Մեր զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ, պատմաբան Սարո Սարոյանը
Սարո, նախընտրական այս շրջանում կուսակցության ղեկավարների կողմից հնչում են երկիրը երկիր դարձնելու բոլոր ցանկությունները, անգամ դրա ճանապարհին իրենց ունեցվածքից հրաժարվելու արտահայտություններ, սակայն հասարակությունը մեծ հաշվով չի հավատում և ոչ էլ պահանջում է, ինչո՞ւ:
Հավատը մարդու հոգեկան աշխարհի բարդագույն կառույցներից է և կապված է ոչ միայն գիտակցականի, այլ նաև անգիտակցականի հետ: Կարծում եմ` թե տրամաբանված դատողության միջոցով, թե ինտուիտիվ կերպով հասարակության մեծամասնությունն իր վիճակի փոփոխության գործում ոչ մի ուղի չի տեսնում կուսակցությունների և նրանց առաջնորդների խոսքում ու վարքում, և հետևաբար իրեն հանձնել է հոսանքն ի վար: Իսկ պահանջը ելնում է հենց հավատի բացակայությունից և մի տեսակ հավատի չափորոշիչն է: Այլևս ինչ պահանջի, երբ մեկուկես տասնամյակ պահանջել է ու հուսախաբ եղել: Սա խորը ճգնաժամի վկայությունն է, որը կարող է դառնալ նաև նոր փոփոխությունների հնարավորություն:
Սարո, նոր փոփոխությունների հնարավորության մասին խոսում էին նաև մի քանի տարի առաջ, սակայն այդ փոփոխությունները տեղի չունեցան: Իրավիճակը ճգնաժամայի՞ն է, քանի որ թե իշխանության, թե ընդդիմության նկատմամբ չկա վստահություն:
Իշխանության վստահության խնդիրն ուղիղ համեմատական է վարչախմբի` տարեցտարի մեծացող կեղծիքների ու ստի դրսևորումների հետ: Որքան մեծանում է կեղծիքը, այնքան փոքրանում է վստահությունը: Իսկ ընդդիմության վստահությունն առաջին հերթին կապված է խոսքի և գործի տարբերության հետ: Որքան էլ օբյեկտիվ հիմքեր առաջադրվեն այդ երկուսի անհամապատասխանության հարցում, հասարակությունն ի վերջո սպասում է արդյունքի: Կոնկրետ օրինակ բերեմ. ընդդիմադիր ամենամեծ զանգվածն առաջնորդող ՀԱԿ-ը արտահերթ ընտրությունների պահանջով էր հանդես գալիս: Օբյեկտիվորեն չկարողանալով հասնել նման իրավիճակի` նա չէր կարող պահպանել նույն այն վստահությունը, որ ուներ իր կազմավորման պահին: Վաղը ևս ընտրական գործընթացում հերթական անհաջողությունը գրանցելով` ընդդիմադիր ուժերը ստիպված են լինելու հաշտվել վստահության հերթական չափաբաժնի կորստի հետ: Իսկ ճգնաժամը կապված է ժողովրդի ակնկալած փոփոխությունների հրամայականի հետ, որի պատասխանը չեն կարողանում տալ քաղաքական ուժերը:
Նոր փոփոխությունները պետք է ակնկալել քաղաքացիակա՞ն հարթությունից:
Նոր փոփոխություններ կարելի է ակնկալել ցանկացած այն ուժից, որը պատրաստ է նոր խոսք ասել քաղաքական դաշտում, և որը գործողություններով պատրաստ է ապացուցել իր այդ խոսքերի ոչ սին լինելը: Իշխանությունը տեսականորեն կարող է բոլոր օլիգարխներին ուղարկել գրողի ծոցը, օրինական կարգով առգրավել նրանց անօրինական կարգով ձեռք բերած հասարակական ու պետական բարիքը, կալանավորել իր հանցավոր եղբորը, ազգականին և այլն: Ընդդիմությունը կարող է իր մեջ ուժ գտնել և հենց վաղը հրաժարվել արդեն իսկ ամբողջությամբ կեղծիքի մեջ թաղված ընտրական գործընթացից և վարչախմբին ուղարկել գրողի ծոցը, այլ կերպ ասած հայտարարել «կուսակցական անհնազանդություն» և այլն: Եվ քանի որ նշածս երկու ճանապարհներն էլ հեղափոխական զարգացումներ են ենթադրում, որին պատրաստ չեն կողմերը, ուստի մնում է, որ քաղաքացիներն իրենք վերցնեն երկրում իրավիճակի փոփոխության գործն իրենց ձեռքը: Խնդիրն այն է, որ մեր հասարակությունն անկախության ողջ շրջանում հարցերի լուծման նման ճանապարհով երբեք չի ընթացել: Ուստի նրա համար առայժմ քիչ ընկալելի է քաղաքացիական հարթությունում քաղաքական հարցեր լուծելու ողջ մեթոդաբանությունը: Սակայն վերջին մեկ ամսում քաղաքացիական առանձին նախաձեռնությունների արձանագրած կոնկրետ հաջողություններն արդեն սկսել են քանդել հասարակության մեջ եղած անորոշությունն ու հույս ներշնչել, որ փոփոխությունները սարերի հետևում չեն եւ ուղղակի կապ ունեն իր մասնակցության աստիճանի հետ:
Սարո, Մաշտոցի պուրակը հնարավո՞ր է դառնա քաղաքական հարցեր լուծելու, քաղաքական հարցեր բարձրացնելու հանրային տարածք:
Մաշտոցի պուրակի պայքարն անգամ մինչև ապամոնտաժող բրիգադների մուտքն այդտեղ արդեն իսկ քաղաքական հարցեր էր առաջադրել: Նշածս բրիգադների մուտքով պարզապես բյուրեղացավ քաղաքական հարթությունը, քանի որ հստակ թիրախավորվեց հակընդդեմ կողմը: Խոսքը Հայաստանը կործանման եզրին կանգնեցրած քրեաօլիգարխիկ ողջ բուրգի մասին է: Ապամոնտաժման գործողության առաջին իսկ օրից կարմիր թելի պես հստակ նշվել է այդ թիրախը, իսկ ոստիկանության գործողությունները մեկնաբանվել են որպես ի պաշտպանություն օլիգարխիայի ոստիկանական ուսադիրներ կրողների կողմից թեկնապահական գործառույթի իրականացում: Այսօր բոլոր այն քաղաքացիները, ովքեր գոնե մեկ անգամ եղել են Մաշտոցի պուրակում, համոզվել են, որ սա ինչ-որ մի քանի բուտիկների համար պայքարի դաշտ չէ, այլ քրեաօլգարխիկ կլանի դեմ գիտակցված մի շարժում, որի հաջողությունը միանգամից դուռ կբացի հենց այդ քրեաօլիգարխիկ բուրգի ապամոնտաժմանը հասնելու համար: Ի դեպ, դուռն արդեն բացված է: Փաստացի օրինակը Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են:
Այսինքն` արթացել է նաև ուսանողությո՞ւնը, և գրավիր Բաղրամյան 26-ը մոտեցե՞լ է: Բայց, մյուս կողմից էլ, ուսանողությանը համատարած հանրապետականացնում են:
Ես գտնում եմ, որ արթնանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Պարզապես ուսանողությունը անկախ Հայաստանի ծնունդն է և զերծ է խորհրդային կարծրատիպերից ու վախերից: Դրա համար թվաքանակի առումով այսօր առաջամարտիկը երիտասարդությունն է: Իսկ ԲՈՒՀ-երի կուսակցականացումը իրականում խորացնում է արդեն նշածս ճգնաժամը և հետևաբար մոտեցնում է պայթյունն ու նոր սկիզբը: Ինչ վերաբերում է Բաղրամյան 26-ին, ապա դա իշխանության և իշխանություն ձգտողների խորհրդանիշն է: Իսկ ինքնորոշված քաղաքացին իշխանության չի ձգտում և կարծում եմ բոլորովին այլ տեղում կհասցնի իր վերջին հարվածը վարչախմբին:
