Դիմադրական պայքարը շարունակվում է

    • Հարցազրույց - Ուրբաթ, 20 Ապրիլի 2012, 12:25

Մեր զրուցակիցն է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ փոխնախագահ, քաղաքագետ, Մաշտոցի պուրակի պահպանման քաղաքացիական ակտիվիստ Գոռ Հակոբյանը

Գոռ, յոթանասուն օր շարունակ պայքարում եք Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման և հանրային տարածքը հանրությանը վերադարձնելու համար: Ո՞ր փուլում է պայքարը:

Ամփոփելով իրավիճակը` կարող ենք առանձնացնել մի քանի հիմնական հարցեր, որոնք առաջ եկան Մաշտոցի պուրակի դեպքում: Առաջին հերթին՝ հանրային տարածքի, հանրային սեփականության պաշտպանության խնդիրը բարձրացվեց հանրային օրակարգ, սկսեց շրջանառվել հանրության մոտ: Մարդիկ սկսեցին հասկանալ, որ կան բաներ, որոնք ի սկզբանե իրենց են պատկանել, սակայն իրենց ձեռքից խլել են կամ զավթել, և տիրոջ կարգավիճակը սկսեց մարդկանց մոտ արթնանալ: Երկրորդ խնդիրը իրավական և իրավունքի գերակայության շրջանակներում հարցեր լուծելն է, երբ մարդիկ նաև գիտակցում են, որ իրավունքները չեն տրվում, իրավունքները նվաճվում են, և այդ իրավունքները կենսագործելու և ամրապնդելու համար պետք են քայլեր և գործողություններ: Խոսքը սահմանադրական իրավունքների մասին է, առողջ և բարեկեցիկ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, հանրային սեփականության իրավունքը, որպես գերակա շահ և այլն: Երրորդը` հանրային կառավարման մարմինների և հանրության ու ժողովրդի միջև փոխհարաբերություններն են, երբ մարդիկ սկսում են գիտակցել, որ իրավունք ունեն մասնակցելու իրենց կյանքին վերաբերվող որոշումների ընդունմանը և հաշվետվություն պահանջեն:

Մաշտոցի պուրակը դարձավ յուրահատուկ խթանիչ, որը սկիզբ դրեց տարբեր տեսակի քաղաքացիական, քաղաքական գործընթացների: Հանրության և ժողովրդի տարբեր շերտեր սկսեցին արձագանքել և հայտնել իրենց դիրքորոշումը, սա լակմուսի թղթի նման ցույց է տալիս, թե մարդիկ ինչ դիրքորոշում ունեն մեր երկրի, մեր ապագայի մասին: Բացի դրանից, Մաշտոցի պուրակը դարձավ և շարունակում է լինել մի յուրահատուկ հարթակ, որտեղ տարբեր նախաձեռնություններ, տարբեր մարդիկ գալիս են, փորձում են ինչ-որ բաներ ստեղծագործել, ինքնորոշված ձևով արտահայտվել: Այս գործընթացներում ծնվեց ինքնորոշված քաղաքացին /մարտի 3-ը նրա ծննդյան օրն է/: Քաղաքացին միայն անձնագրով չէ, միայն իրավական թղթերով չէ, այլ նաև գիտակցական պրոցես է: Ինքնորոշված քաղաքացիները բարձրաձայնում են, որ տերն են հանրային իրավունքների, հանրային սեփականության, և թույլ չեն տալու, որ իրենց ստորացնեն, շահագործեն և դիմակայելու են բոլոր խոչընդոտներին, որ կառուցեն քաղաքացիական և իրավական պետություն, փորձելու են ստեղծել այլընտրանքային այն երազ երկիրը, որտեղ լիարժեք կապրեն, կստեղծագործեն ու չեն փնտրի իրենց երջանկությունն այլ երկրներ արտագաղթելու մեջ:

Ապամոնտաժող խմբերն արդեն յոթն են, ավագ սերունդը միացավ Ձեզ, ինչպե՞ս եք գնահատում այս շաբաթների ապամոնտաժող խմբերի աշխատանքը:

Երբ քաղաքացիական արդար և անկախ դատարանը մարտի 17-ին որոշեց պուրակի բարեկարգման և ապամոնտաժման հարցը, նշվեց, որ քաղաքացիական հասարակությունն է պատասխատավություն կրում, և քաղաքացիական հասարակության մեջ ստեղծվեց նոր նախաձեռնություն՝ ապամոնտաժող բրիգադները, որոնք նշեցին, որ պատասխատավություն են ստանձնում ապամոնտաժման գործողություն իրականացնելու համար: Նոր սերնդի քաղաքացիական պայքարը խթանեց նաև, որ ավագ սերունդը ստանձնի անավարտ մնացած իր առաքելությունը պետականաշինության գործում: Յոթ բրիգադների ստեղծումն արդեն իսկ դրական է, և իրենց մի քանի հաջողված փորձերը ապամոնտաժման քաղաքացիական անհնազանդության գործողություններ են, որը նեցուկ է կանգնում համընդհանուր քաղաքացիական դիմադրողականության մեր պայքարին:

Հրանուշ Խառատյանը կարծիք է հայտնում, որ շատ հնարավոր է՝ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը հրաման տա ապամոնտաժել՝ դիվիդենտներ շահելու համար: Սա հնարավոր տարբերա՞կ եք համարում, և ըստ Ձեզ, ինչո՞ւ այսքան երկարաձգվեց այս պրոցեսը:

Իշխանություններն ուշ թե շուտ ապամոնտաժելու են այդ բուծիկները, սակայն քաղաքացիական դիմադրողականության պայքարը դեռ երկար է շարունակվելու, մինչև չպատժվեն և պատասխանատվության չկանչվեն բոլոր ապօրինի որոշում ընդունողները, և չի վերականգնվել հանրային սեփականությունը և հանրային գերակա շահը, այսինքն` Սահմանադրական կարգը. Մաշտոցի պուրակից մինչև Թեղուտ, Ջերմուկ, Քաջարան և այլն: Որևէ քաղաքացիական դիմադրողական պայքարի համար յոթանասուն օրը երկար չի կարելի համարել: Մենք այս գործընթացներում ինքնակրթվում և կոփվում ենք, առավել ինքնակազմակերպվում և մոբիլիզացվում ենք, որպեսզի կարողանանք մեր հանրության ու ժողովրդի պետականաշինության պայքարը հաջողություններով նվաճել:

Վերջին հաշվով, ինչպե՞ս պետք է հասնել քաղաքացիական պետություն ձևավորելուն: Հնարավո՞ր է՝ քաղաքացիական նախաձեռնություները միանալով ստեղծեն նոր ուժ:

Քաղաքացիական պետության հիմքն ինքնորոշված քաղաքացին է, ով գիտակցում է, որ ինքն է երկրի ու պետության տերը, նվաճում է իր իրավունքները և ձևավորում է բազմազան և արդար ու համերաշխ գոյակցության մոդելներ: Մեր մարտահրավերն է քաղաքացիական այս մշակույթի և գիտակցության սերմանումը և ընդարձակումը համապետական և համազգային մակարդակով, նաև ստեղծել համապատասխան ծրագրեր և մոդելներ, որոնք կերաշխավորեն ժողովրդի զանազան շերտերի ու խմբերի ինքնության կերտումը և արդար ու համերաշխ գոյակցությունը: Կարծում եմ, որ մենք այս գործընթացների սկզբում ենք, և անհրաժեշտ է մեր ժողովրդի բոլոր առողջ ուժերի համախմբումը նման այլընտրանքային ծրագրի`քաղաքացիական և իրավական պետության մշակման ու կերտման գործում:

Ինչպե՞ս պետք է ձևավորել ինքնորոշված քաղաքացի:

Միշտ էլ եղել ու կլինեն ինքնորոշված քաղաքացիներ: Ինքնորոշված քաղաքացին դառնում է ուժ և գործոն քաղաքական և քաղաքացիական դաշտում, երբ նրանք համախմբվում են հստակ քաղաքացիական հիմնախնդիրների ձևակերպման և լուծման շուրջ:

Եվ նրանք ստեղծում են ինքնուրույն քաղաքացիական հարթակ, որը խթանում է բազմազան ինքնությունների, պահանջների, լուծումների ու հնարավորությունների բյուրեղացմանը, ստեղծում ու առանջնորդվում են իրենց իսկ ձևակերպած ինքնուրույն քաղաքացիական օրակարգով: Մաշտոցի պուրակի քաղաքացիական դիմադրության պայքարը մարմնավորում է վերոհիշյալը, ինչն էլ առանձնանում է նախկին, ու նաև 2007-2008 թթ. գործընթացներից: Ինքնորոշված քաղաքացին ձևավորվում է կուռքերն ու կարծրատիպերը ջարդելով, ազատագրվելով, ազատամիտ արժեքներով առաջնորդվելով: Իսկ ինքնորոշված քաղաքացիական մշակույթ ձևավորվում է վերոհիշյալ անհատ ինքնորոշված քաղաքացիների գործնական և իրական կենսափորձի օրինակելիությամբ, նրանց ստեղծած նոր քաղաքացիական և իրավական մեխանիզմներով ու այլընտրանքներով: Մաշտոցի պուրակը այս ամենի խորհրդանիշն է:

Քաղաքացիականը ի վերջո քաղաքականի կվերածվի՞:

Ժամանակակից ժողովրդավարական պետության հասկացության մեջ քաղաքականությունն այն արվեստն ու տեխնոլոգիան է, որը քաղաքացիական հասարակությունը կիրառում է մի գերակա խնդիր լուծելու համար, որն է` ապահովել իր սեփական արդար և համերաշխ գոյությունը: Այս իմաստով մեզանում էապես խեղաթյուրված են քաղաքականի ու քաղաքացիականի սահմանումները, ընկալումները և հասկացությունները: Մենք իբրև մասնիկը քաղաքացիական հասարակության` ամեն օր և անընդհատ ձևավորում ենք համապատասխան քաղաքական տեխնոլոգիա և արվեստ, որպեսզի մեր իսկ կողմից դրված ինքնուրույն քաղաքացիական օրակարգը կենսագործենք հանուն արդար ու համերաշխ գոյության: Հաջողության երաշխիքներից է չխախտել նպատակ և միջոց հասկացությունները և հիերարխիան: Ինչպես մեզ մոտ խեղաթյուրվել է հիմնական կառույցների ու ինստիտուտների դերը, նրանք դարձել ենք ինքնանպատակ և ծառայում են զուտ իրենց նեղ գոյության և գերիշխանության հաստատմանը, և չեն ծառայում իբրև միջոց ժողովրդի և հանրության արդար ու համերաշխ գոյության հետապնդման նպատակին հասնելու համար, ինչպես ներկա կուսակցությունները և քաղաքական ուժերը:

  1. Կոմպրոմատային հավասարակշռությունը խախտվում է
    Մեր զրուցակիցն է Ստեփան Դանիելյանը
    15:40 17/05/2013
  2. Խնդիրը Արմավիան չէ, այլ հայկական ավիացիայի ոչնչացումը
    Մեր զրուցակիցն է հրամանատար օդաչու, ՀՀ առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի`«Ֆենիքս Ավիայի» հիմնադիր Հակոբ Ճաղարյանը
    09:53 16/05/2013
  3. ՀՀԿ-ի տրոհումն անխուսափելի է
    Այսօր նյութական հնարավորությունների սակավությունը կարող է փոխհատուցվել քաղաքացիների ակտիվությամբ և կոմունիկացիոն գործիքների ճիշտ կիրառմամբ:
    10:07 14/05/2013
  4. Այնպիսի երկրում չենք ապրում, որ քվեն տանք ու հանգիստ ապրենք
    Մեր զրուցակիցն է Երևանի ավագանու ընտրություններում «Բարև, Երևան» դաշինքի ցուցակի 10-րդ համար, «Ես Yes» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը:
    14:14 11/05/2013
  5. Գուցե ապահով Հայաստանը մեկուկես միլիոն մարդու համար է
    Կարծում եմ՝ առկա քաղաքական «թիմերի» հետ այլևս հույսեր չկան, ասում է Հրանուշ Խառատյանը
    10:05 10/05/2013
  6. ՀՀԿ-ի դեմքերը «ֆեյս կոնտրոլ» անգամ չեն անցնի
    Բացի ոստիկանությունից՝ շատ կարևոր ուղղություններ մնում են չլուծված՝ կապված ՊԵԿ-ի Գագիկ Խաչատրյանի, դատական համակարգի կոռումպացված լինելու հետ, ասում է Էդգար Բաղդասարյանը
    20:50 07/05/2013
  7. Հայաստանը պետք է դժվար որոշումներ կայացնի
    Lragir.am-ի բացառիկ հարցազրույցը Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսի հետ
    17:19 07/05/2013
  8. Փոփոխությունը տեղի է ունենում ամենաանսպասելի պահերին
    Այժմ, կուտակվող աննկատ, սակայն հուժկու դժգոհության լավան կայունության երաշխիք հաստատ չի կարող լինել, ասում է Հայկ Մարտիրոսյանը
    13:51 06/05/2013
  9. Դասեր քաղելու կարիք չկա, պարզապես կարելի է նորովի ապրել
    Մարդիկ սովորում են հորիզոնական հարաբերություններ հաստատել միմյանց հետ, ասում է ռեժիսոր Դավիթ Ստեփանյանը
    13:42 04/05/2013
  10. Ոստիկանապետը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնել
    Ոստիկանությանը շատ ավելի ապահով է իշխող ռեժիմի կողմը կանգնելը, քան թե նոր վերաբաշխմանը միտված ընդդիմությանը աջակցելը, ասում է Սարո Սարոյանը
    11:29 04/05/2013