Հարցազրույց Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ
- «Գազպրոմ» ընկերությունը դիմել է ՌԴ կառավարությանը՝ ԱՊՀ երկրներ մատակարարվող գազի սակագինը թանկացնելու հարցով: Նույնիսկ ՀՀ իշխանություններն են հաստատել տեղեկությունները, որ իրենք հիմա բանակցություններ են վարում գազի սակագնի շուրջ: Ինչպես կմեկնաբանեք կատարվողը:
- Երբ տեղի ունեցան գազի վերջին թանկացումները, Հայաստանի եւ Ռուսաստանի համապատասխան մարմինների՝ Հայռուսգազարդի, ՀՀ իշխանությունների, Գազպրոմի եւ ՌԴ իշխանությունների միջեւ սահմանվել էր գրաֆիկ, որով Հայաստան ներկրվող գազի գինը պետք է համապատասխանեցվեր միջազգային գներին: Մինչեւ այս տարվա սկիզբը Հայաստանը ՌԴ-ից գազը սահմանին գնում էր հազար խորանարդ մետրը 180 դոլարով, ապա այս մեկ տարվա ընթացքում այն պետք է հասնի 300 դոլար եւ ավելի: Գազի սակագինը սահմանին բարձրացել է դեռ այս տարվա հունվարին: Ոչ ոք չգիտի այդ մասին, դա երեւում է միայն ազգային վիճակագրական ծառայության տվյալներում, երբ նայում ես արտաքին առեւտրի հատվածը: Ըստ այդմ՝ գազի գինը սահմանին բարձրացել է՝ հասնելով 220-230 դոլարի: Բայց քանի որ «Հայռուսգազարդը» գերշահույթներ է ստանում, կարիք չեն ունեցել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմելու եւ գազի սակագինը բարձրացնելու հարցում: Իսկ դա տեղի է ունեցել մեկ պատճառով՝ ՀՀ ներսում քաղաքացիների հաշվին «Հայռուսգազարդը» գերշահույթներ է ստանում: Երբ 2009 թ. բարձրացվեց գազի սակագինը, Հայ Ազգային Կոնգրեսը, անհիմն համարելով այն, մեծ աղմուկ բարձրացրեց, դիմեց դատարան: Հիշեցնեմ, որ սահմանին գազը գնում էին հազար խորանարդ մետրը 180, մեզ վաճառում 340 դոլարով, եւ որեւէ մեկը բացատրություն չտվեց, թե ինչու են սահմանից այսկողմ այդքան բարձրացնում գազի սակագինը: Սահմանին գազը 180 դոլարով գնելու դեպքում ՀՀ քաղաքացիներին կարող էին գազը վաճառել առավելագույնը 250 դոլարով: Դատարանը մերժեց բանավոր ընթացակարգով մեր հայցը քննելու միջնորդությունը, չընդունեց մեր հիմնավորումներն ու մերժեց հայցը: Մենք գիտեինք, որ այս օրը գալու է: Հիմա սպասվում է հաջորդ հարվածը. հոկտեմբերի 1-ից սահմանին գազն արժենալու է 280 դոլար, հունվարի 1-ից՝ 320 դոլար: Ու եթե դա իրականություն դարձավ, ապա հետեւանքները բավական ծանր են լինելու:
- Ձեր կարծիքով, ի՞նչ հետեւանքներ կունենա գազի սակագնի բարձրացումը:
- Սպառողներիս համար գազի գինը կբարձրանա, մեծածախ սպառողների համար եւս գինը կբարձրանա, դա կհանգեցնի էլեկտրաէներգիայի գնի բարձրացմանը, կբերի մի շարք ապրանքների գնի թանկացման: Այսինքն՝ այդ ամենը կազդի մեր կենսամակարդակի վրա: Եվ իշխանությունները հասկանում են, որ եթե նման բան լինի, իրենց տված բարձր խոստումները, իրենց կառավարության ծրագրում ներկայացրածը հօդս կցնդեն: Ավելին՝ կառավարության ծրագրում ընդհանրապես հաշվի չի առնված գազի սակագնի բարձրացման հեռանկարը, որի մասին հայտնի էր վաղուց: Եվ այն բոլոր տնտեսական ծրագրերը, որ կազմվել են առանց հաշվի առնելու գազի սակագնի բարձրացումը, ի չիք կդառնան: Եվ մենք ստիպված կլինենք գազի դիմաց վճարել եվրոպական գներից էլ բարձր սակագներով՝ չունենալով համապատասխան աշխատավարձ: ՀՀ իշխանությունները հիմա փորձում են բանակցել, որ առջեւում նախագահի ընտրություններ են, որ գոնե դրանից հետո այս խոսակցությունները տանեն: Բայց կարծես թե ապարդյուն: Իհարկե, կարող են իշխանությունները մինչեւ նախագահի ընտրությունները երկրի ներսում չբարձրացնեն գազի սակագինը, մեզ վաճառեն նույն գնով, որովհետեւ ժամանակին թույլ են տվել «Հայռուսգազարդին» ստանալ գերշահույթներ: Հատուկ հետաքննության նյութ կարող է դառնալ հետեւյալ փաստը. ինչպես եղավ, որ ՌԴ-ն ՀՀ սահմանին գազը վաճառել է հազար խորանարդ մետրը 120-150-180, հիմա էլ՝ 220 դոլարով, բնակչությանը վաճառել են 300-340 դոլարով: Սա ինչ տնտեսություն է, որտեղ 80-100 տոկոս ծախս են անում՝ գազը Հայաստանի տարածքում սպառողներին հասցնելու համար: Իրականում այստեղ գործում է կոռուպցիոն լուրջ սխեմա, որի մասին գիտի նաեւ ռուսական կողմը:
- Թեեւ ասում եք, որ այս բարձրացումը վաղուց է ծրագրված եղել, այնուամենայնիվ, դրա տակ տեսնո՞ւմ եք քաղաքական ենթատեքստ:
- Մարդիկ, ովքեր երեք տարի առաջ ստորագրել են սակագների բարձրացման մասին փաստաթղթերի տակ, շատ լավ իմացել են, որ այս օրը պետք է գար: Երեք տարի հետո սա համընկել է նախագահի ընտրությունների հետ: Բայց այս օրը պետք է գար, չի կարող ընտրությունների պատճառով տնտեսությունը կանգ առնի: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները տեղեկացված ու զգուշացված են եղել, որ «Գազպրոմը» բարձրացնելու է սակագները, եւ նրանք պետք է համապատասխան քայլեր արած լինեին, օրինակ՝ բարձրացնեին աշխատավարձը, թոշակներն ու նպաստները, պետք է պատրաստեին տնտեսությունը այս իրավիճակին: Բայց իրենք մեզ համար ոչինչ չեն արել: Նրանք ոչինչ չեն արել, բացի այն, որ ստեղծել են կոռուպցիոն մեծ ցանց, որը գերշահույթներ է ստանում, եւ անհասկանալի է, թե ուր են գնում այդ գումարները: Հիմա պարզ է, որ այս ամենը քաղաքական շանտաժի տեղիք կտա:
- Իշխանություններն այնքան միամիտ են, որ այս ամենը տեղի է ունենում նախագահի ընտրություններին ընդառա՞ջ:
- Իրենք գնալու են ՌԴ, խնդրելու, որ մինչեւ նախագահական ընտրություններ գազի սակագինը չփոխեն, այլ դրանից հետո իրենց ուզածն անեն: Հետեւանքը կլինի պետականության կորուստը: Գույք պարտքի դիմաց պատմությունը հիշում եք: ՌԴ-ին կխոստանան ինչ-որ բաներ, թեեւ՝ այլեւս չունենք տալու բան: Որոտանի ՀԷԿ-ը կտան, Հայկական ավիաուղիները կտան, ու էլի այն ամենը, ինչ մտնում է Ռուսաստանի հետաքրքրությունների մեջ: Ժամանակին մենք խոսում էինք Իրանի գազամուղի մասին, որ այն լիներ այլընտրանքային տարբերակ: Բայց ոչ, իշխանությունները նվիրվեցին անսահման փող աշխատելու տարբերակին, ու կորցրին անակախությունը, ինքնավարությունը եւ տնտեսական, եւ քաղաքական առումներով:
- Այսինքն՝ առաջիկայում լուրջ խնդիրների՞ ենք ականատես լինելու:
- Միանշանակ: Իշխանությունները ներկայացրել են տնտեսական ինչ-որ ծրագրեր, նախագծեր: Բայց դրանք իրենցից ոչ մի դրական փոփոխություն չեն կարող բերել, դրանց ներքին տրամաբանության մեջ չկա նման բան: Կառավարության ծրագրում չկա մի կետ, որն իրականացնելու դեպքում հնարավոր է, որ մարդիկ ավելի լավ ապրեն, առավել եւս, որ այն որեւէ առնչություն չունի ՀՀ հետ: Սա կարելի է ներկայացնել որպես ցանկացած երկրի տնտեսական զարգացման ծրագիր, որովհետեւ որեւէ առնչություն չունի ՀՀ հետ: Այնտեղ պարզ վերլուծություններ ու ստանդարտ տնտեսական դատողություններ են:
- Հնարավո՞ր է այս ամենի հետեւանքով սոցիալական բունտ հասունանա:
- Սոցիալական բունտը հենց այս պահին էլ կարող է լինել: Այն, ինչ կատարվում է Հայաստանում բոլոր բնագավառներում, ամեն ինչ սոցիալական բունտի նախապայմաններ են: Բայց բունտ դեռ չկա: Սա համարեք հայկական պարադոքս: Բայց այդ սոցիալական ընդվզումը կարող է ցանկացած պահի լինել: Իսկ դա առավել քան վտանգավոր է, որեւէ լավ բան չի խոստանում:
