Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) նախագահ Հարություն Կարապետյանի հետ հարցազրույցի շարունակությունը տես այստեղ
- Փորձենք, կոռուպցիոն ռիսկերի տեսակետից քննարկենք մեր գիտական համակարգի երեք՝ ՀՀ ԿԳՆ ԳՊԿ, ՀՀ ԿԳՆ ԲՈՀ և ՀՀ ԳԱԱ, կառույցների կողմից կիրառվող պայմանները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդեցություն ունեն ՀՀ պետբյուջեից գիտությանը հատկացվող միջոցների տեղադրման վրա։ Ակնհայտ է, որ ի տարբերություն ԳՊԿ–ի, ԲՈՀ–ի և ԳԱԱ–ի կողմից կիրառվող պայմանների ազդեցությունը ուղղակի չէ։ Բայց և այնպես, դրանց կիրառման, այսինքն գիտական աստիճանաշնորհման և ԳԱԱ անդամների ընտրության գործընթացի արդյունքում ՀՀ պետբյուջեն ծախսային պարտավորություններ է երաշխավորում:
Նախ, պետք է նշել, որ այստեղ պատահականություն չկա ու ինչ որ կատարվում է այսօր այս ոլորտում ոչ միայն գիտակցված է, այլև, հիմք ընդունելով բազմաթիվ թե պետական կառույցների, և թե՛ ԶԼՄ–ների բազմաթիվ ահազանգների անտեսումը, պետք է ենթադրել, որ առկա վիճակը հովանավորվում է նաև ՀՀ գործադիր իշխանությունների, ներառյալ ՀՀ ԿԳ նախարարի, ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի կողմից։
Առաջին. Ի սկզբանե պետք է նշել, որ ԳՊԿ դեպքում կարելի է խոսել միայն պետբյուջեի ծախսերի այն հատվածի մասին, որոնք այսպես թե այնպես «մրցույթ» են ներկայացվում և, որոնց մասին ինչ որ տեղեկություններ կարելի է հայթայթել։ Պետբյուջեի գերակշիռ մաս կազմող (մոտ 80-85%) բազային ֆինանսավորման մասնաբաժնի մասին խոսելն ավելորդ է։ Բազային ֆինանսավորում ասածը, ոչ միայն ստեղծագործական (գիտական) գործունեությանը հակացուցված վարչա–հրամայական համակարգի հենքն է, այլև կամայականություններն ու կոռուպցիոն դրսևորումները («ատկատների», հին ու նոր անձնական պարտքերը մարելու, մտերիմներին ու ազգականներին աշխատանքի տեղավորելու և նրանց կազմակերպություններին տարբեր խողովակներով գումարներ տրամադրելու և այլն) պարտակելու լավ միջոց է։
Դրանով, ըստ էության, պետք է հետաքրքրվեին համապատասխան մարմինները, բայց, փաստորեն, այդ գործելաոճը դեռևս անտեսվում կամ, ավելի ճիշտ, հովանավորվում է ՀՀ բարձրագույն իշխանության առաջին դեմքերի կողմից։ Այլապես, ինչպես կարելի՞ է բացատրել այն փաստը, որ նույնիսկ ՀՀ նախագահի վերահսկիչ ծառայության հրապարակային բացահայտումներից (տես. Ոչ ոք արտոնյալ չէ, ՀՀ, 25.12.2010թ.,), ինչպես նաև ՀՀ Վերահսկիչ պալատի պաշտոնական հաղորդագրությունից (Գիտության պետական կոմիտեն պետության միջոցներն անարդյունավետ է ծախսել, Արմենպրես, 25.11.2011) հետո նույնիսկ իրավիճակը բացարձակապես, չի փոխվում։ Ավելին, բազային ֆինանսավորման մասնաբաժինը տարեց տարի ավելանում է (ի դեպ` 2012թ.–ին նույնպես դրա աճը առաջանցիկ է)։
Իմ կարծիքով, պետբյուջեից ֆինանսական հատկացման նպատակով ԳՊԿ–ի կողմից հայտարարվող թերևս ամենակարևոր պայմանը դա ներկայացված հայտերի գիտական փորձաքննությունն է։ Հարկ է նշել, որ այն, ինչ իրականում որդեգրվել է ԳՊԿ–ի կողմից, նկատի ունեմ, թեմատիկ ֆինանսավորման նպատակով պաշտոնապես հայտարարված «Հրավերը», հեռու է քիչ թե շատ զարգացած գիտական համակարգերում կիրառվող գիտական անկախ փորձաքննության արդյունքներով պայմանավորված ֆինանսավորման մեխանիզմից։ Այն ավելի շուտ գիտության ֆինանսավորման ավտորիտար կամ, որ նույնն է՝ խորհրդային մեխանիզմն է, բայց ավելի ժամանակակից փաթեթավորմամբ։ Եթե ուշադիր ուսումնասիրենք ՀՀ ԿԳ նախարարի N 1519-Ա/Ք (18.10.2010թ.) հրամանով հաստատված «Հրավերը», ապա պարզ կդառնա, որ մեր մոտ ներդրվել է ընդամենը «գիտական փորձաքննություն» հասկացողությունը՝ աշխարհում ընդունված «գիտական անկախ փորձաքննության» փոխարեն։ Առանց «անկախ»–ի։ Բացի դրանից, նույնիսկ այդ դեպքում հայտի ֆինանսավորումը պայմանավորված չէ գիտական փորձաքննության արդյունքներով, այլ այն պայմանավորված է ԳՊԿ–ի նախագահի որոշումով կամ, որ նույնն է՝ քմահաճույքով։
Այսինքն, նույնիսկ գիտական փորձաքննության պայմանը (առանց «անկախ»–ի, հիշեցնում եմ), ԳՊԿ–ի մոտ զուտ շղարշ է` կամայականությունների քողարկման համար։ Ապացույցի համար հղում կանեմ նախ` Ս.Գևորգյանի հրապարակման (Պարոն վարչապետ, Ձեզ նորից խաբել են, Առավոտ, 17.12.2011թ. ) և, հետո ՀՀ Վերահսկիչ պալատի պաշտոնական հաղորդագրության վրա (Արմենպրես, 25.11.2011թ.), ըստ որի 9 թեմաներ ֆինանսավորվել են փորձաքննության նույնիսկ բացասական եզրակացությամբ։ Չգիտեմ այս 9 թեմաների թվու՞մ են արդյոք իմ իմացած այն հայտերը, որոնք ֆինանսավորվել են բացահայտ հովանավորչությամբ։ Դա կարևոր չէ այս պահին, և կարծում եմ, այսքանն էլ է բավարար հասկանալու ԳՊԿ–ի գործելաոճը։ Համոզված եմ, որ այստեղ անմեղսունակության խնդիր չկա, ինչպես շատերն են կարծում։ Ամեն ինչ հաշվենկատորեն մտածված է։ Նույնիսկ «մրցույթում» հաղթած թեմաների մասին գիտական հանրության արձագանքի ուժգնությունն է հաշվարկված` նկատի ունեմ բողոքարկման փուլի պարզունակ հնարքը (տրյուկը), որի շրջանակներում և ֆինասավորվել են հիմնականում խիստ խնդրահարույց թեմաները։
