ՀՀԿ-ն կմնա կուռ հետադիմական թայֆա ու ամեն ինչ կանի իշխանությունը վերազավթելու համար

    • Հարցազրույց - 16 Մայիսի 2018, 10:02
Մեր զրուցակիցն է ԱԺ նախկին փոխնախագահ, «Հանուն Հայաստան Պետության» ճակատի անդամ Կարապետ Ռուբինյանը

Ինչպե՞ս եք գնահատում նոր կառավարության կազմը, կկարողանա՞ հաղթահարել երկրի առջև ծառացած խնդիրները: Կա կարծիք, որ մի բան է հեղափոխական հռետորաբանությունը, մեկ այլ բան իրական քրտնաջան աշխատանքը, երբ բախվում ես ռեալ խնդիրների:

Մեկ բառով եթե բնութագրելու լինեի, կընտրեի խոստումնալիցը: Ակնհայտ է, որ փորձառության պակասը թիմի ընդհանուր բարձր կրթական մակարդակով, գործին նվիրվածությամբ, թիմային խանդավառ աշխատանքով հավասարակշռելու իրական հնարավորություն կա: Չափազանց կարևոր է նաև բաց, հրապարակային գործելու և հասարակության հետ ամուր հետադարձ կապ պահպանելու ձգտումը: Մնացածը ժամանակը ցույց կտա: Իրատես լինենք, չի բացառվում, շատ հավանական է, որ ձեր մատնանշած իրականության հետ բախումը ոմանց դեպքում խնդիրներ առաջացնի, բայց հասարակական վստահության այն պաշարը, որն ունի վարչապետը, կօգնի նրան նոր լուծումներ գտնել ու առաջ շարժվել:

Փաշինյանը հայտարարել է, որ այս տարվա ընթացքում կլինեն արտահերթ ընտրություններ, սակայն Սահմանադրությունը կարծեք թե շատ քիչ հնարավորություններ է տալիս դրա համար: Հնարավո՞ր է, որ եթե ՀՀԿ-ն մնա կուռ և չցանկանա արտահերթ ընտրություններ, ինչի մասին արդեն բարձրաձայնում են, ոչինչ չի ստացվի: Ինչպիսի՞ հնարավոր զարգացումներ եք տեսնում:

Եկեք վերհիշենք և վերահաստատենք նախկին հանրածանոթ գնահատականները ՀՀԿ-ի վերաբերյալ: ՀՀԿ-ն կուսակցություն չէ, ՀՀԿ-ն քրեաօլիգարխիկ թայֆա է, որը ձևավորվել էր իշխանությունը կեղծարարությամբ ու բռնի ուժով յուրացրած երկու պետական հանցագործների՝ Ռոբերտ Քոչարյանի, հետո Սերժ Սարգսյանի շուրջ: Եվ գործող, և նախորդ սահմանադրությունները իշխանության յուրացումը որակում են որպես ծանր հանցագործություն: ՀՀԿ-ն կմնա որպես կուռ հետադիմական թայֆա ու ամեն ինչ կանի ռեվանշի հասնելու, իշխանությունը վերազավթելու համար, եթե իրական քայլեր չձեռնարկվեն այժմ էլ կուսակցության ղեկից կառչած Սերժ Սարգսյանին ու իր գրասենյակի միջոցով տարբեր առիթներով մեյդան ընկնող ու ճամարտակող Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության կանչելու ու նրանց թալանածը օրինական ճանապարհով հետ բերելու ուղղությամբ: Դրանից հետո թայֆայի մնացած կարիերիստների ու մեծ ու փոքր թալանչիների հարցերը ինքնաբերաբար կլուծվեն և, ինչպես ասում են, մաքուր նստվածքում եթե մնան որոշակի թվով նվիրյալ նժդեհականներ, ապա Աստված ու ՀՀ օրենսդրությունը իրենց պահապան՝ թող գործեն որպես նորմալ կուսակցություն ու մասնակցեն արտահերթ ընտրություններին: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության տրոհման ու հնազանդեցման հարցերն էլ շատ հեշտ կլուծվեն նույն ծիրի մեջ:

Այսօր Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ բարձր է և եթե այսօր տեղի ունենան ընտրությունները, նրա հաղթանակի շանսերը բարձր կլինեն: Դա հաշվի առնելով, արդյոք մյուս քաղաքական ուժերը (ԲՀԿ, ՀՅԴ), որոնք խոսում են արտահերթ ընտրությունների մասին, իսկապես ցանկանում են, որ օր առաջ ընտրություններ լինեն՝ գիտակցելով, որ կարող են իրենց ունեցած ձայները կորցնել: Կամ եթե ընտրությունները լինեն մեկ տարի հետո, Փաշինյանին կհաջողվի՞ ստանալ բավարար թվով ձայներ՝ կառավարություն ձևավորելու համար:

Անկեղծ ասած, ինձ քիչ են հետաքրքրում ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի ցանկություններն ու ծրագրերը: Բավարարված եմ այնքանով, որ խոհեմություն ունեցան իրականությունը ճիշտ գնահատելու ու համաժողովրդական շարժմանը դեմ չգնալու համար: Հուսով եմ, որ հետագայում էլ չեն խոչընդոտի իրադարձությունների բնական ընթացքին: Իսկ բնական ընթացքն արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրությունների համար համապատասխան օրենսդրական դաշտ ստեղծելն է, իրավապահ մարմիններին դրան նախապատրաստելն է, գաղափարների ու ծրագրերի ազատ մրցակցության համար ազատ ու անկաշկանդ մթնոլորտ ստեղծելն է: Իսկ Նիկոլ Փաշինյանի, նրա ներկա կամ ապագա թիմի ընտրություններում հաղթելու հավանականությունը շատ մեծ է: Եթե արտահերթ ընտրությունները կայանան սեղմ ժամկետում, ապա, անշուշտ, մեծ դեր կխաղա հեղափոխական ալիքի իներցիան: Գործընթացի ձգձգվելու դեպքում, կախված կառավարության աշխատանքից, հաղթելու շանսերը կարող են թե նվազել, թե ավելանալ: Այս պահին, ինչպես նշեցի, լավատեսորեն եմ տրամադրված ու կարծում եմ, որ բարի, նպատակասլաց աշխատանքը բարի պտուղներ է բերելու թե իրենց, թե, որն ամենակարևորն է, հասարակության համար:

Ամենաընթերցվածը