Նիկոլ Փաշինյանի հանդիպումը սոչիաբնակ մեր հայրենակիցների հետ կարող էր դիտարկվել որպես սպառնալիք

    • Հարցազրույց - 15 Մայիսի 2018, 22:41
Մեր զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

Պարոն Մելիքյան, Վիգեն Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանը հակամարտության կողմ չէ, ինչպես պնդել է Փաշինյանը: Տեր-Պետրոսյանն էլ մեղադրել է Վիգեն Սարգսյանին անգետ լինելու մեջ՝ պնդելով, որ Հայաստանը դեռ 1994-ից հակամարտության կողմ է: Հայաստանը հակամարտության կո՞ղմ է, թե միայն բանակցությունների կողմ, ինչպես պնդում է Վիգեն Սարգսյանը: Ռոբերտ Քոչարյանը ևս արձագանքել է այս բանավեճին, նշելով, որ իր օրոք չէ, որ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցություններից: Այստեղ ևս տեսակետների բախում կա, քանի որ Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ իրենից հետո Քոչարյանի թեթև ձեռքով Արցախը դուրս մնաց բանակցություններից: Ձեր կարծիքով որտե՞ղ է ճշմարտությունը:

Իսկապես, իրավացի են Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը` Հայաստանը հակամարտության կողմ է: Ընդ որում՝ Հայաստանի առաջին նախագահն իր խոսքում նաև ընդգծում է, որ շնորհիվ հայկական դիվանագիտության փայլուն աշխատանքի, մեր երկրին հաջողվեց խուսափել 1993 թվականին ընդունված ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերում հակամարտության կողմ որակվելուց: Ըստ պարոն Տեր-Պետրոսյանի. «Հայաստանը, Ադրբեջանը և Ղարաբաղը միջազգային հանրության կողմից «ղարաբաղյան հակամարտության կողմի» կարգավիճակ են ստացել ԵԱՀԿ 1994թ. դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում և ավելի հստակ` ԵԱՀԿ ղեկավար խորհրդի նախագահի` 1995թ. մարտի 31-ի Պրահյան պարզաբանման մեջ»: Չկա պարզաբանումն այն բանի, թե ինչու Հայաստանը առնվազն մինչև 1993 թվականի նոյեմբերի 12-ը պաշտոնապես չի ճանաչվել հակամարտության կողմ, իսկ այնուհետև նախ ինքն իրեն է ճանաչել որպես այդպիսին, ապա նաև այդ կարգավիճակը ստացել միջազգային փաստաթղթերում: Փաստ է, որ 1993 թվականի նոյեմբերից հետո Հայաստանն ինքն իրեն հոժարակամ ճանաչել է հակամարտության կողմ և այդ կարգավիճակով էլ ստորագրել մի շարք եռակողմ փաստաթղթեր` Արցախի ու Ադրբեջանի պաշտոնատարների հետ միասին: Կարծում եմ, որ հարցի վերաբերյալ ճիշտ պատկերացում կազմելու համար կարևոր կլինի ստանալ մեր պաշտոնական քաղաքականության մեջ տեղ գտած այս անհասկանալի փոփոխության բացատրությունը` իմանալ, թե ինչու էր լավ, որ մինչև 1993թ. նոյեմբերը մեր դիվանագիտությունը փայլուն աշխատեց, իսկ դրանից հետո տեղի տվեց, և մենք ինքնակամ մեզ դարձրեցինք հակամարտության կողմ:

Այժմ Լևոն Տեր-Պետրոսյան - Ռոբերտ Քոչարյան բանավեճի առարկայի մասին: Հավանաբար այստեղ տեղ գտած տարընթերցումները պարզաբանելիս անհրաժեշտ է անդրադառնալ որոշ նրբությունների: Պարոն Քոչարյանն իրավացի է այն մասով, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իսկապես ադրբեջանական կողմի հետ երկկողմ բանակցություններ ու կոնտակտներ է ունեցել, առանց Արցախի ներկայացուցիչների մասնակցության, և նույնը վերաբերում է նաև նրա խորհրդական Ժիրայր Լիպարիտյանին: Սակայն այստեղ կարևոր է հասկանալ, որ պարոն Տեր-Պետրոսյանն, անգամ ադրբեջանցի պաշտոնատարների հետ Արցախին առնչվող հարցեր քննարկելիս, երբևէ հանդես չի եկել նաև Արցախի անունից: Այսինքն՝ այդ կարգի կոնտակտների ժամանակ ներկայացրել է բացառապես Հայաստանի Հանրապետությունը, իսկ բանակցած խնդիրների վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու իրավունքը, թեկուզ ինչ-ինչ վերապահումներով, թողել է պաշտոնական Ստեփանակերտին, այսինքն` պարոն Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական թիմին: Մինչդեռ, երբ պարոն Քոչարյանը զբաղեցրեց ՀՀ նախագահի աթոռն, ու սկսվեց Քոչարյան-Ալիև երկկողմ հանդիպումների շարքը, որն ավարտվեց Քի-Վեսթի տապալումով, ապա այդ կոնտակտների երկկողմ, այսինքն՝ առանց Ստեփանակերտի ներկայացուցիչների, ձևաչափը բացատրվեց նրանով, որ պարոն Քոչարյանը որպես Արցախի նախկին նախագահ ներկայացնում է նաև պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումները: Ես հասկանում եմ, որ ինչպես Հայաստանի` հակամարտության կողմ դառնալու, այնպես էլ պարոն Քոչարյանի` միաժամանակ ՀՀ ու ԼՂՀ անունից բանակցելու հանգամանքները ինչ-որ կերպ պատճառաբանված ու, գուցե, արդարացված են եղել, բայց այժմ մենք հասել ենք մի հանգրվանի, երբ պետք է կարողանանք ձերբազատվել նախկինում արված և գուցե անգամ մեզ պարտադրված սխալների ծանր ու խիստ վնասկար բեռից: Այս առաջարկով ես դիմում եմ մեր քաղաքական դասին, այդ թվում նաև այս բանավեճին մասնակցող բոլոր հարգարժան դերակատարներին:

Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի այցը Սոչի, հանդիպումները Պուտինի և ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հետ:

Սա պարոն Փաշինյանի առաջին հանդիպումն էր ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավար իր գործընկերների հետ, և բնական եմ համարում, որ այն առավելապես պետք է արարողակարգային բնույթ կրեր: Դրա հետ մեկտեղ շատ կարևոր էր հաշվի առնել այն, որ այդ գործընկերներից առնվազն երեքը սկզբունքորեն չեն կարող համակրել հեղափոխական եղանակով իշխանության եկած որևէ քաղաքական գործչի այն պարզ պատճառով, որ իշխանափոխության հեղափոխական տարբերակն իրենց համար մերժելի է ու վտանգավոր: Այդ իսկ պատճառով Նիկոլ Փաշինյանի հանդիպումը սոչիաբնակ խանդավառ մեր հայրենակիցների հետ կարող էր դիտարկվել որպես մարտահրավեր-սպառնալիք ու հեղափոխական տրամադրությունների արտահանմանն ուղղված ցուցադրական գործողություն: Կարծում եմ, որ կարևոր է, որ մեր պաշտոնատարներն իրենց հաշիվ տան ոչ միայն ասելիքի ընտրությունը կատարելիս, այլև այս կամ այն գործողությունը նախաձեռնելիս: Սոչիի մեր հայրենակիցների հետ հանդիպումը կարելի էր կազմակերպել պաշտոնական միջոցառումների և հանդիպումների օրակարգը սպառելուց հետո:

Ինչևէ, առաջին հանդիպումներն ու ծանոթություններն արդեն իսկ տեղի են ունեցել և այժմ անհրաժեշտ է խորացնել ու զարգացնել հնարավոր ձեռքբերումները և հետևություններ անել կատարած վրիպումներից` այս ոլորտում առաջին քայլը սովորաբար կատարյալ անել չի հաջողվում և ոչ մեկին:

Ամենաընթերցվածը