Մեր զրուցակիցն է “Ազատ դեմոկրատներ” կուսակցության վարչության անդամ Արթուր Ավթանդիլյանը
Արթուր, շատերը համեմատելով այս ընտրությունները նախորդ ընտրությունների հետ, նկատում են, որ այս անգամ մարդկանց սակավությունը քարոզարշավներին պայմանավորված է թե ապատիայով, թե ընտրությունների հետ որևէ հույս չկապելով: Ի՞նչ եք կարծում, այսօր հասարակության մոտ արդյոք կա՞ ընտրությունների միջոցով իրականությունը փոխելու հավատ, ցանկություն:
Ցավալի, բայց ընդհանուր առմամբ ճշգրիտ դիտարկում է: Այս ընտրությունների մթնոլորտը, մարդկանց մասնակցության կամ չմասնակցության ձևը, չափը օրգանապես բխում են 2008-ի ընտրություններից, քանի որ ընտրողը և հատկապես իշխանություններից դժգոհ ընտրողը չի համարում, որ 2008-ին իր մասնակցության հետևանքով եղել են այն փոփոխությունները, որոնք ինքն ակնկալում էր, և դրա օրինաչափ հետևանք են ապատիան, անվստահության խորը մթնոլորտը, որոնք այս տարիների ընթացքում շատ ավելի են խորացել, և որոնց բազմաթիվ ախտանշանները մենք տեսնում ենք:
Այսինքն` ընտրությունը դիտարկվում է հերթական 5-10.000 դրամը ստանալու հնարավորությո՞ւն, ուրիշ ոչի՞նչ:
Ես բազմիցս ասել եմ, որ երբեք և ոչ ոք իրավունք չունի մեղադրել հինգ կամ տաս հազար դրամ վերցնող քաղաքացուն: Ո՞րն է նրա այլընտրանքը: Ոչ թե քաղաքական ուժի տեսակետից, այլ քաղաքացու աչքերով դիտարկենք. իր սուբյեկտիվ կարծիքով, նա իրական այլընտրանք չի տեսնում: Ինչի՞ համար է վերցնում մարդն այդ գումարը, չէ՞ որ մեծ հաշվով ֆինանսական տեսակետից այն շատ չնչին գումար է, մեկ-երկու օրվա հացի գումար: Այստեղ նույնիսկ ֆինանսական գործոն չկա, այլ կա այն, որ ընտրությունները գնալով բնակչության ավելի լայն շերտերի մոտ կորցնում են իրենց հատուկ բովանդակությունը և իմաստը և վեր են ածվում ինչ-որ միջոցառման կամ կիրակնօրյա ծեսի, պատարագի:
Այս անգամ ՀՀԿ-ի կարգախոսն է «Հավատանք, որ փոխենք», որի շուրջ շատ են քննադատությունները: Հնարավո՞ր է, որ իշխանությունը գիտակցել է իր գործունեության ապիկարությունը, և հիմա կարծես կա զղջում և խոստում: Դուք ի՞նչ տպավորություն ունեք:
Քրիստոնեական արժեհամակարգին հետևող, ոչ պարտադիր հավատքով քրիստոնյա ցանկացած մարդ պետք է իր ներսում ունենա այսպես կոչված անմեղության կանխավարկած, այսինքն` դիմացինի՝ ներվելու, մեղքերը քավելու կամ սխալները ուղղելու ինչ-որ ենթադրական տեսական հնարավորություն, սակայն այդ անմեղության կանխավարկածն աբոնեմենտ չէ և մշտական չէ. ցանկացած անմեղության կանխավարկած ունի վաղեմության ժամկետ, որից հետո այն պարզապես կիրառելի չէ: Հայաստանի ներկայիս ադմինիստրացիան, կոալիցիոն բոլոր ուժերը վաղուց սպառել են այլ կերպ դիտարկվելու իրենց բոլոր հնարավորությունները և գործում են ցինիզմի և ստի դաշտում: Վերջերս ՀՀԿ-ԲՀԿ միջկլանային պայքարի շրջանակներում, ի պատասխան ԲՀԿ-ի որդեգրած դեմագոգիկ ընդդիմադիր կեցվածքի, Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ ԲՀԿ-ին պատկանող նախարարություններրը վերահսկում են պետական բյուջեի 35 տոկոսը, այսինքն`ՀՀԿ-ն հստակորեն ֆիքսում է, որ ԲՀԿ-ն պատասխանատու է ներկայիս ծանրագույն դրության համար, որն ուղեկցվում է տնտեսության իրական հատվածի կորստով, ազգային անվտանգության սպառնալիքի շեմը վաղուց անցած արտագաղթով, խորը ապատիայով և այլն. այս ամեն ինչի 35 տոկոսը պատկանում է ԲՀԿ-ին: Սակայն այդտեղից հետևում է, որ մնացած 65 տոկոսը պատկանում են կոալիցիայի մյուս մեկուկես անդամներին: Այսինքն՝ ՀՀԿ-ն կրում է ներկայիս պետական շինարարության աղետալի վիճակի պատասխանատվության առյուծի բաժինը` իր կես արբանյակի հետ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որի անդամն եմ ես, բացառում է ցանկացած տեսակի համագործակցություն կոալիցիայի ուժերից որևէ մեկի հետ հենց վերը նշված պատճառներով, որովհետև նրանք են պատասխանատու այսօրվա իրավիճակի համար. մենք գործ ունենք պետական հանցագործության հետ՝ արտահայտված պետական շինարարության ձախողմամբ, բնակչության արտագաղթի փաստացի խրախուսմամբ, տնտեսության փլուզմամբ, արտաքին պարտքը աստղաբաշխական գումարների հասցնելով և մի քանի տասնյակ այլ դրսևորումներով:
Դուք Ժառանգության նախընտրական շտաբի ընտրությունների վերահսկման խմբի ղեկավարն եք, ի՞նչ փաստեր եք կարողացել արձանագրել, ի՞նչ տեսակ ընտրակաշառքներ եք արձանագրում:
Նման դեպքերն արձանագրվում են ամեն օր ու ամեն ժամ, նույնիսկ հենց հիմա, ՕԵԿ-ի հերթական քաջագործություններից կարող եմ ասել` մեզ հասած տեղեկություններով՝ ջեմ բաժանելուց հետո հիմա էլ Քանաքեռում հեռախոսներ են բաժանում և այլն: Ընտրակաշառքի բուն էությունը ո՞րն է, ինչո՞ւ է ընտրակաշառք վերցրած անձը շատ հաճախ գնում և կատարում այդ պատվերը. չէ՞ որ քվեախցիկում նա մենակ է: Իմ կարծիքով, այդտեղ շատ լուրջ աշխատանք կա անելու. բոլոր հնարավոր միջոցներով ընտրողներին ներշնչվում է, որ քվեարկության գործընթացը գաղտնի չէ, որ այս կամ այն կերպ հնարավոր է վերահսկել, հատկապես դա տեղի է ունենում մարզերում, որտեղ ինֆորմացիոն հոսքերն ավելի թույլ են զարգացած` սկսած նրանից, որ համակարգչով կհետևենք, վերջացրած նրանով, որ մեկ է, այդ մասին կիմանանք: Իմ կարծիքով, բոլոր այն ուժերը, որոնք իրապես մոտիվացված են գոնե նպաստելու քաղաքացու ազատ կամարտահայտությանը, որովհետև ընտրակաշառքով քվեարկությունն ազատ կամարտահայտություն չէ, պետք է ամեն օր խոսեն քվեարկության գաղտնիության իրական լինելու մասին, որ ընտրողի մոտ հստակորեն արթնանա այն տպավորությունը, որ երբ մտնում է քվեախցիկ, ինքն է իր ընտրության տերը, ուրիշ ոչ ոք:
Ինչպե՞ս պետք է պայքարել այս տեսակ կարծրացած և օրեցօր իր դիրքերն ամրապնդող համակարգի դեմ:
Պետք է հնարավորինս ձերբազատվել ստի տարբեր դրսևորումներից: Չի կարող կուսակցությունը մի ձեռքով լինել ընտրակեղծիքների դեմ պայքարող շտաբի մեջ, մյուս ձեռքով ձու կամ տրակտոր բաժանել: Այդպես հնարավոր չէ: Մեր ընտրողն ունի բոլոր հնարավորությունները սուտը նույնականացնելու, բացահայտելու և համապատասխան հետևություններ անելու, հատկապես կոալիցիոն ուժերի մեծամասնական ընտրատարածքներում. հատկապես կոալիցոն ուժերի մեծամասնական թեկնածուներն են, որոնց բոլոր կարգախոսները սկզբից մինչև վերջ սուտ են, այդ թեկնածուներից և ոչ մեկը օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում որևէ քայլ չի ձեռնարկել դրանք իրականացնելու համար. բարեգործությունը, ասֆալտ փռելը և նմանատիպ այլ միջոցառումներից և ոչ մեկը չի բխում պատգամավորական մանդատից:
Պատգամավորական մանդատը ենթադրում է շատ կոնկրետ ֆունկցիաներ, որոնցից համար մեկը օրինաստեղծ ֆունկցիան է, որն իրենք բոլորը ձախողել են, օրինակ` Ռուբեն Հայրապետյանը, որը նորից առաջադրվել է, անցած խորհրդարանական նստաշրջանին 90 տոկոսից չի եկել: Պետք է անընդհատ պայքարել ստի ցանկացած դրսևորումների դեմ: Սամվել Ալեքսանյանը, որ Մալաթիայում դրել է թեկնածությունն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, ի՞նչ է արել այսքան ժամանակ, քանի՞ օրենք է նախաձեռնել. ընդամենը մի քանի փոփոխություն, որոնք բոլորն էլ ուղղված են իրեն պատկանող բիզնեսների համար արտոնություններ ստանալուն: Դե գիտենք, որ ինքը շատ աղքատ մարդ է, կինն էլ իր ընտրարշավն է ֆինանսավորում: Ամեն ինչ պարզից էլ պարզ է:
2008-ից սկսված քաղաքացիական ակտիվությունը նախորդ տարի մարած էիք համարում, վերջին շրջանում դարձյալ կա քաղաքացիական ակտիվություն, անհնազանդություն: Այս ակտիվությունը կարո՞ղ է որոշակիորեն ազդել պրոցեսների վրա:
Անցյալ անգամ, երբ խոսում էի մարելու մասին, խոսում էի 2008-ի մարելու կոնտեքստի շրջանակներում, մյուս կողմից, ես միշտ էլ ասել եմ, որ ներկայում քաղաքացիական շարժումների էներգետիկան պայմանավորված է 2008-ին տեղի ունեցած քաղաքացիական պայթյունով: Ես սա մշտապես ասել եմ և շարունակում եմ նույնը պնդել: Ինչ վերաբերում է քաղաքացիական նախաձեռնություններին, ես նրանց ֆանտաստիկ կարևոր դեր եմ տալիս ոչ նախընտրական և հետընտրական կոնտեքստում. դրանք գործում են մեկ այլ չափման մեջ, բայց իրենց առաքելությունը ոչ պակաս կարևոր է: Օրինակ` Մաշտոցի այգին վերջին շրջանի ամենահետաքրքիր դեպքերից մեկն է. ինքս էլ բավականաչափ մասնակցություն եմ ունեցել դրան՝ որպես քաղաքացիական ակտիվիստ: Մաշտոցի այգին, որի պայքարի երկու ամիսը շուտով կլրանա, իրենից ներկայացնում է մի խումբ մարդկանց, ինքնորոշված մարդկանց պայքար ամբողջ համակարգի դեմ, որը ոչ մի լեգիտիմ միջոց չի կարողանում գտնել (հասկանալի է, որ մարդկանց կարելի է ծեծելով հանել, կողքից փշալարեր դնել, բայց դա մի տեսակ սիրուն չէ, մանավանդ մեր եվրոպական պարտավորությունների շրջանակում), բայց որևէ ճնշման միջոց չեն կարողանում գտնել այդ մարդկանց տուն ուղարկելու համար: Այսինքն`տեսնում ենք, որ պետական մեքենան, որը տարածում է իր անպարտելիության լեգենդը՝ կպատժենք, սա կանենք, նա կանենք, կանգնել է փակուղու առաջ ընդամենը մի քանի հոգու դիմաց: Այսինքն՝ պետական ռեպրեսիվ և քրեաօլիգարխիկ ապարատի ուժn այդքան է: Մաշտոցի այգին և մնացած քաղաքացիական նախաձեռնությունները հստակ ցույց են տալիս, ինչքան է այս ադիմինիստրացիայի ուժը:
