Պայթյունն անխուսափելի է

    • Հարցազրույց - Չորեքշաբթի, 20 Հունիսի 2012, 13:17

Մեր զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ, պատմաբան Սարո Սարոյանը

Սարո, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից դաժան ծեծի է ենթարկվել և այս պահին ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում ՊՆ հոսպիտալի բժիշկ Վահե Ավետյանը: Սակայն գործի ընթացքը հետաքրքիր է` ոստիկանությունից գործը ուղարկում են ՊՆ քննչական վարչություն, այնտեղից նորից ոստիկանություն: Ներսիկ Նազարյանն էլ ասում է`Ռուբեն Հայրապետյանը ինչի՞ պետք է պատասխան տա: Ինչի՞ հետևանք է գործի նկատմամբ այս մոտեցումը:

Մինչ հաստավիզ օլիգարխի ձերբակալությունը, գործի հետագա ընթացքի հարցում անորոշությունն էր իշխում պատկան մարմիններում, քանի որ որոշում կայացնողները միայն պատկան մարմինները չէին: Երկիրը քրեական վարքով օլիգարխիկ կլանների ձեռքին է, և նրանցից մեկին առնչվող գործ է սա: Նման դեպքերում մինչև ընդհանուր համաձայնության չգան իրավապահ մարմիններն ու տվյալ շահագրգիռ օլիգարխը (օլիգարխները), գործը օդում կախված է մնում: Այս պահին եղած ձերբակալությունները ցույց են տալիս, որ գործը վարելու ինչ-որ տեսլական արդեն կա նշածս սուբյեկտների մոտ: Այլ հարց է, թե պայմանավորվածությունների դաշտում ստեղծված ինչ նպատակ կարող է թաքնված լինել իրավապահ մարմինների այդ գործողությունների մեջ:

Ծեծված բժիշկներից մեկը պատմում է եղելությունը, ըստ որի` սա միտումնավոր կազմակերպված ջարդ է եղել:

Դիտավորությունն անկասկած է: Ըստ քրեական մտածողության՝ կատարվել է սուբորդինացիայի խախտում՝ ցածր սոցիալական աստիճան զբաղեցնող հաճախորդը կլանի “պապայի” սահմանած կանոնները ոչ միայն վիճարկել է, այլ նաև հասցրել է քամահրանքի ու կատակի աստիճանի: Այսինքն` իր “ստորին” դիրքից ապտակ է հասցրել մեծն “պապայի” հանճարեղ որոշումը ու դրա համար պետք է պատժվեր:

Սարո, Սերժ Սարգսյանը քաղաքական կամք կդրսևորի՞ խնդիրը մինչև վերջ տանելու համար: Ռուբեն Հայրապետյանն այդքան կարևոր ֆիգուր է, որից հրաժարվելն անգամ մարդկային կյանքի գնով չի՞ լինում: Սա մարդակե՞ր իրականություն է:

Նեմեց Ռուբոն ներկա վարչախմբի հիմնասյուներից մեկն է: Սերժ Սարգսյանի համար նժարի մի կողմում վարչախմբի պահպանման համար կատարած նրա ծառայություններն են, իսկ մյուս կողմում` «ինչ-որ» սպաներ, որոնց ներդրումը կոնկրետ Սերժի շահերի տեսանկյունից ոչինչ չի ներկայացնում: Վարչախմբի համար ներկա որոշումների կայացման գործընթացում մի քիչ հապաղելու պատճառը գործի հրապարակայնացումն ու քաղաքացիական շրջանակների ընդվզումն է, որոնք խնդիրներ կարող են ստեղծել հետագայում: Ուստի պետք է այնպես անել, որ համ գայլերը կուշտ լինեն, համ “ոչխարները”՝ լուռ:

Սարո, նպատակը մինչև նախագահական ընտրություններ գայլերին կուշտ պահելն է, իսկ ոչխարներին էլ` լո՞ւռ:

Որքան քաղաքացիներն արթուն լինեն ու իրենց իրավունքների համար պահանջատեր, այնքան գայլերը սոված կմնան և քշված կլինեն քաղաքակրթությունից ու նրա ստեղծած բնակավայրերից հեռու: Նախագահական ընտրությունները խորհրդանշական բնույթ ունեն և գայլային համակարգի ինչ-որ փուլերի սահմանաբաժանն են գծում: Իհարկե, հասարակության համար դա լավ առիթ է քրեաօլիգարխիկ համակարգի վախճանին հասնելու համար:

Հասարակությունը ի՞նչ պետք է անի քրեաօլիգարխիկ վախճանին հասնելու համար:

Այն, ինչ մասնակիորեն արեցին քաղաքացիները Մաշտոցի պուրակում կամ Մխիթար Ալումյանը նախագահական նստավայրի առջև: Այն է` պետք է դրվի խնդիր` ազատվել քրեօլիգարխիկ ռեժիմից, այդ խնդրի լուծմանը հասնելու համար հասարակությունը պետք է պայքարի գիտակցում ունենա և ճիշտ թիրախ ընտրի, այնպիսի թիրախ, որը կբերի ռեժիմի տապալմանը: Այնուհետև, իրավական վեճի միջոցով, ՀՀ օրենսդրությամբ իրեն տրված լծակները օգտագործելով` թակարդում բռնել Սահմանադրությունը և օրենքները խախտած ռեժիմին ու անձնազոհ գործողությամբ տապալել կլանային ողջ համակարգը: Եթե, օրինակ, Ալումյանի դեպքում խնդիր էր դրված անձնազոհ գործողությունների միջոցով իրեն պատկանող անձնական սեփականությունը ռեժիմից պոկելուն, իսկ Մաշտոցի պուրակում թիրախն այնպիսին էր, որը չնայած մեծ դիմադրության միջոցով, սակայն ի վերջո ռեժիմը համակերպվեց պուրակը հանրությանը վերադարձնելուն, ապա հիմա հասարակությունը միակ խնդիր պետք է ունենա` հասնել քրեաօլիգարխիկ համակարգի վախճանին, և դրա համար մի կոնկրետ համընդհանուր թիրախ ընտրի, այնպիսի թիրախ, որի շուրջ կհամախմբվեն հասարակության մաքսիմալ թվով պայքարող քաղաքացիական շրջանակները: Կարծում եմ` վերջին ամիսներին քաղաքացիական նախաձեռնությունների փորձը և անգամ այս օրերին «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ հանրության ընդվզումը ի վերջո բերելու են նկարագրածս իրավիճակը գործնական դրսևորմանը:

Հիմա էլ բժիշկները պետք է բոյկոտե՞ն:

Այս դեպքով հասարակական ընդվզումը կարող է միայն բերել հանցավոր տարրերի պատասխանատվության կանչելուն: Սա այն թիրախը չէ, որը կշոշափի հասարակական լայն շերտերի շահերը և պայքարի օջախ կստեղծի ընդդեմ քրեաօլիգարխիկ վարչախմբի: Ամիսների ընթացքում կատարվող խմորումների ընթացքում է, որ քաղաքացիական լայն շերտերը կարող են համախմբվել ընդդեմ ռեժիմի: Դրա համար ձեր նշած դեպքով քաղաքացիական առանձին պայքարի մի օջախ է միայն ստեղծվում, որը հերթական մի օղակ կարող է դառնալ արդեն իսկ հասարակության շրջանում տեղ գտնող խմորումների ողջ գործընթացի համար:

Օդում կուտակված պայթյո՞ւն եք զգում:

Պայթյունն անխուսափելի է: Թե երբ կլինի, առայժմ հնարավոր չէ ասել, բայց հավատալու և փոխելու մասին խոսող վարչախումբն ամեն ինչ անում է, որ իրեն չհավատան, քանի որ նախ ինքը պետք է հավատա ու փոխվի: Իսկ նա հավատում է միայն իր ամենազորությանը: Ժողովրդական ճշմարտությամբ՝ «կարմիր կովը իր կաշին երբեք չի փոխում», և հետևաբար մի օր նրա կաշին կփոխի Սահմանադրությամբ իշխանություն ունեցող միակ սուբյեկտը: Այդ առումով հետաքրքիր օրինակներ են տալիս պատմական դրվագները, նաև ոչ վաղ անցյալում արաբական աշխարհում տեղ գտած դեպքերը:

  1. «Կասկած կա, որ յուրացվել են հարկատուների հաշվին ձևավորված միջոցները»
    Մեր զրուցակիցն է Transparency International ՀԿ-ի փոխտնօրեն Սոնա Այվազյանը
    10:27 22/05/2013
  2. Սա ազգային պետություն չէ, այլ կեղեքման և ստրկացման գործիք
    «Համակարգի մեջ որոշումներ կայացնող բոլոր մարդիկ հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցագործներ են և պետք է պատասխան տան իրենց արարքների համար»
    13:10 20/05/2013
  3. Կոմպրոմատային հավասարակշռությունը խախտվում է
    Մեր զրուցակիցն է Ստեփան Դանիելյանը
    15:40 17/05/2013
  4. Խնդիրը Արմավիան չէ, այլ հայկական ավիացիայի ոչնչացումը
    Մեր զրուցակիցն է հրամանատար օդաչու, ՀՀ առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի`«Ֆենիքս Ավիայի» հիմնադիր Հակոբ Ճաղարյանը
    09:53 16/05/2013
  5. ՀՀԿ-ի տրոհումն անխուսափելի է
    Այսօր նյութական հնարավորությունների սակավությունը կարող է փոխհատուցվել քաղաքացիների ակտիվությամբ և կոմունիկացիոն գործիքների ճիշտ կիրառմամբ:
    10:07 14/05/2013
  6. Այնպիսի երկրում չենք ապրում, որ քվեն տանք ու հանգիստ ապրենք
    Մեր զրուցակիցն է Երևանի ավագանու ընտրություններում «Բարև, Երևան» դաշինքի ցուցակի 10-րդ համար, «Ես Yes» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը:
    14:14 11/05/2013
  7. Գուցե ապահով Հայաստանը մեկուկես միլիոն մարդու համար է
    Կարծում եմ՝ առկա քաղաքական «թիմերի» հետ այլևս հույսեր չկան, ասում է Հրանուշ Խառատյանը
    10:05 10/05/2013
  8. ՀՀԿ-ի դեմքերը «ֆեյս կոնտրոլ» անգամ չեն անցնի
    Բացի ոստիկանությունից՝ շատ կարևոր ուղղություններ մնում են չլուծված՝ կապված ՊԵԿ-ի Գագիկ Խաչատրյանի, դատական համակարգի կոռումպացված լինելու հետ, ասում է Էդգար Բաղդասարյանը
    20:50 07/05/2013
  9. Հայաստանը պետք է դժվար որոշումներ կայացնի
    Lragir.am-ի բացառիկ հարցազրույցը Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսի հետ
    17:19 07/05/2013
  10. Փոփոխությունը տեղի է ունենում ամենաանսպասելի պահերին
    Այժմ, կուտակվող աննկատ, սակայն հուժկու դժգոհության լավան կայունության երաշխիք հաստատ չի կարող լինել, ասում է Հայկ Մարտիրոսյանը
    13:51 06/05/2013