Մայիսի 6-ին «հաջորդ դասն» ավարտվեց

    • Հարցազրույց - Երեքշաբթի, 08 Մայիսի 2012, 15:11

Մեր զրուցակիցն է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը

- Lragir.am-ին տված Ձեր վերջին հարցազրույցում Հայ Ազգային Կոնգրես, ԲՀԿ եւ ՀՅԴ միավորումը ընտրակեղծիքների դեմ պայքարում մեկնաբանել էիք ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհը թույլ չտալու ցանկությամբ: Այսօր, ըստ նախնական տվյալների, ՀՀԿ-ն ԱԺ-ում 70 պատգամավոր ունի եւ բացարձակ մեծամասնություն է: Այս իրավիճակում որն է լինելու նշված 3 քաղաքական ուժերի անելիքը:

- Մեկ ճշգրտում՝ մայիսի 6-ին տեղի է ունեցել ոչ թե ԱԺ ընտրություններ, այլ՝ ֆինանսական միջոցառում: Որոնք էին մայիսի 6-ի դասերը: Մայիսի 6-ը ցույց տվեց հայ հասարակության դեգրադացման աստիճանը: Ցույց տվեց, որ նախընտրական քարոզարշավի անցկացումը որեւէ կապ չունի ընտրությունների արդյունքների հետ. ինչպես ուզում ես՝ անցկացրու քարոզարշավը, միեւնույն է, այն չի ազդում ընտրությունների արդյունքների վրա: Մայիսի 6-ը ցույց տվեց նաեւ՝ եթե ուզում ես ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել, ապա պետք է համագործակցել արտաքին ուժերի հետ: Եթե նախկինում այս գործոնի ազդեցությունը 50 տոկոս էր /50 տոկոս աշխատել ընտրազանգվածի վրա, 50 տոկոս՝ արտաքին ուժերի հետ/, ապա հիմա հարաբերակցությունը փոխվել է. 10 տոկոս պետք է աշխատել ընտրազանգվածի հետ, 90 տոկոս՝ դրսի: Կարելի է թվարկել բազմաթիվ այլ դասեր, բայց սահմանափակվեմ ամենաէականներով:

Ինչ վերաբերում է կոնկրետ ձեր նշած երեք ուժերին: ՀՀԿ-ն այլեւս ունի քաղաքական մենաշնորհ, ու նա ԲՀԿ-ի կարիքը չունի: Մայիսի 6-ին վերջնականապես լուծվեց այդ ինտրիգը: ԲՀԿ-ն թեեւ ազդեցիկ ուժ է, սակայն չի կարող այլեւս ազդել կայացվող որոշումների վրա: ԱԺ-ում ԲՀԿ-ն կարող է զբաղվել օրենսդրական գործունեությամբ, երբ ՀՀԿ-ն օրենք ներկայացնի, ԲՀԿ-ն դրա վերաբերյալ առաջարկներով հանդես գա, կարծիք հայտնի եւ այլն: Սակայն հիմնականում նա պետք է դրսի ուժերի հետ գործի, ու քանի որ նորմալ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ, դրանք պետք է սերտացնի ՌԴ քաղաքական կենտրոնի հետ: ՌԴ-ն պետք է պաշտպանի ԲՀԿ-ին, որպեսզի այստեղ դե յուրե չչեզոքացնեն: ԲՀԿ-ին չեզոքացրել են քաղաքականապես, ու դե յուրե չչեզոքացվելու համար պիտի հանդիսանա ՌԴ պաշտպանը ՀՀ-ում: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա մանդատները վերցնելու դեպքում կարող են զբաղվել օրենսդիր գործունեությամբ: ՀԱԿ-ը պետք է հասկանա մեկ բան՝ իր պոտենցիալն այլեւս այնքան չէ, որ կարողանա հասարակության միջոցով ինչ-որ բան փոխել: Ոչ մի քաղաքական ուժ հասարակության միջոցով չի կարող ինչ-որ բանի հասնել: ՀԱԿ-ը հիմա պետք է դրսի դաշնակից գտնի, որի միջոցով կարողանա ինչ-որ բան անել, ազդել ՀՀ իշխանությունների վրա: Նույն վիճակում է նաեւ ՀՅԴ-ն: Հայ հասարակությունը չունի այն պոտենցիալը՝ առաջընթաց ապահովելու համար:

- Հասարակության մոտ ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել:

