Հայտնի ջութակահար, Շոտլանդական Թագավորական Երաժշտական Ակադեմիայի դասախոս Անի Բատիկյանը վերջերս նվագեց Մաշտոցի պուրակում: Նրա հոտ հարցազրույց է արել Թեհմինե Ենոքյանը:
Անի, ի՞նչը բերեց Ձեզ Հայաստան:
Հայաստան hիմնականում գալիս եմ ծնողներիս տեսնելու ու Հայաստանից կարոտս առնելու: Սակայն, այս անգամ, գալուս գլխավոր նպատակն էր բնապահպան ակտիվիստների պայքարին միանալն ու նրանց իմ աջակցությունը ցուցաբերելը: Ես լիովին սատարում եմ Թեղուտի անտառի և Մաշտոցի պուրակի համար պայքարող երիտասարդներին:
Ի՞նչ գործունեությամբ եք զբաղվում Լոնդոնում:
Լոնդոնի Թագավորական Երաժշտական Ակադեմյան ավարտելուց հետո ինձ առաջարկեցին ջութակ դասավանդել Շոտլանդական Թագավորական Երաժշտական Ակադեմիայում: Ես ընդունեցի առաջարկը և այժմ բնակվում եմ Գլազգո քաղաքում: Դասավանդելու հետ մեկտեղ հանդես եմ գալիս մենահամերգներով:
Ի՞նչ զգացիք Մաշտոցի պուրակում:
Մաշտոցի պուրակի տձև շինությունները տեսնելով՝ ցավ ապրեցի ու տխրեցի այն փաստից, որ ծառերը բանտարկվել են: Բայց միևնույն ժամանակ շատ հպարտ ու ուրախ եմ, որ հիանալի երիտասարդներ են հավաքվել պուրակում, ովքեր նվիրված են հայրենիքին ու պատրաստ են այն պաշտպանել ամեն գնով: Նրանց հոգու մաքրության, պարզության ու արդար պայքարի շնորհիվ մի աննկարագրելի մթնոլորտ է ստեղծվել պուրակում: Այնտեղ միայն բարի ու դրական լիցքեր եմ ստացել:
Դուք միշտ օն-լայն հետևում եք իրադարձություններին, հայաստանաբնակներն անգամ այսքան ակտիվ չեն սոցիալական ցանցերում, ի՞նչը Ձեզ դրդեց Թեղուտի խումբ մտնել:
Ես Հայաստանում չեմ բնակվում, բայց իմ ապագան Հայաստանում եմ տեսնում: Թեղուտի անտառի խնդիրը ինձ հանգիստ չի տալիս: Երբ լսեցի այն մասին , որ Հայաստանում պատրաստվում են վերացնել Թեղուտի հրաշք անտառը և փոխարինել այն թունավոր պոչամբարներով և թափոններով ՝ ես սարսափեցի: Հայաստանն արդեն անապատացման եզրին է: Ընդերքի շահագործումը հասնում է ահռելի չափերի, որի հետևանքով գնալով մեծանում է անոմալիաներով ծնվողների թիվը: Մարդիկ շատ հիվանդություններ են ձեռք բերում, քանի որ օդն ու ջուրը աղտոտված է: Այսօր Հայաստանում բնապահպաական աղետ է:
Թեղուտից բացի վտանգված են Սևանը, Քաջարանը, Ջերմուկը, և շատ այլ վայրեր:
Ես կարծում եմ, որ ամեն հայ պիտի մտահոգվի այս խնդիրներով և միանա բնապահպան- ակտիվիստիների պայքարին: Մեզ համար թանկ է մեր առողջությունը, բնությունն ու հայրենիքը:
Ձեռք բերեցիք բազմաթիվ ընկերներ, ի՞նչ եք մտածում բնապահպան-ակտիվիստների գործունեության մասին:
Իսկապես շատ ուրախ եմ, որ ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ պուրակում: Ես նրանց անչափ սիրում եմ: Կարծում եմ, որ բնապահպան-ակտիվիստները մեծ նշանակություն ունեն այսօր մեր հանրության համար: Նրանք ոչ միայն հույս ներշնչեցին, այլ նաև օրինակ ծառայեցին այն քաղաքացիներին, ովքեր չէին հավատում, որ ի զորու են փոխել ինչ-որ բան Հայաստանում: Անվերջ դժգոհողներին ու ոչինչ չանողներին փոխարինելու են եկել ինքնորոշված քաղաքացիներ, ովքեր կառուցում են իրենց երազած երկիրը:
Եթե մշտապես ապրեիք Հայաստանում, ինչ կուզենայիք անել, որ հեռավորությունը թույլ չի տալիս:
Այս պահին շատ ափսոսում եմ, որ անձամբ չեմ կարողանում մասնակցել բնապահպանների պայքարին: Եթե մշտապես Հայաստանում լինեի, նրանց կողքին կլինեի: Հեռավորությունը նաև թույլ չի տալիս անձամբ շփվել այն մարդկանց հետ, ում սիրում եմ: Իսկ այդ մարդիկ Հայաստանում շատ են:
Ո՞րն է ձեր ամենաթանկ նվերը, որ Ձեր հետ տարաք Հայրենիքից:
Հայաստանից Մեծ Բրիտանիա վերադարձել եմ մի շարք թանկ նվերներով: Քաղաքագետ, պատմաբան Արմեն Այվազյանն ինձ նվիրեց իր գրած մի քանի գիրք: Թավջութակահար Լևոն Առաքելյանը, ով նույնպես բնապահպան-ակտիվիստ է, ինձ նվիրեց իմ պաշտելի Գարեգին Նժդեհի երկու գիրք: Բնապահպան-ակտիվիստներից Կարինեն՝ իր իսկ ձեռքով պատրաստած զարդեր նվիրեց ինձ: Բայց ամենամեծ նվերը եղավ Մաշտոցի պուրակում՝ իմ ելույթի ժամանակ, մարդկանց սերը, ջերմ վերաբեմունքն ու ընդունելությունը:
Ինչպիսի՞ տպավորություններով եք վերադարձել Լոնդոն:
Տպավորություններս անմոռանալի են: Այս այցս շատ յուրահատուկ էր: Երբեք չեմ մոռանա այն բոլոր հայրենասիրական երգերը, որ երգեցինք պուրակում, այն ազգային պարերը, որ պարեցինք պուրակում, այն ֆիլմերը, որ դիտեցինք պուրակում, ու այդ ամենը ոստիկանության հսկողության տակ:
