Իշխանությունն ինչքա՞ն տեղ կտա ՀԱԿ-ին

    • Հարցազրույց - Երեքշաբթի, 17 Ապրիլի 2012, 10:32

Նախընտրական զարգացումների շուրջ զրուցել ենք ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ

Տիկին Խառատյան, վերջին չորս տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ խոսել եք քաղաքական խորը ճահճի, հասարակության՝ ընտրությունների հետ որևէ հույս չկապելու մասին: Նախընտրական այս գործընթացներն ինչպե՞ս եք գնահատում:

Սկզբունքորեն որևէ անակնկալ, քիչ թե շատ ակնհայտ մակընթացություն չկա, եթե այդպիսին չհամարենք (ես այդպիսին չեմ համարում) թույլ, անորոշ և դեռևս տարտամ իրավիճակը՝ կապված ԲՀԿ-ՀԱԿ քննարկումների չասեմ համաձայնության, բայց ինչ-որ քննարկումների մակարդակի հետ, որն ինքնին առաջացնում է անորոշության խորացման և նույնիսկ մի քիչ տագնապի զգացողություն: Բացի այս երևույթից՝ նախընտրական զարգացումներ չկան:

Ի՞նչ տագնապի մասին է խոսքը:

Տագնապը երկու իմաստ ունի. ակնհայտ է, որ վերջին երկու տարիներին ՀԱԿ-ը գնալով կորցնում է իր քիչ թե շատ ռադիկալ ընդդիմություն ներկայացնելու հնարավորությունը, նույնիսկ ձևը կամ հեռանկարը: Արդեն երկու տարի է՝ ՀԱԿ-ի շուրջ, ՀԱԿ-ի ներսում և ՀԱԿ-ի կողմից մեր քաղաքական դաշտում այնքան անորոշություն մտցվեց հենց ՀԱԿ-ի տեղի վերաբերյալ, որ արդեն որևէ մեկը դադարել է ՀԱԿ-ին լուրջ ընդդիմություն համարել, և սկզբունքորեն խոսում են նույնիսկ` կտա՞ իշխանությունը ՀԱԿ-ին ինչ-որ տեղեր, թե ոչ: Ես մինչև անցյալ տարի աշնանը համոզված էի, որ ՀԱԿ-ը ինքը կնվաճի արդեն զգալիորեն նահանջած տեղեր: Եթե դեռևս չորս տարի առաջ ՀԱԿ-ին կարող էին տեսնել լուրջ մրցակից իշխող կուսակցությանը, անցյալ տարի աշնանը կարծում էի՝ 10-15 տեղ կարող էր ՀԱԿ-ն ինքնուրույն ձեռք բերել, հիմա շատ կասկածում եմ և անընդհատ մտածում եմ՝ իշխանությունն ինչքա՞ն տեղեր կուզենա ՀԱԿ-ին տալ: Այս իրավիճակում ԲՀԿ-ՀԱԿ միությունը լրացուցիչ մի փաստարկ է այն բանի, որ այս պահին փաստացի մենք քիչ թե շատ կայացած, ինտենսիվ և ռադիկալ ընդդիմություն չունենք: Բարգավաճն ընդդիմություն չի կարող դիտարկվել ոչ անձերով, ոչ գաղափարով: Բարգավաճը այս նույն քաղաքական զարգացումների դաշտում իր տեղն ամրացնելու և քաղաքական դաշտը նվաճելու և այդ դաշտում ինքնուրույն խաղացող լինելու հավակնություն ունի:

Տիկին Խառատյան, Դուք նշեցիք, որ Կոնգրեսը մինչև անցյալ տարի ինչ-որ կայուն վիճակ էր պահպանում, չուզե՞ց, չկարողացա՞վ: Ըստ Ձեզ՝ ի՞նչն էր ձախողման պատճառը:

Կարծում եմ՝ այստեղ լուրջ տատանում եղավ հայ-թուրքական համաձայնագրի շուրջ կատարված զարգացումների ժամանակ: ՀԱԿ-ն այն ժամանակ ռադիկալ դիրքորոշում չարտահայտեց, ձեռնպահ մնաց՝ միայն հայտարարելով, որ սկզբունքորեն կարծես թե Սերժ Սարգսյանն իրավացի է այդ համաձայնագիրը ստորագրելով: Կարծում եմ՝ այստեղ սկսվեց ճեղքը ոչ թե այն պատճառով, որ ՀԱԿ-ն իշխանության հետ որևէ խնդրում համաձայնություն ունի, այլ հենց հայ-թուրքական խնդիրը հայ-ժողովրդի համար շատ զգայուն թեմա է, և Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանում այն առավել հասունացած խնդիրներից մեկն էր նրա իշխանության դեմ: Այս ամենազգայուն թեմայի շուրջ դարձյալ փաստվեց ՀԱԿ-ի՝ իշխանության հետ արտաքին քաղաքականության կարևորագույն հարցի շուրջ համաձայնություն: Ավելին, հետևելով ձեր հարցազրույցներին և մամուլի այլ քննարկումներին, տեսնում եմ, որ այն պահանջը, որ միշտ կար գոնե ղեկավար կազմից, որ հստակ գնահատական և վերլուծություն արվի իրենց իշխանության շրջանի, և այդ իշխանության շրջանի (ես հիմա “հանցանք” բառը չեմ ուզում ասել, չնայած լիովին հանցավոր եմ գնահատում, այսինքն`գիտակցված քայլ էր, որ մեր հասարակության դեմ էր) վերաբերյալ, իրենց իշխանության շրջանի սխալների վերաբերյալ որևէ վերլուծություն և գնահատական այդպես էլ չհնչեց, եթե այդպիսի խեղճուկրակություն չհամարենք Հրանտ Բագրատյանի հայտարարությունը, որ մենք էլ մի բարի պտուղ չէինք, թե «այդ բարի պտուղ չէինը» ինչն էր, էլի շատ տարտամ և անորոշ էր: Բագրատյանի տնտեսական վերլուծությունները ներկա իշխանությունների հիրավի շատ անորոշ և անկապ, ոչ ժողովրդի օգտին արվող տնտեսական քաղաքականության դեմ հիմնավորված են, մինչդեռ իր շրջանի տնտեսական քաղաքականության վերլուծություններում ընդհանրապես չեն ընդդիմանում որևէ քննարկման: Ես միշտ էլ համոզված եմ եղել, որ այս իրավիճակի հիմքերը դրվեցին այդ շրջանում:

Սակայն բոլորը խոսում են այն ժամանակվա խորհրդարանի որակական տարբերության, ինտելեկտուալ մակարդակի, խոսքի ազատության և այլնի մասին:

Անկասկած, մինչև 96 թվականը, չնայած պատերազմական, հետպատերազմական վիճակին, երբ երկրում օբյեկտիվ ծանր տնտեսական պայմաններ էին, դրան գումարվեցին սուբյեկտիվ քաղաքական պայմանները, ընդհանրապես փոշիացվեց այն, ինչ կարելի էր համարել նոր ձևավորվող տնտեսական համակարգ, և այն գլխից դրվեց “դու իմ երբայրն ես, իմ բարեկամն ես, և այս երկիրը քոնն է, գնա և տնօրինի”, ինչը, ցավոք սրտի, շարունակվում է մինչև այսօր և ինչը խեղդում է որևէ տնտեսական նախաձեռնողականություն հենց այսօր էլ: Հիմնական անկյունաքարային խնդիրները դրվեցին լիբերալ, ժողովրդավարական, ես կասեի հաճախ նվիրյալ պատգամավորական կորպուս ունեցող Գերագույն խորհրդի շրջանում: Հայաստանի առաջին խորհրդարան եկել էին մարդիկ, որոնք գիտեին ինչ են ուզում, բայց փորձ չկար, վիճակն էր անորոշ: Այսինքն՝ գիտեին ինչ էին ուզում, բայց չգիտեին ինչպես դա անել: Ավելի ուշ` երկրորդ խորհրդարանը որոշ չափով գիտեր՝ ինչ է ուզում անել, և որոշ չափով գիտեր` ինչպես է ուզում անել, բայց այդ երկուսի բալանսը չկար: Բայց արդեն ինչ է ուզում անելն իր մեջ կրում էր այսօրվա կամ հետագա խորհրդարանների հիմնական ուղղությունը` ես պատգամավոր եմ, եկել եմ իմ խնդիրները լուծելու: Այսօր սա ակնհայտ երևում է, երբ հետևում եմ մեծամասնականներով առաջադրված պատգամավորի թեկնածուների հարցազրույցները, որտեղ նրանք ասում են` ես անելիք ունեցող մարդ եմ, բայց եթե անելիք ունեցող մարդ է՝ հազար ու մի անելիքի հնարավորություն կա խորհրդարանի դրսում, ինչո՞ւ խորհրդարան… քաղաքական ծրագիր ունի՞, ի՞նչ քաղաքական գիծ պետք է տանի:

  1. Լորետան պաշտպանում էր իր կապտուկները
    Ազգի ահ ու սարսափ հանդիսացող տղամարդիկ հանգուցային ժամանակահատվածներում թաքնվում են իրենց ծեծված, ենթարկեցրած տիկնանց հետևում
    12:44 17/06/2013
  2. Ամուլսարի շահագործումը չի բխում ՀՀ օրենսդրությունից
    Հարցազրույց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան, դասախոս Գոռ Մովսիսյանի հետ
    11:46 15/06/2013
  3. Ունենալով իր ագենտուրան՝ ոստիկանությունն ապօրինի եկամուտ է ստանում
    Ես չեմ բացառում, որ ամեն ամիս «ռեյդ» են նում իրենց «սեւ ցուցակ»-ի մարդկանց մոտ, գումարներ առգրավում, ասում է Արթուր Սաքունցը
    09:58 15/06/2013
  4. «Այդ ռիսկերի մասին ոչ մի բառ նշված չէ»
    Հարցազրույց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանի հետ
    10:23 14/06/2013
  5. Հայկազ Բաղմանյանն ի՞նչ է արել այսքան ժամանակ
    Զինված ուժերում կադրային վերջին վերադասավորումների շուրջ զրուցել ենք Արթուր Սաքունցի հետ
    10:12 14/06/2013
  6. Լիսկայի թալանը իշխանության հիմքում
    Այսօր գերիշխում է թալանի հոգեբանությունը սրբագործելու և օրինականացնելու սկզբունքը, ասում է Հրանուշ Խառատյանը
    10:35 12/06/2013
  7. Հանրապետության հրապարակն ավարտուն տեսք չունի
    Հարցազրույց ԵՃՇՊՀ ռեկտոր, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թոքմաջյանի հետ
    10:31 10/06/2013
  8. Թուրք լրագրող. Թուրքիայում մարդիկ վճռական են եւ կանգ չեն առնելու
    Թուրքիայում հանրությունը հարյուր տարվա մեջ առաջին անգամ հասկացավ, որ ուզում է դեմ գնալ բռնապետությանը, ասում է թուրք ֆոտոլրագրողը
    14:57 08/06/2013
  9. Մարզպետ. «Նախագահի վարած քաղաքականությունը կարեւոր է «խոպանչիների» համար»
    Lragir.am-ի հարցերին պատասխանում է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
    13:12 08/06/2013
  10. Հանրային ճնշումը օգնում է նախաքննական մարմիններին
    Մեր զրուցակիցն է «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, իրավաբան Արա Ղազարյանը
    11:08 07/06/2013