- Վերջին 20 տարվա ընթացքում տեղի է ունեցել մեծ արտագաղթ: Արտագաղթել է հիմնականում պոտենցիալ ներկայացնող ուժը: Եթե նախկինում պոտենցիալ ունեցող մարդիկ 90 տոկոսն էին, ապա հիմա այդ հարաբերակցությունը փոխվել է: Հասարակության կարող ուժը քիչ տոկոս է կազմում ու որակ չի ստեղծում: Կարող է միգուցե քաղաքացիական, բնապահպանական շարժումներ առաջանան, որոնք, սակայն արդյունքների կհասնեն միայն այն դեպքում, եթե ՀՀԿ-ի համար այդ հարցերը էական խնդիրներ չստեղծեն: Իսկ հասարակությունը մեծամասամբ այլեւս պոտենցիալ չունի: 10 հազար դրամով իր ձայնը վաճառող հասարակությունը չի կարող սարեր շուռ տալ:

- Նոր կոալիցիայի ձեւավորումը որքանո՞վ եք հավանական համարում, եթե նկատի ունենանք, որ ՀՀԿ-ն այլեւս բացարձակ մեծամասնություն է ԱԺ-ում, ունի մոտ 70 պատգամավոր:

- Մեկ պարզաբանում. ՕԵԿ-ն էլ գումարած՝ ՀՀԿ-ն ունի 75 մարդ, քանի որ ՕԵԿ-ն առանձին ուժ չի, ՕԵԿ-ը ՀՀԿ-2 –ն է: ՕԵԿ քաղաքական ուժ չկա: ՕԵԿ-ը ԱԺ է մտել ՀՀԿ շնորհիվ: Հնարավոր համարում եմ ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիայի ձեւավորումը: ԲՀԿ-ն կմիանա այս կոալիցիային, թե ոչ, ՀՀԿ-ի համար այլեւս միեւնույն է: Լավագույն դեպքում այդպես ՀՀԿ-ն կկարողանա ցույց տալ, թե իրեն շատերն են աջակցում: Սա՝ ընդամենը արտաքին դիզայնի համար: Բայց, ըստ էության, այդ միանալուց ոչինչ չի փոխվում: Եթե ԲՀԿ-ն չմիանա էլ, դրանից ՀՀԿ-ն չի տուժի:

- Եթե այնուամենայնիվ, ձեւավորվի կոալիցիա, ԲՀԿ-ն մաս կազմի դրան, կարծում եք՝ դա կլինի լուրջ համագործակցության վրա հիմնվա՞ծ, թե կտեւի մինչեւ 2013 թ. նախագահի ընտրություններ, որից հետո Սերժ Սարգսյանը ստանալով ԲՀԿ-ի աջակցությունը, դրանից հետո մի կողմ կթողնի նրան:

- Այդ կոալիցիան կլինի ձեւական: Կոալիցիան միայն այն ժամանակ կարող է արդյունավետ լինել, եթե քաղաքական ուժերից որեւէ մեկի ձայները չեն բավականացնում որոշումներն անցկացնելու համար, եւ նա դիմում է այլ ուժերի օգնությանը, դաշնակիցներ գտնելով մեծամասնություն է ձեւավորում: Տվյալ դեպքում ՀՀԿ-ն միայնակ, ՀՀԿ+ՕԵԿ-ը ունեն այնքան ձայն, որ ձեւավորեն կառավարություն, անհրաժեշտ օրենքներ անցկացնեն: Եվ հիմա ԲՀԿ-ի հետ դաշինքն, ըստ էության, որեւէ բան չի փոխում: Երկրորդ՝ մայիսի 6-ի ընտրությունները փակեց նախագահական ընտրությունների ճանապարհը: Շատերն ասում են, որ առջեւում նախագահական ընտրություններն են, ու այս գործընթացը պետք է տանել դրան: Այս հարցը այլեւս լուծվեց, ՀՀԿ-ն ունեցավ մենաշնորհ: Ու հիմա նախագահական ընտրություններն այլեւս մեկ ինտրիգ ունեն՝ Ս. Սարգսյանը կստանա 99.9, թե 99.8 տոկոս ձայն: Որեւէ այլ ինտրիգ այնտեղ չկա: Այլեւս անտրամաբանական է ՀՀ-ում մասնակցել որեւէ համապետական ընտրության, եթե չունես դրսի աջակցությունը: Առանց դրսի աջակցության չես կարող հաղթել: Այնպես որ, հիմա ՀՀԿ առաջնորդին նույնիսկ չի հետաքրքրում՝ ունի ԲՀԿ աջակցությունը, թե ոչ: Առավել եւս, չկան նախագահի պաշտոնի լուրջ հավակնորդներ. Խիստ կասկածելի է ՀԱԿ առաջնորդի հնարավոր առաջադրումը մյուս ընտրություններին, որովհետեւ ՀԱԿ-ը չկարողացավ հասնել զգալի ներկայացվածության ԱԺ-ում, իսկ 7 տոկոսն էլ նրանց նվիրեցին Եվրոպայի աչքերը փակելու համար: ԲՀԿ-ն չունի իր թեկնածուն նախագահի ընտրություններում, որովհետեւ եթե դա պիտի լիներ Վարդան Օսկանյանը, ապա նա հասկացավ, որ դրսի աջակցությամբ կարող ես ինչ-որ բանի հասնել: Հակառակ դեպքում, ՀՀԿ-ն իր վարչական ռեսուրսներով կապահովի անհրաժեշտ ձայն իր թեկնածուի համար: ՀՀԿ-ն հիմա պատրաստվում է 2017-2018 թթ. համապետական ընտրություններին: Հիմա պայքարն ընթանալու է ՀՀԿ-ի ներսում, ՀՀԿ թեւերի միջեւ:

- Իսկ Ռոբերտ Քոչարյա՞նը:

- Նա չի կարող, քանի որ պետական ապարատն այլեւս աշխատում է մեկ թեկնածուի համար: Իսկ եթե նա շատ փորձի, ապա իրենով, մեղմ ասած, կզբաղվի ոստիկանությունը:

- ԲՀԿ-ի հայտնի ինտրիգը՝ «այդ մասին, հաջորդ դասին», ավարտվե՞ց:

- Մայիսի 6-ին դասն ավարտվել է:

  1. Մի փոքր հետաձգվում է պատերազմը
    Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի (Նյու Յորք) հետ զրուցել ենք համանախագահների հայտարարությունից
    15:43 19/06/2013
  2. Ի՞նչ է կատարվում Թուրքիայում
    Ստամբուլում Գեզի պուրակի զարգացումների շուրջ զրուցել ենք թուրք լրագրող Օզգուն Օշչերի հետ
    09:56 19/06/2013
  3. Լորետան պաշտպանում էր իր կապտուկները
    Ազգի ահ ու սարսափ հանդիսացող տղամարդիկ հանգուցային ժամանակահատվածներում թաքնվում են իրենց ծեծված, ենթարկեցրած տիկնանց հետևում
    12:44 17/06/2013
  4. Ամուլսարի շահագործումը չի բխում ՀՀ օրենսդրությունից
    Հարցազրույց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան, դասախոս Գոռ Մովսիսյանի հետ
    11:46 15/06/2013
  5. Ունենալով իր ագենտուրան՝ ոստիկանությունն ապօրինի եկամուտ է ստանում
    Ես չեմ բացառում, որ ամեն ամիս «ռեյդ» են նում իրենց «սեւ ցուցակ»-ի մարդկանց մոտ, գումարներ առգրավում, ասում է Արթուր Սաքունցը
    09:58 15/06/2013
  6. «Այդ ռիսկերի մասին ոչ մի բառ նշված չէ»
    Հարցազրույց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանի հետ
    10:23 14/06/2013
  7. Հայկազ Բաղմանյանն ի՞նչ է արել այսքան ժամանակ
    Զինված ուժերում կադրային վերջին վերադասավորումների շուրջ զրուցել ենք Արթուր Սաքունցի հետ
    10:12 14/06/2013
  8. Լիսկայի թալանը իշխանության հիմքում
    Այսօր գերիշխում է թալանի հոգեբանությունը սրբագործելու և օրինականացնելու սկզբունքը, ասում է Հրանուշ Խառատյանը
    10:35 12/06/2013
  9. Հանրապետության հրապարակն ավարտուն տեսք չունի
    Հարցազրույց ԵՃՇՊՀ ռեկտոր, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թոքմաջյանի հետ
    10:31 10/06/2013
  10. Թուրք լրագրող. Թուրքիայում մարդիկ վճռական են եւ կանգ չեն առնելու
    Թուրքիայում հանրությունը հարյուր տարվա մեջ առաջին անգամ հասկացավ, որ ուզում է դեմ գնալ բռնապետությանը, ասում է թուրք ֆոտոլրագրողը
    14:57 08/06/2013