Մեր զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը
Պարոն Նավասարդյան, կառավարության ծրագիրը որքան էլ Ազգային ժողովում շատերի կողմից կոշտ քննադատության արժանացավ և ձախողված համարվեց, սակայն Արմեն Աշոտյանի կարծիքով` այն մարդակենտրոն ծրագիր է: Ո՞ր տեսակետին եք համակարծիք:
Եթե գնահատենք ծրագրի դեկլարատիվ բովանդակությունը, ապա մարդակենտրոն մոտեցումն ակնհայտ է, սակայն դեկլարատիվ ծրագրերը երբեք չեն իրականացվում, կամ դեկլարացիան պատահաբար համընկնում է օբյեկտիվ զարգացումների հետ, և ստացվում է` ծրագիրը կատարվել է: Ընդհանրապես, Հայաստանում կառավարական ծրագիր ասելով չեմ հասկանում` ինչի մասին է խոսվում. կառավարության ծրագիրը իրենից պետք է ներկայացնի լուրջ ուսումնասիրությունների վրա հիմնված, հստակ քայլերի, բարեփոխումների պլան, որովհետև մեր տնտեսությունն առանց բարեփոխումների ապագա չի կարող ունենալ: Բայց մեզ մոտ այժմեական մասնավոր շահերն այնքան մեծ ազդեցություն ունեն պետական քաղաքականության վրա, որ կառավարական ծրագրով որևէ բան կանխորոշել, կամ որևէ բան նախագծել գրեթե անհնար է: Դա է պատճառը, որ ընդհանրապես մեզ մոտ կառավարական ծրագրի նկատմամբ լուրջ վերաբերմունք չկա ու չի էլ կարող լինել, որովհետև որքան էլ դու ուսումնասիրես օբյեկտիվ իրավիճակն, օբյեկտիվ գործնթացները և անհրաժեշտւթյունները, առանց հզոր մասնավոր շահերի հետ համապատասխանեցնելու, ցանկացած քայլերն անիրականանալի են դառնում: Իսկ եթե գործողություններն սկսում ես համապատասխանեցնել մի քանի ընտանիքների և կլանների շահերի հետ, ապա դա արդեն ծրագիր չէ: Այդ պատճարով էլ կառավարության ծրագրերի քննարկումները մեզ մոտ ավանդաբար գործնական չեն, և ընդամենը արտացոլում են տվյալ պահի քաղաքական կոնյունկտուրան:
Այսինքն` քրեաօլիգարխիկ տնտեսության մեջ նման ծրագիր անհնա՞ր է իրականացնել:
Այո, այդպիսի համակարգերում ծրագիր կազմել և իրականացնել հնարավոր չէ: Կառավարությունը ստիպված հարմարեցնում է իր գործունեությունը օլիգարխիական կլանների շահերին` ճիգեր գործադրելով, որ տնտեսությունն այդ պայմաններում չփլվի: Ի վերջո, մեր կառավարության դերն այն է, որ պետք է կարողանա քիչ թե շատ կայուն տնտեսական իրավիճակ ապահովել այս անընդունելի խաղի կանոններով: Շատ դժվար խնդիր է, և այն էլ ավելի դժվար է իրականացնել տնտեսական ճգնաժամերի պայմաններում, երբ անընդհատ նոր մարտահրավերներ, նոր խնդիրներ են ծագում:
Պարոն Նավասարդյան, այս անգամ Ազգային ժողովում ընդդիմադիր կեցվածք ունեցողները շատ են: Հնարավո՞ր է` 2013-ի ընտրություններին Սերժ Սարգսյանը այնպիսի այլընտրանք ունենա, որը նրա նկատմամբ հաղթանակ կտանի: Ըստ Ձեզ` այդ դեպքում քրեաօլիգարխիկ համակագին վերջ կդրվի՞, արդյոք ցանկացած իշխանափոխություն նշանակո՞ւմ է այդ բուրգը տապալումը:
Տեսականորեն հնարավոր է, որ Հայաստանում ձևավորվի հզոր այլընտրանք, քանի որ մեր ընտրազանգվածի մեծ մասը միշտ հակված է քվեարկել հենց այլընտրանքային թեկնածուների օգտին: Եվ եթե հնարավորություն լինի, որ այդ մեծ մասի կամքն արտացոլվի նաև ընտրությունների պաշտոնական արդյունքներում, ապա շատ հեշտ է պատկերացնել լուրջ այլընտրանքային թեկնածուի հայտնվելը քաղաքական բեմում: Բայց պրակտիկայում խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս անց ենթադրել, որ սկզբունքորեն այլ որակի ընտրական գործընթաց կունենանք, միամիտ կլիներ: Ես այսօր չեմ տեսնում այնպիսի զարգացումներ, որոնք մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ կիրառված տեխնոլոգիաները հօդս կցնդեցնեն: Ակնհայտ է, որ իշխանությունը պետք է վարչական ռեսուրս օգտագործի, բայց առայժմ չկա այն համարժեք հակակշիռ ռեսուրսը, որը կխանգարի դրա օգտագործումը: Եվ սա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում հետևողականորեն, տարիների ընթացքում ոչնչացվում էր ընդդիմադիր քաղաքական դաշտը: Այսօր, ի դեմս ընդդիմության, բոլոր քաղաքական ուժերն անխտիր ունեն լուրջ տրանսֆորմացիայի կարիք, քանի որ ընդդիմության (և ոչ միայն) շարքերում բացակայում է քաղաքական ուժ, որ վստահորեն կարող է իրեն կայացած համարել, որն ունի հստակ առաջնայնություններ և կողմնորոշումներ, կուսակցական շինարարության ծրագիր:
Նաև ԲՀԿ-ն պե՞տք է ճշգրտի` ի վերջո ընդդիմությո՞ւն է, թե ոչ:
ԲՀԿ-ն մի կուսակցություն է, որը ձևավորված է իշխանական վերնախավի ներսում հարաբերությունների հավասարակշռման համար: Եվ հիմա անհրաժեշտ են լուրջ ներքին բարեփոխումներ, որ նա establishment-ի կուսակցությունից դառնա իրոք ընդդիմադիր կուսակցություն: Դրա համար և անձերի փոփոխություն է անհրաժեշտ, և պետք է ձեւավորվեն ներկուսակցական դեմոկրատիայի մեխանիզմներ: Եթե դա չկա և եթե կուսակցությունում ամեն ինչ կախված է մեկ կամ, լավագույն դեպքում, երկու-երեք անձերից, այն չի կարող ներկայանալ որպես արդյունավետ ընդդիմություն: Ընդդիմադիր կուսակցության համար Հայաստանի պայմաններում անհրաժեշտ է, որ նրա առաջատար դեմքերը պատրաստ լինեն պայքարել, դեմ լինեն անսկզբունքային գործարքներին, հարմարվողական դիրքորոշումների: Այդպիսի կուսակցություն ԲՀԿ-ն դեռ չի և հաստատ մինչև նախագահական ընտրություններ նույնիսկ ցանկության դեպքում չի հասցնի դառնալ:
Պարոն Նավասարդյան, 2007-2008-ին ընդդիմության առումով մենք ա՞յլ քաղաքական ուժի, որակի մասին էինք խոսում, այս դեպքում ինչո՞ւ փոշիացավ:
Եթե մենք խոսում ենք ՀԱԿ-ի մասին 2007-2008 թթ., ի վերջո բոլորս, այդ թվում ՀԱԿ-ի անդամներն իրենց առջև պետք է ազնիվ լինեն և խոստովանեն, որ դա մեկ մարդու քաղաքական ուժ էր, որն ուներ մի քանի արդյունավետ աջակիցներ: Այսինքն` եթե ՀԱԿ-ից հանում ես Լևոն Տեր-Պետրոսյանին, որևէ այլ թեկնածու այդ քաղաքական ուժից հաջողություն չէր կարող ունենալ, և ինքը դաշինքն էլ չէր ձևավորվի: Հետևաբար նաև համեմատաբար բարձր արդյունքները Երևանի ավագանու ու Ազգային Ժողովի ընտրություններում նույնպես չէինք տեսնելու: Հիմա, եթե նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցի 2013-ի նախագահական ընտրություններին, ապա դա նրա` ընտրություններին վերջին մասնակցությունն է լինելու: Իր ելույթներից էլ տեսնում ենք, որ նա գնացող քաղաքական գործիչ է, և, ըստ երևույթին, գերադասում է զբաղվել գիտությամբ, գրքեր գրելով, և քաղաքական շփումները նրան այլևս չեն գայթակղում: Ուրեմն ՀԱԿ-ին անհրաժեշտ է նույն կարգի ծանրակշիռ մի առաջնորդ: Բայց կարճ ժամանակում շատ դժվար է ապացուցել, որ նոր առաջնորդն ունի այն խարիզման, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ կարող է միավորել մարդկանց և տարբեր խմբերին իր անձի շուրջ: ՀԱԿ-ի համար երկրորդ տարբերակը` դառնալ ոչ թե մեկ մարդու շուրջ հավաքված քաղաքական ուժ, այլ ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված կառույց, ինչի համար էլ ավելի շատ ժամանակ է պետք, քան նոր առաջնորդ գտնելը:
Հարսնաքարի դեպքը ավելի խոցելի չի դարձնո՞ւմ ՀՀԿ-ին: Ըստ Ձեզ` որքանո՞վ է Սերժ Սարգսյանին թուլացնում նախագահական ընտրություններից առաջ Ռուբեն Հայրապետյանին չպատժելը և այդպես էլ հարցի շուրջ դիրքորոշում չունենալը:
Մեզ մոտ կան անձինք, որոնց կշիռը, ազդեցությունը հիմնականում պայմանավորված է քվեարկություններում ձայն բերելու կարողությամբ: Եւ այդպիսիները գնահատվում էին սկսած 1990-ի ընտրություններից: Ձայն բերողներին կարող են մի թեթև նեղել, բայց լուրջ պատժել Հայաստանի որևէ քաղաքական իշխանություն պատրաստ չէ: Չգիտեմ` արդյոք պատրաստ կլինի հետո, երբ քիչ թե շատ ձեւավորված եւ կայունացած լինի իշխանության բուրգը նախագահական ընտրությունների արդյունքում: Եթե կոնկրետ Ռուբեն Հայրապետյանի մասին խոսենք, գուցե անլուրջ թվա, բայց նրա դեպքում կարևոր գործոն կարող է դառնալ նաև Հայաստանի ֆուտբոլի հավաքականը. դա իշխանության համար բավականին մեծ դեր է խաղում: Դա այն քիչ երևույթներից է մեր կյանքում, որ դրական լիցքերով է սնում մարդկանց: Ֆուտբոլում առաջընթացն էլ անմիջականորեն կապում են ֆեդերացիայի նախագահի անձի հետ, եւ այսօր, ըստ իս, մեր ղեկավարները չեն ցանկանա այդ դրական լիցքերը վտանգի տակ դնելու:
Պարոն Նավասարդյան, նախորդ ընտրություններին ասում էիք, որ Արևմուտքին խոստումներ են տրվել անցկացնել այլ որակի ընտրություններ, արդյոք տեղյա՞կ եք` ի՞նչ խոստումներ են տվել նախագահական ընտրություններից առաջ:
Անցած խորհրդարանական ընտրություններն առանձնանում էին նախորդներից: Թեև արդյունքների արդարության առումով նույնն էին, բայց օգտագործված մեխանիզմներով տարբերվում էին: Եվ եթե 2013-ի նախագահական ընտրություններում իրական հզոր այլընտրանքային թեկնածու չլինի, այդ դեպքում կեղծիքների մեխանիզմներն էլ ավելի քիչ կօգտագործվեն, քան 2012-ի խորհրդարանական ընտրություններում: Եվ այդ նպատակով իշխանությունները քաղաքական դաշտը ձգտում են այնպիսին դարձնել, որ լինեն թեկնածուներ, որոնք ուղղակի բազմազանություն ապահովող են, ոչ թե լուրջ մրցակիցներ: Մի քանի ամիս է մնացել ընտրություններին, բայց մենք չգիտենք` Ժառանգության, Դաշնակցության, ՀԱԿ-ի թեկնածուները ովքեր են: Չգիտենք`ԲՀԿ-ն սատարելո՞ւ է Սերժ Սարգսյանին, թե սեփական թեկնածու է առաջադրելու: Այդպիսի անորոշության պայմաններում դժվար է աճեցնել թեկնածուներ, որոնք կկարողանան լուրջ հավակնություններ ներկայացնել:
Վարդան Օսկանյանի հետ կատարվածը պայմանավորում եք նախագահական ընտրություններին հնարավոր այլընտանք լինելու հանգամանքո՞վ:
Ես հակված եմ մտածել, որ այդ քայլը ոչ այնքան Վարդան Օսկանյանի դեմ է, որքան ԲՀԿ-ի, որպեսզի այդ կուսակցությունը հանգի նրան, որ պետք չէ այլընտրանք լինել, ավելի լավ է միանալ և սատարել գործող նախագահին, իսկ նախագահական ընտրություններից հետո վերադառնալ կոալիցիա:
ԲՀԿ-ի ստեղծման օրից ասում են, որ սա Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունն է: Ըստ Ձեզ` քաղաքական լուրջ ընդդիմադիր բևեռ դառնալու համար այդ գործոնը որքանով կխանգարի:
Այդ գործոնը բացառում է ԲՀԿ-ի իրական ընդդիմություն դառնալու հեռանկարը: Այսօրվա իր կարգավիճակով այն կարող է միայն միջկլանային պայքարի բևեռներից մեկը լինել: Ընդհանուր առմամբ, ես այն համոզման եմ, որ մեզ անհրաժեշտ են բավական արագ նոր խորհրդարանական ընտրություններ, քանի որ մեր քաղաքական դաշտի մեծ մասը հոգնած է և ինչ-որ տեղ բավարարված ունեցածով: Իրեն քնից հանելու, արևի տակ տեղի համար պայքարի մղելու, միգուցե նոր քաղաքական խաղացողներին ի հայտ բերելու լավագույն միջոցը հենց ընտրություններն են: Մանավանդ որ այսօրվա սոցիալական, քաղաքական պայմաններում նոր ընտրությունները կարող են խթանել հասարակական ակտիվությունը և ժողովրդավարացման գործընթացները:
