Առավել ընդունելի համակարգը

    • Հարցազրույց - Շաբաթ, 14 Ապրիլի 2012, 18:06

“Առավոտը” հրապարակել է հարցազրույց թիվ 10 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Սարիբեկ Սուքիասյանի հետ: Aravot.am կայքում հրապարակված հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ: Ինչպես տեղեկացնում է կայքը, թիվ 10 ընտրատարածքի բնակիչները մի շարք գրավոր հարցեր են ուղղել ԱԺ պատգամավորի թեկնածու Սարիբեկ Սուքիասյանին՝ նպատակ ունենալով հստակեցնել նրա դիրքորոշումը երկրի տնտեսության զարգացմանը խոչընդոտող որոշ օրենքների վերաբերյալ, պարզել, թե որոնք են, ըստ նրա, սոցիալ-տնտեսական ծանր վիճակից դուրս գալու ելքերը, ինչ քայլեր է նախաձեռնելու պատգամավոր ընտրվելու դեպքում՝ հանուն ՀՀ քաղաքացիների բարեկեցության:

Պարոն Սուքիասյան, հայտնի է, որ տարեկան 1մլրդ դրամ եւ ավելի շրջանառություն ունեցող ձեռնարկություններին պարտադրվում է աուդիտի ենթարկվել եւ այդ ծառայության համար վճարել խոշոր գումար, որը, սակայն, չի ազատում հարկային ստուգումներից եւ ի հայտ եկած խնդիրների հանդեպ պատասխանատվությունից: Ինչպե՞ս եք վերաբերվում պարտադիր աուդիտին:

Զարգացած երկրներում ընդունված է ֆինանսական շուկայում, բիզնեսի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ձեռնարկությունները ենթարկել աուդիտի: Մինչդեռ մեր տիպի երկրներում, որտեղ հարկային բեռը առանց այն էլ ծանր է, կարծում եմ՝ ճիշտ չէ ընդօրինակումը: Դա տրամաբանական չէ, որովհետեւ հավելյալ մի բեռ է, որից կարելի է զերծ պահել ձեռնարկությունները: Եվրոպական երկրներում աուդիտի դրական եզրակացությունը տնտեսվարող սուբյեկտներին ազատում է հարկային ստուգումներից եւ վարչարարական քաշքշուկներից, մինչդեռ մեր երկրում այդպես չէ: Ժամանակակից աշխարհում բնական ընկալվող սկզբունքները պետք չէ կիրառել զարգացման ցածր աստիճանի վրա գտնվող երկրներում: Պետք չէ ձեւացնել, թե իբր քայլում ենք ժամանակակից աշխարհին համընթաց, եթե չենք ուզում հայտնվել ծիծաղելի վիճակում: Միջազգային ժամանակակից չափանիշներով ապրելու համար մենք պետք է ունենանք համապատասխան կենսամակարդակ, բարձր եկամուտներ՝ աշխատավարձ, կենսաթոշակ: Գործող այս կարգի օրենքներով մենք նաեւ մեր երկրում կենսամակարդակի բարձրացմանն ենք խոչընդոտում:

Հաստատագրված արտոնագրային հարկի կիրառումը ճի՞շտ եք համարում, թե՞ անհրաժեշտություն կա փոփոխություն կատարել:

Տնտեսության մեջ կիրառվող օրենքները առհասարակ պիտի համապատասխան լինեն երկրի տնտեսական զարգացման մակարդակին: Այս առումով հաստատագրված կամ ֆիքսված հարկի տեսակը մեր երկրում ոչ միայն ճիշտ, այլեւ անհրաժեշտ է: Լրացուցիչ հաշվապահական ծախսերից, հարկային մարմինների հետ ավելորդ քաշքշուկից զերծ մնալու համար սա լավագույն հարկատեսակն է, բայց արդար չէ: Հաստատագրված հարկի կիրառումը հնարավորություն է տալիս, որ մանր բիզնեսը թափ հավաքի, դառնա միջին բիզնես, ավելանա դրամաշրջանառությունը, բարձրանան աշխատավարձերը: Դրանից հետո տնտեսվարողն արդեն կանցնի ընդհանուր հարկման դաշտ՝ կվճարի շահութահարկ: Սա է բնականոն ճանապարհը: Ներկայումս հաստատագրված վճարին փոխարինում է արտոնագրային վճարը, որը իրականում կանխավճար է եւ տնտեսվարող սուբյեկտին հնարավորություն չի տալիս համարձակորեն ներդումներ կատարել եւ ծավալել ձեռնարկատիրական գործունեություն: Արտոնագրային վճարը ձեռնտու է հարկային մարմիններին, բայց ոչ՝ ձեռներեցին, ոչ՝ ՀՀ զարգացմանը:

Իր պատգամավորական գործունեության ընթացքում Ձեր եղբայրը՝ Խաչատուր Սուքիասյանը, առաջարկում էր բիզնեսի որեւէ ոլորտ ազատել հարկային պարտավորություններից. սահմանել զրոյական հարկ՝ տվյալ ոլորտը զարգացնելու նպատակով: Օրինակ՝ կոշկեղենը, հագուստեղենը, ոսկեղենըԿշարունակե՞ք արդյոք քայլերը՝ այս գաղափարի իրագործմանը հասնելու համար:

Ես լիովին կողմնակից եմ այդ մոդելի կիրառմանը: Եթե ուզում ենք ձեռներեցությամբ զբաղվող մարդկանց հնարավորություն տալ զարգացնելու իրենց բիզնեսը, հաջողություն ապահովելու տվյալ ոլորտում, ապա պիտի կատարենք այդ քայլը: Կարող են առարկել, թե դրանով կվնասենք բյուջեի մուտքային մասը: Որպեսզի չվնասենք այն, կարելի է կրճատել ստվերը:

Կառավարման ո՞ր արժեհամակարգն է ընդունելի Ձեզ համար՝ ռուսակա՞ն, արեւմտյա՞ն, ասիակա՞ն, թե՞ այլ:

Ինձ համար ավելի ընդունելին եվրոպականն է: Մեր երկիրը սոցիալիստական համակարգից անցում է կատարում ազատ շուկայական տնտեսության: Այդ անցումը կարելի էր ավելի արագ կատարել, բայց մենք, ցավոք, դեռեւս այդ ճանապարհին ենք:

Եվրոպական արժեհամակարգի պարտադիր բաղկացուցիչներն են բարեկեցիկ կյանքը, սոցիալական երաշխիքները՝ որակյալ առողջապահությունն ու կրթությունը, ապահով ծերությունը… Այս ամենի մասին մեր երկրում երբեմն խոսում են որպես իրողություն, մինչդեռ ամենքիս է հայտնի, որ դրանք Հայաստանի քաղաքացիների համար ընդամենը պատրանքներ են, որոնցով փորձ է արվում կերակրել մարդկանց: Մեր իրականության գլխավոր հակասություններից մեկը սա է:

Հայաստանի քաղաքացիներին պատրանքներ պետք չեն, նրանք կուշտ են դրանցից: Պետք են արդյունավետ քայլեր՝ ազատ շուկայական տնտեսության խոչընդոտները վերացնելու եւ հասարակության բարեկեցության մակարդակը եվրոպականին հասցնելու ուղղությամբ:

Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի զարգացման հայեցակարգը:

Ձեւակերպեմ այսպես՝ ՀՀ Սահմանադրության եւ օրենքների գերակայություն: Օրենքի պարտադիր եւ անվերապահ կիրառում, որ երբեւէ չշրջանցվի այն, որ օրենքը երբեւէ չստորադասվի գերատեսչական շահին: Ավելին՝ օրենքի մեջ գերատեսչական շահի բացակայություն: Քաղաքացու եւ պետության հարաբերություններում պետք է լինի օրենքի կիրարկման հավասարություն: Օրենսդիր մարմնի հաստատմանը ներկայացվող օրինագծերում պատկառելի քանակ են կազմում կառավարության հեղինակած փաստաթղթերը: Դրանց մեջ եւս պետք է հաշվի առնվեն գլխավորապես քաղաքացիների շահերը:

Կարեւորագույն խնդիր եմ համարում անկախ փորձագետների մասնագիտական կառույցների կարծիքը, որը պիտի գնահատական տա խորհրդարանի հաստատմանը ներկայացվող բոլոր օրինագծերին՝ հաշվի առնելով թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ բիզնեսի, թե՛ պետության շահերը, ստեղծվեն դրանց համադրմամբ եւ չհակասեն մայր օրենքին՝ ՀՀ Սահմանադրությանը: Իրավաբանների, տնտեսագետների, բնապահպանների ներգրավմամբ փորձագիտական այս անկախ կենտրոնի ստեղծումը հրատապ է եւ առաջնահերթ՝ Հայաստանի համար կտրուկ առաջընթացի նախադրյալներ ապահովելու համար: Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է. ամենօրյա ջանք, ազնվություն եւ խելամտություն:

  1. Սա ազգային պետություն չէ, այլ կեղեքման և ստրկացման գործիք
    «Համակարգի մեջ որոշումներ կայացնող բոլոր մարդիկ հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցագործներ են և պետք է պատասխան տան իրենց արարքների համար»
    13:10 20/05/2013
  2. Կոմպրոմատային հավասարակշռությունը խախտվում է
    Մեր զրուցակիցն է Ստեփան Դանիելյանը
    15:40 17/05/2013
  3. Խնդիրը Արմավիան չէ, այլ հայկական ավիացիայի ոչնչացումը
    Մեր զրուցակիցն է հրամանատար օդաչու, ՀՀ առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի`«Ֆենիքս Ավիայի» հիմնադիր Հակոբ Ճաղարյանը
    09:53 16/05/2013
  4. ՀՀԿ-ի տրոհումն անխուսափելի է
    Այսօր նյութական հնարավորությունների սակավությունը կարող է փոխհատուցվել քաղաքացիների ակտիվությամբ և կոմունիկացիոն գործիքների ճիշտ կիրառմամբ:
    10:07 14/05/2013
  5. Այնպիսի երկրում չենք ապրում, որ քվեն տանք ու հանգիստ ապրենք
    Մեր զրուցակիցն է Երևանի ավագանու ընտրություններում «Բարև, Երևան» դաշինքի ցուցակի 10-րդ համար, «Ես Yes» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը:
    14:14 11/05/2013
  6. Գուցե ապահով Հայաստանը մեկուկես միլիոն մարդու համար է
    Կարծում եմ՝ առկա քաղաքական «թիմերի» հետ այլևս հույսեր չկան, ասում է Հրանուշ Խառատյանը
    10:05 10/05/2013
  7. ՀՀԿ-ի դեմքերը «ֆեյս կոնտրոլ» անգամ չեն անցնի
    Բացի ոստիկանությունից՝ շատ կարևոր ուղղություններ մնում են չլուծված՝ կապված ՊԵԿ-ի Գագիկ Խաչատրյանի, դատական համակարգի կոռումպացված լինելու հետ, ասում է Էդգար Բաղդասարյանը
    20:50 07/05/2013
  8. Հայաստանը պետք է դժվար որոշումներ կայացնի
    Lragir.am-ի բացառիկ հարցազրույցը Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսի հետ
    17:19 07/05/2013
  9. Փոփոխությունը տեղի է ունենում ամենաանսպասելի պահերին
    Այժմ, կուտակվող աննկատ, սակայն հուժկու դժգոհության լավան կայունության երաշխիք հաստատ չի կարող լինել, ասում է Հայկ Մարտիրոսյանը
    13:51 06/05/2013
  10. Դասեր քաղելու կարիք չկա, պարզապես կարելի է նորովի ապրել
    Մարդիկ սովորում են հորիզոնական հարաբերություններ հաստատել միմյանց հետ, ասում է ռեժիսոր Դավիթ Ստեփանյանը
    13:42 04/05/2013