Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ զրուցել ենք Մաշտոցի պուրակի շուրջ ստեղծված իրավիճակից
Տիկին Խառատյան, Մաշտոցի պուրակը վերջին մի քանի ամիսների ամենաթեժ կետերից մեկն է: Ըստ Ձեզ` պուրակը հանրային, հասարակական պահանջի՞ դրսևորում է:
Մաշտոցի պուրակը վաղուց դուրս է եկել մի կոնկրետ խնդիր լինելուց: Այն վաղուց դարձել է հասարակական շահի ձևակերպման թե վիրտուալ, թե ֆիզիկական տարածք: Այդ ֆիզիկական տարածքում կանգնած են մարդիկ, չնայած իրենց շուրջ բոլոր վայրիվերումներին, անզիջում, համառ, հետևողական են, և ես խոնարհվում եմ նրանց առաջ: Եվ այդ հասարակական տարածքում ձևավորվում է հասարակական շահն իշխանության շահին հակադրելու այն փորձը, որի շուրջը կարծես թե պետք է ձևավորվի թե սկզբունքորեն հասարակական շահ երևույթը, երկրի, բնակչության խնդիրների, թե յուրաքանչյուրի անձնական խնդիրների վերաբերյալ: Տարոն Մարգարյանն ասաց, որ սեփականության իրավունքը մեր երկրում պետք է հարգվի, որ մեր երկիրը կարողանա զարգանալ: Այդ սեփականության իրավունքը անհատ քաղաքացիների դեպքում ոտնահարվել է, ոտնահարվում է, և առաջիկայում դեռ պետք է ոտնահարվի, ցավոք, յուրաքանչյուր քայլափոխի: Տարօրինակ է նույնիսկ սեփականության խնդրի նկատմամբ հարգանք պահանջելն իշխանության ներկայացուցչի կողմից, այն իշխանության, որն ինքը դատարանով հանրային շահ է տեսնում մասնավոր մարդկանց սեփականությունը և ինչ որոշում ուզի, կայացնում է: Փառք Աստծո, որ այսօր ԶԼՄ-ները կարողացան իրենց մեջ ուժ գտնել, հասարակական քննարկումների դաշտում առավել կայացան և կարողանում են ինտենսիվ լրատվությամբ տեղեկացնել զարգացումների մասին:
Թռչկանի դեպքում իշխանությունն ընկրկեց, այս դեպքում մի կողմից կրպակներից մեկի սեփականատերը՝ Գագիկ Բեգլարյանի եղբայրն ասում է՝ ես հրաժարվում եմ բուտիկից, ինձ այն պետք չէ, մյուս կողմից Տարոն Մարգարյանը հապաղում է:
Ես ձևակերպված զգացողություն ունեմ, որ բուն ընտրություններից մեկ շաբաթ կամ տասը օր առաջ իշխանությունը Մաշտոցի պուրակի հանդեպ դրական հասարակական պահանջի բավարարման որևէ լուծում է տալու: Ես նույնիսկ շատ ուրախ եմ, որ Մաշտոցի պուրակի շուրջ զարգացումները երկար տևեցին, որովհետև այդ զարգացումը բերեց հասարակական գիտակցության ձևավորման, քաղաքական կուսակցություններից դուրս տարածքի: Մարդկանց մոտ սեփական ազատության, ընդհանուր արդարության, իրավունքի գերակայության և իրավունքի կիրառման հնարավորության հույսեր առաջացավ՝ չնայած դեռ չի կիրառվել, բայց այդ հույսերը առաջացել են, քննարկվում են, տաքսիստները խոսում են իրենց ուղևորների հետ, այսինքն՝ եթե իշխանության այս համառ դիմադրությունը չլիներ, նման արձագանքներ չէին լինի: Սկզբունքորեն միշտ հայտնի է, որ ընդդիմության պարագայում է, որ զարգանում է կամքը թելադրելու կամ կամքը տեղ հասցնելու փնտրտուքը և լուծումները: Տվյալ դեպքում հենց այդպես էլ եղավ: Իշխանությունն այնքան անիմաստ ձևով և անիմաստ տրամաբանությամբ սկսեց կոշտ դիրքորոշում գրավել, որ ի վերջո այս զարգացումները բերեցին բոլորովին այլ արդյունքի:
Տիկին Խառատյան, հետևելով երիտասարդներին, որոնք անզիջում պայքարում են, տեսնո՞ւմ եք երիտասարդների, որոնք վաղը կարող են քաղաքական գործիչներ լինել:
Ես լիովին համոզված եմ, որ այդ երիտասարդներից շատերը հենց այսօրվա քաղաքական գործիչներ են, և նրանց գործունեությունն իրականում հենց քաղաքական է, եթե նույնիսկ իրենք այդպիսի խնդիր չեն դրել: Նրանց գործունեությունն ասոցացվել է իրական քաղաքական հակոտնյա դիրքորոշման հետ և բերել է ալիքներ, որոնք ընդհանուր քաղաքականության վրա ազդելու են: Մեր իշխանության, քաղաքական կուսակցությունների հռետորաբանությունն է փոխվել, ճիշտ է՝ չհիմնավորված և չփաստարկված, բայց նախադասությունները ձևակեպվում են հենց այն թելադրանքով, որը ձևավորվում է Մաշտոցի պուրակում կամ մամուլում և բլոգերում երիտասարդական քննարկումներին շրջանառվող ձևակերպումների շրջանակներում: Իհարկե, սա հռետորաբանություն է իշխանության դաշտում, բայց մյուս կողմից հասարակական արձագանքը, 2008-ին այն, ինչ Ազատության հրապարակում էր, որը մենք անվանում էինք ոչ այնքան Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշում, այսօր ձևավորվում և ձևակերպվում է այս շարժումների մեջ:
Բայց ես, այնուամենայնիվ, տագնապ ունեմ, որ այս զարգացումները կարող են հետագայում շատ լուրջ չդառնալ, որովհետև կա մեծ արտագաղթ և կա այդ երիտասարդների զգալի մասի համար գայթակղություն իրենց պոտենցիալը դրևսորելու դրսում: Իհարկե, սա միայն նյութական փնտրտուք չէ: Ակնհայտ է, որ միշտ կոշտ պատնեշի դեմ առնելով, հատկապես մի երկրում, որը կիսապատերազմական վիճակում է և կա պատերազմի սպառնալիք, լուրջ ճնշում գործադրող քաղաքական ընդդիմության պարագայում, կարող է հրահրվել պատերազմ, որովհետև երկու երկրներում էլ կա տագնապ, եւ որ իշխանությունը պահելու համար երբեմն պատերազմը կարող է դառնալ գործիք: Համենայն դեպս, դա այնքան է ներդրվել քաղաքացիական գիտակցության մեջ, շատ երիտասարդների մեջ կա տագնապ, որը կարող է մի փոքր դժվարացնել քաղաքացիականության կայացումը:
