Կրպակից մինչեւ համակարգ

    • Հարցազրույց - Երեքշաբթի, 01 Մայիսի 2012, 11:15

Մեր զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը

Էդգար, 2012-ի նախընտրական պրոցեսները որքանո՞վ են տարբերվում նախորդից, կիրառվո՞ւմ են արդյոք նոր տեխնոլոգիաներ, արդյոք կա՞ ընտրության միջոցով երկրում լրջագույն փոփոխություններ կատարելու գիտակցություն:

Նախ նշեմ, որ մեծ հաշվով նոր տեխնոլոգիաներ քարոզարշավի ժամանակ չեն կիրառվում: Այդ առումով, այս քարոզարշավը հիմնականում գրեթե չի տարբերվում նախկին նախընտրական գործընթացներից: Իսկ ընդհանրապես, իհարկե որոշակի նոր էլեմենտներ կան, օրինակ` հետաքրքիր երևույթ է, որ կոալիցիայի մաս կազմող և 2013-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու փաստաթուղթ ստորագրած կուսակցությունը` ԲՀԿ-ն, շատ կտրուկ քննադատում է իր կոալիցիոն գործընկերներին: Այստեղ հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ սուր քննադատությամբ հիմնականում զբաղվում են ԲՀԿ-ի նորեկները, օրինակ` Վարդան Օսկանյանը (որն, ի դեպ, կասկած է հայտնել, որ ընտրություններն արդար կլինեն) և ԲՀԿ-ի ցուցակում ներգրավված մարդիկ, որոնք ԲՀԿ-ական չեն, օրինակ` Գուրգեն Արսենյանը: Առհասարակ, ընտրությունների ժամանակ ոչ հիմնական իշխանական ուժերը փորձում են փոքր ինչ ընդդիմադիր երևալ, բայց այստեղ արտառոցն այն է, որ առանց կոալիցիայից դուրս գալու, առանց հիմնական իշխանական ուժի ղեկավարի թեկնածությունը սատարելուց հրաժարվելու` կոալիցիայի մաս կազմող ուժն այս աստիճանի ընդդիմադիր հռետորաբանություն է որդեգրել:

Հնարավո՞ր է, որ սա իմիտացիա է, խաղ, իշխանությունների կողմից գրված սցենար:

Այս երևույթը բացատրող երեք տարբերակ կարող է լինել: Հնարավոր է, որ իշխանությունները ստվերային որոշում են կայացրել ԲՀԿ-ին ժամանակավորապես «գործուղել» ընդդիմություն, որն արհեստականորեն ծայրահեղ ընդդիմադիր հռետորաբանություն որդեգրելով պետք է փորձի ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ընտրազանգվածից ձայներ կորզել և դրանով ավելի հեշտացնել իշխանությունների վերարտադրությունը: Քաղաքացիների քաղաքականապես ոչ այդքան ակտիվ մի մասը, որն ընդդիմադիր տրամադրություններ ունի, սակայն առանձնապես «սեր» չունի որևէ ընդդիմադիր ուժի նկատմամբ, կարող է այդ դեպքում որոշել քվեարկել ԲՀԿ-ի օգտին: Ընդդիմադիր և միևնույն ժամանակ ռեսուրսներով հարուստ ու իշխանական լծակներ ունեցող ԲՀԿ-ի կերպարը կարող է գրավել այդպիսի մարդկանց:

Երկրորդ տարբերակն այն է, որ այս երևույթը ներիշխանական որոշակի խմբավորումների, կլանների “ռազբորկաների” դրսևորում է: Այսինքն` կան որոշակի հակասություններ իշխանությունների ներսում, որտեղ ամեն մի խմբավորում փորձում է հնարավորինս շատ ռեսուրսներ կենտրոնացնել իր ձեռքերում և համակարգի մեջ առավել նպաստավոր դիրքեր գրավել: Այս դեպքում ԲՀԿ-ն, հասկանալով, որ ընդդիմադիր ձայները կարող են օգնել նրան ՀՀԿ-Օրինաց Երկիր զույգի դեմ պայքարում, հմտորեն խաղում է իր այդ խաղը:

Եվ վերջապես երրորդ տարբերակը: Չի բացառվում, որ օլիգարխիայի մի մասը ի վնաս իր շահերի է դիտարկում համակարգը միակենտրոն և առավել ավտորիտար դարձնելու ՀՀԿ-ի կողմից ձեռնարկվող փորձերը և օգնություն ակնկալելով հասարակությունից, խաղալով նրա պրոտեստային տրամադրությունների վրա` ցանկանում է վիժեցնել ՀՀԿ-ականների այդ փորձը: Ի դեպ, այստեղ առաջնորդվելով այն հույսով, որ այդ «վիժեցման» գործընթացին մասնակցություն ունենալով` իրենց կհաջողվի վերջում «քցել» բոլորին, «խաղին» կարող են միանալ ինչպես իրական դեմոկրատացման ջատագով մարդիկ, այնպես էլ որոշակի դիվիդենտներ շահելու նպատակ ունեցող պատեհապաշտներ:

Իմիջիայլոց, այս ընտրարշավի ևս մեկ առանձնահատկությունը` խայտաբղետ ուժերի իրավիճակային դաշինքները և դրանց մեկը մյուսին սևացնելու փորձերը կարող են պարտադրված լինել վերոնշյալ «խաղերի» տրամաբանությամբ:

Ըստ Ձեզ` ի՞նչ է ընտրությունը մեզանում դիտարկվում: Հասարակության մեջ սոցիումները որքանո՞վ են մեծ հաշվով ընտրությունը դիտարկում որպես իրենց կյանքը փոխելու հիմնական միջոց:

Որպեսզի կարողանամ ճշգրիտ պատասխանել, պետք է հիմնվեմ ինչ-որ հետազոտությունների վրա, բայց անձամբ այս թեմայի շուրջ գիտական հետազոտություն չեմ իրականացրել և չգիտեմ Հայաստանում իրականացված նման հետազոտության մասին, որին կարելի է վստահել: Կարող եմ միայն մոտավոր պաստասխաններ տալ` հիմնվելով իմ որոշակի սուբյեկտիվ դիտարկումների վրա: Այնպիսի տպավորություն ունեմ, որ հասարակության մեծ մասը չունի հավատ ընտրությունների նկատմամբ և հասարակության զգալի մասը կարծես թե չի վստահում ոչ մի ուժի և ընտրություններից լուրջ սպասելիքներ չունի: Իհարկե, կան հասարակության կուսակցականացված, ինչպես նաև քաղաքականապես ակտիվ որոշակի շերտեր, որոնք այս կամ այն պատճառով որոշակի հույսեր են կապում ընտրությունների հետ, մտածում են` իրենց կողմից համակրանք վայելող քաղաքական ուժը կարող է որոշակի հաջողությունների հասնել, և դա ընդհանուր առմամբ կարող է փոխել քաղաքական մթոլորտը և ի վերջո հանգեցնել խորքային փոփոխությունների:

Իսկ ինչո՞ւ բնակչության զգալի հատվածը հույս չի կապում ընտրությունների հետ, տառապանքը փո՞րձ ունի:

Նախ, այո, փորձ ունի: Հասարակությունը տարբեր ընտրությունների ժամանակ ինչ-որ հույսեր է ունեցել, որոնք ի վերջո չեն արդարացել: Եվ հասարակության այդ հատվածը հիմնվում է փորձի վրա և ասում է` որն է տրամաբանությունը, ինչու այս անգամ պետք է մի բան ստացվի: Նա չի տեսնում նախադրյալներ, որոնք իրեն կհամոզեն, որ այս անգամ ուրիշ է լինելու: 2008-ին, այնուամենայնիվ, կար նոր խոսք, դեմոկրատական շարժմանը բնորոշ տարրեր, կար ոգևորություն, և հասարակությունն էլ 2008-ի հետ որոշակի հույսեր կապեց, բայց մենք հիմա տեսնում ենք, որ նույնիսկ 2008-ի ոգևորությունը հիմա չկա:

Առավել շատ հնչող կարծիք է, որ այս ընտրություններին չկա ընտրելու այլընտրանք:

Այստեղ խնդիրը մի փոքր այլ է: Խնդիրն այն չէ, որ հասարակությունը չի տեսնում քիչ թե շատ նորմալ սոցիալ-տնտեսական ծրագիր, կամ արժանի քաղաքական գործիչների, և այդ պատճառով հիասթափվում է: Հասարակությունը տեսնում է, որ ազատ կամարտահայտմանը, արդար ընտրությունների իրականացմանը խոչընդոտող մեխանիզմների դեմն առնելու միջոցներ չեն գտնվել և անիմաստ է համարում իր մասնակցությունը ընտրություններին: Կամ էլ, չցանկանալով իզուր փչացնել հարաբերություններն իր հետ տարբեր հարթություններում շփվող «իշխանությունների» տարատեսակ ներկայացուցիչների հետ, հարկադրաբար և հուսահատ քվեարկում է իշխող կուսակցությունների օգտին` փոխարենն ինչ-որ նյութական բան կորզելով նրանցից: Եթե խնդիրը սոցիալ-տնտեսական այլընտրանքի, այլընտրանքային քաղաքական գործիչների բացակայության մեջ լիներ, ապա մարդիկ կարող էին, ասենք, «պրոտեստային քվեարկություն» կատարել, օրինակ` փչացնել քվեաթերթիկները և քաղաքական լրջագույն ճգնաժամ ստեղծել: Բայց հիասթափված մարդն այսօրվա մթնոլորտում չի հավատա, որ բոլորը, կամ գոնե ժողովրդի մեծ մասը կգնա ու կփչացնի քվեաթերթիկները, կամ էլ կմտածի, որ եթե նույնիսկ մարդիկ գնան և փչացնեն, իշխանությունները ձև կգտնեն կեղծիքներ կատարելու և իրենց համար անհրաժեշտ արդյունքը ստանալու համար: Եվ հետո, շատ կարևոր է, թե ընտրությունների նախաշեմին ինչ մթնոլորտ է տիրել երկրում: Եթե մինչ ընտրություններ ընկած ժամանակահատվածում շարունակել են չաշխատել ֆորմալ առումով գոյություն ունեցող դեմոկրատական ինստիտուտները, և իշխանությունները մեծ դժվարություններ չեն ունեցել սեփական «խաղի կանոններով» կառավարել երկիրը, և եթե հասարակությունը լրջագույն կերպով չի անհանգստացրել իշխանություններին, ապա նշանակում է, որ ընտրությունների ժամանակ, եթե նույնիսկ վերջիններս անցնում են քիչ թե շատ առանց կոպիտ խախտումների, ընդդիմությունը մեծ դժվարություններ է ունենալու հաղթական մթնոլորտ ստեղծելու համար անհրաժեշտ ռեսուրսներ գտնելու գործում: Այդ իսկ պատճառով, համակարգի փոփոխություն ցանկացող հանրությունը պետք է փորձի մինչ ընտրությունները ձևավորել դեմոկրատական մի շարժում, ուժ, որը կկարողանա մթնոլորտ փոխել և հիմքեր ստեղծել արդար ընտրությունների համար:

Բայց փաստորեն նման ուժ այդպես էլ չհայտնվեց, հնարավո՞ր է քաղաքացիական հարթությունում են դրա փորձերը հիմա արվում:

Տարբեր քաղաքացիական նախաձեռնություններում կա նման շարժում ձևավորելու պոտենցիալ: Կարծիք կա, որ քաղաքացիական դաշտում գործ անողները ապաքաղաքական են և այդ իսկ պատճառով չեն կարող համակարգային փոփոխությունների հասնել, քրեաօլիգարխիկ համակարգ տապալել: Կարծում եմ` այդպես չէ: Երբ մարդը խնդիր է դրել, օրինակ, հասնել անօրինական կրպակների ապամոնտաժմանը և իր պայքարի ընթացքում տեսնում է, որ նրա հետ խոսում են ուժի լեզվով, երբ հասկանում է, որ խնդիրը համակարգային բնույթ ունի, ապա նրա նպատակը վերջիվերջո դառնալու է համակարգային անօրինականության ապամոնտաժումը Հայաստանում:

Կարծիք կա, որ պարտվողներ չպետք է լինեն, նպատակը չպետք է օլիգարխին թաղելը լինի:

Սա շատ նուրբ հարց է: Եթե, օրինակ, կա բռնապետություն, որից քաղաքացիները ցանկանում են ազատվել, հնարավո՞ր է այնպես անել, որ քաղաքացիները հաղթեն, բայց բռնապետը չպարտվի: Չգիտեմ, մի բան միանշանակ է, որ քաղաքացիների հաղթանակը լիկվիդացնում է բռնապետի կարգավիճակը: Եթե նա դիտարկի դա որպես իր անձի պարտությունը, ուրեմն, կարելի է ասել, որ դա իր պարտությունն է, բայց նա կարող է բարոյապես վերափոխվել և դիտարկել դա որպես իր անձի ազատագրումը: Բայց ես գիտեմ, որ եթե մարդը մյուսների հաշվին ինչ-որ բաների է տիրացել, պետք է ինչ-որ կերպ պատասխանատվության ենթարկվի դրա համար: Եթե ուզում ենք, որ ժողովրդավարությունը հաղթի, ուրեմն բռնապետությունը պետք է պարտվի, քրեա-օլիգարխիան պետք է քանդվի որպես համակարգ: Այդ համակարգի փոփոխության նպատակը ընդամենը հավասար պայմանների ստեղծումն է, մարդու իրավունքների գերակայության հաստատումն է, իշխանության ճյուղերի տարանջատումն է և մեծ հաշվով, իշխանությունը ժողովրդին վերադարձնելն է: Սա չի նշանակում, որ այս ամենի արդյունքում մեծահարուստ մարդ կամ խոշոր բիզնեսմեն չպետք է լինի: Այդ հարցը ժողովուրդը որոշելու է հետագայում` ազատ և արդար ընտրությունների միջոցով: Եթե կառավարություն կազմեն ձախ ուժերը և եթե նրանք մեծամասնություն լինեն խորհրդարանում, ապա նրանց հնարավորություն կընձեռվի այնպիսի պայմաններ ստեղծել, որ, օրինակ, բոլորը դառնան միջին խավ, համասեփականատեր, կամ որ «ապամոնտաժվի» սպառողական մշակույթը և այլն:

Քաղաքացիների մոբիլիզացման համար ի՞նչ պետք է անել, օրինակ` Մաշտոցի պուրակում ապամոնտաժումն իրականացնելու և հանրային այգին հանրությանը վերադարձնելու համար:

Մաշտոցի պուրակում տեսնում ենք պայքարի երկու տիպ` խաղաղ քաղաքացիական անհնազանդություն և ոչ բռնի դիմադրություն: Այս երկուսի զուգակցումը կարծում եմ հենց այդ ճանապարհն է: Պետք չէ մտածել, որ անպայման, շատ կարճ ժամանակահատվածում բնակչության գերիշխող մասն այդ շարժման մեջ կմտնի: Այդպես չի լինում: Հասարակությանն անհրաժեշտ են օրինակներ, մտածող մարդկանց կոնկրետ գրագետ գործողություններ: Եվ դժվար է ասել` ինչ ժամանակահատվածում է հնարավոր պայքարի ոգով վարակել ժողովրդի մեծամասնությանը: Ամեն դեպքում, կարծում եմ, որ քաղաքացիների մոբիլիզացմանը նպաստող կարևորագույն հանգամանքը պայքարի կոնկրետ, հասկանալի դաշտի և արդեն իսկ պայքարի ելած կոնկրետ մարդկանց, կոնկրետ գրագետ գործողությունների առկայությունն է:

Իմ կողմից շատ հարգված Աղասի Թադևոսյանը վերջերս շատ հետաքրքիր հարցազրույց էր տվել ձեզ, որի ժամանակ շատ արժեքավոր վերլուծություններ էր արել, բայց նրա կողմից կատարված մի դիտարկմանը ցանկանում եմ որոշակիորեն հակադարձել: Աղասին ասում է, մոտավորապես եմ նշում նրա խոսքերը, որ պետք է տեքստեր արտադրել և այդ տեքստերի միջոցով համոզել հասարակությանը, օլիգարխներին, օրենք խախտողներին, որ իրենց վարքը սխալ է և իրենք պետք է փոխվեն: Եվ նա եզրակացնում է, որ Մաշտոցի պուրակի վերջին զարգացումները տանում են ֆիզիկական բախման և դա լավ չէ: Ես համաձայն եմ, որ պետք է տեքստեր արտադրել և ինտենսիվորեն դրանք փոխանակել: Բայց պարտադիր պայման չէ, որ տեքստը միայն հոդվածի, գրքի, հարցազրույցի, ելույթի, երգի, նշանների և նմանատիպ այլ բաների տեսքով լինի: Տեքստը նաև որոշակի կոնցեպցիայի հիման վրա կատարվող ֆիզիկական կոնկրետ գործողությունն է, որն ուղղված է մարդկանց գիտակցությունում դրական փոփոխություններ առաջացնելուն: Օրինակ, երբ Մաշտոցի պուրակ են գալիս մի խումբ մտավորականներ և հայտարարում են, որ եկել են ապօրինի կրպակների ապամոնտաժման փորձեր կատարելու միջոցով վերացնել անօրինականությունը, քանզի պետական ինստիտուտները չեն ցանկանում դա անել, և երբ հայտարարում են, որ պատրաստ են իրենց ոչ բռնի գործողությունների հետևանքով զրկանքների ենթարկվել, դա հստակ տեքստ է, որը շատ բան կարող է փոխել և իշխանական համակարգում, և հասարակության գիտակցությունում: Երբ երիտասարդ ակտիվիստները նստացույց անելու համար կատարում են օրենքով չարգելված գործողություն` վրան են ցանկանում տեղադրել, և ոստիկանները հարձակվում են նրանց վրա և բռնի կերպով խոչընդոտում են քաղաքացիների խաղաղ հավաք անելու իրավունքը, եթե ոստիկանները ուժ են կիրառում ապամոնտաժման փորձ անող մտավորականների նկատմամբ, դա չի նշանակում, որ մարդիկ պետք է հրաժարվեն իրենց պայքարից: Ստալինյան ժամանակաշրջանում կարծիք հայտնելու համար էին մտավորականների նկատմամբ ուժ կիրառում, հիմա ինչ, ասենք, որ թող նրանք կարծիք չհայտնեի՞ն, քանզի դա հանգեցնում էր ոստիկանների հետ բախման:

Բոլոր դեպքերում, վերոնշյալ պայքարի ընթացքում հասարակությունն ավելի հստակ տեսնում է, որ կա խնդիր` քաղաքացու արժանապատվությունը ոտնահարված է, և հասարակությունը նաև տեսնում է, որ կան մարդիկ, որոնք իրենց գործողություններով ցանկանում են պաշտպանել քաղաքացու արժանապատվությունը:

  1. Ունենք մի անիմաստ պաշտոն` նախագահի պաշտոնը
    Հենց քաղաքացին սկսեց գիտակցել իր իրավունքները, արդեն պետք է մտածի միմյանց հետ ինչ սկզբունքով ենք հարաբերվելու, ասում է ռեժիսոր Արման Յարալյանը
    16:43 22/05/2013
  2. «Կասկած կա, որ յուրացվել են հարկատուների հաշվին ձևավորված միջոցները»
    Մեր զրուցակիցն է Transparency International ՀԿ-ի փոխտնօրեն Սոնա Այվազյանը
    10:27 22/05/2013
  3. Սա ազգային պետություն չէ, այլ կեղեքման և ստրկացման գործիք
    «Համակարգի մեջ որոշումներ կայացնող բոլոր մարդիկ հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցագործներ են և պետք է պատասխան տան իրենց արարքների համար»
    13:10 20/05/2013
  4. Կոմպրոմատային հավասարակշռությունը խախտվում է
    Մեր զրուցակիցն է Ստեփան Դանիելյանը
    15:40 17/05/2013
  5. Խնդիրը Արմավիան չէ, այլ հայկական ավիացիայի ոչնչացումը
    Մեր զրուցակիցն է հրամանատար օդաչու, ՀՀ առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի`«Ֆենիքս Ավիայի» հիմնադիր Հակոբ Ճաղարյանը
    09:53 16/05/2013
  6. ՀՀԿ-ի տրոհումն անխուսափելի է
    Այսօր նյութական հնարավորությունների սակավությունը կարող է փոխհատուցվել քաղաքացիների ակտիվությամբ և կոմունիկացիոն գործիքների ճիշտ կիրառմամբ:
    10:07 14/05/2013
  7. Այնպիսի երկրում չենք ապրում, որ քվեն տանք ու հանգիստ ապրենք
    Մեր զրուցակիցն է Երևանի ավագանու ընտրություններում «Բարև, Երևան» դաշինքի ցուցակի 10-րդ համար, «Ես Yes» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը:
    14:14 11/05/2013
  8. Գուցե ապահով Հայաստանը մեկուկես միլիոն մարդու համար է
    Կարծում եմ՝ առկա քաղաքական «թիմերի» հետ այլևս հույսեր չկան, ասում է Հրանուշ Խառատյանը
    10:05 10/05/2013
  9. ՀՀԿ-ի դեմքերը «ֆեյս կոնտրոլ» անգամ չեն անցնի
    Բացի ոստիկանությունից՝ շատ կարևոր ուղղություններ մնում են չլուծված՝ կապված ՊԵԿ-ի Գագիկ Խաչատրյանի, դատական համակարգի կոռումպացված լինելու հետ, ասում է Էդգար Բաղդասարյանը
    20:50 07/05/2013
  10. Հայաստանը պետք է դժվար որոշումներ կայացնի
    Lragir.am-ի բացառիկ հարցազրույցը Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսի հետ
    17:19 07/05/2013