ՀՀԿ-ն անընդհատ կխոչընդոտի և պետք է ցույց տա, որ ինքը գործոն է

    • Հարցազրույց - 14 Մայիսի 2018, 23:16
Մեր զրուցակիցն է միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը

Պարոն Իգիթյան, կառավարության նոր կազմն արդեն հայտնի է։ Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը։ Որքանո՞վ էր սա լավագույն ընտրությունը։

Ինձ համար կա կարևոր մի սկզբունք. դա այն գլխավոր նպատակն է, որը դրված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այն մթնոլորտը, որում ձևավորվել է այս կառավարությունը, պետք է այդ մթնոլորտում աշխատի։ Ես հասկանում եմ, որ Հայաստանում տարբեր կարծիքներ են լինում, հատկապես անձանց հետ կապված, թե որքանով է այս կամ անձը համապատասխանում իր պաշտոնին։ Ինձ թվում է՝ այդ հարցերին ընթացքում կամ 100 օրից բոլորս կանդրադառնանք, բայց պետք է հնարավորություն տանք Նիկոլ Փաշինյանին իր պատկերացրած թիմով անել այն, ինչի մասին ինքն ասում էր և իրականացնել այս սպասելիքները, որը բոլորս միասին հրապարակում ունեցել ենք և իր առջև դրել ենք որպես ժողովուրդ։

Ինչ վերաբերում է ԱԳՆ-ին, ես Զոհրաբ Մնացականյանին շատ-շատ տարիներ գիտեմ։ Կարծում եմ, որ նա որպես դիվանագետ լրիվ կայացած է և եթե ճիշտ դրվեն խնդիրները, որոնք Հայաստանը պետք է իրականացնի արտաքին աշխարհում, ինքը լրիվ կարող է իրականացնել։ Ոստիկանության դեպքում ես հասկանում եմ Վալերի Օսիպյանի հետ կապված հնչող տարբեր կարծիքները, բայց նորից կրկնեմ, որ նրա առջև պետք է հստակ դրվի այն գործառույթը, որն օրենսդրությամբ պահանջվում է՝ օրինականության հաստատում, հատկապես ընտրությունների հետ կապված։ Խնդիրը ոստիկանապետը չէր, խնդիրն այն էր, որ ոստիկանության առջև, հատկապես ընտրությունների ժամանակ, դրված էր խնդիր ամեն ինչ անել, որ կեղծիքները և օրենքի խախտումները տեղի ունենան հօգուտ ՀՀԿ-ի։ Մենք տեսել ենք, որ ոստիկանությունը խառնվում է ընտրական պրոցեսին միայն ու միայն այդ խախտումները կոծկելու համար։ Շատ հաճախ այն լրագրողներն ու դիտորդները, որոնք ահազանգում էին այդ խախտումների մասին, տուժում էին ոստիկանների գործողություններից։ Հիմա այդ դերը ոստիկանությունը չպետք է կատարի։

Կա մի հանգամանք, որը շատ կարևոր է անձանց հետ կապված։ Ես կարծում եմ, որ այդ անձինք իրենց ապրած կյանքով պետք է մաքուր լինեն։ Եթե կան մարդիկ, որոնք կոռուպցիայի մեջ են, նրանք պետք է հայտնաբերվեն լրագրողների, քաղաքացիական հասարակության կողմից, և նրանք չպետք է լինեն պաշտոններում։ Ես առայժմ նման տեղեկություններ չունեմ, եթե կլինեն նման փաստեր, մենք այդ հարցերը պետք է բարձրացնենք։

Շատերը նշում են, որ հեղափոխությունը չի ավարտվել, քանի դեռ ՀՀԿ-ն մեծամասնություն է ԱԺ-ում, որ հեղափոխությունը ավելի բարդ փուլ է թևակոխել։ Ձեր կարծիքով, որքանո՞վ է հնարավոր լինելու շատ արագ, մի քանի ամիսների ընթացքում ապահովել արտահերթ ընտրություններ, թե՞ ՀՀԿ-ն ամեն կերպ կխոչընդոտի այդ գործընթացը։

Պարզ է, որ ՀՀԿ-ն անընդհատ կխոչընդոտի և պետք է ցույց տա, որ ինքը գործոն է թեկուզ ԱԺ-ում իր 58 ձայներով, թեև դա չի արտացոլում հասարակության մեջ առկա իրական պատկերը։ Այդ մարդիկ խորհրդարանում պատգամավորի իրենց մանդատը համարում են ոչ թե որպես ժողովրդի ներկայացուցիչ, այլ որպես գործոն իրենց անվտանգությունը, ինչու ոչ, նաև սեփականությունը պաշտպանելու համար։ Այդ տեսակետից, ինձ թվում է, որ անընդհատ խնդիրներ կլինեն ԱԺ-ում օրենսդրական անհրաժեշտ նախագծերը անցկացնելու հետ կապված։ Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների ժամկետներին, դա ևս կախված է նրանից, թե ինչ խոչընդոտներ կստեղծի ՀՀԿ խմբակցությունը։ Բոլոր դեպքերում, ամիսների մասին է խոսքը։

Դուք միշտ Հայաստանի արտաքին կուրսի հետ կապված ունեցել եք մտահոգություններ։ Հիմա Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներում կարևորում է հայ-ռուսական հարաբերությունները, ԵՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր չի տեսնում։ Սա նշանակո՞ւմ է, որ Փաշինյանի կառավարության պարագայում արտաքին քաղաքական կուրսում լուրջ փոփոխություններ չեն լինելու։

Նայած թե ով ինչպես կմեկնաբանի՝ արդյոք դա լուրջ փոփոխություն է, թե ոչ, եթե Հայաստանն սկսի պայքարել իր շահերի համար և փոխի մարտավարությունը հատկապես Ռուսաստանի, ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում՝ քծնանքից անցում կատարի դեպի սեփական շահերի պաշտպանություն, կարծում եմ՝ դա կտրուկ փոփոխություն կլինի։ Տեսեք, թե ինչպես են պայքարում ԵՏՄ այլ անդամներն իրենց շահերի համար, օրինակ Բելառուսը, Ղազախստանը։ Օրինակ Նազարբաևն անընդհատ հայտարարություններ է անում, որ եթե Ղազախստանի շահը և ԵՏՄ շահը հակասության մեջ մտնեն, իրենք կպայքարեն իրենց երկրի շահերի համար։ Հայաստանը երբեք այդ կառույցում իր շահերը չի բարձրացրել։ Եթե Հայաստանն էլ սկսի իր շահերը բարձրացնել, ԵՏՄ-ն կլինի ոչ թե մեր զարգացման խոչընդոտ, այլ կարող է նաև առնվազն չխանգարել մեր զարգացմանը։

Կամ, օրինակ, Հայաստան-ԵՄ հարաբերությունները կրում էին բացարձակ իմիտացիոն բնույթ։ Հայաստան-ԵՄ պայմանագրի որևէ կետ անկեղծ ձևով չի իրականացվել Հայաստանի կողմից՝ սկսած կոռուպցիայից, վերջացրած ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերով։ Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա գնալ այդ կետերի իրականացմանը, դա կլինի Հայաստանի արտաքին հարաբերությունների կտրուկ փոփոխություն։ Ես այդպես եմ պատկերացնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ արժանապատիվ։ Իհարկե, պետք է հաշվի առնել մեր հնարավորությունները և մեր դիմացինների հնարավորությունները, բայց գոնե պետք է մեր հարցերն արժանապատիվ ձևով բարձրացնենք և փորձենք դրանք իրականացնել։

Ամենաընթերցվածը