Հարցազրույց ԱԺ պատգամավորի թեկնածու Սարիբեկ Սուքիասյանի հետ
-Պարոն Սուքիասյան, անդրադառնալով Ձեր եղբոր` Խաչատուր Սուքիասյանի չգրանցման փաստին, Դուք օրերս հայտարարել էիք, որ դա համարում եք քաղաքական հետապնդում եւ հերթական հաշվեհարդարը Խաչատուր Սուքիասյանի քաղաքացիական դիրքորոշման պատճառով: Ի սկզբանե` առաջադրման ժամանակ կասկածներ չե՞ք ունեցել, որ իշխանությունները նորից կփորձեն քաղաքական հաշվեհարդար տեսնել Ձեր եղբոր հանդեպ:
Ճիշտն ասած, իշխանության որոշ ներկայացուցիչների գործելակերպը վստահություն չի ներշնչում: Մտահոգիչն այն է, որ իրենց նպատակներին հասնելու համար նրանք միշտ պատրաստ են շրջանցել, անգամ` ոտնահարել օրենքները: Բայց մենք առաջնորդվում ենք օրենքով, ընդունում օրենքի գերակայությունը: Իրավաբանները, բնականաբար, օրենքի տառից ելնելով, մեզ հավաստիացրել էին, որ համաձայն օրենքի` Խաչատուրը խնդիր չունի: Եվ մենք բոլորս ականատես եղանք քաղաքական որոշման, որը ես գնահատում եմ որպես քաղաքական հետապնդում և հաշվերհարդար եղբորս և մեր ընտանիքի նկատմամբ: Նույն ձևով կարող էին ինձ մերժել, ասենք` Հայաստանից չբացակայելու համար:
- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ըստ Ձեզ` 2008-ից հետո Հայաստանում փոփոխություններ եղե՞լ են: Եթե այո, դեպի լա՞վը, թե՞ դեպի վատը:
2008 թվականից հետո Հայաստանում բավականին բան փոխվեց: Փոխվեց մարդկանց մտայնությունը: Հայաստանի բնակիչները ստիպված եղան քաղաքական վերլուծություններ անել, վերացավ վախի մթնոլորտը, ձեռք բերվեց պայքարելու իրավունք, ժողովուրդը գնահատեց իր քվեի արժեքը: Մի խոսքով, քաղաքականապես հասունացան բոլորը, սակայն ժողովուդը ինչպես չքավոր եղել էր, այնպես չքավոր էլ մնաց:
-Պարոն Սուքիասյան, Ձեր հայտարարության մեջ նշել էիք, որ Խաչատուր Սուքիասյանի համար ամենեւին էլ ինքնանպատակ չէր խորհրդարանում լինելը, որ նա տնտեսությանը վերաբերող բազմաթիվ օրինագծեր, նախաձեռնություններ, ծրագրեր ունի, ցանկանում է, որ այդ ծրագրերն իրականանան, եւ հենց այդ պատճառով էլ հորդորել է Ձեզ ընդունել այս որոշումը: Ի՞նչ ծրագրերի եւ նախաձեռնությունների մասին է խոսքը, Դուք ինչպե՞ս եք տեսնում Ձեր գործունեությունը խորհրդարանում:
Այդ նախաձեռնությունները և օրինագծերը տնտեսական ու քաղաքական են և ուղղված են միջին խավի ձևավորմանը, հարկային վարչարարության նվազեցմանը և հարկային բեռի հավասարաչափ բաշխմանը, ֆիքսված հարկի կիառմանը, հարկային բազայի ընդլայնմանն ու կոռուպցիայի ոչնչացմանը:
-Ներսից լավ ծանոթ լինելով Հայաստանի տնտեսական համակարգին` ինչպիսի՞ն կբնութագրեք այն, ո՞րն է այսօրվա Հայաստանի տնտեսության թիվ մեկ խնդիրը, եւ ինչո՞ւ այդ խնդիրները լուծում չեն ստանում:
Հայաստանի տնտեսությունը այսօրվա դրությամբ շատ դժվարին կացության մեջ է: Այդ մասին շատ է խոսվում ու գրվում, ուստի չկրկնեմ: Ասեմ միայն, որ խնդիրները այնքան շատ են, որ թիվ մեկի լուծմամբ չես կարող տնտեսությունը կարգավորել: Պետք է խնդիրների լուծման շարքով անցնել: Համոզված եմ, որ լուծումների համար առաջնահերթ քաղաքական կամք է պետք:
-Հայտնի է, որ Հայաստանից արտագաղթը վերջին տարիներին զգալիորեն ավելացել է, միայն պաշտոնական տվյալներով վերջին 4 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է 120.000 մարդ: Արտագաղթի նման մեծ ցուցանիշն ինչի՞ հետ եք կապում` սոցիալական պայմաննե՞ր, աշխատատեղերի բացակայությու՞ն, քաղաքական վիճա՞կ, թե՞ այլ պատճառներ կան:
Արտագաղթը ամեն գնով պետք է կանգնեցնել, այս հարցը ինձ շատ է անհանգստացնում, բազմիցս եմ իմ ելույթներում ես դրան անդրադարձել` եթե այսպես շարունակվի, Հայաստանում չինովնիկներից բացի ուրիշ մարդ չի մնա: Մարդիկ չեն հավատում ոչ մեկի խոսքին, իրենց ապագան չեն տեսնում մեր երկրում, և այդ ցուցանիշը կախված է ձեր իսկ թվարկած խնդիրներից` սոցիալական պայմաններից, աշխատատեղերի բացակայությունից, քաղաքական վիճակից և բազում այլ հիմնահարցերից:
- 4 տարիների ընթացքում կոռուպցիայի ինդեքսով Հայաստանն աշխարհի երկրների շարքում 99-րդ տեղից տեղափոխվել է 129-րդ տեղը: Մյուս կողմից էլ իշխանությունները ջանք չեն խնայում ամեն անգամ հայտարարելու, թե պայքարում են կոռուպցիայի դեմ: Եթե ընդհանրացնենք, Ձեր կարծիքով, իսկապե՞ս այսօր Հայաստանում պայքար է տարվում կոռուպցիայի դեմ, եւ եթե իշխանությունները իրապես պայքարում են կոռուպցիայի դեմ, ապա ինչո՞ւ կոռուպցիան չի վերանում:
Կոռուպցիան գոյություն ունի ամբողջ աշխարհում, և կառավարություններն աշխատում են դրա դեմ, սակայն չեն կարողանում վերացնել: Ավելի ճիշտ, վերացնում են այնքանով, որքանով ցանկանում են: Եթե կոռուպցիան իսպառ չի վերանում, նշանակում է` չեն ցանկանում այն իսպառ վերացնել: Այո, կոռուպցիան Հայաստանում էլ խոր արմատներ ունի: Կարծում եմ, եթե կամք լինի, միանգամայն հնարավոր է արմատախիլ անել կամ հասցնել նվազագույնի: Այն ռեսուրսը, որ պետությունը օգտագործում է ժողովրդավարության համար պայքարողների դեմ, եթե օգտագործի կոռուպցիայի դեմ, հաստատ համոզված եմ, այդ երեույթը հիմնովին կվերանա Հայաստանում:
-Չնայած պաշտոնական քարոզարշավը սկսվելու է ապրիլի 8-ին, սակայն մինչ այդ արդեն զգացվում է նախընտրական շունչը: Ինչպե՞ս եք գնահատում ընտրական պրոցեսները, ինչպիսի՞ իրավիճակ է ձեր ընտրատարածքում: Այսօր շատ են խոսում ընտրացուցակների հետ կապված խնդիրների մասին, արդյոք ձեր ընտրատարածքում է՞լ այդ խնդիրը կա:
Ցուցակների հարցն այսօր ամենահուզող հարցերից մեկն է, և մեր` թիվ 10 ընտրատարածքում էլ բազմաթիվ անճշտություններ կան: Ակնառու օրինակը` Ֆադեյ Սարգսյանի անվան առկայությունն էր: Ցուցակներում մահացածների մեծ խումբ կա, անօրինական գրանցումներ կան, գոյություն չունեցող հասցեներ կան: Հիմա մեր շտաբը աշխատում է ցուցակների ճշգրտման վրա: Վերջնական արդյունքը կներկայացնենք ոստիկանությանը, և կարծում եմ, նրանք ցանկություն ունեն շտկել վիճակը:
