Ինչպես լուծել անօրինական սեփականության ու վնասի հատուցման հարցը

    • Հարցազրույց - 14 Մայիսի 2018, 18:46
Lragir.am-ի զրուցակիցն է ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը

Պարոն Ղուկասյան, նոր կառավարության կազմը ձևավորվեց, ի՞նչ խնդիր պետք է իրականացնի այս կառավարությունը:

Նոր իշխանությունն իր անելիքների մասին շատ վաղուց է հայտնել: Դրանք չորս կետերն են՝ երկրում քաղաքական իրավիճակը կայունացնել, ապահովել կայուն անցման շրջան, կատարել օրենսդրական և ինստիտուցիոնալ անհրաժեշտ փոփոխություններ ընտրական ոլորտում և անցկացնել ազատ ու արդար ընտրություններ: Ժողովրդից տրված մադատը սա է, դա էր ներկայացվել հանրությանը և հաստատվել հանրության կողմից: Իմ կարծիքով՝ բան չի փոխվել, և կառավարությունը պետք է այդ մանդատի շրջանակներում մոտակա ժամանակահատվածում երկրում պայմաններ ստեղծի՝ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար:

Ի՞նչ ժամկետ է դրա համար անհրաժեշտ, որովհետև անընդհատ այս հարցն է շոշափվում:

Իմ կարծիքով՝ որքան շուտ նշանակվեն այդ ընտրությունները, այնքան հնարավոր կլինի անցումային շրջանն անցնել առանց տնտեսական և այլ կորուստների: Իհարկե, անցումային շրջանում առաջանում են ռիսկեր, քանի որ բիզնեսի համար անորոշությունը հակացուցված վիճակ է: Հիմա դա կարևոր գործոններից մեկն է, որը պետք է հաշվի առնել: Կա նաև բյուջեի խնդիրը, ազատ ու լեգիտիմ ընտրություններով ընտրված իշխանությունը պետք է հասցնի նոր բյուջե կազմել, դա պետք է տարբերվի անցյալում եղած բյուջեներից, մարդիկ պետք է առաջընթաց տեսնեն: Այսինքն՝ իմ կարծիքով՝ հուլիսի վերջն այն ժամկետն է, որ պետք է արտահերթ ընտրություններ նշանակվեն: Դա հնարավորություն կտա նվազագույն ռիսկեր ստեղծել տնտեսական ոլորտում:

Նիկոլ Փաշինյանի որոշ նշանակումներ դժգոհություններ են առաջացրել հանրության մոտ, մասնավորապես, ոստիկանապետի նշանակումը: Սա նորմա՞լ գործընթաց է:

Սպասելի էր, որ նման իրավիճակ կառաջանար, որովհետև կառվարությունը ձևավորվում էր ճգնաժամային ու արտակարգ քաղաքական պայմաններում: Իմ կարծիքով՝ այս բոլոր դժգոհությունները կարող են կոմպենսացվել, եթե իսկապես պարզ դառնա, որ արտահերթ ընտրությունները հեռու չեն, այլ մոտակա ժամանակներում տեղի կունենան: Դա կչեզոքացնի այս դժգոհությունը: Բայց եթե դա ավելի երկար ժամկետների հարց դառնա, իհարկե, կառավարությունը կդառնա խոցելի: Այս կառավարությունը մարդիկ դիտարկում են հենց որպես ժամանակավոր կառավարություն, որի գլխավոր առաքելությունն է երկրում պայմաններ ստեղծել՝ լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար: Իսկ ընտրություններից հետո արդեն նշանակություն ունի այն, թե որ քաղաքական ուժն ունի մեծամասնություն: Այդ դեպքում կադրային նշանակումները, կառավարության ձևավորման հարցերը այլ մթնոլորտում են անցնում, և նման դժգոհություններ, որոնք հիմա կան, չեն առաջանում:  Հիմա, երբ համաժողովրդական շարժումը ներառում է քաղաքական բոլոր ուժերը՝ միասնական ճակատի տեսքով, երբեք հնարավոր չէ ունենալ այնպիսի կառավարություն, որ բոլորը գոհ լինեն:

ՀՀԿ-ն հայտարարել է ընդդիմադիր ուժ լինելու մասին, սա ինչ կարող է փոխել քաղաքական դաշտում:

Խորհրդարանում ՀՀԿ-ն ընդդիմադիր չի կարող լինել: Հավանաբար խոսքը գնում է նրա մասին, որ իրենց խմբակցությունը կիսվելու է, կորցնելու են մեծամասնությունը: Այդ դեպքում կարող են դառնալ ընդդիմադիր: Եթե 10-15 պատգամավոր դուրս գա ՀՀԿ կազմից, իրենց կկորցնեն մեծամասնություն լինելու կարողությունը: Դե ֆակտո վաղուց կորցրել են, բայց դե յուրե քաղաքագիտության տեսանկյունից ողջամիտ գործընթացն այն է, որ ՀՀԿ-ի ներսից մարդիկ անջատվեն: Եվ այս անցումային շրջանում մենք կտեսնենք ավելի նվազ թվով ՀՀԿ ֆրակիցա: Նրանք, ովքեր ընդդիմադիր լինելու մասին են խոսում, երևի հենց դա նկատի ունեն, ՀՀԿ դրոշի տակ մնացողներն են ընդդիմություն լինելու: Իմ կարծիքով՝ իրենք այս ընթացքում կլինեն զսպող ուժ դեմոկրատական ուժերի համար: Մենք հիմա մեկ կարևոր հարց ունենք՝ ընտրությունների հետ կապված պայմանների ստեղծումը: Եվ ասել՝ ընդդիմություն, դրա տակ պետք է հասկանալ այն, որ ՀՀԿ-ն փորձելու է ռեյտինգային ընտրակա՞րգը առաջ տանել, սա՞ է լինելու նրանց ընդդիմադիր գործունեությունը: ՀՀԿ-ի դերակատարությունն այս հարցում կարող է լինել այն, որ նրանք էլ փորձեն ինչ-որ կերպ դերակատարություն ունենալ նոր Ընտրական օրենսգրքի մշակման հարցում:

Իմ կարծիքով՝ շատ կարևոր է, որպեսզի Ընտրական օրենսգրքի փոփոխության առաջարկը գա քաղաքացիական հասարությունից: Քաղաքացիական հանրությունը չպետք է սպասի, թե քաղաքական ուժերը երբ կառաջարկեն այդ փոփոխությունները: Ընտրական գործընթացների շուրջ մոդելը պետք է ընթանա այսպես՝ քաղաքացիական հասարակություն-քաղաքական ուժեր: Ես հասկանում եմ՝ ընդդիմադիր ասելով՝ նկատի ունեք դասական ընդդիմություն, երբ ժողովրդի շահերից են հանդես գալիս: Բայց այսօր ՀՀԿ-ն այդ որակով այդ դիրքերից չի կարող հանդես գալ: Այդ ուժը մնում է խոշոր կապիտալի, անօրինական հարստություն ձևավորած սեփականատերերի խմբի շահերը պաշտպանող ուժ: Եվ իր խնդիրն է, որ ունենա այնպիսի ֆորմատ, որպեսզի իրենց հետ հնարավոր լինի բանակցել այդ սուր հարցերի շուրջ, իսկ անօրինական հարստացման հարցը սուր հարցերից մեկն է: Անհրաժեշտ է այդ հարցը կարգավորել այնպես, որ ոչ բիզնեսը տուժի, ոչ էլ հանրությունը, այսինքն՝ այս երկու կողմից ողջամիտ մոտեցում պետք է լինի: Եվ կա անհրաժեշտություն, որ անօրինական հարստության ներկայացուցիչներն առաջինն ունակ լինեն բանակցելու և երկրորդը, ի վիճակի լինեն ձեռք բերված պայմանավորվածությունները կատարել: Այսինքն՝ և իրենք ունենան երաշխիք, և հանրության առջև կարողանան հանդես գալ որպես քաղաքական առումով յուրահատուկ սուբյեկտ, որն ունի իր կոնկրետ խնդիրը: Մենք հասկանում ենք, որ կտրուկ քայլերը կարող են խոցել մեր տնտեսությունը:

Այսինքն՝ կարծում եք, որ պատիժներ, ձերբակալություններ, վենդետաներ չպե՞տք  է լինեն:

Հանրային շահերից է բխում գտնել այնպիսի լուծումներ, որոք հավասարակշռված կլինեն: Վենդետան պետք է բացառված լինի, բայց օրենքի գերակայությունը, օրենքի իշխանությունը պետք է հաստատվի, արդարադատության համակարգը պետք է նորմալ գործի: Այսինքն՝ պատասխանատվությունը չի վերանում, բոլոր կողմերի համար դա պետք է լինի պարզ ու հասկանալի: Ուստի, ՀՀԿ-ի դերակատարությունը լինելու է այն, որ ոչ թե այդ ուժը ընդդիմություն է լինելու, այլ իրենք պետք է պաշտպանեն իրենց գործընկերների, իրենց հովանավորների շահերը, իսկ դրանք անօրինական հարստության շահերն են, նախկին կոռուպցիոներների շահերն են: Եվ այդ գործընթացի արդյունքում պետք է ձևավորվի այս փոխադարձ ըմբռնումով մոդելը: Հանրությունը հստակ պետք է տեսնի, որ դա խաղ չէ, որ իսկապես անօրինական հարստության սեփականատերերը հատուցում են իրենց կողմից պատճառած վնասները, իսկ բիզնեսը պետք է տեսնի, որ այդ գործընթացը չի վերածվում բիզնեսի ոչնչացման, սեփականության փոփոխության հարցերը չեն վնասում տնտեսական գործող կառույցներին: Սա շատ բարդ ու նուրբ խնդիր է: Իմ կարծիքով՝ դա ժամանակավոր կառավարության խնդիրը չէ, լեգիտիմ իշխանության խնդիրը պետք է լինի:

Ամենաընթերցվածը