես թաղային արժեքներ ունեցող հասարակություն, ոչ մի վտանգավոր բան չէինք տեսնի, և դա շատ համարժեք կլիներ մեզ: Բայց խնդիրն այն է, որ հասարակությունում իրենց ինքնությունը ստեղծագործորեն ձևավորող ու վերարտադրող անհատականությունների մի խումբ կա, ում մշակութային կապիտալի դիապազոնը շատ ավելի լայն է, քան պետական աթոռներին նստած տարբեր կարգի թաղի տղերքինը: Եվ դա պրոբլեմ է առաջացրել, քանի որ այս մարդիկ ավելի լավ են տեսնում աշխարհը, ավելի լայն ու ավելի բազմազան:

Արտաքին աշխարհի հետ Հայաստանի փոխհարաբերման տարապատկերն էլ նրանց ավելի լայն է երևում, քանի որ բացի նյութական արժեքների փոխանակությունից, այս խմբերն ունակ են նաև արտաքին աշխարհի հետ փոխանակային գործընթացներին մեր հասարակության մասնակցությունը բարձրացնել նաև վերացական արժեքների հարթություն: Այսինքն՝ եթե թաղի տղերքի իշխանությունը Հայաստանը աշխարհի հումքային կցորդից բացի ուրիշ բան դարձնելու ունակություն չունի, ապա այս մարդիկ կարող են Հայաստանը կցորդից վերածել տենդենցների ձևավորմանը համամասնակից երկրի: Իսկ սա փոխում է երկրի զարգացման ողջ ներքին քաղաքականությունը, քանի որ դրա արդյունքում մարդը սկսվում է դիտվել ոչ թե պատահականորեն հարստացած թաղի տղերքին պատկանող հանքերում աշխատող բանվորներ կամ ասֆալտ փռողներ, այլ մտավոր արդյունքներ, վերացական ու նյութական արժեքներ ստեղծելու ունակ մարդիկ, ովքեր կարող են Հայաստանը դարձնել համամարդակային արժեքների ձևավորմանը մասնակցող հասարակություն: Եվ քանի որ գործող խումբը, իր “վլաստային” մենթալիտետով սահմանափակում է Հայաստանի՝ աշխարհում առաջ գնալու, զարգանալու հնարավորությունները և, վերջին հաշվով, մեր ապրելու հնարավորությունը, մենք էլ ասում ենք` դուք չեք կարող լինել իշխանություն: Այստեղ է խնդիրը: Սակայն իշխանությունը փոխելու համար ամպայման չէ իրար գլուխ ջարդել: Անհրաժեշտ է ձևավորել նոր որակի իշխանություն հասարակության տարբեր խմբերի ներսում: Դա վերջին հաշվով կփոխի պետական իշխանության բնույթը: Իսկ եթե մեր խնդիրը ոչ թե անձիք են, այլ երևույթներն ու դրանք բնութագրող որակները, ապա դա կարող է հասարակության փոխակերպման հիմնական ձևը դառնալ: Պատասխանելով հարցին՝ ուզում եմ ասել, որ հասարակությունը ինչ-որ մի խումբ չէ, որ գալիս ու վերևից այն փոխում է: Հասարակությունը փոխվում է իր ներքին փոխակերպումների շնորհիվ, իսկ այդ փոխակերպումները կարող են աշխուժանալ ստեղծագործական մոտեցումների շնորհիվ:

  1. Սա ազգային պետություն չէ, այլ կեղեքման և ստրկացման գործիք
    «Համակարգի մեջ որոշումներ կայացնող բոլոր մարդիկ հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցագործներ են և պետք է պատասխան տան իրենց արարքների համար»
    13:10 20/05/2013
  2. Կոմպրոմատային հավասարակշռությունը խախտվում է
    Մեր զրուցակիցն է Ստեփան Դանիելյանը
    15:40 17/05/2013
  3. Խնդիրը Արմավիան չէ, այլ հայկական ավիացիայի ոչնչացումը
    Մեր զրուցակիցն է հրամանատար օդաչու, ՀՀ առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի`«Ֆենիքս Ավիայի» հիմնադիր Հակոբ Ճաղարյանը
    09:53 16/05/2013
  4. ՀՀԿ-ի տրոհումն անխուսափելի է
    Այսօր նյութական հնարավորությունների սակավությունը կարող է փոխհատուցվել քաղաքացիների ակտիվությամբ և կոմունիկացիոն գործիքների ճիշտ կիրառմամբ:
    10:07 14/05/2013
  5. Այնպիսի երկրում չենք ապրում, որ քվեն տանք ու հանգիստ ապրենք
    Մեր զրուցակիցն է Երևանի ավագանու ընտրություններում «Բարև, Երևան» դաշինքի ցուցակի 10-րդ համար, «Ես Yes» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը:
    14:14 11/05/2013
  6. Գուցե ապահով Հայաստանը մեկուկես միլիոն մարդու համար է
    Կարծում եմ՝ առկա քաղաքական «թիմերի» հետ այլևս հույսեր չկան, ասում է Հրանուշ Խառատյանը
    10:05 10/05/2013
  7. ՀՀԿ-ի դեմքերը «ֆեյս կոնտրոլ» անգամ չեն անցնի
    Բացի ոստիկանությունից՝ շատ կարևոր ուղղություններ մնում են չլուծված՝ կապված ՊԵԿ-ի Գագիկ Խաչատրյանի, դատական համակարգի կոռումպացված լինելու հետ, ասում է Էդգար Բաղդասարյանը
    20:50 07/05/2013
  8. Հայաստանը պետք է դժվար որոշումներ կայացնի
    Lragir.am-ի բացառիկ հարցազրույցը Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսի հետ
    17:19 07/05/2013
  9. Փոփոխությունը տեղի է ունենում ամենաանսպասելի պահերին
    Այժմ, կուտակվող աննկատ, սակայն հուժկու դժգոհության լավան կայունության երաշխիք հաստատ չի կարող լինել, ասում է Հայկ Մարտիրոսյանը
    13:51 06/05/2013
  10. Դասեր քաղելու կարիք չկա, պարզապես կարելի է նորովի ապրել
    Մարդիկ սովորում են հորիզոնական հարաբերություններ հաստատել միմյանց հետ, ասում է ռեժիսոր Դավիթ Ստեփանյանը
    13:42 04/05/2013