ԳՊԿ–ի մյուս մրցութանման գործունեության՝ միջազգային գիտաժողովներին մասնակցության աջակցության պայմանը դա իբր «բանավոր» զեկուցումն է։ Ակնհայտ է, որ այս խստապահանջության փաթեթավորմամբ պայմանը բացարձակապես անընդունելի է, հատկապես, ծնողական կամ այլ հովանավորչությունից զուրկ, բայց խոստումնալից երիտասարդների համար, որոնք մեր պոտենցիալ արտագաղթողներն են։ Այստեղ հարցը կայանում է հետևյալում. արդյո՞ք «օրալ» զեկուցման պայմանը կիրառվում է բոլորի համար։ Եթե այո, ապա ի՞նչն է պատճառը, որ պետբյուջեից ֆինանսական աջակցություն ստացած գիտաշխատողների անունները, գիտաժողովի և զեկուցման տվյալները չեն հրապարակայնացվում, այսինքն տեղադրվում ԳՊԿ–ի կայքում, ի տարբերություն, ԳՊԿ–ի նախագահի գործուղումների։ Քանի դեռ չեն հրապարակայնացվում այդ տվյալները, ապա հիմնավոր կարելի է համարել բոլոր այն շրջանառվող լուրերը, որ շատ «սիրելիներին» պետբյուջեից աջակցություն է հատկացվում նաև առանց որևէ զեկուցման և, նույնիսկ, տարին մի քանի անգամ։ Այսինքն, «բանավոր» զեկուցման պայմանը հերթական քողն է ԳՊԿ–ի կամայականությունների կամ, որ նույնն է՝ կոռուպցիոն դրսևորումների քողարկման համար։
Իսկ ԳՊԿ–ի կողմից մրցույթների համար հայտարարված պայմանների գլուխգործոցը, դա արդեն հիշատակված ՀՀ ԿԳ նախարարի կողմից հաստատված (հրաման N1519-Ա/Ք, 18.10.2010թ.) թեմատիկ ֆինանսավորման նպատակով հայտարարված մրցույթի պայմաններն են՝ գիտական թեմայի ղեկավարների վերաբերյալ ( «Հրավեր», կետ 3): Մասնավորապես, գիտական աստիճան ունեցողների համար սահմանվել է առաջին հայացքից բավականին մեղմ և քիչ թե շատ տրամաբանական անցաթուղթ`պայման. «առնվազն հինգ տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության ստաժ և վերջին հինգ տարիների ընթացքում գրախոսվող ամսագրերում հրատարակված առնվազն հինգ հոդված»։ Այս պայմանը կարելի էր ընդունելի համարել, եթե այն կիրառվեր նախ բոլորի համար և, հետո, չլիներ երկրորդը՝ գիտական աստիճան չունեցող անձանց դեպքի համար սահմանված պայմանը։ Մասնավորապես, բնական և ճշգրիտ գիտությունների համար. «առնվազն տասը տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության ստաժ և վերջին տասը տարիների ընթացքում ունի հրատարակված հոդվածներ այն ամսագրերում, որոնց գումարային ազդեցության գործակիցը (impact factor) հավասար է 30-ի...»։
Ակնհայտ է, որ գիտական աստիճան չունեցող անձանց դեպքում սահմանված պայմանն արդեն ֆանտաստիկայի բնագավառից է, և ոչ միայն այն պատճառով, որ այն մի քանի կարգով ավելի խիստ պայման է։ Այս անհեթեթության մասին առաջին անգամ չէ, որ խոսվում է։ Հարցին անդրադարձել եմ անձամբ (Արգելե՛լ չինովնիկներին մասնակցել ԳԱԱ ընտրություններին, Առավոտ, 12.11.2010)։ Ժամանակին այս հարցին անդրադարձել է նաև ԵրՖԻ–ի նախկին աշխատակից Ս. Գևորգյանը (Հոպ, վառվեցիր, Լրագիր, 23.11.2010)։
Բայց և այնպես, միարժեքորեն պնդել, թե ու՞մ համար են նախատեսվել այս՝ համեմատության մեջ անտրամաբանական պայմանները, դժվար է։ Բայց դե պարզ է, որ խիստ որոշակի նպատակ է հետապնդվել (կամ գիտական աստիճան չունեցող ինչ որ մեկն է հանդիսացել թիրախը կամ հակառակը` գիտական աստիճան ունեցող ինչ որ մեկին նկատի ունենալով, շատ ավելի մեղմ պայման է սահմանվել։ Ինչպես ասում են. աչքը տեսածից է վախենում։ Նկատի ունեմ 2006թ. ՀՀ ԳԱԱ ակումբի երիտթևի «ընտրություններ» կոչվածը, երբ երիտթևի տարիքային նշաձողն էր սահմանվել 51 տարեկանը և ոչ թե 45, 50 կամ 55 տարեկանը։ Բոլորին էր պարզ, որ ՀՀ ԳԱԱ նախագահը այդ քայլին գնացել էր ԲՈՀ–ի նախկին նախագահի համար։
Բայց դե, ենթադրենք, որ միտումնավոր չի արված այս ամենը։ Մյուս կողմից, այդ պայմաններից առաջինի (գիտական աստիճան ունեցողների համար) պատճառով փորձաքննության տեխնիկական փուլը չեն հաղթահարել որոշակի թվով հայտեր։ Դա էլ է փաստ։ Բայց և այնպես, ոչ միայն ինձ, այլև շատերին է հետաքրքրում տեսնել ԳՊԿ–ի նախագահի որոշմամբ ֆինանսավորման երաշխավորված բոլոր բնագավառների թեմաների ղեկավարների գիտական հրապարակումների համապատասխանությունը հենց իրենց կողմից սահմանված` «գրախոսվող ամսագրերում հրատարակված առնվազն հինգ հոդված»–ի պայմանին։ Եթե ՀՀ կառավարությունը շահագրգիռ է, որ իր գործելաոճը ևս մեկ անգամ կասկածի տակ չդրվի կոռուպցիոն դրսևորումների առումով, ապա պետք է հետամուտ լինի այդ տվյալները հրապարակայնացնելու հարցում։ Այս հարցը շատ հեշտ լուծվող հարց է, նույնիսկ ԳՊԿ–ի համար։
Իսկ գիտական աստիճան չունեցող անձանց համար դրված պայմանը, որ նրանց վերջին տասը տարիների ընթացքում հրատարակված հոդվածների ամսագրերի գումարային ազդեցության գործակիցը (impact factor) հավասար պետք է լինի 30-ի (ըստ գրվածի ոչ ավել, ոչ պակաս, այլ հավասար), ժամանակակից հայերենով ասած՝ արդեն վերջն է։ Տվյալ դեպքում չարյաց փոքրագույնն այն է, որ ՀՀ կառավարությունը հերթական անգամ չի խայտառակվել, ինչպես ասենք ԷՈւՇ–ի մասին ՀՀ կառավարության հայտնի (19.02.2009թ., N310-Ն) որոշման դեպքում (տես. Ս. Գևորգյան, Գիտական խեղկատակություն, Առավոտ, 24.08.2010), այլ հաստատվել է միայն ՀՀ ԿԳ նախարարի կողմից։ Ակնհայտ է, որ այս` անմեղսունակության աստիճանի պարզունակ պայմանը հենց այնպես չի սահմանված և հետապնդել է խիստ որոշակի նպատակներ։ Իսկ անմեղսունակությունը կայանում է նրանում, որ այդ պայմանի հեղինակները չեն կարողացել հաշվարկել իրենց «գլուխգործոցի» հետևանքները։ Ըստ էության, այս «պայման» կոչվածը ավելի շատ մարտահրավեր է ԲՈՀ–ին և, հատկապես, ԳԱԱ–ին։ Պետբյուջեից սնվող մոտ 1000-ի հասնող գիտությունների դոկտորներից, ԳԱԱ ակումբի անդամներից, ներառյալ ԳԱԱ իսկական անդամները, այս «հանճարեղ» պայմանին կբավարարեն մոտ 10-15 գիտաշխատող, ընդամենը։ Եթե այդ «պայմանը» հաստատած ՀՀ ԿԳ նախարարի մոտ կասկածներ կառաջանան, թող հանձնարարի ԳՊԿ–ին, ներառյալ պետբյուջեից ֆինանսավորվող և ԳԱԱ ԻԱՊԻ–ում արդեն ապահով քողարկած «ԳԻՏԱԿ»–ի գիտունիկներին, ստուգել իմ ենթադրությունը (հնարավոր է, որ այն 15–ից` 13 դառնա կամ 17)։ Ես անձամբ ժամանակ եմ ծախսել ու ստուգել այդ «գլուխգործոցի»–ի հավանական հեղինակի, այսինքն, այսօր չինովնիկ աշխատող, բայց ամեն գնով և ցանկացած մասնագիտությամբ ԳԱԱ թղթակից անդամի տիտղոսին ձգտող ԳՊԿ–ի նախագահի տվյալները, որը, ինչքան հիշում եմ, մոտ էր 19–ին, բայց ոչ երբեք 30–ի։
Հիմա քննարկենք խորհրդային համակարգի մնացուկներ հանդիսացող ԲՈՀ–ի և ԳԱԱ ակումբի անդամության համար օգտագործվող պայմանները, որոնց արդյունքում, փաստորեն, ՀՀ կառավարությունն ավանդաբար պարտավորություն ունի թե՛ լրացուցիչ բյուջետային ծախսերի (նկատի ունեմ աշխատանքի արդյունքով չպայմանավորված հավելավճարներն ու պատվովճարները) և թե՛ լրացուցիչ արտոնություններ տրամադրելու համար (նկատի ունեմ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման տրամադրումը)։ Հարկ եմ համարում մեկ անգամ ևս հատուկ նշել, որ կքննարկենք միայն այս կառույցների կողմից սահմանված և օգտագործվող պայմանները, առանց անդրադառնալու այդ կառույցների բովանդակային անհրաժեշտությանը, ընդհանրապես։ Դրանց ռուդիմենտային բնույթի մասին շատ է խոսվել, նոր բան չկա։ Բայց փաստ է, որ մեր իշխանություններն առ այսօր համաձայն չեն, որ դրանք ռուդիմենտային կառույցներ են, քանի որ դրանք ոչ միայն գոյություն ունեն, այլև ստանում են բյուջետային ֆինանսավորում հարկատուների հաշվին։
Երկրորդ. ԲՈՀ–ի կողմից օգտագործվող պայմանները, այսինքն գիտական աստիճանաշնորհման «Կանոնակարգը» հաստատվել է ՀՀ կառավարության հ. 1436–Ն որոշմամբ (21.10.2010թ.)։ Այս գործող «Կանոնակարգի» մասին էր թերևս ԿԳ նախարարի հայտարությունը, որ «...պաշտպանությունները խստացվել են և կոռուպցիոն ռիսկերը նվազել...»։ Այն հանգամանքը, որ վերջերս ինչ որ փոփոխություններ են տեղի ունեցել փաստ է։ Բայց, դրանք որակական չեն և խիստ վիճահարույց է, թե այդ փոփոխությունները ինչպես են նվազեցրել կոռուպցիոն ռիսկերը։ Թերևս, ամենատեսանելի փոփոխությունները երկուսն են։ Առաջինը այն է, որ դոկտորի գիտական աստիճան հայցողները, որոնց թեմաները հաստատվել են 2011թ.–ից սկսած, ատենախոսությունների համար պետք է ներկայացնեն ոչ թե 15, այլ 20 հոդված։ Երկրորդը՝ կոռուպցիոն լուրջ ներուժ պարունակող «Ատենախոսությունների արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակ»–ն է, որը նույնպես, մեղմ ասած, կոսմետիկ բնույթ ունի։
Այսպես, ըստ այդ «խստացված» և նվազ «կոռուպցիոն ռիսկեր»–ով «Կանոնակարգ»–ի գիտությունների թեկնածուի համար ատենախոսությունն ենթադրում է «...տվյալ բնագավառում կարևոր նշանակություն ունեցող խնդրի լուծում», իսկ գիտությունների դոկտորի համար ատենախոսությունը ենթադրում է «...էական նվաճում գիտության տվյալ բնագավառում…», որը ոչ ավել, ոչ պակաս՝ «հիմնավորապես կնպաստի գիտատեխնիկական առաջընթացին»։ Կարծում եմ, այստեղ վրիպակ կա կամ ավելորդ համեստություն է դրսևորված։ Այն պետք է կարդալ. «հիմնավորապես կնպաստի համաշխարհային գիտատեխնիկական առաջընթացին», քանի վերջինը, փաստ է, որ բացակայում է մեզ մոտ, ընդհանրապես։ (Բացի դրանից, ավելի հնչեղ է և մեկ անգամ ևս կամրագրվի, որ համաշխարհային գիտատեխնիկական առաջընթացը պարտական է դոկտորներ արտադրող մեր ԲՈՀ–ի հարահոսին նաև։)
Բովանդակային առումով «...տվյալ բնագավառում կարևոր նշանակություն ունեցող խնդրի լուծում»–ն ու «...էական նվաճում գիտության տվյալ բնագավառում…»–ը գրեթե ոչինչ չասող ձևակերպումներ են, եթե չհամեմատենք այդ երկու որակումների քանակական մեկնաբանությունները։ Այսպես, թեկնածուական ատենախոսության պաշտպանության համար պահանջվում է «առնվազն երեք գիտական հոդված, այդ թվում` առանց համահեղինակի` մեկը», իսկ դոկտորական ատենախոսության պաշտպանության համար պահանջվում է «առնվազն քսան գիտական հոդված, այդ թվում` առնվազն հինգը օտարերկրյա պետություններում տպագրվող գրախոսվող գիտական հրատարակություններում։ Առանց համահեղինակների աշխատանքների թիվը պետք է լինի առնվազն հինգը (փորձարարական կամ կլինիկական բնույթ ունեցող ատենախոսությունների դեպքում՝ երկու)։»։ Փոքր ինչ շեղվելով նկատենք, որ «Կանոնակարգում» տեղ գտած «օտարերկրյա պետություններում տպագրվող գրախոսվող գիտական հրատարակություններում» ձևակերպումը, կարծես թե, ոչ միայն հայերեն չէ, այլև կաղում է մասնագիտական առումով։ Նախ, ի՞նչ է նշանակում «օտարերկրյա պետություններում» հասկացությունը։ Արդյոք դա համարժեք է «միջազգային ամսագրերում» հասկացությանը: Թե այդ խեղաթյուրված հայերենով ձևակերպման հիմնական նպատակն է հանդիսացել «օտարերկրյա պետություն» բառերի ընդգծումը: Հավանաբար այն պատճառով, որ մեր ազդեցիկ ակադեմիկոսներից մեկին մեկ–մեկ հաջողվել է տպագրվել «Turkish Journal of Physics»–ում, որն այսօր կարող է ներկայացվել որպես միջազգային մասնագիտական ամսագրում հրապարակված կարևոր աշխատություն:
Երկրորդը, ի՞նչ է նշանակում «գրախոսվող գիտական հրատարակություններում»։ Կարծում եմ, ավելի գրագետ կլիներ «հրատարակություններում»–ի փոխարեն «ամսագրերում»–ի օգտագործումը։ Մասնագետ չեմ, իհարկե, բայց դե կարծում եմ, որ ռուսերենից թարգմանության հետևանք է։ Այն անհարիր է, հատկապես, ԲՈՀ–ի համար։ Կարծում եմ, իմաստ ուներ մի քիչ փող ծախսել ու ստանալ տրամաբանորեն ավելի կապակցված և հայերենով ընթեռնելի «Կանոնակարգ»։ Իսկ փող, այն էլ չնչին, միշտ էլ կարելի էր հայթայթել, թեկուզև ամենայն հայոց ծովագնաց Զորի Բալայանի շուրջերկրյա նավարկությունից մի չնչին մաս կտրելով։ Կարծում եմ, նա ըստ արժանվույն է գնահատում ԲՈՀ–ի դերը և կգնար այդ զոհողությանը։
Ինչևէ, վերադառնանք մեր հիմնական նյութին։ Նախ նշենք, որ թեկնածուական ատենախոսությունների համար պահանջվող «առնվազն երեք գիտական հոդված», պայմանը խիստ անորոշ է։ Պարզ չէ, թե ի՞նչ ամսագրում` գրախոսվո՞ղ, թե ո՛չ։ Կարելի էր, ենթադրել, որ «գիտական հոդված»–ն արդեն իսկ ենթադրում է գրախոսվող ամսագրի պարտադիր պայմանը։ Բայց դե մեր իրականությունն ու ԲՈՀ–ն ուրիշ են, չէ՞։ Ըստ նույն այդ «Կանոնակարգ»–ի՝ դոկտորական ատենախոսության համար որոշակիորեն պահանջվում է «գրախոսվող գիտական...» հոդված։ Ուրեմն, պարզ է չէ՞, որ այստեղ վրիպում չկա։ Եվ այստեղ է, բացահայտվում այն բիզնես նախագծերի իմաստը, որոնք ինչ–ինչ ճանապարհով ընդգրկված են «Ատենախոսությունների արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակ»–ում։ Այդ ցուցակին անդրադարձա ՀՀ ԿԳ նախարարի արդեն հիշատակած հայտարարության պատճառով, որ իբր թե՝ «...պաշտպանությունները խստացվել են և կոռուպցիոն ռիսկերը նվազել...»։ Թռուցիկ ծանոթացումից հենց աչքի ընկավ, մի գուցե ռուսալեզու լինելու պատճառով, բավականին եկամտաբեր բիզնես հանդիսացող «Вестник МАНЕБ» կոչված հակագիտական խայտառակությունը։ Այլևս պարզ էր ՀՀ ԿԳ նախարարի հայտարության արժեքը, որն ըստ էության նշանակում է դոկտորական ատենախոսությունների, այսինքն համաշխարհային «գիտատեխնիկական առաջընթացին հիմնավորապես նպաստելու» համար նախկինում 10 թափոնի փոխարեն, հիմա պահանջվում է 15–ը (20 հրապարակումից միայն 5–ն է պահանջվում, որ «գրախոսվող գիտական...» հոդված լինի)։ Ճիշտն ասած, ցուցակը չեմ էլ շարունակել ուսումնասիրել։ Համոզված եմ, որ այդ` բնական և ճշգրիտ գիտություններին առընչվող խայտառակությունը միակը չէ այդ ցանկում, որը ԲՈՀ–ի խորհրդի անդամների կողմից առաջարկվել է (պետք է ենթադրել դեմքերին շատ խելոք արտահայտություն տված) որպես «գիտական արդյունքների» հրատարակման ընդունելի պարբերականներ։ Ցանկացած մարդու, ով քիչ թե շատ տիրապետում է ինտերնետին և առաջին հերթին մեր բնագավառի բոլոր չինովնիկներին, ում հովանավորությամբ իրագործվել է այս բենդերյան դասական նախագիծը, առաջարկում եմ գտնել նախ МАНЕБ մայր կազմակերպությունը և տեսնել թե դա ինչ է։ Հետո՝«Вестник МАНЕБ» մայր ամսագիրն ու դրա կարգավիճակը ՌԴ ԲՈՀ–ի ամսագրերի ցանկում։ Այնուհետև նոր կարելի է փնտրել ու չգտնել հայկական «Вестник МАНЕБ–региональный выпуск» կոչվածը կամ որ նույնն է հայկական «Рога и Копыта»–ն։ Անձամբ եմ ստուգել վերջերս. ի հեճուկս այդ տպագիր թյուրիմացության մեջ նշված մի քանի հեռախոսահամարների, 2-3 օր չարչարվելուց հետո հաջողվեց իմանալ մի բջջային հեռախոսահամար, որը պատասխանեց (պետք է ենթադրել, որ կամ գլխավոր Բենդերն էր պատասխանողը, կամ նրա աշակերտներից մեկը՝ ասենք Շուրան)։ Հարցիս, թե ինչպե՞ս կարող եմ իմ տպագրության պատրաստվող հոդվածը ուղարկել խմբագրություն, քանի որ տեղեկություն չեմ գտնում խմբագրության ոչ փոստային և ոչ էլ էլեկտրոնային հասցեների մասին, զրուցակիցս պատասխանեց. հենց պատրաստ լինի զանգահարեք, կհանդիպենք քաղաքում ու ես կվերցնեմ։ Չմոռանաք, ձեզ հետ ունենալ 10 հազար դրամ՝ տեղում վճարելու համար։ Կարծում եմ, որ մեկնաբանություններն ավելորդ են։ Բայց, արի ու տես, որ մեր մասնագետներին հաջողվել է նույնիսկ հաշվարկել այդ խայտառակության «Ազդեցության գործոն»–ը։ Իհարկե, ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին և, իհարկե, ԳԱԱ ԻԱՊԻ–ում պատսպարված ԳՊԿ–ի «Գիտակի» գիտունիկների կամ, որ նույնն է «Рога и Копыта-2»–ի կողմից http://www.csiam.sci.am/boh.php?s=&langid=1։ Ըստ իմ տեղեկությունների, այդ թյուրիմացությունը մարտի 1-ից սկսած կհանվի ԲՈՀ–ի «Ցուցակից»։ Կյանքը ցույց կտա, իհարկե, այդ տեղեկությունների հավաստիությունը։ Բայց ճիշտ կլիներ հանձնարարել «Գիտական տեղեկատվության, վերլուծության և մոնիտորինգի կենտրոն» կոչված «Рога и Копыта-2»–ին պարզել նաև, թե քանի հոգի են օգտվել այդ խայտառակությունից, և իրենց գիտական հրապարակումների ցանկը «հարստացրել» ԳԱԱ ակումբի անդամ և գիտությունների դոկտոր օծվելու, այսինքն գիտության վարկը գցելու համար։ Իսկ գիտության վարկի գոնե փոքր ինչ վերականգնման համար ճիշտ կլիներ, որ բոլոր նրանց (բացի թեկնածուներից), ովքեր օգտվել են МАНЕБանման խայտառակություններից, առնվազն, նրանց գիտական աստիճաններն ու կոչումները հետ վերցվեն, քանի որ նրանք՝ կամ գիտակցված ավանտյուրայի են գնացել կամ պարզապես տգետներ են, բառի բուն իմաստով։
Իսկ գիտությունների թեկնածուների հանդեպ վերապահումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանց հիմնական մասը, ովքեր ասպիրանտական համակարգից են, բացարձակապես մեղավոր չեն, գործող կոռուպցիոն համակարգն է ( ներառյալ ԲՈՀ–ի խորհուրդ կոչվածը) նրանց ուղղորդում այդ ճանապարհը։ Պարզ է, որ նրանց համար դրված պայմանի (3 հոդված, որից 1–ը առանց համահեղինակի) հաղթահարումը, իրականում, շատ բարդ խնդիր է, հատկապես, փորձարարական բնագավառներում։ Մասնավորապես, եթե հաշվի առնենք, որ թեկնածուական գիտական աստիճանի հիմնական հավակնորդները մեր հետազոտական հմտություններից գրեթե զուրկ բուհերի ուսանողներն են, որոնք 3 տարում պետք է հասցնեն նախ հանձնել որակավորման քննությունները, հետո այնպիսի տեմպերով խորանան բնագավառի խնդիրների մեջ, որ առաջարկեն բնագավառի համար «կարևոր նշանակություն ունեցող խնդիր», «լուծեն» այն և արդյունքները հրապարակեն առանց համահեղինակի։ Ակնհայտ է, որ դրված խնդիրը կամ, որ նույնն է արհեստական արգելաձողը, շատ բարդ է գիտության բնագավառում իրենց առաջին քայլերն անող երիտասարդների համար։ Այն, մի գուցե, հաղթահարելի է այն երիտասարդների համար, որոնց պապան կամ մաման , իրենց զավակներին ապահովում են գիտական հոդվածներով դեռևս աշակերտական նստարանից (այսպիսի դեպքեր էլ կան մեզ մոտ) հանուն թեկնածուական ատենախոսության և, հետևաբար, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման։ Եվ, քանի որ համակարգը խիստ մտածված է, ապա հենց այստեղ էլ օգնության են գալիս МАНЕБանման (համոզված եմ, որ МАНЕБ–ը միակը չէ) խայտառակությունները` վճարիր ու կունենաս ցանկացած հիմարության հրապարակում սկզբունքով, այդ թվում ԲՈՀ–ին ներկայացնելու համար։
Այսպիսով, փաստ է, որ թեկնածուական ատենախոսության պաշտպանության համար դրված պայմանը (3 հոդված, որից 1–ը առանց համահեղինակի) շատ ավելի խիստ պայման է, քան դոկտորական ատենախոսության պաշտպանության համար դրված պայմանը (20 հոդված, որից առնվազն 5–ը «օտարերկրյա պետություններում տպագրվող գրախոսվող գիտական հրատարակություններում»)։ Իմ համոզմամբ սա պատահականության արդյունք չէ, ամենևին։ Համոզված եմ, որ այս պայմանների միջոցով, կախված հավակնորդների հետապնդած նպատակներից, շուկայական խնդիրներ են լուծվել ու լուծվում։ Ավելի ստույգ, ստեղծվել է պահանջարկով պայմանավորված կոռուպցիոն սողանցքների համակարգ։ Մասնավորապես, գաղտնիք չէ, որ թեկնածուական ատենախոսության պաշտպանությունների հիմնական նպատակը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման հնարավորությունն է և ոչ թե գիտության զարգացումը։ Այդ պատճառով, «խիստ» պայմանների միջոցով թեկնածուական աստիճանի հավակնորդին պետք է ստիպել իրականացնել, անիրականացնելին, թեկուզև МАНЕБանման խայտառակությունների միջոցով։ Իսկ դոկտորական ատենախոսությունների հավակնորդների համար պետք է լայն բացել դռները հաճախորդների թվաքանակ ապահովելու նպատակով, «էստի համեցեք» սկզբունքով։ Քանի որ գործող և ըստ ՀՀ ԿԳ նախարարի «խստացված» և նվազ «կոռուպցիոն ռիսկեր» պարունակող «Կանոնակարգ»–ով դոկտորականի համար սահմանված պայմանը, իրականում, կարող է համապատասխանել միջին վիճակագրական գիտաշխատողի արդյունքներին, բայց ոչ երբեք գիտական արդյունքին, որը կարելի համարել «...էական նվաճում գիտության տվյալ բնագավառում…», որը «հիմնավորապես կնպաստի գիտատեխնիկական առաջընթացին»։ Սա, ակնհայտ է: Այն հաստատում է նաև «Web of Knowladge» շտեմարանի տվյալներով։ Մասնավորապես, ինչպես նշեցինք մեր հարցազրույցի սկզբում, 1937թ. սկսած առ այսօր հայաստանցի գիտաշխատողների կողմից հրապարակված 150 և ավելի հղումներով հոդվածների թիվն ընդամենը 8–է, որոնք այսպես թե այնպես կարելի նվաճում համարել միայն, բայց ոչ «էական նվաճում», իհարկե։
Երրորդ. Նախ, նշենք, որ այստեղ խոսքը վերաբերելու է միայն ԳԱԱ ընտրություններում կիրառվող պայմանների և դրանցում առկա կոռուպցիոն ռիսկերին։ Իմ համոզմամբ, այստեղ շատ ավելի դժվար է ՈՉ ԿՈՌՈւՊՑԻՈՆ երևույթի դրսևորում գտնելը, եթե հանրության մոտ առկա կարծրատիպերով ընդունենք, որ ԳԱԱ անդամները, ԳԱԱ նախագահի խոսքերով ասած, «նրանք մեր գիտության առաջմղման գործում մեծ ավանդ ունեցող գիտնականներ են» (ՀՀ ԳԱԱ-ն՝ բարեփոխումների շեմին, ՀՀ, 02.05.2012)։( Ի դեպ, բազմիցս է նշվել , որ Հայաստանում գիտնական չկա։ Դա փաստ է, որն իր շատ հասկանալի արտացոլումն ունի նաև «Web of Science» շտեմարանի տվյալներում։ Ով կասկածներ ունի այս պնդման համար, կարող է անձամբ ստուգել, քանի դեռ անվճար հասանելի են «Web of Knowledge»–ի շտեմարանները։ Իսկ այդ որակման օգտագործումն առնվազն դեմագոգիա է)։ Այս հենքի վրա, այսինքն, երբ ընդունում ենք, որ ԳԱԱ անդամները գիտության մեջ ինչ–ինչ ավանդ ունեցող գիտաշխատողներ են, ԳԱԱ ընտրություններում առկա կոռուպցիոն երևույթների, ներառյալ ըստ մասնագիտությունների պատվիրված ընտրությունների հայտարարման մասին շատ է խոսվել ու գրվել։ Ավելորդ է դրանց մասին խոսել։ Բայց և այնպես, հարկ եմ համարում նշել, որ ՀՀ ԳԱԱ ընտրություններում, եթե նույնիսկ առաջնորդվում ենք ԳԱԱ նախագահի նշված դեմագոգիայով, նույնպես առկա են ոչ կոռուպցիոն բնույթի գործընթացներ, որոնք ակնառու են վերջին երկու ընտրությունների ժամանակ և որոնք, կարծես թե, չեն արժևորվել ըստ արժանվույն։ Իմ կարծիքով, ԳԱԱ ընտրություններում օբյեկտիվության, այսինքն ոչ կոռուպցիոն երևույթների դրսևորում կարելի է համարել միայն թափուր տեղերի առկայությունը, որոնց թվաքանակն ակնահայտորեն աճում է և, որը վերջին խայտառակ ընտրությունների արդյունքում կազմեց հնարավոր տեղերի մոտ 30% -ը։ ՀՀ կառավարության կողմից հովանավորվող ԳԱԱ անդամների ընտրություններում թափուր տեղերի թվաքանակի աճը, կարծում եմ, իր մեջ պարունակում է դրական միտումներ։ Փորձենք պարզաբանել, թե ինչու։
Քննարկենք ԳԱԱ անդամների ընտրությունների համար այսօրվա ԳԱԱ նախագահության կողմից ներդրվող և «գիտության առաջմղման գործում մեծ ավանդ ունենալու» պայմանից տարբերվող մյուս սկզբունքները, որոնք, իմ կարծիքով, ավելի են համապատասխանում իրականությանը։ Նկատի ունեմ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Վ. Հակոբյանի կողմից (Գիտպետկոմի նախագահին ակադեմիկոսները «կտրել» են, Առավոտ, 2011.01.14) թեթև ակնարկի կարգով շրջանառության մեջ դրված սկզբունքները, որոնք հետագայում առանց ավելորդ սեթևեթանքի հայտարարվեցին նաև ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանի կողմից։ Մասնավորապես, նա փաստել է, որ «Եթե որոշում ենք տվյալ գիտնականի օգտակար գործունեության արդյունքերը, պետք է հաշվի առնել նրա դերը հասարակության մեջ, ինչպիսի պաշտոններ է զբաղեցրել, ինչպիսի պարգևներ ունի այդ մարդը: Պարգևները հենց այնպես չեն տալիս:» (Գիտության շարժիչ ուժը երիտասարդները չե՞ն, hetq.am, 16.02.2012)։ Ակնհայտ է, որ եթե ընդունում ենք ԳԱԱ անդամների ընտրություններում այս չափորոշիչները, ապա ամեն ինչ նորմալ է կոռուպցիոն երևույթների բացակայության տեսակետից։ Բայց, այդ դեպքում ստիպված ենք նախ եզրակացնելու, որ ԳԱԱ այսօրվա նախագահը ոչ միայն իր քաղաքական նախասիրություններն է հաճախ փոխում՝ «ժամանակի հետ» քայլելու նպատակով (ՀՀՇ–ի իշխանության օրոք ԳԱԱ նախագահ դառնալու նրա առաջին փորձը ձախողվեց, բայց համենայն դեպս դարձավ ԵՊՀ ռեկտոր) այլև ԳԱԱ–ի բնույթը։ Հետևաբար, առնվազն պետք է ընդունենք, որ ԳԱԱ–ի անդամների հիմնական մասի դեպքում, հատկապես, վերջին երկու ընտրություններով օծվածների համար առաջնային է եղել, առնվազն, նրանց հասարակության մեջ ազդեցիկ դերն ու հենց այնպես չստացած պարգևները։ Ցավոք, ԳԱԱ նախագահը չի մանրամասնում «ազդեցիկ» հասկացողությունը՝ դա ֆինանսակա՞ն հնարավորություններն են, թե՞ այդ անձանց ծննդավայրն է կամ թե օտարերկրյա հատուկ ծառայությունների միջնորդությունը։ Չէ որ վերջիններս են «ժամանակի հետ» քայլողների ազդեցիկության չափանիշները։ Իսկ պարգևներն ավելի քան հասկանալի են։ Քիչ թե շատ մեղսունակներից ո՞վ չգիտի, որ պարգևներ հենց այնպես, այսինքն առանց բավարար ծառայությունների կամ թե ծառայամտության, չեն տրվում։
Այսինք, ստիպված ենք արձանագրելու, որ ՀՀ իշխանությունների հովանավորությամբ (քանի որ ԳԱԱ անդամների ցմահ պատվովճարներն ապահովվում է ՀՀ պետբյուջեից) փորձ է արվում գիտական ձեռքբերումների շղարշի տակ և «ժամանակի հետ» քայլելու սկզբունքով ԳԱԱ–ն տրանսֆորմացնել առնվազն ակումբի, եթե ոչ մաֆիական կառույցի՝ ինչպես շատերն են կարծում։ «Ժամանակի հետ» քայլելու, ինչպես նաև ակումբամաֆիական գործելաոճի մասին է վկայում նաև այսօրվա ԳԱԱ նախագահության ևս մեկ նախաձեռնություն։ Խոսքը «Արի տուն» ծրագրի պարզունակ կապկումն է։ Նկատի ունեմ ԳԱԱ ակումբի արտասահմանյան անդամների հավաքագրումը, առանց հաշվի առնելու, որ նրանցից շատերը իրենց սեփական կամքով լքել են հայրենիքն ու հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից (որակումը դժվար չէ գուշակել), իսկ այսօր հրավիրվում են Հայրենիք մնացած «անբաններին» իրենց «հաջողված» փորձը կիսելու նպատակով։ Կարծում եմ, այս շոուն երկուստեք շահավետ է։ Մասնավորապես, Հայրենիքը լքածները ստանում են թղթի մի կտոր «ՀՀ ԳԱԱ ակումբի արտասահմանյան անդամի» վկայագրի տեսքով, որը կփակցվի իրենց աշխատասենյակի պատին և, որը կվկայի Հայրենիքի առաջընթացում իրենց ունեցած անչափ մեծ «ավանդի» մասին, իսկ ԳԱԱ ակումբի հայաստանյան անդամներն ու, հատկապես, միջնորդները կստանան իրենց հնարավոր Վաշինգթոն, Տորնթոն կամ այլուր «գիտական զբոսարջության» ընթացքում սուրճ, գարեջուր կամ նույնիսկ քյաբաբ երաշխավորված հյուրասիրողներ։
Միգուցե այս ամենն արդարացվա՞ծ է ըստ մեր գիտելիքահեն իշխանությունների։
Բայց այդ դեպքում, հարցեր են առաջանում, որոնցից երկուսին արժի անդրադառնալ։ Նախ, եթե նույնիսկ այսօրվա ԳԱԱ–ն (ԳԱԱ անդամներն իրենց ԳԱԱ նախագահությամբ) շատ քաղաքակիրթ և առանց որևէ մաֆիական բնույթի ակումբ է, ապա ի՞նչ հիմնավորմամբ է ՀՀ կառավարությունը «գիտությունների ազգային ակադեմիա» կոչվող ակումբի անդամներին ցմահ միջոցներ հատկացնում ՀՀ պետբյուջեի գիտությանը հատկացվող ակնհայտ սուղ միջոցներից։ Կարծում եմ, այս փաստը հերթական անգամ ապացուցում է, որ ՀՀ պետբյուջեից գիտությանը հատկացվող գումարը, ընդամենը, կերաման է։
Երկրորդ, եթե մեր այսօրվա ՀՀ իշխանություններն ընդունում են, որ ԳԱԱ–ն ընդամենն ակումբ է, ապա ինչպե՞ս են պատկերացնում առ այսօր այդ համակարգի կտուրի տակ գտնվող ավելի քան 30 հետազոտական կազմակերպությունների ապագան, այսինքն երբ 100%–ով իրականանան ԳԱԱ այսօրվա նախագահի որդեգրած սկզբունքները, և այդ ընտրություններ կոչվածի արդյունքում արդեն չգրանցվեն թափուր տեղեր, ի՞նչ կարգավիճակ են ստանալու այդ հետազոտական կառույցները։ Կամ, արդյո՞ք այդ հետազոտական կառույցներն էլ են արժանանալու նախկին ԵրՖԻ–ի ճակատագրին։
Ինչևէ, ակնհայտ է, որ առկա է պայքարը, մի կողմից ԳԱԱ–ի ակումբացման կամ որ նույնն է մաֆիականացման կողմնակիցների և, մյուս կողմից, ԳԱԱ–ի գիտական բնույթի պահպանման կողմնակիցների միջև։ Դրա ապացույցն է գիտական բնույթի շղարշի տակ ակումբային բնույթի ընտրություններում թափուր տեղերի առկայության փաստը։ Իսկ թե, որ կողմին են սատարում ՀՀ իշխանությունները, ներառյալ ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը և ՀՀ ԿԳ նախարարը, պարզ կդառնա շուտով, երբ պարզ կդառնա, թե ՀՀ կառավարությունը պատրա՞ստ է արդյոք.
1. միջոցներ հատկացնել Thomson Reuters-ի «Web of Knowadge» շտեմարաններին բաժանորդագրվելու համար,
2. գիտական աստիճանաշնորհման և ԳԱԱ անդամների ընտրության, ինչպես նաև անաշխատ պատվոճարների հատկացման համար հիմք դարձնել միջազգայնորեն ընդունված չափորոշիչները,
3. հանրության սեփականությունը դարձնել այսօր անաշխատ պատվովճարներ ստացող ԳԱԱ ակումբի անդամների արժանիքները թե՛ «գիտության առաջմղման գործում» (գիտական հրապարակումների տեսքով) և թե՛ հասարակության մեջ նրանց դիրքը բացահայտող չափանիշներով (գրաված պաշտոնների, ստացած պարգևների և այլն տեսքով)։
Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում այդ միջոցառումների իրականացման մեխանիզմները։
Շատ պարզ, որի համար պետք է, որ ՀՀ իշխանությունները (այստեղ բացի ՀՀ կառավարությունից նկատի ունեմ նաև ՀՀ նախագահին, հասկանալի պատճառներով) առաջի հերթին ընդունեն, որ գիտական ձեռքբերումները պետք է գնահատվեն միջազգայնորեն ընդունված չափորոշիչներով, որի համար Thomson Reuters-ի «Web of Knowadge» շտեմարանների մշտապես հասանելիությունն անհրաժեշտություն է։ Այսինքն, այդ շտեմարանների բաժանորդագրության հարցը պարզ է։
Երկրորդ, որին չեմ կարծում, որ ներկայիս ակադեմիան կգնա, այլ ծույլիկ աշակերտի պես կսկսի հորինել հազարավոր պատճառներ (այնպես, ինչպես նրանց հաջողվեց ՀՀ նախագահին համոզել, որ 8–ը, 7.5–ից փոքր է)։ Բայց և այնպես։ ԳԱԱ ակումբին պետք է պարտադրել իրենց գործող կայքի միջոցով հրապարակայնացնել ակումբի անդամների թե գիտական հրապարակումների ցանկն ու դրանց նշանակության գնահատականը (նկատի ունեմ h-ինդեքսը), թե՛ պարգևները, ներառյալ թե ինչի համար են ստացել, և, թե՛ նրանց պաշտոններն ու դրանց շնորհիվ սեփականաշնորհած պետական գույքի ցանկը, որոնք հիմք են հանդիսացել ակումբի անդամության համար։ Այս ամենից հետո, կարծում եմ, որ հանրությունն ըստ արժանվույն կգնահատի ՀՀ պետբյուջեից անաշխատ պատվովճար կոչվածի արդարացիությունը, որն էապես բարձր է պետության կողմից գիտաշխատողներին հատկացվող միջին աշխատավարձից։ Այլապես, կարելի է կարծել (կայքում այսօր առկա տեղեկատվության հիման վրա), որ ԳԱԱ ակումբի անդամության համար, ոչ միայն կարևոր է, այլև միակ որոշիչ պայմանը դա անդամների ծննդավայրն է։ Էական քայլ կլինի նաև այն հանգամանքը, որ իշխանությունները 2-3 անգամով կրճատեն նաև ԳԱԱ ակումբի նախագահության ծախսերը, ներառյալ շարքային գիտաշխատողների աշխատավարձը էապես գերազանցող աշխատավարձով հաստիքները, որոնց թիվը մոտ 130 է, և ծառայողական ավտոպարկը, որոնց շահագործման ծախսերը, վերջին հաշվով, նստած են գիտության ծախսերի վզին։
Իսկ գիտական աստիճանաշնորհման և ԳԱԱ անդամների ընտրության դեպքում (եթե, իհարկե, պահպանելով խորհրդային մոդելը, բայց և այնպես ուզում ենք ապահովել գիտության վարկն ու առանց ծիծաղի առարկա դառնալու ինտեգրվենք միջազգային գիտական հանրությանը) պետք է օգտվել գիտաշխատողների (քանի որ ինչպես նշեցինք մեզ մոտ գիտնական չկա) գիտական գործունեության որակն ու արդյունավետությունը բնութագրող h-ինդեքսներից։ Անկասկած, օգտագործվող h-ինդեքսներով պայմանավորված նշաձողերը պետք է տարբերվեն գիտության բնագավառներից կախված։ Բայց և այնպես, ֆիզիկա, քիմիա և կենսաբանական գիտությունների (առանց բժշկական գիտությունների, քանի որ այս ոլորտում h-ինդեքսները պետք է ավելի բարձր նշաձող ունենան) բնագավառների օրինակով կառաջարկեի հետևալ միջազգային չափանիշներով բավականին համեստ նշաձողերի սխեման, որպես ելակետ, որը կարող է և հանդիսանալ քննարկման նյութ.
1. թեկնածուական ատենախոսության պաշտպանության համար հավակնորդը պետք է առնվազն ունենա 3 հոդված Thomson Reuters-ի «Web of Knowadge»–ում ինդեքսավորված ամսագրերում (տվյալ դեպքում h-ինդեքսի մասին խոսելն ավելորդ է, քանի որ հղումների համար պահանջվում է որոշակի ժամանակ)։
2. ՀՀ պետբյուջեից թեմատիկ ֆինասավորման շրջանակներում թեմայի ղեկավարի կարգավիճակով հայցորդի (անկախ հայցորդի գիտական աստիճան ունենալուց) h-ինդեքսն, ըստ Thomson Reuters-ի, պետք է փոքր չլինի քան 5-ը։
3. Դոկտորական ատենախոսության պաշտպանության համար հավակնորդի h-ինդեքսն, ըստ Thomson Reuters-ի, պետք է փոքր չլինի քան 10-ը։
4. ԳԱԱ թղթակից անդամի ընտրություններին կարող են մասնակցել այն հավակնորդները, որոնց h-ինդեքսն, ըստ Thomson Reuters-ի, մեծ կամ հավասար է 15-ի։
5. ԳԱԱ իսկական անդամի ընտրություններին կարող են մասնակցել այն հավակնորդները, որոնց h-ինդեքսն, ըստ Thomson Reuters-ի, մեծ կամ հավասար է 20-ի։
Կրկնում եմ, h-ինդեքսների տեսքով առաջարկվող նշաձողերը միջազգային չափանիշներով շատ համեստ պայմաններ են նշված բնագավառների համար, բայց և այնպես, դրանց օգտագործումը, համոզված եմ, մի քանի կարգով կբարձրացնի ֆինասավորման օբյեկտիվությունը, այսինքն մի քանի կարգով կնվազեն կամայականություններն ու կոռուպցիոն երևույթների դրսևորումները, որոնք իրենց հերթին կնպաստեն հետազոտական աշխատանքների որակի բարձրացմանն ու գիտության վարկի բարձրացմանը։
