Մենք նոր պետություն ենք կերտում

    • Հարցազրույց - 07 Հունիսի 2012, 22:56

Մեր զրուցակիցն է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ փոխնախագահ, քաղաքագետ Գոռ Հակոբյանը

Գոռ, շատերը որքան էլ կարևորում են քաղաքացիական նախաձեռնությունների դերը քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին, սակայն նկատում են, որ այդ ակտիվությանը պետք է ուղղորդի փաստերի մեկնաբանման վարպետությունը: Համաձա՞յն եք արդյոք:

Քանի դեռ չեն գործում արդյունավետ մեխանիզմներ, որպեսզի հանրությունը կարողանա մասնակցել որոշումների ընդունման գործընթացին, լինեն մեխանիզմներ, որ բարձրացված հարցերին և խնդիրներին հնարավոր լինի քաղաքական օրակարգում լուծում տալ, փաստերի վերաբերյալ քննարկումը կարևոր է, բայց ոչ հիմնական: Օրինակ` Թեղուտի պղնաձամոլիբդենային հանքի շահագործումը թույլ չտալու համար իրականացվել են բազմաթիվ գիտական հետազոտություններ և քննարկումներ, որոնք ներկայացվել են համապատասխան պատկան մարմիններին ու այլ շահագրգիռ կողմերի, սակայն դա որևէ ազդեցություն չի թողնում որոշում ընդունողների վրա: Այս պահին քաղաքացիական նախաձեռնությունների համար ավելի կարևոր է նպաստել իրավական ու Սահմանադրական կարգի հաստատմանը Հայաստանում: Նախաձեռնությունները բնականաբար ունեն փաստեր, հետազոտություններ, վերլուծություններ: Այստեղ մի խնդիր էլ կա, արդյոք քաղաքացիական ակտիվիստը պե՞տք է լիարժեք փորձագիտական մակարդակով տիրապետի նյութին, թե ոչ, և այս քննարկումը շարունակվում է: Կան գիտնականներ ու փորձագետներ, որոնք իրենք ակտիվիստ են նաև:

Ես այն կարծիքին եմ, որ քաղաքացիական նախաձեռնությունները պետք է տիրապետեն նյութին սկզբունքների ու արժեքների մակարդակում, նրանք պետք է հստակ իմանան, թե ինչպես կարող են ծավալել պայքարը, ինչ սկզբունքներով ու մեթոդներով ու կարողանան ներառել տարբեր մասնագետների այս ողջ պայքարի ընթացքում: Ինչպես Ջերմուկի դեպքում ակտիվիստները կարողացել են կազմակերպել մի քանի խորքային քննարկումներ, որտեղ բերել են ջրային ռեսուրսների, սեյսմակայունության, կենսաբազմազանության և այլ մասնագետների, որոնք ցույց են տվել ու ներկայացրել են փաստեր, որ Ջերմուկի Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը աղետաբեր կլինի մեզ համար:

Մաշտոցի պուրակում քաղաքացին բախվեց օլիգարխիայի հետ, պահանջվում էր ապամոնտաժել կրպակները և իր տարածքն իրեն վերադարձնել: Փակ շուկայի դեպքում կոնկրետ մի օլիգարխ է` Սամվել Ալեքսանյանն է: Ինչպե՞ս պետք է այս դեպքում պայքարել օլիգարխի դեմ:

Այստեղ իրավիճակը հետևյալն է, որ կա օլիգարխիայի շահ, որին սպասարկում են պետական մարմինները, և հանրությունը պետք է պահանջի պատկան մարմիններից, որ վերջիններս կատարեն իրենց հիմնական գործառույթները և ծառայեն հանրության շահին և օրինականությանը: Կա բախում հանրային ու օլիգարխիկ շահերի միջև, և տվյալ դեպքում Երևանի քաղաքապետարանը և Մշակույթի նախարարությունը պաշտպանել են օլիգարխի և ոչ թե հանրային շահը և գործել են անօրեն: Կարևոր է, որ Երևանի քաղաքապետարանը ու Մշակույթի նախարարությունը հիմք ընդունեն ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, դրանով առաջնորդվեն, որովհետև հանրությունը կարող է պայքարելով օլիգարխի դեմ, կարող է նրա հետ հարցերը լուծել և ստիպել, որ հաշվի նստի իր հետ, սակայն նրան կարող է հետո փոխարինել մեկ այլ օլիգարխ: Փակ շուկայի դեպքում հստակ պատասխանատվության պետք է ենթարկվի Մշակույթի նախարարությունը, որը չի կարողացել բոլոր ընթացակարգերի համաձայն մշակութային ժառանգությունը որևէ մեկի սեփականությունը դարձնել, չնայած ես կարծում եմ, որ մշակութային ժառանգությունն ընդհանրապես իրավունք չունեն մասնավորեցնել: Ինչպես նաև Երևանի քաղաքապետարանը, որը չի կարողացել պահպանել այն և չի վերահսկել իր տարածքում գտվող մշակութային ժառանգության վրա կատարվող աշխատանքները: Պատկան մարմինները պետք է հասկանան, որ իրենց տերը հանրությունն է և ոչ թե օլիգարխները, և իրենք հանրության ծառաներն են ու պարտավոր են իրականացնել նրանց շահերը, այլ ոչ թե օլիգարխիայի:

Գոռ, ըստ Ձեզ` քաղաքացիական հասարակությունը կոնկրե՞տ խնդրի հետևից պետք է գնա և պահանջի սահմանադրական մոտեցում հարցի լուծման համար, թե քանի որ խնդիրը քաղաքականության մեջ է, ուստի քաղաքական համակարգի փոփոխման խնդիր պետք է դնի: Վերջնական գերխնդիրը ո՞րը պետք է լինի, համակարգափոխությո՞ւնը:

Ըստ իս` կարևոր է, որ քաղաքացիական նախաձեռնություններն ունենան իրենց հստակ նպատակը: Փակ շուկայի, Մաշտոցի պուրակի, Թեղուտի, Ջերմուկի հարցերում դա կա, բայց կարևոր է` քաղաքացիական պայքարի ընթացքում իրենք ի՞նչ մշակույթ են ստեղծում, ի՞նչ նոր մեխանիզմ, պայքարի գործիքներ են ստեղծում: Այս ամենը պետք է գնա սահմանադրականության և իրավունքի հարցերի շուրջ: Որևէ քաղաքացիական նախաձեռնություն իր պայքարում մի քանի կոնկրետ արդյունք է ակնկալում. մեկը` իր առջև դրված կոնկրետ նպատակի լուծումն է. Մաշտոցի պուրակում հանրային տարածքը մնաց հանրությանը: Մյուսը մշակութային պայքարի նոր էլեմենտների ստեղծումն է: Մենք տեսանք, որ Մաշտոցի պուրակի դեպքում խնդիր դրվեց իրավունքի, սահմադրականության, նոր հանրային մշակույթի ստեղծման շուրջ: Բացի այդ, հանրության անտարբերությունը ջարդելու և ցույց տալու մարդկանց, որ կարող են այս երկրում նման բան անել և իրենք ունակ են դա անելու, եթե ցանկանան ու կամք ներդնեն: Կարևոր է, որ նախաձեռնությունները ոչ միայն կոնկրետ հարց լուծեն, այլ ավելի լայն իմաստով համակարգային փոփոխություն մտցնեն, որը կլինի սահմանադրական կարգի հաստատումը, իրավունքների գերակայությունը, մարդու ավելի արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք ստեղծելը, քանզի այդպես են կարող արդյունավետ և տևական կերպով լուծել կոնկրետ հիմնախնդիրների պատճառները, որի համար էլ պայքարում են իրենք: Կոնկրետ խնդիրներ լուծելը կարևոր է, բայց եթե դրանք չեն բերում նաև մշակութային նոր արժեքներ ու իրարից անկախ չեն ծառայում ընդհանուր գերակա հանրային շահին, ապա մի տեսակ էներգիաի ավելորդ վատնում է լինում:

Հիմա փողոցում ընդդիմություն չի մնացել, այս քաղաքացիական նախաձեռնությունները առանձին-առանձին օջախների համա՞ր պետք է պայքարեն, չպե՞տք է դառնան քաղաքական պայքարի հարթակ:

Կարծում եմ` որևէ քաղաքացիական նախաձեռնության պայքարի բնույթն ի սկզբանե քաղաքական է: Կա դատարկություն և անորոշություն քաղաքական դաշտում. որևէ քաղաքական ուժ, կուսակցություն չի կամենում և չի կարողանում ձևակերպել հանրային հիմնախնդիրները, օտարվում են և դառնում ինքնանպատակ, զուտ իրենց շահերը պաշտպանող գործիք և չեն ծառայում հանրության շահերին: Դրա համար հանրությունը ներքևից կարողանում է իր մեջ գտնել մարդկանց, խմբեր, որոնք կարողանում են իրենց շահերը ձևակերպել և կամաց-կամաց այդ խնդիրները բերում են հանրային օրակարգ, և իրական հարթության մեջ նվաճում են իրավունքները և կարողանում են խնդիրներ լուծել: Կարծում եմ, որ այս պրոցեսը կշարունակվի, կստեղծվեն նոր նախաձեռնություններ, որոնք կկարողանան ավելի այլ ու լայն խնդիրներ դնել, և կստեղծեն նոր քաղաքական հանրային օրակարգ, որտեղ գուցե մեկ կամ մի քանի այլ շարժումներ կլինեն:

Այսինքն` օրակարգ թելադրողը, ձևավորողը քաղաքացիական նախաձեռնություննե՞րն են:

Եթե վերջին մեկ տարին նայենք, 2011-ի ապրիլից սկսած թեժ քննարկման օրակարգում այն խնդիրներն են, որոնք դրել են քաղաքացիական նախաձեռնությունները` բանակ, հանրային տարածք, բնապահպանական հարցեր և այլն: Հիմա ավելի շատ սահմանադրության և իրավունքի խնդիրներն է սկսել շրջանառվել այն պատճառով, որ Մաշտոցի պուրակում դա է դրվել: Այսօր իրականության մեջ Հայաստանում քաղաքական օրակարգը թելադրում են քաղաքացիական նախաձեռնությունները: Եվ սա բնական է, որովհետև քաղաքացիական նախաձեռնությունները բարձրացնում են այն խնդիրները, որոնք այսօր հուզում են յուրաքանչյուր քաղաքացու: Բոլորն էլ ասում են` այս երկրում օրենք չկա, կա անարդարություն, և բոլորը խոսում են սեփականության կամ օլիգարխիայի արտոնություններից և կամայականություններից, ամեն մարդ զգում է, որ իր սեփականությունը զավթվում է, և ինքը պաշտպանված չէ որևէ մեկի անօրինականությունից: Ձևավորվել են արտոնյալ խմբեր, որոնք ինչ ուզում են, այն էլ անում են: Իսկ ներկա քաղաքական վերնախավերը սերտաճած են այդ բոլոր հակասահմանադրական գործողությունների հետ:

Մյուս տարի նախագահական ընտրություններ են, հնարավո՞ր է քաղաքացիական նախաձեռնությունները աննախադեպ հաջողություններ գրանցեն այս մեկ տարվա ընթացում:

Քաղաքացիական նախաձեռնությունների համար այլ հետաքրքիր, առաջնահերթ ու կարևոր գործընթացներ կան. կարծում եմ՝ իրենց համար ընտրությունները էական չեն: Մենք նոր քաղաքացիական և իրավական պետություն ենք ուզում կառուցել, մի բան է, որ հռչակել ենք 1991-ին ու հիմա ցանկանում ենք լցնել դրա էությունը և բովանդակությունը: Ոչ Սահմանադրական կարգում անընդհատ տեղի ունեցող ոչ իրական ու ձևական ընտրությունները չեն կարող ներկայացնել և ապահովել ժողովրդի և հանրության այլընտրանք ունենալու և իր շահերը կենսագործող իշխանություններ կազմավորելու Սահմանադրական իրավունքները:

Սահմանադրական կարգի հաստատո՞ւմ, թե՞ նոր սահմանադրություն, կարծես թե սահամանադրական կարգի վերականգնումը չի ստացվում:

Հայաստանում հիմնական խնդիրը սահմանադրական կարգն է և սահմանադրականությունը: Երբ ասում ենք սահմանադրական կարգի վերականգնում, ենթադրվում է, որ ինչ-որ մի ժամանակ եղել է սահմանադրական կարգ, որը հետո ոչնչացվել է կամ տապալվել, և նորից ենք վերականգնում: Ցավոք, Հայաստանի 20 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ որևէ ժամանակ սահմանադրական կարգ չի եղել, այսինքն` առաջինը սահմանադրական կարգի հաստատումն է և սահմանադրականության հաստատումը: Սահմանդրության բարեփոխումները, կամ նրանում կատարվող փոփոխությունները կարևոր են, սակայն հիմնական չեն Սահմանդրական կարգի հաստատման համար: Այս բանավեճը եկավ դեռևս Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալու ժամանակից, երբ ինքը նախագահի թեկնածու էր ուզում դառնալ և կար նրա տաս տարվա ՀՀ քաղաքացիության ցենզի հարցը, այն ժամանակ շեշտը դրվեց, որ խախտվում է ՀՀ Սահմանադրությունը, քանի որ այն լավը չի, այլ ոչ թե որ կարգ չկա: Սա կեղծ բանավեճ էր, որը ձգվեց մինչև 2005թ-ը, երբ կատարվեցին Սահմանդրության փոփոխությունները: Փոփոխությունը կատարվեց, սակայն ոչինչ չփոխվեց: Եթե մարդիկ կատարեն այդ գիտակացական ընտրությունը, և քաղաքացիական կարգով սկսեն ապրել, ապա հետ քայլ էլ չի լինում անել, ու շատ դժվար է Սահմանդրական ու քաղաքացիական գիտակցության եկած հանրությանը հետ տանել քրեաօլիգարխիկ կամ այլ համակարգեր, դա հնարավոր է միայն երկրի գրավման, ինչ որ շատ սարսափելի բնական աղետի ու նման այլ ապոկալիպտիկ իրավիճակների հետ:

Սահմանադրական կարգը իրապես ստեղծվում է գիտակից և ինքնորոշված քաղաքացիների կրիտիկական զանգվածի համախմբման և ինտենսիվ ստեղծագործականության շնորհիվ: Հավաքականության ազատ, արդար ու արժանապատիվ գոյության, անվտանգության և համերաշխ գոյակցության երաշխավորը Սահմանդրությունն է, որպես գաղափարական և վարքագծային սկբունքների հավաքածու և համապատասխան կառավարման համակարգի կազմավորումը, որ կբխի այդ սկզբունքից և կաշխատի օրենքի սահմաններում:

Ամենաընթերցվածը