Մեր զրուցակիցն է Ստեփան Դանիելյանը
Ստեփան, հետընտրական գործընթացներն անհասկանալի իրավիճակ են ստեղծել Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմող ուժերի համար, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դեռ անորոշ վիճակում է, լարվածություն է նկատվում մյուս կուսակցություններում նույնպես: Սա սպասված սցենարից շեղո՞ւմ է:
Շատ հասկանալի իրավիճակ է, և ընտրություններից առաջ էլ պարզ էր` ինչ է կատարվելու: Երբ մերժվեցին, ինչը բնականաբար սպասելի էր, 100 տոկոս մեծամասնական ընտրակարգը և քվեարկողների ցուցակի հրապարակայնացումը, ապա անգամ անբուժելի լավատեսների համար պետք է պարզ լիներ, թե ինչ է կատարվելու: Սակայն ընդդիմադիր կուսակցապետերը մեզ խոստանում էին մայիսի 7-ին արթնանալ նոր Հայաստանում` նման խոստումը ոչնչով չհիմնավորելով: Մինչև մարդիկ իրենց խոսքերի համար պատասխանատվության չենթարկվեն, մինչև մենք չգնահատենք խոսքի գինը, երբեք նոր Հայաստանում չենք արթնանա:
Ինչ վերաբերում է hետընտրական իրավիճակին, ապա մենք պետք է հասկանանք, որ Հայաստանում գնում է տոտալ վերահսկողություն: Եթե նախկինում վարչական ռեսուրս էր օգտագործվում, հիմա կիրառվում է վարչական հարկադրանք: Հարկադրանքի հիմնական թիրախներն են պետծառայողները, զինվորականությունը, նպաստներից օգտվող խավը. մի խոսքով, բոլոր նրանք, ովքեր ունեն որևէ կախվածություն պետությունից: Այսինքն` մինչև վերջին մարդը ցուցակագրված է, նրա մասին կա ինֆորմացիա, կա տիպաբանության նկարագրությունը` հարկադրանքի ենթակա է, թե ոչ, երեխան բանակում ծառայում է, թե ոչ և այլն: Հատկապես մարզերում արդեն վախի մթնոլորտ է ստեղծվում: Կան լուրեր, որ ընտրություններից հետո բավական մարդկանց, որոնք աշխատում են համայնքատիրություններում, քաղաքապետարաններում, մարզպետարաններում, պետական հիմնարկներում, որոնք հանրապետականի համար չեն աշխատել կամ հանրապետականին դեմ են աշխատել, աշխատանքից հեռացնում են: Ըստ որոշ տվյալների, որոշ զորամասերում բախումներ են եղել և կան վիրավորներ, որովհետև, ենթադրենք, հրամանատարը հանրապետականին է ձայն տվել, իսկ տեղակալը` Բարգավաճին: Ես կարող եմ նշել նաև քաղաքը` սահմանամերձ Ճամբարակը, թող լրագրողները ճշտեն, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը:
Սա նշանակում է` մեզ մոտ արդեն ճորտատիրական կարգերը խորանում են և ստանում են ինստիտուցիոնալ բնույթ: Դա ամենավտանգավոր գործընթացն է: Եթե այդ հարաբերությունները կայանան, ապա նման համակարգն ապամոնտաժելը չափազանց բարդ գործընթացի կվերաճի: Պատահական չէ, որ ընտրություններից հետո` մայիսի 8-ին, DIY ակումբը պայթեցրին: Նման ռեժիմները պետք է գաղափարական հիմք ունենան: Դրանից հետո Շարմազանովը փորձ է անում դրանց կրոնական հիմնավորում տալ: Ես կանխատեսում եմ, որ շուտով լայն թափ կհավաքի «աղանդավորների» թեման:
Այս ռեժիմն իր հատկություններով ինձ հիշեցնում է Ֆրանկոյի Իսպանիան, ճիշտ է գավառական կատարմամբ: Գերմանական նացիզմը շատ կարճ ժամանակում կարողացել է քանդված երկիրը վերածել մի գերմեքենայի, որը տնտեսության և գիտության մեջ աներևակայելի ու աննախադեպ թռիչք է ունեցել: Եթե տեղական «ֆաշիստները» նման ճանապարհ առաջարկեին, ապա դա ինձ համար կլիներ անընդունելի, բայց գոնե հասկանալի, սակայն նրանց առաջարկած ճանապարհը մեզ ոչ մի տեղ ի սկզբանե չի տանելու: Իսպանական ֆալանգիզմը, ի տարբերություն Գերմանիայի, հիմնվում էր եկեղեցու վրա, և այսօրվա Իսպանիայի համեմատական հետամնացությունը շատ իսպանացիներ համարում են Ֆրանկոյի ժառանգությունը: Սակայն դա այլ խոսակցություն է, որն առանց Տիգրան Սարգսյանի դերի մասին խոսելու, հնարավոր չի լինի շարունակել:
Այս համակարգը մոտակա ամիսների ընթացքում, նախագահի ընտրություններին ընդառաջ, պետք է ավելի վերահսկելի դարձնեն Հայաստանը, և առաջին հերթին հենց հանրապետականներն ու պետծառայողները զտումների կենթարկվեն: Սա արդեն տեխնոլոգիական խնդիր է և նույնպես առանձին քննարկման թեմա է:
Ստեփան, ըստ Ձեզ, արդյոք կա՞ իրական կոնֆլիկտ ԲՀԿ-ՀՀԿ-ի միջև, թե հերթական շոուն է:
Իհարկե շոու չէ, կոնֆլիկտ կա, և այն, ինչ ուզում է Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանից, բոլորին հայտնի է. նախագահական ընտրությունների ժամանակ իրական այլընտրանք չպետք է լինի. Սերժ Սարգսյանը պետք է լինի ոչ այլընտրանքային թեկնածու: Մեզ նույնիսկ տեսականորեն են ցանկանում զրկել այլընտրանքի հնարավորությունից: Այստեղ առանձին խոսակցության թեմա է հենց ԲՀԿ-ն: ԲՀԿ-ն մեկ անձի կուսակցություն էր, սակայն վերջին զարգացումները, հատկապես Օսկանյանի և էլի շատ մարդկանց մուտքը հիմք ստեղծեց, որ ԲՀԿ-ն ինստիտուցիոնալ փոփոխությունների ենթարկվի: Եթե այդ մարդիկ դուրս գան, և կոալիցիա ձևավորվի, ԲՀԿ-ն այս շանսը կկորցնի, իսկ թե ինչ կկորցնի անձամբ Ծառուկյանը՝ դա արդեն իր գործն է: Ո՞րն էր ԲՀԿ-ի հաջողության գաղտնիքը. մարդիկ տեսան մի ուժ, որը կարող է դիմադրել հանրապետականներին, սակայն այն հարցը, թե եթե ԲՀԿ-ն հաղթի, ինչ կլինի հետագայում, անպատասխան մնաց:
Ըստ մամուլի տվյալների, Հայաստանում կան կուսակցություններ, որոնց պատգամավորները ստորագրել են մանդատից հրաժարվելու դիմումներ, ինչը նշանակում է, որ արդեն իսկ ԱԺ մի հատվածը ճորտական կախվածության մեջ է գտնվում: Եթե ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի պայքարը երկու ճորտական թիմերի պայքար է լինելու, այդ պայքարը մեզ չպետք է հետաքրքրի: Եթե ԲՀԿ-ն դառնա մի ինստիտուտ, որտեղ որոշումները կայացվեն կոլեկտիվ` բաց և հրապարակային եղանակներով, դա արդեն կարող է որակական և սկզբունքային պայքարի վերածվել, ինչն արդեն մեզ պետք է հետաքրքրի: ԲՀԿ-ն դեռևս չի գնում մատնանշված երկրորդ ճանապարհով, դրա համար ԲՀԿ-ՀՀԿ հակասությունը կոնկրետ ինձ դեռ չի հետաքրքրում:
Դուք խոսեցիք Ազգային ժողով անցած երկու կուսակցությունների` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի մասին, մինչդեռ բացի նրանցից` լինելու են Ժառանգություն, Ազատ դեմոկրատներ, ՀԱԿ: Ընդդիմադիր թևով կկարողանա՞ն ազդեցություն ունենալ որոշումների կայացման գործընթացի վրա:
Այդ կազմակերպությունները պետք է տեղավորվեն ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր մրցակցության դաշտում, իսկ եթե ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, չկարողանա կայանալ որպես կուսակցություն, ապա այդ գոյակցությունների դերը կնվազի: Իմ կարծիքով, քաղաքական համակարգը փլուզված է, և երբ չի գործում ընտրական համակարգը, առհասարակ հարցականի տակ է դրվում սահմանադրությամբ սահմանված կուսակցությունների դերն իշխանության կազմավորման գործում: Այս պայմաններում քաղաքական գործունեությամբ զբաղվելը պետք է նշանակի իշխանության կազմավորման մի այլ լեգիտիմ ճանապարհ որոնելը:
Սակայն այդ կուսակցությունները դեռևս գոյություն ունեն և փորձում են գաղափարական հիմնավորում գտնել իրենց գոյության համար: Որո՞նք են այդ հիմնավորումները: Մինչ այս պահը, եթե մի կողմ դնենք ՀԱԿ-ի սահմանադրական կարգի «վերականգման», այսինքն, ըստ նրանց «ոչ սահմանադրական» կարգերը սահմանադրական` ոչ հեղափոխական ճանապարհով «վերականգնելու» անհասկանալի բանաձևը, կա ևս երկու գաղափարական թեզեր, որոնք փորձում են օգտագործել նոր ԱԺ-ի հիշյալ ֆրակցիաները:
Դրանք են. Ռոբերտ Քոչարյանը ավելի վատն է, քան Սերժ Սարգսյանը (հիմա հակառակ տեսակետն էլ է առաջացել), և երկրորդ տեսակետը՝ Հայաստանում ընթանում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև պայքար, որն ունի նաև արժեքային հիմք, և սատարելով թեկուզ անընդունելի Սերժ Սարգսյանին ընդդեմ ռուսամոլ Ռոբերտ Քոչարյանի, իրենք ստեղծում են հիմք ապագա ժողովրդավարական Հայաստանի համար:
Առհասարակ, իշխանությունները միշտ փորձում են իրենց իշխանությունը հիմնավորող գաղափարներ որոնել, որոնք մտային որոգայթներ են հասարակության համար: Նույն Ֆրանկոյի օրինակը ցույց է տալիս, որ կարելի է ոչ միայն համագործակցել Արևմուտքի հետ, այլ լինել նրա մի մասը, սակայն չկրել համապատասխան արժեքային համակարգը: Նույնը ցույց է տալիս լատինամերիկյան որոշ երկրների փորձը Սառը պատերազմի տարիներին: Ավելին, դա չափազանց բացասական մենթալիտետ է, երբ քո ներքին խնդիրների լուծումը կապում ես արտաքին ուժերի հետ: Միայն ներքին մղումով կարող է հասարակությունը փոխվել, իսկ արտաքին քաղաքականությունը չպետք է ներքին զարգացումների հետ կապել` այն պետք է պայմանավորել միմիայն երկրի շահերով: Ես չեմ հավատում այն քաղաքական ուժին, որն իրավազուրկ պատգամավորների վրա է հենվում, որոնք ստորագում են առանց ամսաթվերի հրաժարականի դիմումները, որ նա կարող են արևմտյան մշակույթ բերել: Եվ այն ընդդիմադիր ուժերը, որոնք հույս ունեն նման եղանակով արևմտյան արժեքներ բերել Հայաստան, խորապես սխալվում են: Ի նկատի ունեմ, որ ոչ թե իրենք են օգտագործելու իշխող ուժին` Հանրապետական կուսակցությանը, այլ իշխող ուժն է օգտագործելու իրենց: Իսկ Արևմուտքի վերաբերմունքը շատ կոնկրետ է լինելու, ինչը ընտրությունների ժամանակ ցույց տրվեց. իրենք կունենան իրենց աշխարհքաղաքական շահերը. եթե դու ընդունեցիր իրենց քաղաքական շահերը, արժեքային համակարգը երկրորդական խնդիր է: Եթե դու ինքդ չկարողացար փոխել սեփական երկիրը, նրանք աչք են փակելու և ասելու են` մեկ քայլ առաջ է եղել ընտրությունը: Եվ երբ ասում եք՝ պառլամենտ մտած ուժերը ինչ դեր կունենան, ոչ մի դեր չեն ունենալու:
Մենք պետք է լավ հասկանանք, որ իշխանությանը ընդդիմադիր լինելը դեռ չի նշանակում, որ հասարակության տեսակետները են արտահայտում: Խորհրդարանում մեծամասնություն ունենալու համար դեռ պետք է հասարակության մեջ մեծամասնություն ունենալ, իսկ դա կոնկրետ և առաջին հերթին ինտելեկտուալ աշխատանք է պահանջում: Եթե ընդդիմադիր ես, պետք է դեռ հիմնավորես, թե ինչի ես ուզում ստանալ իշխանությունը, ինչ փոփոխություններ ես անելու: Մենք գործող համակարգը չպետք է անձերով պայմանավորենք: Այն ավելի լայն է, քան Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի անձերը:
Ստեփան, մեր վերջին զրույցում ասում էիք, որ ՀԱԿ-ը դեռ իր վերջին խոսքը չի ասել, նա կասի՞, թե ասել է արդեն:
Մինչև ընտրությունները, արդեն խոսակցություն էր գնում, որ Հայ ազգային կոնգրեսը արդեն իսկ գոյություն չունի քաղաքական դաշտում: Ես ասում էի, որ դեռ վերջին խոսքը չի ասել, նկատի ունեի, որ ՀԱԿ-ը մտնելու է Ազգային ժողով: Սակայն լրիվ այլ խոսակցություն է, թե հետո ինչ է կատարվելու ՀԱԿ-ում: Եթե կարողանան ձերբազատվել քաղաքական հին նոմենկլատուրայից և տրանսֆորմացվել մի նոր կառույցի, գուցե շանս կունենան մնալ ապագա քաղաքական դաշտում: Իմ տեսակետով, այն կառույցները ապագա ունեն Հայաստանում, ովքեր կմասնակցեն գործող քաղաքական համակարգի ապամոնտաժմանը և ակտիվ դերակատարություն կունենան նոր սահմանադրական փոփոխությունների կայացման գործում:
Ինչո՞ւ են ՀԱԿ-ի անդամ կուսակցությունները լքում ՀԱԿ-ը:
Նույն պատճառով, ինչ պատճառով շատերը լքում են Հայաստանը: Ժողովրդավարության բացակայությունը, անհեռանկարայնությունը, որոշումների ընդունման ավտորիտար եղանակը: Սակայն դա դեռ չի նշանակում, որ ով լքում է, ինքը այլ որակ է կրում: Հաճախ հեռանում են ոչ թե սկզբունքային տարաձայնությունների պատճառով, այլ որովհետեւ իրենք են ուզում նույն եղանակներով իշխել, սակայն պարտություն են կրում ու իրենց բախտը որոնում այլ ֆորմատներում:
Նոր սերունդը ոտքի կկանգնի՞: Մի կողմից, երիտասարդների մի խումբ հիասթափված է, և ուզում է լքել երկիրը, մի խումբն էլ հավաքվում է, պայքարում:
Դուք երիտասարդներին երկու խմբի բաժանեցիք, սակայն չնշեցիք երրորդ խումբը, որն ասում է` մնանք և համակերպվենք: Կարծում եմ, որ երրորդ, շատ փոքրաթիվ խումբը որոշ կուսակցությունների, բուհերի ուսխորհուրդների երիտասարդ չինովնիկներն են, որոնք այն եզակիներից են, ովքեր շահագրգռված են ներկա իրավիճակի պահպանման գործում:
Լուծումը նոր քաղաքական համակարգի ձևավորումն է: Ես տեսնում եմ հետևյալը` պետք է ժխտել այն, ինչ կա, իր բոլոր բաղադրիչներով, կուսակցություններով հանդերձ, և ստեղծել նորը: Պետք է փոփոխվի սահմանադրությունը, փոփոխությունների ենթարկվի նաև կուսակցությունների մասին օրենքը: Երբ ասում եմ Հայաստանում գործող կուսակցությունները վերջացած են, դա չի նշանակում, որ կուսակցության ներսում գտնվող բոլոր մարդիկ կամ նրա համակիրները արդեն պիտանի չեն: Բոլոր կուսակցություններում, այդ թվում նաև Հանրապետական կուսակցությունում, կան շատ պայծառ, լուսավոր դեմքեր, որոնք չեն տեսնում այն տեղը, որտեղ կարող են ռեալիզացվել: Ես գիտեմ բազմաթիվ հանրապետականներ, որոնք իրական վիճակը ավելի խորն են պատկերացնում, քան շատ ընդդիմադիրներ, և պատրաստ են փոփոխությունների, սակայն քաղաքական դաշտում նրանք սկզբունքային այլընտրանք չեն տեսնում:
