2008-ի մարտի մեկը հոգեբանական տեսանկյունից վերլուծել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը
Արմինե, մարտի մեկի ոճրագործությունից անցել է չորս տարի: Հոգեբանական տեսանկյունից բազմիցս անդրադարձել եք մարտի մեկի թեմային: Ըստ Ձեզ` իրականում ի՞նչ տեղի ունեցավ մարտի մեկին:
2008-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ժողովրդի դժգոհ մեծամասնությունը որպես ընդդիմություն դուրս եկավ Ազատության հրապարակ, որին հաջորդեցին մարտի մեկի ողբերգական դեպքերը: Սա, ըստ էության, “Օղակ” տեսակի գործողություն էր: Մինչև մարտի մեկը նույն հոգեբանական գրոհը, նույն ռազմավարությունը գրանցվել էր 1991թ.-ին Լեռնային Ղարաբաղում` հայտնի “Օղակ” պատժիչ գործողությունը, սակայն մի տարբերությամբ, որ 1991-ին, ի տարբերություն 2008-ի, պայքար էր ընթանում ազգային միասնության, անկախության գաղափարախոսության հիմքի վրա: 2008-ի փետրվարի վերջին գործող իշխանությունները հոգեբանական գրոհ էին կազմակերպել կեղծված ընտրություններից դժգոհ և բողոքող ժողովրդի դեմ` պիտակավորելով “թմրամոլներ”, “իրավախախտներ”, “բոմժեր”, որին հետևեց մարտի մեկի ջարդը: Տասը օր շարունակ գործող վարչախմբի ակտիվ հոգեբանական գրոհի էությունն այն էր, որ պիտակավորելով մարդկանց` արժեզրկեին, նվաստացնեին, որպեսզի հնարավոր լիներ նրանց նկատմամբ համապատասխան գործողություններ իրականացնելը: Առհասարակ, հոգեբանական ֆենոմենն այդպիսին է` դահիճը կարիք ունի իր զոհին սադրելու, ստորացնելու կամ հրեշացնելու, որպեսզի կարողանա նրա նկատմամբ ուժ կիրառել: Հոգեբանական պատերազմի մեխանիզմը այլ կերպ չի կարող գործել: Եթե իսկապես նշվեր, որ Ազատության հրապարակում կան մարդիկ հասարակության բոլոր շերտերից, օրինակ` արվեստագետներ, գիտնականներ, մտավորականներ, աշխատավորներ, ծառայողներ, առհասարակ քաղաքացիներ, բնականաբար, համահունչ չէր լինի կազմակերպված “Օղակ” գործողությանը, իսկ իրավախախտների և թմրամոլների նկատմամբ` “արդարացված” է: Ի դեպ, Խորհրդային Միության “Ժամանակ” լրատվական ծրագիրը և “Հայլուր” պաշտոնական լրատվական ծրագիրը գործել են քարոզչապես նույն տրամաբանությամբ:
Արմինե, ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է հոգեբանական այդ բաղադրիչը հաշվի անելով՝ “Հայլուրը” վերանվանվեց “Առաջին լրատվական”` հենց իր վրայից մաքրելու համար մարտի մեկի հետքերը:
Անշուշտ: Թվում է հետաքրքիր PR քայլ է, մաքրազերծում է, բայց Մարտի 1-ը Հանրային Հեռուստատեսության լրատվականին կարծրատիպեց որպես Հայլուր, եւ մարդկանց մեջ դեռեւս նստած է բացասական վերաբերմունք, կարծրատիպ Հայլուրը: Ի դեպ, 2008-ի նախագահական ընտություններից հետո հասարակության մեջ ամրապնդվեցին արդեն իսկ գոյություն ունեցող մի շարք բացասական կարծրատիպեր, այդ թվում «ոստիկանը»:
Արմինե, Դուք նաև բազմիցս նշել եք, որ “Օղակ” գործղության ժամանակահատվածում հայ ժողովուրդն իր “զինվորին” կոչում էր “ազատամարտիկ” և նույն երևույթին ուրիշը վերաբերվում էր հուզական այլ բովանդակությամբ և կոչում “գրոհային”: Խոսքը վերաբերվում էր ռուսական և ադրբեջանական մամուլում զետեղված պիտակների՞ն: Դրանք այսօր կա՞ն Ռուսաստանում:
Ցանկացած երևույթ իր նկատմամբ ենթադրում է տարբեր մոտեցումներ, ծայրահեղ վերաբերմունքներ, հուզական հագեցվածությամբ տարբեր բևեռներ, մեկի համար հերոս, մյուսի համար` հանցագործ:
1991-ից ստեղծված այսպես կոչված գրոհային հայի թշնամու կերպարը մարդկանց ենթագիտակցության մեջ գոյություն ունի, թեկուզ դադարել է քարոզչամեքենայի նման գործունեությունը և գուցե մոռացվել են կոնկերտ պիտակները, սակայն բացասական երանգները պահպանվում են, հատկապես աշխարհաքաղաքական դիրքով ասոցացվում են մյուս կովկասյան ազգերի հետ, որոնք անմիջապես խնդիր ունեն ռուսական շահերի հետ: Երբեմն զուգորդվածությունն այնպիսին է, որ շատերը հայերին նույնիսկ համարում են մուսուլմանական կրոնի հետևորդներ: Պարբերաբար սոցիոլոգիական հարցումներ են անցկացվում Ռուսաստանում, երբեմն հայերին ընկալում են նաև որպես թշնամի ազգ, գուցե ոչ մեծ տոկոսային հարաբերությամբ: 1990-ականներին հետխորհրդային Ռուսաստանում ցուցադրվում էին ահաբեկչության մասին հաղորդաշարեր, որտեղ չեչենական ահաբեկումների շարքում ցուցադրում էին նաև 1976-ի Մոսկվայի մետրոյի պայթյունների հայազգի կատարողներին: Ազգի հանդեպ թեկուզև փոքր տոկոսային հարաբերությամբ արտահայտված թշնամանքի պատճառները կարելի է փնտրել տևական քարոզվող “թշնամու կերպարի” մեջ:
Արմինե, մի՞թե այսօր դեռ շարունակվում է Խորհրդային Միության հոգեբանական գրոհի մարտավարությունը: Շատերը խոսում են, որ մարտի մեկ այլևս չի կրկնվի, որովհետև այլ իրականություն ստեղծվեց մարտի մեկից հետո: Հնարավո՞ր է արդյոք, որ արյան գնով ազատագրումը տեղի ունեցավ:
Խորհրդային Միության քարոզչամեքենային հատուկ ոճը, հոգեբանական գրոհի մարտավարությունն արդի են և ժառանգված, որպես ռեժիմի շարունակություն: Առհասարակ իներցիայով դեռ խորհրդային մտածողությունը գերիշխում է: Ինչ վերաբերվում է այն հարցին, թե կկրկնվի, կամ այլ իրականություն ստեղծվեց մարտի մեկից հետո, այս երկու թվարկվածները ցավոք մեր երկրում միմյանց չեն բացառում: Այսպես` այո, այժմ նոր իրականություն է, քաղաքացիական և քաղաքական գիտակցությունն ավելի բարձր է և համարձակ, իսկ մարտի մեկ չկրկնվելու համար` հակառակ կողմը, վարչախմբի գիտակցությունը նույնն է, և երաշխիք չկա սցենարը չկրկնելու:
Արմինե, հոգեբանական տեսակետից, ինչպե՞ս կարելի է հաղթարհարել մարտի մեկի հետևանքները, կարծրատիպերը:
Նաև ժամանակն է օգնում հաղթահարել, կան կարծրատիպեր, որոնք այսօր նույնքան զգայուն և բացասական չեն, ինչպես 2008-ին, 2009-ին, օրինակ. կար «մենք և ղարաբաղցիներ» հակամարտության կարծրատիպ, հիմա «ղարաբաղցիներ» կարծրատիպն անհամեմատ հանդուրժողականություն է վայելում: Նույն Հայլուրը 2008-ին հստակ ձևավորված բացասական կարծրատիպ էր, որը կա նաև հիմա, բայց դրա նկատմամբ հույզերն են տարբեր, ատելության դիմաց հիմա անտարբերությունն է, միգուցե ծաղրը: Իսկ, օրինակ, իշխանության ոչ խելացի քայլը`ոստիկանին հրեշ դարձնելը, ժողովրդի, հասարակության համար շատ վատ և անհեռատես քայլ էր և է մինչ այսօր. քաղաքացին վախենում է նրանից, ով իրեն պետք է պաշտպանի, այսինքն` ոստիկանությունն օգտագործվում է որպես միայն ներքաղաքական գործիք և վերջնականապես վարկաբեկվում:
Քանի դեռ հասարակական քաղաքական դաշտում կան Մարտի մեկի հետ կապված «զրնգուն» անուններ, մարդկանց մեջ հոգեբանական տրավման արթնանում է, հաճախ գուցե ենթագիտակցաբար: Այնուամենայնիվ, մարտի մեկից հետո, այսօր, մենք ունենք քաղաքացիների մի նոր որակ, քաղաքացիական հասարակություն կառուցելուն ձգտող տոկուն երիտասարդներ:
