Փուչիկներից խուսափելը դժվար է

  • Հարցազրույց - 19 Հունիսի 2012, 18:50

Հարցազրույց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Գիերմո Տոլոսայի հետ

Պարոն Տոլոսա, ԱՄՀ գործադիր խորհուրդը Հայաստանին հերթական վարկային միջոցները տրամադրելու որոշում կայացրեց: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը բավարարո՞ւմ է ԱՄՀ պահանջներին:

Հայաստանն ԱՄՀ-ից կստանա վարկի նոր մասնաբաժին, դա մոտավորապես կկազմի 50 մլն դոլար: Դա Հայաստանի կողմից ծրագրի շրջանակներում համաձայնեցված գրեթե բոլոր պայմանների կատաման արդյունք է: Այդ պայմաններն են` բյուջեի դեֆիցիտի կրճատում, միջազգային պահուստների որոշակի մակարդակի պահպանում, խիստ զգուշավոր մոտեցում այն պարտքի հարցում, որը ներգրավվում է: Դա նշանակում է նաև Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության ընդլայնման հարցում ցուցաբերվող խիստ զգուշավորություն: Կատարողականը գնահատվել է մինչև նախորդ տարվա դեկտեմբերի վերջը: Նոր պատվիրակությունը, որը կժամանի Հայաստան սեպտեմբեր ամսին, կգնահատի մինչև հունիսի վերջի դրությամբ դրսևորված կատարողականը: Կան այլ հենանիշեր, որոնք վերաբերում են մյուս ոլորտներին, մասնավորապես` սոցիալական ոլորտի, ֆինանսական հատվածի և հարկային քաղաքականությանն առնչվող որոշակի չափանիշներ, որոնք ապահովվել են:

ԱՄՀ գործադիր խորհրդում ներկայացված են բոլոր անդամ պետությունները` բացառությամբ երեք կամ չորս պետությունների: Սա կարող ենք համարել միջազգային հանրության կողմից հավանության նշան երկրում իրականացվող մակրոտնտեսական քաղաքականությանը: Այս որոշմանը դեմ կամ առարկող որևէ երկիր չի եղել: Այսինքն` ընդհանուր կարծիք կա անդամ պետությունների մոտ, որ Հայաստանը լավ է կատարում մակրոտնտեսական, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը: Արևմուտքում գտնվող այլ անդամ պետությունների համեմատ Հայաստանը շատ ավելի լավ տեսք ունի այսօր: Շատ երկրներում դժվար է եղել հատկապես ճգնաժամից հետո իջեցնել բյուջեի դեֆիցիտը: Եթե 2009 թվականին Հայաստանի դեֆիցիտը կտրուկ բարձրացավ` հասնելով մինչև 8 տոկոսի, ապա 2011 թվականին Հայաստանին հաջողվեց այն իջեցնել մինչև ՀՆԱ-ի 2.7 տոկոսի, ինչը շատ տպավորիչ էր:

Ո՞ր ուղղություններով են ծախսվելու այդ գումարները, ինչ ծչագրեր են իրականացվելու:

Գումարի մոտավորապես կեսը կուղղվի բյուջետային աջակցությանը, այսինքն` ընդհանուր բյուջեի շրջանակում կծախսվի: Ընդհանուր մակրոտնտեսական քաղաքականությանն է դա սատարելու, չկա կոնկրետ մի ծրագիր, որին այն կապակցված կլինի: Մյուս կեսն ուղղվում է Կենտրոնական բանկին` միջազգային պահուստների մակարդակը համալրելու համար, որը կարող է օգտագործվել այն դեպքում, երբ արտաքին միջավայրի վատթարացում տեղի ունենա: Այդ միջոցները կարող են այդ ժամանակ օգտագործվել, որպեսզի մեղմվի բացասական ազդեցությունը:

Մի կողմից դրական է, որ միջազգային կառույցները վստահում են Հայաստանին և շարունակում արտոնյալ պայմաններով վարկային ռեսուրսներ հատկացնել, բայց մյուս կողմից կտրուկ ավելանում է երկրի արտաքին պարտքի բեռը: Որոշ հաշվարկներով` Հայաստանում դեռևս չծնված երեխան արդեն պարտք ունի: Նպատակահարմա՞ր է արդյոք, որպեսի Հայաստանի պես երկիրը հետճգնաժամային տարիներին անընդհատ ավելացնի պարտքի չափը:

Մեր կարծիքով, պարտքի ներկայիս մակարդակը կայուն է: Մենք մեր զեկույցում հրապարակել ենք նաև որոշակի վարժություններ, որոնք ցույց են տալիս, որ անգամ շատ ավելի վատ պայմաններում պարտքի այս ցուցանիշը շարունակում է կայուն լինել: Կայուն ասելով նկատի ունենք, որ պարտքի մարման հետ կապված խնդիրներ չեն ծագի: Դրա պատճառներից մեկն այն է, որ պարտքի մակարդակը դեռևս զգալի ցածր է այն մակարդակից, որը համարվում է պարտքի վտանգավոր մակարդակ այնպիսի երկրների համար, որոնց եկամտի մակարդակը հավասար է Հայաստանի եկամտի մակարդակին: Բացի այդ, բավական բարենպաստ պայմաններով է վարկը տրամադրված: Այսինքն` այն գումարները, որոնք յուրաքանչյուր տարի պետական բյուջեով նախատեսվում են պարտքի մարման համար, բավական կառավարելի գումարներ են, շատ մեծ չափերի չեն հասնում: Սակայն վերջին մի քանի տարիներին արձանագրվել է պարտքի կտրուկ աճ, ինչն, իհարկե, պայմանավորված է ճգնաժամով: Հայաստանի նոր սերունդները պարտքի ավելի մեծ բեռ կունենան: Բայց միևնույն ժամանակ հուսով ենք, որ նոր սերունդը կունենա ավելի շատ միջոցներ այդ պարտքը մարելու համար: Այդ միջոցները կստացվեն նաև հենց այն ներդրումներից, որոնք կատարվել են այդ պարտքի միջոցների հաշվին:

Այսինքն` դուք այսօր տեսնում եք նախադրյալներ, որ մոտ ապագայում բնակչության եկամուտների ա՞ճ է լինելու:

Այժմ արդեն նկատվում է որոշակի աճ եկամուտներում, ճգնաժամից հետո նկատում ենք, որ ամեն տարի որոշակի աճ կա: Ինչ-որ առումով նաև տեսնում ենք, որ արդարացված էր պարտքը վերցնելու ռազմավարությունը, որովհետև տնտեսությունը սկսում է վերականգնվել, և մյուս կողմից էլ եկամուտներն են ավելանում: Սակայն դրա հետ մեկտեղ պետք է նշեմ, որ այս չափի տնտեսության համեմատ կառավարության ստացած եկամուտներն անհամեմատ փոքր են: Կառավարությունը պետք է ակտիվացնի եկամուտներն ավելացնելու ջանքերը:

Այսինքն ստվերի դեմ պայքարն ակտվացնելու կո՞չ եք անում:

Այո: Ստվերային տնտեսությունը զարգացող երկրների մեծ մասում խնդիր է: Սակայն Հայաստանն այն երկիրն է, որտեղ շատ ավելի մեծ են տնտեսության ստվերային հատվածը կրճատելու հնարավորությունները: Մեր համոզմունքն այն է, որ կառավարությունը կարող է տնտեսությունից շատ ավելին ստանալ, քան այսօր է ստանում: Այսինքն` ասածս այն է, որ ավելի շատ կարող են պայքարել ստվերի դեմ, քան այսօր պայքարում են:

Իսկ, ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը, որ ակտիվ պայքար չի մղվում: Գուցե հենց մենաշնորհներն են խանգարում:

Մեր կարծիքով, որոշ աշխատանքներ կատարվել են ստվերային տնտեսության դեմ պայքարելու ուղղությամբ: Օրինակ` հիմա Հայաստանում շատ ավելի հեշտ է կատարել հարկային պարտավորությունները: Շատ դեպքերում գործընթացը կարելի է ուղղակի էլեկտրոնային եղանակով իրականացնել: Ինչպես նաև ավելի շատ են պարզաբանումները այն օրենքների վերաբերյալ, որոնք վերաբերում են հարկ վճարողներին: Պետեկամուտների կոմիտեից դուրս գործում է գանգատարկման հանձնաժողովը, որը հավատ է ներշնչում հարկ վճարողներին, որ իրենք պաշտպանված են: Որոշակի աշխատանքներ են կատարվում նաև ռիսկային չափանիշների վրա հիմնված ստուգումներ իրականացնելու ուղղությամբ: Այսինքն` ստուգվում են հիմնականում այն ընկերությունները, որոնք ենթադրվում է, որ խուսափում են հարկերի վճարումից: Ընդհանուր կարծիքն այնպիսին է, որ բավական բարելավվել է վիճակը: Քանի որ ավելի հեշտացել է հարկային պարտավորությունների կատարումը, ավելի փոքրացել է հավանականությունը, որ ընկերությունները կընտրեն ստվերային հատվածը: Այսինքն` իրենք արդեն դժվարություններ չեն ունենում և գործում են ֆորմալ դաշտում: Սակայն, միևնույն ժամանակ, դեռ կան դժվարին օրակարգային հարցեր, որպեսզի այդ բարեփոխումները հասցվեն իրենց վերջնակետին: Մի շարք պատճառներ կան, որ այսօր օրակարգային հարցերի շարքը մեծ է: Դրանց մի մասը պայմանավորված է հարկային վարչարարության մարմնի ենթակառուցվածքի անկատարությամբ: Նախատեսվում է նոր ծրագիր իրականացնել Համաշխարհային բանկի միջոցներով, որի արդյունքում Պետեկամուտների կոմիտեն կկարողանա կատարելագործել իր ծրագրային ապահովումը, ինչպես նաև տեխնիկական վերազինումը: Դա կարողությունների խնդիր է, այդ թվում` նաև վերլուծական կարողությունների: Եվ, իհարկե, միգուցե ավելի ընդգրկուն առումով պաշտոնյաների շրջանում թերըմբռնում կա այն հարցում, թե ինչպես պետք է իրենք իրենց աշխատանքն իրականացնեն, որպեսզի ստվերը կրճատեն: Դա ընդհանուր կառավարությունում ավելի շատ կարողությունների հարցին է առնչվում, ինչն էլ միգուցե պայմանավորված է ցածր աշխատավարձերի խնդրով: Կարող է նաև այլ պատճառներ էլ կան, չգիտեմ:

Վերջին տարիներին Հայաստանում ավելացավ աղքատության ցուցանիշը, արտագաղթի ծավալները նույնպես աճում են: Ըստ Ձեզ, ինչի՞ արդյունք է սա:

Ճիշտ է, եկմուտներն ավելացել են և ավելանում են, սակայն դրանք դեռևս շատ ցածր են, քիչ են: Դա կառավարությանը հնարավարություն չի տալիս ապահովելու այն տարրական ծառայությունները, որոնք կօգնեն նվազեցնել աղքատությունը, այնպես անել, որպեսզի մարդիկ չարտագաղթեն: Սա մենք կոչում ենք սոցիալական ապահովության ցանցեր: 2009 թվականի ճգնաժամից հետո շատ պետություններ կարողացան ավելի շատ օժանդակել այն մարդկանց, ովքեր հայտնվում են ավելի դժվար իրավիճակում, որը պայմանավորված էր հենց այդ երկրներում ավելի ամուր սոցիալական ցանցերի առկայությամբ: Օրինակ` գործազրկության նպաստների տրամադրումը, անվճար որակյալ առողջապահական ու կրթական ծառայությունների մատուցումը, ծառայություններ, որոնք ուղղակի կենսական կամ առանցքային նշանակություն ունեն, որոնք թույլ են տալիս, որ քաղաքացիները դուրս գան ճգնաժամային իրավիճակից, որոնք վատ ժամանակներում կանխում են արտագաղթի և աղքատության աճը: Այսինքն` շատ ավելի ռեսուրսներ են հարկավոր, շատ ավելի մեծ աշխատանք պետք է կառավարությունն իրականացնի, որպեսզի կարողանա ստեղծել այդ համապատասխան ցանցը, որը հնարավորություն կտա մի կողմից աղքատության մեջ չհայտնվել, մյուս կողմից պահել Հայաստանը:

Իսկ այդ ամենը մոտ ապագայում իրագործելու նախադրյալներ տեսնո՞ւմ եք:

Մեր կարիքով, եթե այդ բարեփոխումները մոտ ապագայում իրականացվեն, շատ արագ իրավիճակը Հայաստանում կփոխվի: Այլ երկրներում սովորաբար երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի բարեփոխումներն արդյունք տան, իրավիճակը փոխվի: Սակայն Հայաստանում դրանց արդյունքը կարող են շատ ավելի արագ զգալ: Դա պայմանավորված է նաև նրանով, որ շատ ավելի մեծ է միջազգային հանրության կողմից ցուցաբերվող հետաքրքրությունը ներդրումներ կատարելու և գիտելիքը Հայաստանին փոխանցելու հարցում: Դա առաջին հերթին պայմանավորված է Սփյուռքի գործոնով: Կառավարության որոշակի օղակներում կան նաև շատ կոմպետենետ որոշում կայացնողներ: Հնարավորություն կա ազատ առևտուր իրականացնելու Եվրոպայի հետ, որը բավական մեծ տարածաշրջան է: ԱՊՀ տարածաշրջանը ևս դինամիկ ձևավորվող տարածաշրջան է: Այսինքն` բազմաթիվ են հնարավորությունները, որոնք Հայաստանը կարող է օգտագործել, որպեսզի արագ այդ հարցերը լուծվեն:

Բայց այդ հարցերը լուծելու համար առաջին հերթին ներդրումային միջավայրը պետք է բարելավվի: Ինչպե՞ս եք գնահատում ներկայիս վիճակը:

Եթե գործարար միջավայրը բարելավվի, դա էլ կբերի իրավիճակի շտկմանը: Ներդրողների համար, ովքեր մարդիկ են, որոնք հետաքրքրված են աշխատատեղերի ստեղծմամբ, թե հայաստանցի, թե օտարերկյա, նրանց կյանքը շատ է դժվարանում: Այսինքն` այնքան էլ կայուն և հիմնավոր քաղաքականություն չէ այն, որ դժվարացվում է նրանք կյանքը, ովքեր հայերի համար աշխատատեղեր են ստեղծում: Բայց նաև դա իրողություն է: Գործարար միջավայրի օժանդակության և աջակցման առումով բավական վճռորոշ քայլեր են անհրաժեշտ, շրջադարձ է պետք: Այդ խնդրի լուծման դեպքում ոչ միայն կավելանա ներդրողների թիվը ԱՄՆ-ից, այլև Ռուսաստանից, Եվրոպայից և հենց նույն Հայաստանից: Սակայն դեռ շատ անելիքներ կան:

ԱՄՀ-ն Հայաստանի համար այս տարի մոտ 4 տոկոսանոց տնտեսական աճ է կանխատեսում, այնինչ Սերժ Սարգսյանը կառավարության արտահերթ նիստում հայտարարեց, որ նոր կառավարության գերխնդիրներից է լինելու այս տարվա համար 7 տոկոսանոց տնտեսական աճի ապահովումը: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

Դուք ճիշտ նկատեցիք, մեր կանխատեսումներով 4 տոկոսից մի փոքր ցածր է լինելու աճը: Սա մեր ակնկալիքն է ներկայիս քաղաքականության պայմաններում: Սակայն քաղաքականության փոփոխության դեպքում շատ ավելի մեծ հնարավորություն կա այս աճի արագ տեմպի ապահովման համար: Կարելի է 7 տոկոս ակնկալել, ինչու ոչ` 10, բայց դրա իրագործման համար քաղաքականության փոփոխություն է անհրաժեշտ:

Վերջին ժամանակահատվածում սրվել է դոլար-դրամ փոխարժեքի հարցը: Ի՞նչ կանխատեսումներ ունեք այս հարցում և որոնք են դոլարի արժևորման դրական ու բացասական կողմերը:

Ճկուն փոխարժեքի ցանկացած ռեժիմի դեպքում, ինչը նշանակում է, որ փոխարժեքը տատանվում է շուկայական ուժերի ազդեցությամբ, այլ ոչ թե կառավարության կամ այլ ուժերի ազդեցությամբ, շատ դժվար է կանխատեսումներ կատարելը: Դոլարի արժևորումը երկրի համար մի շարք դրական հետևանքներ ունի: Դա հայկական ապրանքներն ավելի մրցունակ է դարձնում արտասահմանում, այսինքն` դոլարային արտահայտությամբ Հայաստանում արտադրվող ապրանքներն ավելի էժան են դառնում: Իսկ դա ավելի է մեծացնում հավանականությունը, որ այլ երկրների քաղաքացիները կցանկանան գնել հայկական ապրանքներ: Դա հնարավորություն է ստեղծում Հայաստանի արտահանման ծավալների ընդլայնման համար, ինչն էլ ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում: Միաժամանակ, դա ունենում է նաև բացասական հետևանքներ: Որոշ մարդիկ, ովքեր դոլարով վարկեր են վերցրել, դժվարությունների են հանդիպում դրանց սպասարկման հարցում: Սա որպես հիշեցում է դառնում որոշ մարդկանց համար, որ այնքան էլ լավ գաղափար չէ դոլարով վարկ վերցնելը:

Բայց միաժամանակ դոլարի արժևորումը հանգեցնում է ներկրվող ապրանքների գների աճին: Երկրում արդեն իսկ նկատվում է գնաճ, հնարավոր կլինի՞ այս պայմաններում տարվա ընթացքում գնաճի ցածր մակարդակ պահպանել:

Ճիշտ նկատեցիք, ներկրվող ապրանքների գներն աճում են, սակայն դա միաժամանակ որոշակի հնարավորություններ է ստեղծում ներքին արտադրողների համար`ավելի նպաստավոր գներով մրցելու ներկրվող ապրանքներների հետ: Պարտադիր չէ, որ դա բացասական հետևանք ունենա տնտեսության համար:

Միաժամանակ, եթե նայում ենք դրամ-եվրո և դրամ-ռուսական ռուբլի փոխարժեքին, ապա այստեղ նույն վիճակը չէ, ինչ որ դոլարի պարագայում է: Մի քանի կետով դրամն արժևորվել է ինչպես եվրոյի, այնպես էլ ռուսական ռուբլու նկատմամբ: Դա ենթադրում է, որ Ռուսաստանից և Եվրոպայից ներկրված ապարանքները ոչ թե պետք է թանկացած, այլ էժանացած լինեին` հաշվի առնելով, որ Հայաստանն իր առևտրի մեծ մասն իրականացնում է Եվրոպայի և Ռուսաստանի հետ և շատ ավելի քիչ չափով` ԱՄՆ հետ: Այսինքն` ընդհանուր բոլոր ներկրվող ապրանքների վրա չպիտի տարածվի այդ գնաճը: Դոլարի փոխարժեքի բարձրացումը համաշխարհային երևույթ է, դոլարն ուժեղանում է ամենուրեք:

Ինչպե՞ս եք գնահատում հանքարդյունաբերության ոլորտի զարգացումները: Այսօր ոլորտում իրավիճակը կարծես սրված է` մի կողմից բիզնեսի շահն է, մյուս կողմից բնության ոչնչացման հարցն է:

Մեր կարծիքով, Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը զգալի ներուժ ունի: Եվ Հայաստանը պետք է անպայման օգտվի այս իրավիճակում և բռնի այդ հնարավորությունները, սակայն խելացի և զգուշավոր ձևով: Սա ենթադրում է, որ առաջին հերթին բնապահպանական բոլոր չափանիշները պետք է պաշտպանվեն: Նախորդ տարի վերափոխվեց ոլորտի օրենսդրությունը, ես այդ քայլը դրական եմ գնահատում: Եվ դա կարծում եմ համահունչ է իմ նշած նպատակին` մի կողմից օգտվել ընդձեռված հնարավորությունից, մյուս կողմից զգուշավորություն ցուցաբերել: Սակայն իր ներուժի չափով Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը դեռևս չի զարգացել: Եթե վերջին 15 տարիներն ենք դիտարկում, աշխարհում կտրուկ աճել են այդ ոլորտի ներդրումները, իսկ Հայաստանը շրջանցել են կարծես: Իրավիճակը սկսել է փոխվել, սակայն բինզես միջավայրի հետ կապված խնդիրը նաև առնչվում է հանքարդյունաբերության ոլորտին: Նախկինում որոշ ներդրողների իրավունքներ չեն պաշտպանվել ըստ պատշաճի, ինչի հետևանքով էլ հետաքրքրության պակաս է առաջացել միջազգային ատյաններում:

Մի առիթով դուք նշեցիք, որ Հայաստանի տնտեսական երկնիշ աճը փուչիկ էր, որը ճգնաժամի ժամանակ պայթեց: Նույն մտքին է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով վերջերս հայտարարեց, որ նախորդ իշխանությունների օրոք շինարարության մեջ սպելուլյատիվ փող կար: Կհաջողվի՞ ներկայիս իշխանություններին խուսափել փուչիկներից:

Փուչիկներից խուսափելը բավականին դժվար է, ինչպես փորձը ցույց է տվել զարգացած երկրներում: Միացյալ Նահանգներում նույնիսկ, որտեղ միգուցե լավագույն փորձագետներն ու քաղաքականություն մշակողներն են հավաքված, չի հաջողվել կանխել փուչիկները մինչև 2008 թվականը` հատկապես անշարժ գույքի շուկայում: Ես նաև շատ հարգում են Իսպանիայի իշխանություններին, բայց նրանց էլ չհաջողվեց խուսափել փուչիկից: Շատ դժվար է քաղաքականություն մշակողների համար հայտնաբերել փուչիկը և ժամանակին այդ խնդիրը լուծել, որպեսզի այն չպայթի: Ընդհանուր օրականարգային խնդիր է սա, որին նաև զգալի օժանդակում է ԱՄՀ-ն` մակրո առումով շրջահայաց քաղաքականության ծրագրի շրջանակներում: Ստեղծվել է մարմին, և համապատասխան եզրակացություններ են արվել, որոնք կարող են ավելի լավ զինել ամբողջ աշխարհի քաղաքականություն մշակողներին: Հուսով ենք: