Ձիերին անցման ժամանակ չեն փոխում

    • Հարցազրույց - Երկուշաբթի, 18 Հունիսի 2012, 21:52

Մեր զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան, Ազատ Դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը

Անուշ, արդեն հայտնի է կառավարության կազմը, շատերն այն նմանեցնում են լավ մոռացված հնին և որևէ փոփոխության ակնկալիք չեն կանխատեսում: Քաղաքական լճացման փո՞ւլ ենք մտել:

Փոփոխությունների առումով ավելի շուտ սպասողական փուլ ենք մտել. ընտրություններից առաջ տրվեց ընտրությունների տեսլականը, և ծրագիրն իրականացվեց, հիմա մյուս ծրագրի հերթն է` նախագահը պետք է վերընտրվի: Այս պարագայում աշխատում է ռուսական ասացվածքը` անցումների ժամանակ ձիերին չեն փոխում: Բացի այդ, մենք հակում ունենք անձանց դերակատարումը կապել կատարվող գործի հետ, բայց դա այդպես չէ, լավ և վատ նախարարներ, նախագահներ, վարչության պետեր չկան: Կան նախարարներ, որոնք ըմբռնում են` ինչ աշխատանք պետք է անեն, և կա ճիշտ դիրեկտիվ, որը պետք է իջնի վերևից: Ինձ համար երբևէ երկրորդ նախագահի պաշտոնավարման համակարգը չի կարող համարվել իդեալական, որովհետև այն ժամանակ պրոֆեսիոնալ մարդկային դերակատարումը, աշխատանքն իջեցված էր զրոյի, և մարդիկ մտածում էին փողային ինչպիսի կապեր, բուրգեր սահմանեն, ինչքան փող տան, որ մնան իրենց պաշտոններում: Հիմա քանի որ այդ գործընթացի հետևանքով համակարգն անհուսալիորեն քանդվեց, ժամանակն է համակարգը վերականգնելու, իսկ այստեղ պատասխանատվությունը մեկ մարդու վրա է` դիրեկտիվն իջեցնողի: Հենց որևէ նախարար վերևից հրահանգ կամ իրավունք ստանա լինել իդեալական, Հայաստանում այդ պարագայում չի կարող չլինել իդեալական նախարար:

Անուշ, մենք տեսնում ենք` նախարարը, որ շարիկ էր գլորում, քաղաքապետը, որ մարդ էր ծեծում, շարունակում են պաշտոնավարել կամ նոր պաշտոններ ստանալ: Համակարգն այսպե՞ս են վերականգնում:

ՀՀ բոլոր սկանդալները գալիս են սխալ տեղից: Այն, որ նախկին բոլոր նախարարների գործունեությունը սկանդալային է եղել, համամիտ եմ, բայց այդ սկանդալային բաղադրիչը շարիկ գլորելու և ոչ էլ մարդ ծեծելու մեջ չէ, սա կարող է հանգեցնել պաշտոնանկության, դա բավարար, բայց անհրաժեշտ պայման չէ: Ես կուզենայի, որ թե լրագրության մեջ, թե քաղաքացիական հասարակության, թե հասարակության մեջ ընդհանրապես բամբասանքի էլեմենտը փոխարինվեր քննադատական էլեմենտով, որովհետև էներգետիկայի վիճակը խայտառակ է, կապի և տրանսպորտի վիճակը նույնպես, և երթուղային տաքսուց օգտվող յուրաքանչյուր ոք մի ամբողջ խոստովանական ողբ կարող է ասել այդ կապակցությամբ, իսկ մենք փոխանակ քննարկենք` ինչպես է գոյանում գների հարաբերակցությունը, և մամուլում հայտնվեն ավելի շատ լուրեր հենց այդ մասին, մենք կարևորում ենք մանրամասները, և դա ուշադրությունն իրական պրոբլեմներից շեղելու ամենալավ տարբերակն է, իսկ ինձ, մեղմ ասած, բոլորովին հետաքրքիր չէ, թե ինչով է նախարարը զբաղվում կառավարության նիստերին, նախարարը կարող է ընդհանրապես չգնալ կառավարության նիստերին, եթե համակարգը լավ է աշխատում: Հենց Հայաստանում մի իրական պրոբլեմ է հայտնվում, կողքը հայտնվում են Անժելա Սարգսյանի, Ծոմակի շուրջ սկանդալները…

Հիմա քննարկվում են նախկին արտգործախարար Վարդան Օսկանյանի և Սիվիլիթասի շուրջ զարգացումները, և խնդիրը մորմոնների հետ կապելը:

Եթե գումարը տրամադրեր հայ առաքելական եկեղեցին, դա չէ՞ր լինի կեղտոտ փող: Ընդհանրապես, մորմոնների խնդիրը չեմ ուզում քննարկել, որովհետև հնարավոր է Օբաման չընտրվի, և հաջորդ նախագահը մոմոնոնական եկեղեցու անդամ Միթ Ռոմնին լինի, և ի՞նչ ենք անելու, մերժելո՞ւ ենք ամերիկյան կառավարության տրամադրած բոլոր դրամաշնորհները… չեմ կարծում: Ինձ ավելի շատ մոտահոգում են հետևյալ հիմնարար բաղադրիչները. պարոն Օսկանյանը հարժարվում է ցուցմունք տալ, ես կարծում եմ` այս պարագայում, եթե քո դիմաց նույնիսկ անարդար գործ է դրված, դրա միակ ճանապարհը ոչ թե լռությունն է, այլ մեղադրանքին ընդառաջ գնալն է, և այդ մեղադրանքը հերքելն է: Բացի այդ, ես կարդացի Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ ինքը ամեն ինչ կանի, որ պարոն Օսկանյանը պատժվի: Ես շատ եմ հավանում Նիկոլ Փաինյանին և նրան համարում եմ իրական գաղափարական մարտիկ, բայց ես չեմ ուզում տուրք տրվի սուբյեկտիվիզմին, քանի որ ես այդ տողերի մեջ կարդացել եմ հետևյալ տողերը, որ եթե նույնիսկ Օսկանյանը անմեղ լինի, նա պետք է պատժվի: Սահմանադրական կարգով ղեկավարվող պետության մեջ անմեղ մարդը չպետք է պատժվի, իսկ մեղավորը պետք է պատժվի այն մեղքի համար, որը կատարել է: Եթե բոլորը համարում են, որ մարտի 1-ի համար Օսկանյանը պատասխանատու է, պետք է պատժվի, բայց ասել, որ եթե անգամ անմեղ է, պետք է պատժվի, մի քիչ փարիսեցիություն է, երկդիմի մոտեցում:

Բացի այդ, պետք է ընդգծեմ մի կարևոր հանգամանք. քաղաքականությամբ զբաղվող մարդ ամեն մեկն իր հետևում ունի մեկ ռումբ, և այդ ռումբի չափը կախված է տվյալ անձի բարոյականությունից, այսինքն` եթե դու եղել ես իշխանական լծակներին մոտ, ինչ աստիճանի ես դու քեզ թույլ տվել խախտել օրենքը և սահմանադրական կարգը, այդ պատիժը պետք է սահմանվի այդ խախտման չափի համամասնությամբ, ոչ թե նրանով, թե ով ինչ մորմոնական փող է «լվացվել»: Հիմա պետք է պարզվի` կա՞ հանցանք, թե ոչ: Ցանկացած հանցանքի հասնում է պատիժ: Եթե հանցանք չկա, հանցանք ներկայացնողներն իրենք պետք է պատժվեն: Սա նորմալ պետությունների համար ճիշտ ձև է: Հայաստանում բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին առաջարկում եմ քաղաքական բառապաշարում «երկիր» բառը փոխարինել «պետություն» բառով: Միայն այն ժամանակ մենք հնարավորություն ունենք պետություն դառնալու: Նորմալ պետության մեջ մեղքը և պատիժն ունեն համամասնական բնույթ:

Հայաստանում իշխանության լծակ ունեցող նախկին և ներկա (հույս ունեմ` ոչ ապագա) քաղաքական գործիչները գցված են այնպիսի արատավոր մեքենայի մեջ, որ ուզեն թե չուզեն ինչ-որ չափի մեղք գործում են: Կատարված հանցանքի մեղքի չափը կախված է տվյալ անձի բարոյականության չափից: Մենք վաղուց քաղաքականության մեջ չենք քննարկել բարոյականության հարցը և հիմա պետք է քննարկենք: Որքանով անբարո է իշխանության եղած ժամանակ մեղք գործելը, նույնքանով անբարո է իշխանությունից հեռանալու ժամանակ այդ մեղքերը երևան հանելը: Երկուսն էլ հավասարաչափ անբարո գործառույթներ են:

Անուշ, մյուս տարի նախագահական ընտրություններ են: Խոսվում է այլընտրանքի բացակայության մասին: Համամի՞տ եք:

Հայաստանում տարիներ շարունակ ամեն ինչ արվել է, որ քաղաքական գործընթացն այլասերվի, որ քաղաքական գործընթացը դառնա խնամի-ծանոթ-բարեկամական գործընթաց, որ քաղաքական գործընթացը դառնա հպատակների գործընթաց: Քաղաքական գործընթացի ամենասարսափելի բառը «թագավոր» բառն է, երբ մարդիկ իրենց կուսակցապետին, նախարարին կամ նախագահին անվանում են թագավոր, նշանակում է իրենք ինքնաբերաբար քաղաքական գործընթացը hետ են շպրտում միջնադար: Քաղաքական գործընթացում հանրությունն առաջին հերթին հետաքրքրված է, թե նախագահն ինչպես կտնօրինի հանրային ունեցվածքը: Մեր հանրությանը թվում է, որ հանրային ունեցվածքը պատկանում է վերադասին, և իրենք նայում են վերադասին այն ակնկալիքով, թե ինչպես պետք է վերադասը բաժանի հանրային ունեցվածքը: Քաղաքականությունը սեփական ունեցվածքը բաժանելը չէ, քաղաքականությունը հանրային ունեցվածքը տնօրինելն ու բազմապատկելն է:

Հանրությունը չի՞ տեսնում իրական այլընտրանք: Եվ արդյոք Ռոբերտ Քոչարյանի վերադարձն այս պարագայում հավանական եք համարում:

Հասարակությանը տարիների միտինգային շարժումներով սովորեցրել են, որ ցանկացած հանրային գործառույթ պատժելի է: Նույնիսկ Մաշտոցի պուրակի պաշտպանների նկատմամբ կիրառեցին վարչական տույժ, որ հանրության մեջ միշտ մնա այդ ենթագիտակցական վախը, որ ցանկացած հանրային ակցիա պատժվելու է, ենթարկվելու է պատասխանատվության:

Երկրորդ նախագահի վերադարձը քաղաքական կյանք լինելու է Հայաստանի թիվ մեկ պրոբլեմը, որովհետև նրա քաղաքական գործունեությունը, մեղմ ասած, ոչ միանշանակ է, և Հայաստանը մինչև հիմա չի կարողացել դուրս գալ այդ քաղաքական գործունեության հետևանքներից` կոռուպցիոն բուրգերը, մենաշնորհների ծաղկումը նրա օրոք եղան, էլ չեմ խոսում մարտի 1-ի մասին, այսինքն` նա գալիս է պրոբլեմների շատ մեծ բեռով, մենք վերադառնալու ենք նրան, ինչ ունեցել ենք, իսկ մենք պետք է շարժվենք առաջ:

Ամենաընթերցվածը