Ներկայիս Ակադեմիան այդ քայլին չի գնա

    • Հարցազրույց - Հինգշաբթի, 26 Ապրիլի 2012, 10:46

Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) նախագահ Հարություն Կարապետյանի հետ հարցազրույցի շարունակությունը (սկիզբը տես՝ www.lragir.am/armsrc/interview59387.html3 և http://www.lragir.am/armsrc/interview61110.html3 )

Տեղյա՞կ եք, որ Thomson Reuter-ի վարկանիշային շտեմարանները հասանելի են գիտակրթական համակարգի համար։ Բացի դրանից, որոշ վարկանիշային չափորոշիչներ ինչ որ չափով կիրառվում են չէ՞ ոլորտի պետական կառույցների կողմից։ Այս ամենն արդյոք չի՞ նշանակում, որ պետական կառուցները շահագրգիռ են միջազգայնորեն ընդունված վարկանիշային չափորոշիչներով։

Տեղյակ եմ, այն էլ բավականին լավ։ Այն անվճար հասանելի է միայն 3 ամսով։ Բայց դե, նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածը բավարար է թե տեղեկատվական շտեմարանի հնարավորությունները արժևորելու, և թե շատ ու շատ հարցեր պարզելու համար։ Հուսանք, որ այդ դասական շտեմարանը մշտապես հասանելի կլինի մեր գիտության դեմքն աշխարհում ի ցույց դնող ներկայացուցիչներին, ինչպես նաև կծառայի իր հիմնական նպատակին։ Չպետք է մոռանալ, որ նույնիսկ անցած դարի 50-ականներին ստեղծված տեղեկատվական շտեմարանների առաջնեկ Documentation Inc.-ի հիմնական նպատակն է եղել գիտության ավելի արդյունավետ և նպատակային զարգացմանը նպաստելը։ Ստեղծվել է գործիք, որի առաջնային նպատակն է եղել գիտական գործունեությամբ զբաղվողներին մատուցել գիտական արդյունքների մասին հնարավորինս հավաստի տեղեկատվություն։ Այսինքն, հասանելի դարձնելով համաշխարհային գիտական գրականության երաշխավորված հավաստի արդյունքները, այն հնարավորություն է ընձեռում պարզել, թե գիտության տվյալ բնագավառում ինչ վիճակ է տվյալ պահին (լուծված և դեռևս լուծման կարիք ունեցող խնդիրների իմաստով)։ Այն փաստը, որ շտեմարանների առաջնեկում մոտ 600 ամսագրի դիմաց, այսօրվա Web of Knowledge-ում ինդեքսավորված են մոտ 20 հազար ամսագիր, ինքնին անառարկելի ապացույց է, որ համաշխարհային գիտական գրականության համակարգված հասանելիությունը օդ ու ջրի պես անհրաժեշտ է թե՛ յուրօրինակ խնդիրների ձևակերպման, և թե՛ դրանց լուծման արդյունավետ ուղիների որոնման տեսակետից։ Իսկ արդեն լուծված խնդիրների արժեքավորության տարաբնույթ գնահատականները (նկատի ունեմ հոդվածների վրա հղումներն ու դրանց վրա հիմնված զանազան ինդեքսները), ինչքան էլ որ կարևոր լինեն, բայց և այնպես post factum բնույթ ունեն։ Ինչևէ, պարզ է, որ Հայաստանի գիտության ոլորտի ներկա իրավիճակում միջազգայնորեն դասական չափանիշ հանդիսացող շտեմարանը, պետք է պետբյուջեից ֆինանսավորում ստացողների մոտ 10-15%–ին։ Բայց և այնպես, դրանց առկայության ծախսերը շատ ավելի արդարացված են, քան ասենք «հայրենասիրական մղումներով» Տոմսկում, Ստեփանակերտում կամ Երևանում ինչ–որ կենտրոնների կամ հիմնադրամների վրա փողերի դուրս գրումը։ Համոզված եմ, որ ֆինանսների տեսակետից դասական «Web of Knowledge» շտեմարանի հասանելիության ապահովումը լուծելի խնդիր է։ Տարեկան բաժանորդագրության գինը, խելացի բանակցությունների դեպքում, իհարկե, միանգամայն հաղթահարելի է նույնիսկ մեր սուղ բյուջեի համար։ Այլ հարց է, թե մեր չինովնիկներն ու իշխանություններին մոտ կանգնած գիտական «էլիտան», ի դեմս ՀՀ ԳԱԱ անդամների, կուզենա՞ն արդյոք ի ցույց դնել միջազգային գիտական հանրության գնահատականները, որոնք մի քանի կարգով ավելի օբյեկտիվ են (ինչքան էլ որ իդեալական չլինեն), քան իրենց ամպագոռգոռ և զուտ բաժակաճառային բնույթի հայտարարությունները։ Բացի դրանից, «Web of Knowledge» շտեմարանի հասանելիության ապահովմանն ուղղված քայլերից կարելի է դատել նաև, թե իրոք միջազգային գիտական հանրության մեջ ինտեգրվելն ու այնտեղ արժանի տեղ զբաղեցնելը ՀՀ կառավարության ռազմավարական թիրախների՞ց է, թե հերթական անգամ գործ ունենք ամպագոռգոռ հայտարարության հետ։

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ պետբյուջեից գիտական գործունեության ֆինանսավորման (ՀՀ ԿԳՆ ԳՊԿ), աստիճանաշնորհման (ՀՀ ԿԳՆ ԲՈՀ) կամ ակադեմիական ընտրությունների (ՀՀ ԳԱԱ) գործընթացներում կիրառվող չափորոշիչ կոչվածներին, ապա դրանք ըստ էության կամայականություններն ու այլ կոռուպցիոն դրսևորումները մրցույթ կամ ընտրություն ներկայացնելու շատ պարզունակ պատրանք են, բայց անտեղյակների համար։ Կարևորը` խրոխտ, պահանջկոտ և անաչառ կեցվածքն է, համոզված լինելով, որ ոչ ոք և երբեք չեն հակադարձի, որ առ այսօր 8-ը՝ 7.5–ից, փոքր չէ (ինչպես, փաստորեն, ՀՀ նախագահին է համոզել ՀՀ ԳԱԱ նախագահը ) կամ, որ «պի»–հաստատունն առ այսօր 3,142 է կամ, որ 76 մլն.դրամը հավասար չէ 20 մլն.դրամին (ինչպես հակառակում հանրությանն է փորձել համոզել ՀՀ ԿԳՆ ԳՊԿ–ի նախագահը ) և այլն։

Այսինքն, շրջանառության մեջ դրված այդ «խրոխտ» ու «անաչառ» չափորոշիչ կոչվածները, իրականում օդից վերցրած պայմաններ են և զուտ ջուր պղտորելու միտում ունեն, որոնց քողի տակ ամեն մի կառույց ձկնորսությամբ է զբաղվում յուրովի։

Դուք հաճախ եք հիշատակում և հիմա էլ հիշատակեցիք միջազգային գիտական հանրության մեջ հայկական գիտության ինտեգրման կարևորության մասին։ Կա՞ն արդյոք ինչ որ չափանիշներ, որոնցով կարելի կլինի փաստել, որ հայկական գիտական համայնքը ինտեգրված է միջազգային հանրության մեջ և գրավում է արժանի տեղ։

Իմ կարծիքով կան, բայց դրանք կիլոգրամով կամ մետրով չեն արտահայտվում։ Ինչպես արդեն նշել ենք հայկական գիտական հանրության տարեկան արտադրանքը մոտ 2-3 հազար հոդվածներն են, որոնցից միայն 600-700-ն են ընդգրկվում «Web of Knowledge» շտեմարանի մեջ։ Իմ կարծիքով, եթե պահպանենք մոտ 2-3 հազար հոդվածների տարեկան արտադրանքը և, միաժամանակ, դրանցից մոտ 1,5-2 հազարն ընդգրկված լինեն «Web of Knowledge» շտեմարանի մեջ, ապա կարելի է ասել, որ Հայաստանի գիտական համալիրն ինտեգրված է միջազգայինի մեջ։ Այսինքն, եթե «թափոնը» կազմի ընդհանուրի մոտ 30%–ը և ոչ թե հակառակը։

Իսկ, արժանի կամ ավելի ճիշտ արժանապատիվ տեղի ցուցանիշը կլինի այն փաստը, որ հայկական գիտության ներդրումը համաշխարհային գիտության մեջ, բարձր լինի վերջինի միջինից։ Եվ ինչքան շատ գերազանցի համաշխարհային միջին մակարդակը, այնքանով արժանապատիվ կլինի մեր տեղը համաշխարհային գիտության մեջ։

Ենթադրենք, որ մեր պետական կառույցների կողմից կիրառվում են պայմաններ և ոչ թե միջազգայնորեն ընդունված չափորոշիչներ։ Իսկ մրցույթների, աստիճանաշնորհման կամ ընտրությունների ժամանակ պայմաններ պետք չե՞ն արդյոք։

Անկասկած, պետք են, եթե նույնիսկ չունենայինք առկա ֆինանսական հնարավորությունների և ոլորտի կարիքների հսկայական ճեղքվածք։ Բայց դե այդ պայմանները պետք է նախ լինեն հիմնավորված, երկրորդ՝ պետք է առնվազն խթան հանդիսանան որակի պահպանման, եթե ոչ բարձրացման համար և երրորդ, դրանք պետք է կիրառվեն անխտիր բոլորի դեպքում։ Այսինքն, հիմնավորված և համակարգված պայմանների համախումբը պետք է ունենա մեկ նպատակ՝ ապահովել գիտության զարգացումը, անկախ այն հանգամանքից թե ով է այդ զարգացումն ապահովում։ Բայց դե մեր իրականությունն այլ է, և կիրառվող պայմանները շատ հաճախ այլ նպատակներ են հետապնդում, քանի որ մեր իրականության մեջ պետբյուջեն չինովնիկների համար կարծես թե պապենական ժառանգություն է, որը կարելի է նաև մսխել, օգտագործելով մսխելու նպատակով և հենց իրենց «ստեղծագործություն» հանդիսացող պայմանների փաստարկումը։

Նախ, պայմաններն անհրաժեշտ են գիտության բնագավառը բյուջետային այլ ոլորտների ծախսերից սահմանազատման համար։ Կանխատեսելով դեմագոգիայի բուրմունքով և խիստ «հայրենասիրական» առարկություններն այս պնդման առիթով, հարկ եմ համարում նշել. քանի դեռ պետբյուջեում կան առանձին մշակույթի, կրթության, առողջապահության և այլն ոլորտների ծախսեր, ապա պետբյուջեում գիտության համար նախատեսված ծախսերը պետք է ուղղված լինեն հետազոտությունների աջակցությանն ու դրանց իրականացման համար պահանջվող կարիքներին, և ոչ թե այլ ոլորտների կազմակերպությունների պահպանմանը, ինչքան էլ, որ դրանք կարևոր լինեն։ Իսկ մեզ մոտ իշխանությունների, ներառյալ պետբյուջեն առաջարկող ՀՀ կառավարության, պետբյուջեն ընդունող ԱԺ–ի և պետբյուջեի օրենքը հաստատող ՀՀ նախագահի թողտվությամբ, գիտության համար նախատեսված և առանց այն էլ բոլոր չափանիշներով չնչին միջոցները վերածվել են ընդհանուր օգտագործման կերամանի։

Երկրորդ, գիտության զարգացումն ապահովող միակ արդյունավետ աջակցության մեխանիզմը գիտական անկախ փորձաքննության միջոցով բացահայտվող գիտական արդյունքների (և ոչ թե տիտղոսների) մրցակցությունն է։ Դեռևս ավելի արդյունավետ մեխանիզմ չի գտնվել աշխարհում։ Ձևականորեն տուրք տալով այս փաստին, մեզ մոտ էլ է իբր ներդրվել այդ մեխանիզմը, բայց արդեն խիստ տեղայնացված կամ որ նույնն է խեղաթյուրված տարբերակով։ (Կարծում եմ դեռ կանդրադառնանք այս շատ կարևոր հարցին)։ Ինչևէ, քանի դեռ նույնիսկ միայն թղթի վրա կա գիտական գործունեության աջակցության մրցույթի որևէ նշույլ, ապա իմաստ ունի անդրադառնալ նաև տարաբնույթ մրցույթների պայմաններին, քանի որ մրցույթների պայմանների հնարավորինս առանց կոռուպցիոն սողանցքների ձևակերպումները որոշիչ են թե՛ լավագույնների ընտրության և, թե՛ միջոցների իրացման արդյունավետության տեսակետից։

Ինչո՞վ չեն բավարարում մեր գիտական համակարգում կիրառվող պայմանները, և կոռուպցիոն ռիսկերի տեսակետից ի՞նչ սողանցքներ են դրանք պարունակում։

Եթե դիտարկենք մեր երեք պետական կառույցների կողմից կիրառվող պայմանները, ապա կտեսնենք, որ դրանք հիմնավորված չեն և չեն նպաստում որակի պահպանմանն ու բարձրացմանը։ Բացի դրանից, դրանք փոխհամաձայնեցված չեն և հիշեցնում են կարապի, խեցգետնի և գայլաձկան հայտնի առակը։ Ստեղծվել է երեք կալվածք իրենց ֆեոդալներով, որոնք գործում են իրարից անկախ և, շատ հաճախ, նույնիսկ իրար դեմ։ Ակնհայտ է, որ այստեղ պատահականություն չկա և ինչ որ կատարվում է այսօր այս ոլորտում ոչ միայն գիտակցված է, այլև, հիմք ընդունելով բազմաթիվ թե պետական կառույցների և, թե ԶԼՄ–ների բազմաթիվ ահազանգների անտեսումը, պետք է ենթադրել, որ առկա վիճակը հովանավորվում է նաև ՀՀ գործադիր իշխանությունների, ներառյալ ՀՀ ԿԳ նախարարի, ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի կողմից։

Պարզ է, որ գիտության ոլորտում պետական կառավարման նույնիսկ խորհրդային մոդելի շրջանակում էլ (որը, փաստորեն, վերակենդանացվել և ինտենսիվորեն պարարտացվում է այսօր Հայաստանում) կարելի էր համակարգված պայմանների միջոցով ավելի արդյունավետ գործել՝ նպատակ ունենալով միջազգային չափորոշիչներին համապատասխանող գիտության զարգացումը։ Բայց դե Հայաստանում այսօր առկա համակարգը շատ ավելի խրթին է։ Այն խորհրդային համակարգի արտաքին տեսքն ունի միայն։ Մասնավորապես, փող չկա խորհրդային էքստենսիվ ֆինանսավորումն ապահովելու համար, իսկ քաղաքական լոյալությամբ պայմանավորված աջակցության սկզբունքները տրանսֆորմացվել են կամայականության ու կոռուպցիոն դրսևորումների՝ մեր դեմ խաղ չկա սկզբունքով։

Իսկ հնարավո՞ր է ավելի կոնկրետացնել այդ պնդումները։

Իհարկե, կարելի է, բայց այդ դեպքում պետք է առանձին-առանձին դիտարկենք երեք պետական կառույցների կողմից կիրառվող պայմաններից մի քանիսը, որոնցից պարզ կդառնա այդ «պայմաններ» կոչվածների իրական էությունն ու ՀՀ գործադիր իշխանությունների կողմից կոռուպցիոն երևույթների կամ փաստացի դրսևորումների նկատմամբ «անհանդուրժողականության» իրական արժեքը։ Սկսենք ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ից և հետո անցնենք միարժեքորեն խորհրդային համակարգի մնացուկներ հանդիսացող ԲՈՀ-ին և ՀՀ ԳԱԱ-ին։

Շարունակելի

  1. Սա ազգային պետություն չէ, այլ կեղեքման և ստրկացման գործիք
    «Համակարգի մեջ որոշումներ կայացնող բոլոր մարդիկ հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցագործներ են և պետք է պատասխան տան իրենց արարքների համար»
    13:10 20/05/2013
  2. Կոմպրոմատային հավասարակշռությունը խախտվում է
    Մեր զրուցակիցն է Ստեփան Դանիելյանը
    15:40 17/05/2013
  3. Խնդիրը Արմավիան չէ, այլ հայկական ավիացիայի ոչնչացումը
    Մեր զրուցակիցն է հրամանատար օդաչու, ՀՀ առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի`«Ֆենիքս Ավիայի» հիմնադիր Հակոբ Ճաղարյանը
    09:53 16/05/2013
  4. ՀՀԿ-ի տրոհումն անխուսափելի է
    Այսօր նյութական հնարավորությունների սակավությունը կարող է փոխհատուցվել քաղաքացիների ակտիվությամբ և կոմունիկացիոն գործիքների ճիշտ կիրառմամբ:
    10:07 14/05/2013
  5. Այնպիսի երկրում չենք ապրում, որ քվեն տանք ու հանգիստ ապրենք
    Մեր զրուցակիցն է Երևանի ավագանու ընտրություններում «Բարև, Երևան» դաշինքի ցուցակի 10-րդ համար, «Ես Yes» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը:
    14:14 11/05/2013
  6. Գուցե ապահով Հայաստանը մեկուկես միլիոն մարդու համար է
    Կարծում եմ՝ առկա քաղաքական «թիմերի» հետ այլևս հույսեր չկան, ասում է Հրանուշ Խառատյանը
    10:05 10/05/2013
  7. ՀՀԿ-ի դեմքերը «ֆեյս կոնտրոլ» անգամ չեն անցնի
    Բացի ոստիկանությունից՝ շատ կարևոր ուղղություններ մնում են չլուծված՝ կապված ՊԵԿ-ի Գագիկ Խաչատրյանի, դատական համակարգի կոռումպացված լինելու հետ, ասում է Էդգար Բաղդասարյանը
    20:50 07/05/2013
  8. Հայաստանը պետք է դժվար որոշումներ կայացնի
    Lragir.am-ի բացառիկ հարցազրույցը Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսի հետ
    17:19 07/05/2013
  9. Փոփոխությունը տեղի է ունենում ամենաանսպասելի պահերին
    Այժմ, կուտակվող աննկատ, սակայն հուժկու դժգոհության լավան կայունության երաշխիք հաստատ չի կարող լինել, ասում է Հայկ Մարտիրոսյանը
    13:51 06/05/2013
  10. Դասեր քաղելու կարիք չկա, պարզապես կարելի է նորովի ապրել
    Մարդիկ սովորում են հորիզոնական հարաբերություններ հաստատել միմյանց հետ, ասում է ռեժիսոր Դավիթ Ստեփանյանը
    13:42 04/05/2013