Ավելի լավ է հիմա գնան զիջումների

  • Հարցազրույց - 28 Հունիսի 2011, 11:25
Ամբարտավանության պատճառով իշխանությունը կկանգնի ժողովրդի անողոք դատաստանի առջեւ, lragir.am-ին տված հարցազրույցում ասել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը
 
- Կազանում կայանալիք հանդիպումից առաջ միջազգային հանրությունը աննախադեպ ակտիվություն ցուցաբերեց ԼՂ հարցում. համանախագահ երեք երկրների նախագահները անգամ ուղերձ հղեցին կամ զանգահարեցին երկու կողմերին՝ կոչ անելով «պատմական պահից օգտվել»: Կազանում կայացած հանդիպումն ինչպե՞ս կմեկնաբանեք:
 
- Ես չեմ կարծում, որ կարելի է արդեն ավարտված համարել Կազանի հանդիպման հետ կապված պրոցեսը, առավել եւս՝ հաշվի առնելով, որ իսկապես եղան միջազգային ճնշումներ նաեւ անձամբ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ ՌԴ նախագահների կողմից: Ամեն ինչ ցույց է տալիս, որ այդ պրոցեսը շարունակվում է: Մյուս օրը ԱԳ նախարարներն են հանդիպել, աշխատել: Եղան նաեւ առանձին հանդիպումներ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու նախագահների միջեւ: Եվ ինքը՝ հայտարարության տեքստը ցույց է տալիս, որ որոշակի պայմանավորվածություններ, այնուամենայնիվ, ձեռք են բերվել, ուղղակի դրանք բավարար չեն շրջանակային համաձայնագրի ստորագրման համար: Բայց որ պրոցեսն այդ ուղղությամբ շարունակվում է՝ ակնհայտ է: Այլ կերպ չի էլ կարող լինել. Բոլորը պետք է հասկանան, որ խնդիրը հիմա դրված է այսպես. կամ հիմնահարցը պետք է կարգավորվի, կամ պատերազմը կդառնա ամենահավանական սցենարը:
 
Ցավոք սրտի, մեր երկիրն այս վիճակին են հասցրել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ իրենց կառավարման տարիներին ձախողելով ՀՀ ներքին զարգացումը: Արդյունքում այսօր Ադրբեջանը հաջողությամբ դուրս է մղել Լեռնային Ղարաբաղին բանակցություններից եւ հանդես է գալիս ուժեղի դիրքից, մի պետության դիրքից, որը բոլոր չափանիշներով հինգից տասն անգամ գերազանցում է հայկական կողմի հնարավորությունները եւ որը բացահայտ կերպով խոսում է իր ագրեսիայի հնարավորության մասին, մինչդեռ Տեր-Պետրոսյանի օրոք, զինադադարից հետո Հայաստանը եւ Ադրբեջանը համեմատելի էին հզորությամբ, իսկ ԼՂ-ն միջազգային հանրության կողմից ճանաչվել էր իրավահավասար բանակցող կողմ: Շատ տագնապալի իրավիճակ է, եւ, հուսով եմ, այն բոլորի համար կազդարարի ՀՀ-ում արմատական փոփոխություններ կատարելու, ՀՀ-ն արմատական մոդեռնիզացիայի ռելսերի վրա դնելու անհրաժեշտությունը:
 
- Հանդիպումից հետո հայկական կողմն ասաց, որ Ադրբեջանն է հրաժարվել փաստաթուղթ ստորագրելուց: Այսինքն՝ մեղքը Ադրբեջանինն է, որ ոչինչ չստացվեց:
 
- Դրանք երկրորդական քննարկումներ են: Իրականում Ադրբեջանը իրեն իսկապես շատ լկտի է պահում, եւ նրա համար ըստ երեւույթին չկա որեւէ զսպող գործոն: Դա բնական է: Ադրբեջանը շեղել է ռազմաքաղաքական բալանսն իր օգտին, ստեղծել լուրջ ռազմական կարողություններ, եւ շարունակում է անշեղորեն բարձրացնել իր պահանջների նշաձողը: Սա այն պրոցեսն էր, որի մասին ժամանակին զգուշացրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը իննսունականներին: Նա զգուշացրել էր, որ խաղաղության պետք է գնալ այն ժամանակ, երբ մեր հնարավորությունները հավասար են: Ցանկացած լուրջ մտածող մարդ, որն իր ցանկություններն իրականության տեղ չի դնում, կարող էր գուշակել, որ Ադրբեջանը տարիների ընթացքում ստանալու է լուրջ ռազմաքաղաքական առավելություն հայկական կողմի նկատմամբ: Բայց այդ ամենն անտեսվեց, Տեր-Պետրոսյանին քննադատեցին այդ իրատեսության համար: Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի վարչախմբերը շարունակեցին կոնֆլիկտի կարգավորումը ձգձգելու, իսկ այդ ընթացքում Հայաստանը թալանելու իրենց քաղաքականությունը: Ուստի՝ այն կոտրած տաշտակը, որի առաջ այսօր նստած ենք, այդ քաղաքականության բնական հետեւանքն է: Եվ այսօր իսկապես գոնե ելնելով ԼՂ ապագայի, ՀՀ անվտանգության շահերից, բոլորը պետք է հասկանան, թե ինչ օրհասական վիճակի մեջ ենք գտնվում, եւ բոլորը պետք է ի վերջո հասկանան, որ եթե ՀՀ-ն այսօր արմատապես չփոխի իր համակարգը, ապա մեզ իրականում սպասում է Ղարաբաղի կորուստը: Ուստի՝ պատերազմը կանխելու, Ղարաբաղը փրկելու, ՀՀ անվտանգությունն ապահովելու միակ միջոցն այն է, որ ՀՀ-ում այսօր տեղի ունենա դեմոկրատական հեղափոխություն, որն արմատապես կփոխի ներքաղաքական եւ տնտեսական համակարգի էությունը:
 
- Տեսակետ կա, թե քանի որ երկու երկրներում առաջիկայում ընտրություններ են սպասվում, այս պրոցեսը ժամանակավորապես սառեցվելու է:
 
- Դա կոնյուկտուրային մոտեցում է. ընտրությունները գալիս-գնում են, բայց իրողությունը մնում է նույնը: Եթե Հայաստանում շարունակի իշխել այս ռեժիմը, ապա վերոհիշյալ միտումը միայն կխորանա: Հայաստանը շարունակում է թուլանալ, դատարկվել, կորցնել իր ռազմաքաղաքական ներուժը: Իսկ Ադրբեջանը, թեեւ լինելով նույնպես կոռումպացված, մի հարցով տարբերվում է Հայաստանից. Նրա նավթային հնարավորությունները թույլ են տալիս զինվել ահռելի տեմպերով: Այնպես որ՝ ընտրությունները լավագույն դեպքում փոքր ընդմիջում են այս խաղի մեջ: Մենք այսօր Հայաստանում ընտրությունները պետք է վերածենք Հայաստանի հզորացման լուրջ շանսի: Ընդ որում՝ որքան հնարավոր է շուտ: Իսկ դա նշանակում է չսպասել հերթական ընտրություններին, այլ արտահերթ ընտրությունների միջոցով առողջացնել քաղաքական, սոցիալ-տնտեսական համակարգը, դրա հետեւանքով մեր ռազմաստրատեգիական կարողությունները:
 
- Թեեւ Դուք ասել էիք, որ երկխոսության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարություններին Լեւոն Տեր-Պետրոսյանը կպատասխանի, սակայն ձեր անձնական կարծիքով, ձեր տպավորությամբ, իշխանությունները գնալո՞ւ են երկխոսության:
 
- Իմ տպավորությամբ, քանի որ իշխանությունները հայտնվել են ծանրագույն իրավիճակում, ընդ որում՝ բոլոր ճակատներով՝ եւ ԼՂ հարցում, եւ տնտեսական զարգացման հարցում, միակ ուղղությունը, որտեղ նրանք ինչ-որ հեռանկար ստացել են, ներքաղաքականն է: Դրանք այն փոխադարձ ջանքերն էին իշխանության ու Կոնգրեսի կողմից, որոնք ուղղված էին 2008-ին առաջացած քաղաքական ճգնաժամի կարգավորմանը: Սա այսօր ՀՀ իշխանությունների` փակուղուց դուրս գալու միակ ռեսուրսն է:
 
Ասածս ապացուցելու համար անդրադառնամ այդ բոլոր խդիրների հերթով: Նախ` լինելով իրենց կողմից ստեղծված թալանչիական-օլիգարխիկ համակարգի պատանդը, իրենք այդ համակարգը վերափոխել չեն կարող, չեն կարող գնալ սեփական շահի դեմ եւ քանդել մենաշնորհները, ուստի չեն կարող ապահովել արմատական մոդեռնիզացիայի համար անհրաժեշտ` զարգացման ներքին ռեսուրսները: Երկրորդ` չլուծելով որեւէ արտաքին քաղաքական խնդիր / նկատի ունեմ ԼՂ հարցն ու հայ-թուրքական հարաբերությունները/, չեն կարող ապահովել արտաքին աջակցության  լուրջ ռեսուրս: Դա նշանակում է որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանա ոչ բացել հայ-թուրքական սահմանը, ոչ էլ ապահովել միջազգային լուրջ վարկերի ստացում, որ գոնե կարողանային կարկատել բյուջեի ճեղքվածքները կամ թեթեւացնեին Հայաստանի տնտեսության մեկուսացումը: Իշխանությունները, այսպիսով, գտնվում են փակուղային իրավիճակում, որից միայն մեկ ելք կա՝ իշխանություն-Կոնգրես հնարավոր երկխոսությունը, եւ դրա միջոցով ժողովրդավարական կարգերի աստիճանական հաստատումը Հայաստանում: Եթե շփոթված ու ձախողված իշխանությունների կողմից իրավիճակի լուրջ ըմբռնում ու կամքի դրսեւորում լինի, բռնապետությունը կշարունակի զիջումների քաղաքականությունը, ինչը կարող է արմատապես փոխել իրավիճակը երկրում: Ու եթե այսօր հույս կա Հայաստանում ինչ-որ բան փոխելու, ընդ որում՝ փոխելու այնպես, որ ամրապնդվի եւ ՀՀ-ն, եւ ԼՂՀ-ն, դա իշխանություն-կոնգրես երկխոսությունն է, մի պայմանով, որ այն պետք է արագորեն բերի ՀՀ-ում արտահերթ ընտրությունների միջոցով պետական լեգիտիմ իշխանության ձեւավորմանը:
 
- Սերժ Սարգսյանի պատասխանը կարելի՞ է բավարար համարել, եւ կարելի՞ է ենթադրել, որ նրա մատնանշած անձինք են պատվիրակությունը /թեեւ նրանք խուսափում են այդ բառից/ եւ այդ ամենը բավարար է երկխոսության սկիզբն ազդարարելու համար:
 
- Իշխանություններն ինչո՞ւ են խուսափում բանակցություն բառից, թեեւ՝ բանակցությունը նույն երկխոսության ձեւն է: Նրանք աբսուրդ մի բան են ասում. այո` երկխոսությանը, ոչ՝ բանակցություններին: Այս պահվածքի պատճառը պարզ է. բանակցությունները գործընթաց է, որը պետք է ավարտվի պայմանավորվածությունների ձեռքբերմամբ: Խուսափելով բանակցություն եզրույթից, իշխանությունները մատնում են իրենց վախը՝ նման պայմանավորվածությունների նկատմամբ: Նրանք մատնում են, որ իրականում դեռ պատրաստ չեն Կոնգրեսի հետ լուրջ պայմանավորվածությունների հանգել՝ քաղաքական համակարգի արմատական փոփոխությունների վերաբերյալ: Նրանք ուզում են ընդամենը երկխոսության իմիտացիա: Երկխոսությունը պատկերացնում են որպես կարծիքների փոխանակում, որը ոչ մեկին ոչ մի բան չի պարտավորեցնում: Բնականաբար, նման մոտեցումը մեզ չի կարող բավարարել, մեզ համար այս ամենում կարեւոր է ոչ թե քարոզչությունը, ոչ թե դատարկ զրույցները, այլ՝ գործընթացը, որը բերելու է պայմանավորվածությունների, որը կնշանակեր՝ իշխանություններն իրենց վրա են վերցնում լրջագույն պարտավորություններ: Արդյունքի հասնելու միակ միջոցը բանակցություններն են՝ լիազորված ներկայացուցիչների միջոցով: Այնպես որ՝ պետք չի խուսափել ոչ “բանակցություն”, ոչ “լիազորված ներկայացուցիչներ”, ոչ “պատվիրակություն” բառերից: Դրանք գործիքներ են՝ լուրջ արդյունքների ձեռքբերման համար: Եվ ես հուսով եմ, որ իշխանությունների բանականությունը՝ ՀՀ ու ԼՂՀ համար ստեղծված ծանր իրավիճակում կբավականացնի, որ սկսեն բովանդակալից բանակցություններ: Այլապես երկիրը կշարժվի ընդվզման եւ հեղափոխության ճանապարհով:
 
- Իսկ բանակցողները արդյոք կլինեն այն անձինք, որոնց անունները տվեց Սերժ Սարգսյանը:
 
- Այստեղ կարեւոր չեն անձինք, այլ կարեւոր է լիազորված ներկայացուցիչների առկայությունը: Կարեւոր է, որ բանակցությունների գան մարդիկ, որոնք լիազորված են բանակցություններ վարել, Սերժ Սարգսյանի անունից պայմանավորվածություններ ձեռք բերել քաղաքական համակարգի շուտափույթ վերափոխման մասին:
 
- Կոնգրեսին մեղադրում են այն բանի մեջ, որ իր քայլերով պարզապես լիցքաթափեց լարված մթնոլորտը: Որ երկխոսությունն օգնում է իշխանությունենրին:
 
- Այո, մեզ մեղադրում են, որ գարնան մեր հանրահավաքային արշավում կարող էինք ձեռք բերել ավելին, քան մարտի մեկի քննության վերսկսումը, Ազատության հրապարակի դեօկուպացիան ու քաղբանտարկյալների ազատ արձակումը: Ասում էին, որ մենք իրականում հնարավորություն ունեինք ոչ միայն դա անել, այլեւ Հայաստանում իրականացնել հեղափոխություն: Սա է հնչող քննադատությունը: Շատ լավ: Նրանք, ովքեր համարում են, որ կարելի էր անել ավելին, թող իրենք գնան այդ ավելին անելու: Եվ մենք նրանց ձեռքը չենք բռնելու, ընդհակառակը՝ օգնելու ենք, եթե ինչ-որ մեկը համարում է, որ կարող է ավելին անել: Մենք հավասարակշռված ու իրատեսական քաղաքական ուժ ենք, հաշվել ենք, որ այս ժամանակահատվածում կարող ենք անել սա, ու համարում ենք լուրջ նախադրյալ հետագա նվաճումների համար: Այսօր մենք վերականգնել ենք մեր շարժման ողջ ռեսուրսը, շնորհիվ քաղբանտարկյալների ազատ արձակման, շնորհիվ մարտի մեկի շուրջ ստեղծված քննարկումների, Ազատության հրապարակի ազատագրմամբ կոտրել ենք հասարակության մեջ վախը: Մենք ստեղծել ենք նախադրյալներ՝ նոր գագաթներ նվաճելու համար: Մենք մեր գործն անում ենք, եւ այդ գործն առաջ է գնում: Մենք կարծում ենք՝ ավելի լավ է փոքր, բայց հաստատուն քայլերով գնալ դեպի նպատակների իրագործում՝ առանց ցնցումների, առանց երկրի ու ԼՂ անվտանգությունը վտանգելու, քան նախագահի նստավայրի ուղղամիտ գրոհներով, ջարդուփշուրով փորձենք քաոս ստեղծել երկրում, որի հետեւանքները նույն մեր քննադատներն իրենք էլ չեն կարող հաշվարկել ու պատկերացնել:
 
- Ի՞նչ է սպասվում հունիսի 30-ի հանրահավաքում: Արդյոք հասարակության մի հատվածը զոհ չի գնա Կոնգրեսի դեմ քննադատությանը, արդյունքում՝ մտավախություն չունե՞ք, որ հանրահավաքը սակավամարդ լինի:
 
- Կան օբյեկտիվ իրողություններ. հայտնի է, որ մեր մոբիլիզացիոն ռեսուրսն իր առավելագույնին հասնում է փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում: Միշտ էլ այդպես է եղել: Իսկ հետո սեզոնային առումով պակասում է, քանի որ մեր ակտիվիստների առնվազն քսան-երեսուն տոկոսը գնում են սեզոնային աշխատանքների, սկսվում են գյուղատնտեսական աշխատանքները եւ սկսվում է արձակուրդային սեզոնը, որի պատճառով մարդիկ կամ արձակուրդ են գնում, կամ պարզապես չեն գալիս հանրահավաքի: Այս գործոնները գործելու են, եւ բնականաբար, այս պահին նվազեցնելու են մեր մոբիլիզացիոն հնարավորությունները: Բայց դա ոչինչ չի նշանակում: Մենք շարունակելու ենք պայքարը՝ ժամանակավորապես մի քիչ նվազեցված ռեսուրսներով: Որովհետեւ ի վերջո բոլորը պետք է հասկանան՝ եթե իշխանությունները հույսը դրել են նրա վրա, որ այս սեզոնային գործոնների շնորհիվ փոքրաթիվ հանրահավաքներ կլինեն, եւ նրանք զիջումների գնալու անհրաժեշտություն չեն ունենա, ապա դա շատ անհեռատես, ես կասեի անգամ՝ հիմար հաշվարկ է: Ավելի լավ է գնալ զիջումների մի վիճակում, երբ մեր ճնշման միջոցները զուտ սեզոնային առումով մի թեթեւ ավելի նվազ են, քան հասցնեն իրավիճակը այն սեզոնին, երբ մեր մոբիլիզացիոն ռեսուրսը լրիվ վերականգնված կլինի, ու իշխանությունները բաց կթողնեն շատ ավելի հանգիստ վիճակում զիջումների գնալու հնարավորությունը: Այդ սխալը կատարել են բոլոր դիկտատորները՝ եւ Մուբարաքը, եւ Բեն Ալին, եւ շատ-շատերը. նրանք սկզբից մտածում են՝ չգնալ զիջումների, իսկ երբ տեսնում են իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, արդեն պատրաստ են լինում գնալու այդ զիջումների մի վիճակում, երբ գնացքն արդեն գնացած է լինում, եւ ոտքի կանգնած ժողովուրդը այլեւս դրանցով չի բավարարվում: Ես իշխանություններին խորհուրդ եմ տալիս չընկնել այս ծուղակի մեջ ու մտածել երկարաժամկետ հեռանկարով: Հրաժարվելով անցնցում թավշյա հեղափոխությունից, ինչը կապահովի համակարգային փոփոխությունների քիչ թե շատ վերահսկելի եւ աստիճանական ընթացք, նրանք երկիրը կմղեն դեպի պետության եւ իրենց իսկ համար վտանգավոր եւ անկանխատեսելի զարգացումների, եւ հենց սեփական ամբարտավանության պատճառով ի վերջո կկանգնեն ժողովրդի անողոք դատաստանի առջեւ:

Ամենաընթերցվածը