Ցավոք, փրփուրը միշտ ավելի շատ է լինում

    • Հարցազրույց - Ուրբաթ, 01 Հունիսի 2012, 15:34

Հայաստանի ներքաղաքական զարգացումների շուրջ զրուցել ենք Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտորանտ, մեդիայի և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Հայկ Ա. Մարտիրոսյան հետ (ՆյուՅորք)

Պարոն Մարտիրոսյան, Դավիթ Հարությունյանն իր դժգոհությունն է հայտնում և մանիպուլիացիաներով լի է համարում ԵԽԽՎ զեկույցը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղ գտած թերությունների վերաբերյալ: Ի՞նչ թերություններ Դուք արձանագրեցիք:

Կարծում եմ` քաղաքակիրթ տարբերակով տեղի ունեցավ շատ ավելի վտանգավոր մի բան, քան նախորդ ընտրություններին: Եվ առաջին անգամ է, որ ընտրությունների որակի հարցում պետք չէ ամբողջությամբ իշխանությանը մեղադրել: Եթե հնարավորություն էր տրվել առանց ընտրատուփ փոխելու կամ լցոնելու գնալ ընտրության, և ընտրակաշառք վերցնել ու վերցնում են` տեղի է ունենում մեղքի մեծ բաժինն ունեցողների դերերի փոխատեղում: Սեփական ձայնը վաճառելն անբարոյականություն է: Անշուշտ, բարոյական չէ կաշառք տալը, բայց ավելի անբարոյական է այն վերցնելը: Այս ընտրությունները մասշտաբային մի հանցավոր երևույթ հրապարակ բերեցին, որի գլխավոր դերակատարը, սակայն, հասարակության մի զգալի հատվածն էր: Այն ուժերը, որոնք իրականում հասարակության ամենացածր, սակայն մարդաշատ շերտերի ներկայացուցիչներին դրդեցին այդ քայլին` իրենց մեղավորությունն ունեն, բայց մարդիկ, որ քաղաքացիություն ունեն, սակայն քաղաքացի չեն` իրենց անբարո վարքագծի արդյունքում ստացան այն, ինչին արժանի էին:

Քաղաքացիներն ընտրակաշառք վերցրին, բայց կա՞ր ընտրության այլընտրանք:

Ընտրություն միշտ կա, հատկապես ընտրությունների ժամանակ: Այս աշխարհն առանց այլընտրանքների չէ: Եվ եթե մեկը զգում է, որ իր ընտրությունը սահմանափակ է, կարող է և ընտրության չգնալ: Բացի այդ, քաղաքական սպեկտրը բավական բազմազան էր այս ընտրություններում` սկսած կոալիցիայի մասնակից տարբեր կուսակցություններից` վերջացրած ընդդիմության իրար հակադրվող ուժերով: Տեղի ունեցավ սարասափելի մի բան. հասարակության մի ստվար զանգված կոռումպացվեց: Սեփական ձայնն աճուրդի հանողը դառնում է ձայնազուրկ: Հիմա մենք ունենք առավել ձայնազուրկ հասարակություն: Ցավոք, այդ մեղքի համար վճարելու է ոչ միայն ձայնավաճառը, այլև արժանապատիվ ընտրողը: Իսկ վճարողն ամբողջ հասարակությունն է:

Ստացվում է` մենք ոչ թե խնդիր ունենք ընդդիմության, իշխանության փոփոխության, այլ հասարակությա՞ն:

Պարզվում է` այո: Հասարակության մեջ կա բևեռացում. մի մասն ավելի է դեգրադացվել, մյուս մասն ավելի է առաջընթաց արձանագրել: Ցավոք սրտի, փրփուրը միշտ ավելի շատ է լինում, քան ծանր նյութերը, և այս անգամ ևս, ցավոք, բացառության ականատես չեղանք:

Հասարակությունն ինչպե՞ս պետք է առաջ շարժվի: Սերո՞ւնդ պետք է փոխվի, որ տեղի ունենա փոփոխություն:

Որքան սերունդներն անցնեն, այնքան ավելի կվատանա վիճակը, որովհետև ամբողջ աշխարհում նույն պրոցեսն է տեղի ունենում. սերունդները գնալով ավելի վատանում են, տխմարանում: Հատկապես 21-րդ` տեխնոլոգիաների և մակերեսային հետաքրքրությունների դարում, զարգացմանը զուգահեռ, հանրային ինտելեկտի կտրուկ նվազման լուրջ խնդրի առաջ են կանգնած գրեթե բոլոր երկրները: Աշխարհը մի տեսակ քիմքարդաշյանացվում է, և դա համամարդկային ողբերգություն է: Խնդիրն այն է, որ պետք է հասարակությանը ստիպել, բարձրացնել սեփական մակարդակը, վերածանոթանալ բարոյական արժեքներին: Այսօր դա իսպառ բացակայում է հայկական իրականությունից: Չկա նման քաղաքականություն, չկա նորմալ կրթություն, իսկ այն, ինչ արվում է, արվում է ոչ թե ծրագրային, այլ՝ ինքնաբուխ, առանձին խմբերի կամ անհատների նախաձեռնությամբ: Եվ քանի դեռ արժեքներն արժեք չունեն, դեգրադացումը շարունակվելու է:

Որքանո՞վ էր անակնկալ ԲՀԿ-ի կոալիցիա չկազմելը: Կարծիք կա, որ այս կերպ ՀԱԿ-ը չեզոքացվեց: Շատերի բնորոշմամբ էլ` ԲՀԿ-ն ընդդիմություն չի դառնա երբեք: Սա ինչո՞վ էր պայմանավորված` ներքի՞ն` Տիգրան Սարգսյանի վարչապետ մնալ-չմնալու հանգամանքով, արտաքի՞ն` Ռուստաստանի գործոնով:

Անձամբ ինձ համար անակնկալ էր: Ես չեմ կարծում, թե Բարգավաճ Հայաստանը երբևէ կլինի ընդդիմություն: Բարգավաճ Հայաստանը նման շանսեր չունի: Եվ եթե մի օր իրական ընդդիմություն դառնալու խնդրի առջև կանգնի, լուրջ մարտահրավերներ կունենա: Երկու տարբերակ կա` կամ սա քաղաքական լուրջ երկկողմանի հաշվարկների արդյունք է, կամ ԲՀԿ-ի առանձին, միակողմանի տեսլականի: Բացառված չէ, որ ԲՀԿ-ն որոշակի խնդիր ունի մինչև նախագահական ընտրությունները չասոցացվել իշխանության հետ, մնալ չեզոք դիրքերում, քանի որ սեփական թեկնածուն ունի: Իրականում որ տարբերակն է, հայտնի չէ, և խիստ դժվար է ճշգրիտ կռահելը: ԲՀԿ-ի կողմից նախագահի հաջորդ թեկնածու կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը, սակայն, դատելով ԲՀԿ առաջնորդի` բարեգործության առթիվ արված հետընտրական հայտարարությունից` չի կարելի բացառել նաև հենց իր` ԲՀԿ նախագահի նախագահական հավակնությունները: Հայաստանում ամեն ինչ հնարավոր է, բայց կուզենայի ամեն ինչ չլիներ հնարավոր: Քոչարյանի թեկնածության հարցը բավական հետաքրքիր խնդիր է, սակայն նրա վերադարձը կարելի է համարել թե քիչ հավանական և թե միաժամանակ հավանական: Որքան էլ երկրորդ նախագահի քարոզչությունը փորձի տպավորություն ստեղծել հասարակության մեջ, որ նրա վերադարձը սպասված է, չեմ կարծում, թե Տեր-Պետրոսյանին «չխնդրելով», որ վերադառնա, «խնդրեն» Քոչարյանին: Չեմ կարծում նաև, թե շունչը պահած նրա վերադարձին սպասող մարդկային զանգվածներ կան երկրում: Բացի այդ, Քոչարյանը Պուտին չէ ու թեև հայտնի է, որ Պուտինը Քոչարյանի իմիջային իդեալն է, նմանակելը միշտ չէ, որ նման արդյունքի է հանգեցնում:

Ինչ վերաբերում է վարչապետին, խորապես համոզված եմ, որ խնդիրը ԲՀԿ-ի համար Տիգրան Սարգսյանի անձը չէ, այլ վարչապետական աշխատասենյակում ունենալիք ազդեցությունը: Հաշվի առնելով, թե ովքեր են վարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդները թե հիմա և թե նախագահական առաջիկա ընտրություններից հետո, եթե կա Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում պահելու խնդիր, կարծում եմ՝ դա լավագույն որոշումն է: Այս հարցում միշտ պետք է նկատի ունենալ այլընտրանքները: Հստակ է, որ նախագահը վարչապետ չի նշանակելու ընդդիմությունից կամ հավակնություններ ունեցող անվանի, բայց անկուսակցական մեկին` ասենք, մեր օրերի կորպորատիվ մեծ մշակութասեր, հեռահաղորդակցության հումանիստ, գրեթե Մանթաշով Ռալֆ Յիրիկյանին, կամ էլ` տնտեսագիտության որևէ դոկտորի: Նախագահի համար, թերևս, իդեալական թեկնածուներ չեն և չեն կարող լինել Տիգրան Սարգսյանից հետո երկու մյուս հիմնական հավակնորդները` Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանը: Առաջինը, ակնհայտ է, որ նախագահի համար ամենավստահելի թեկնածուն չէ, իսկ երկրորդը` նախ խարիզմայի և հանրային ընկալելիության պակաս ունի, և ապա որպես հենարան ունենալով ներսից չվերահսկվող հսկայական կապիտալի ուժը՝ կարող է ինչ-որ պահի դուրս գալ վերահսկողությունից և առաջնորդվել սեփական բիզնես շահերով միայն` միաժամանակ վարելով այլ կենտրոններից թելադրվող քաղաքականություն: Դա կթուլացնի նախագահի փաստացի ազդեցությունը կառավարությունում և առավել վատ կանդրադառնա երկրի վրա: Ստեղծված իրավիճակում Տիգրան Սարգսյանը նախագահական պալատի և, թերևս, այս տարվա Հայաստանի համար լավագույն ընտրությունն է:

Նոր խորհրդարանում ի՞նչ զարգացումներ կլինեն, ըստ Ձեզ. կլինե՞ն արդյոք իրական ընդդիմադիրներ,այս ընդդիմադիրները կարո՞ղ են բանավեճ նախաձեռնել:

Այո, բանավեճի նշույլներ կլինեն, բայց դա անհավասար բանավեճ կլինի, որ դատապարտված է անպտղության: Չեմ կարծում, թե որոշ ուժերի ձայնը վճռորոշ կլինի խորհրդարանում: Կարծում եմ` Հայաստանում, այնուամենայնիվ, տեղի են ունենում որոշ միկրոէվոլյուցիոն պրոցեսներ: Մաշտոցի պուրակի և Ծածկած շուկայի օրինակները դրա ապացույցն են: Կարծում եմ` այդ համատեքստում կլինեն արտաքին որոշակի ձևերի նորամուծություններ, քաղաքակրթվածության որոշակի ակնարկներ և ռեվերանսներ, որոնք ապագայում կարող են վերջապես հանգեցնել աննշան իրական ազդեցության: Սակայն դժվար թե այդ ազդեցությունն այս նորընտիր խորհրդարանում որոշիչ դեր ունենա: «Բաժանիր, որ տիրես» սկզբունքը շատ լավ կարելի է տեսնել այս պառլամենտում, որտեղ պառակտված, իրար ատող ընդդիմություն, և դարձյալ միմյանց հանդեպ սիրով չտոգորված երկթև իշխանություն կա: Այս պայմաններում, թերևս, ՀՀԿ-ին շատ ավելի հեշտ կլինի գործելը:

Ժառանգությունը Ազատ դեմոկրատների հետ համագործակցեց, և արդյունքում ընդամենը երեք պատգամավոր ունի նոր խորհրդարանում:

Կարծում եմ` Ժառանգությունը մինչև ընտրությունն ուներ ակնկալիք, որ իր պաշտոնական արդյունքները կլինեն այնքան մեծ, որ խորհրդարանական աթոռներ բաժին կհասնեն բավարար թվով ժառանգականների և Ազատ դեմոկրատների: Նման բան, սակայն, տեղի չունեցավ, և դա անակնկալ էր ինչպես հասարակության, այնպես էլ` այդ քաղաքական ուժի համար: Չնայած դրան` կարծում եմ, խմբակցության անդամները կպահպանեն իրենց քաղաքական իմիջը:

Անգամ երեքո՞վ:

Ժամանակին` երբ Արշակ Սադոյանը պատգամավոր էր, մինչ որոշ ուժերի կողմից նրան միտումնավոր ծաղրի առարկա դարձնելն ու որպես խեղկատակ պատկերելը, այդ մեկ պատգամավորը խիստ տեսանելի էր խորհրդարանում: Նրա ձայնը, անկախ իր ֆիզիկական ելևէջներից, ինչ-որ առումով լսելի էր: Հիմա մենք գործ ունենք այլ ֆորմատի և որակ ունեցող երեք պատգամավորների հետ: Ինչ վերաբերում է Ազատ դեմոկրատներին, ապա կարծում եմ` իրենք էլ լավ հասկանում են, որ առանց Ժառանգության հետ իրապես համագործակցելու` հաջողություն չեն ունենա: Խորհրդարանին անհրաժեշտ է իսկական ընդդիմություն:

Իսկ ՀԱԿ-ը՞:

ՀԱԿ-ը իսկական ընդդիմություն լինել չի կարող: Դա խիստ չկողմնորոշված, ապակողմնորոշող և ապակառուցողական ուժ է:

Երկխոսությո՞ւնը ՀԱԿ-ի «տունը քանդեց»: Ե՞րբ տեղի ունեցավ «շեղումը»:

Ես չգիտեմ` տուն ունեցել է ՀԱԿ-ը երբևէ, թե ոչ, որ քանդվեր, չգիտեմ` ի՞նչ ճանապարհից պետք է շեղվեր, երբ ի սկզբանե շեղած էր: Չնայած երկխոսությունների հանդեպ ընդգծված հակակրանքին` «երկխոսությունը» առաջին նախագահի անձնական կերպարի հրաշալի դրսևորումներից էր, որն, ի պատիվ իրեն, հմտորեն օգտագործեց երրորդ նախագահը: Ինձ համար խիստ անհասկանալի է մի առաջնորդ, որ անընդհատ հանցավորությունից է խոսում, որ հենց ինքն է ծնել: Իսկ կազմաքանդել` պետք էր սկսել սեփական հավակնություններից: Ինձ համար անհասկանալի է այն ձայնը, որը խոսում է արդարության, բարոյականության մասին, բայց առաջին անարդարն ու ավազակաբարոն հենց ինքն է: Եթե մենք քաղաքական մշակույթի, բարոյականության, կոռուպցիայի հետ կապված խնդիրներ ունենք, դրա հիմնական պատասխանատուն ՀԱԿ լիդերն է, որի նախագահության ժամանակ և թողտվությամբ ստեղծվեց այդ մշակույթը: Հետագայում, իհարկե, արատներն այդ կատարելագործվեցին ու խորացան, բայց եթե ի սկզբանե ամեն բան ճիշտ ռելսերի վրա դրվեր, չէինք ունենա այն, ինչ ունենք: Խոսել ինչ-որ ուղուց շեղվելու, տունը քանդվելու մասին, համարում եմ անտեղի:

Փաստորեն համարում եք, որ 2007 թ.-ից սկսած Տեր-Պետրոսյանը որևէ լուրջ բան չարե՞ց իր կատարած սխալներն ուղղելու համար:

Տեր-Պետրոսյանն իր կյանքի ընթացքում մի շարք լուրջ գործեր է կատարել: Իր կամքից անկախ կայսրություն է կործանել, հանրապետություն է հիմնադրել, Հրազդանի կիրճում գտնվող առանձնատան բակում փարթամ այգի է հիմնել, Խաչակրած արշավանքների մասին չափազանց արդիական և պահանջված գիրք է գրել, օրեր շարունակ համակարգչով շախմատ է խաղացել, երկար ժամանակ կարողացել է լուռ մնալ, տանը մնալով ցուցաբերել է բացառիկ ինքնակառավարում` հատկապես մարտի 1-ի գիշերը: Տեր-Պետրոսյանն այն մարդկանցից է, որ չի կարող որևէ սխալներ ուղղել, որովհետև նա երբեք սխալներ չի գործում: Համենայն դեպս` իր կարծիքով: Դա են վկայում նրա ելույթները, դա են վկայում նաև նրա անձնական, ոչ հրապարակային հարաբերություններն իր կուսակիցների, համախոհների հետ: ՀԱԿ-ում տարաձայնությունները, նաև Ազատ դեմոկրատների ստեղծումը, ամենայն վստահությամբ կարելի է պնդել, որ եղել են Տեր-Պետրոսյանի անձնական ամբիցիաների, իր գործելաոճի արդյունք: Սխալների ուղղում ես չեմ տեսել, երբ նա նախագահ էր, չեմ տեսել նաև, երբ բազմանդամ ՀԱԿ-ի ղեկավար էր: Իսկ ընդհանրապես, կարծում եմ, քննարկում ենք մի գործչի, որ պատմության մեջ թերևս կարող է կարեկցական մեկ-երկու խոսքի արժանանալ` որպես քաղաքական կարիերան երկու անգամ անփառունակ ավարտած անուն: Այդ անձը Հայաստանի քաղաքական կյանքում վաղուց այլևս գործոն չէ, և այս ընտրությունները նրա երկրորդ և վերջին կարապի երգն էին:

Ինչպիսի՞ն է առաջիկա նախագահական ընտրությունների Ձեր տեսլականը:

Շատ կզարմանամ, եթե Սարգսյանը չվերառաջադրվի: Առավել կզարմանամ, եթե Քոչարյանը առաջադրվի: Խորապես կհիասթափվեմ, եթե Օսկանյանը հայտնվի թեկնածուների ցանկում, թեև առավել սահմռկեցուցիչ տարբերակ էլ կարող է լինել: Կլինեն գուցե մեկ տասնյակ այլ թեկնածուներ ևս, ինչպես կայացած քաղաքական համակարգ չունեցող բազում հանրապետություններում: Հիմնական պայքարը, թերևս, կընթանա Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև: Ընտրությունների արդյունքը գուցե կարելի է կանխատեսել, սակայն քաղաքականությունն իր բնույթով, իսկ պատմությունն իր բովանդակությամբ լի են անկանխատեսելի հանգամանքներով և փաստերով: Սակայն դա ամենակարևորը չէ: Ամենակարևորը կանխատեսելի և բարոյական հասարակության ձևավորումն է:

  1. Սա ազգային պետություն չէ, այլ կեղեքման և ստրկացման գործիք
    «Համակարգի մեջ որոշումներ կայացնող բոլոր մարդիկ հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցագործներ են և պետք է պատասխան տան իրենց արարքների համար»
    13:10 20/05/2013
  2. Կոմպրոմատային հավասարակշռությունը խախտվում է
    Մեր զրուցակիցն է Ստեփան Դանիելյանը
    15:40 17/05/2013
  3. Խնդիրը Արմավիան չէ, այլ հայկական ավիացիայի ոչնչացումը
    Մեր զրուցակիցն է հրամանատար օդաչու, ՀՀ առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի`«Ֆենիքս Ավիայի» հիմնադիր Հակոբ Ճաղարյանը
    09:53 16/05/2013
  4. ՀՀԿ-ի տրոհումն անխուսափելի է
    Այսօր նյութական հնարավորությունների սակավությունը կարող է փոխհատուցվել քաղաքացիների ակտիվությամբ և կոմունիկացիոն գործիքների ճիշտ կիրառմամբ:
    10:07 14/05/2013
  5. Այնպիսի երկրում չենք ապրում, որ քվեն տանք ու հանգիստ ապրենք
    Մեր զրուցակիցն է Երևանի ավագանու ընտրություններում «Բարև, Երևան» դաշինքի ցուցակի 10-րդ համար, «Ես Yes» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը:
    14:14 11/05/2013
  6. Գուցե ապահով Հայաստանը մեկուկես միլիոն մարդու համար է
    Կարծում եմ՝ առկա քաղաքական «թիմերի» հետ այլևս հույսեր չկան, ասում է Հրանուշ Խառատյանը
    10:05 10/05/2013
  7. ՀՀԿ-ի դեմքերը «ֆեյս կոնտրոլ» անգամ չեն անցնի
    Բացի ոստիկանությունից՝ շատ կարևոր ուղղություններ մնում են չլուծված՝ կապված ՊԵԿ-ի Գագիկ Խաչատրյանի, դատական համակարգի կոռումպացված լինելու հետ, ասում է Էդգար Բաղդասարյանը
    20:50 07/05/2013
  8. Հայաստանը պետք է դժվար որոշումներ կայացնի
    Lragir.am-ի բացառիկ հարցազրույցը Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսի հետ
    17:19 07/05/2013
  9. Փոփոխությունը տեղի է ունենում ամենաանսպասելի պահերին
    Այժմ, կուտակվող աննկատ, սակայն հուժկու դժգոհության լավան կայունության երաշխիք հաստատ չի կարող լինել, ասում է Հայկ Մարտիրոսյանը
    13:51 06/05/2013
  10. Դասեր քաղելու կարիք չկա, պարզապես կարելի է նորովի ապրել
    Մարդիկ սովորում են հորիզոնական հարաբերություններ հաստատել միմյանց հետ, ասում է ռեժիսոր Դավիթ Ստեփանյանը
    13:42 04/05/2013