Իշխանությունն այլեւս անցյալ է. այսպիսի որակի թավշյա հեղափոխություն չի եղել

    • Հարցազրույց - 22 Ապրիլի 2018, 00:03
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

Պարոն Շիրինյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այլևս Սերժ Սարգսյանի հետ կարող է քննարկվել միայն նրա հեռացման պայմանները: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։

Իշխանությունն արդեն անցյալ է։ Լեգիտիմությունը կորցրած իշխանություն է, ըստ էության, հեղափոխական իրադրություն է Հայաստանում։ Եթե առաջ իրադարձությունները փոխվում էին օր առ օր, ապա հիմա դա տեղի է ունենում ժամ առ ժամ։ Ես պատմական մի դեպք հիշեցնեմ. սա մոդելի և խանդավառության իմաստով կրկնում է 1921 թվականի փետրվարյան ապստամբությունը, որը Հայաստանի պետականությունը վերադարձնելուն ուղղված ապստամբություն էր։ Այն ժամանակ էլ դա ազատատենչության հեղափոխություն էր։ Տարբերությունը միայն միջոցների մեջ է, որ հիմա խաղաղ է ընթանում հեղափոխությունը։

Ըստ էության՝ հիմա ժողովուրդը վերահաստատում է իր ինքնիշխանությունը պետականության հանդեպ, որն այսքան տարիներ բռնադատված էր։ Այդ իմաստով, իշխանությունն այսօր հայտնվել է ճգնաժամային իրավիճակի և դիմադրողի կարգավիճակում։ Իշխանությունն իրեն արդարացնող քրթմնջոցներ է հայտնում, որը ոչ ոք չի լսում։ Լեգիտիմության իմաստով Սերժ Սարգսյանը պետք է ընդառաջ գնա ժողովրդին, իսկ դա նշանակում է հրաժարական, ուրիշ բան հիմա այլևս ընդունելի չէ։ Նախ ինքն ուժ չունի, բանակն ու մնացած ուժայինները պարտավոր են սահմանադրական կարգը պահել, իրենց պարտականությունն իրականացնել։ Դա նշանակում է, որ եթե իշխանությունը հիմա փորձի ուժ գործադրել, նա կարող է մեղադրվել իշխանության բռնազավթման մեջ։ Իշխանությունն այլևս 4-րդ հանրապետությունում է, երրորդը մեռել-պրծել է, քարշ է գալիս։ Իրենք պետք է լավ հասկանան, որ սա համազգային ընդվզում է, քաղաքակրթական է ու հզոր է։ Սա նաև Հայաստանի ապագան է, որովհետև երիտասարդություն է հիմնական զանգվածը։ Պատկերավոր ասած, այսօրվա ստեղծված օլիգարխիան այլևս ժողովուրդն է, Հայաստանում այլևս ուրիշ օլիգարխիա չկա, ոչ էլ կարող է դերակատար լինել։ Այս պայմաններում խոհեմության հարցն է մնում, որպեսզի հանգստությունը պահպանվի։ Բովանդակային առումով հարցը հետևյալն է. եթե վերցնենք թավշյա հեղափոխությունները 1990-ականների և մեր օրերի, ըստ էության Հայաստանը համաշխարհային քաղաքակրթական պայքարի  մեջ նոր նիշ է գրանցում. այսպիսի որակի թավշյա հեղափոխություն չի եղել։

Կարծում եք՝ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, մենք հենց այդ ճանապարհով էլ գնո՞ւմ ենք։

Այո, բռնություն չկա, և ինքը կարողացավ այդ վիճակը պահել։ Ոստիկանությունը, որ Հայաստանում այդքան կիրթ չէ, սովետական ավանդույթով է դեռ աշխատում, չեն կարողանում այն դերը խաղալ, ինչը, երևի, նախատեսվել էր իրենց համար։ Ընդվզումը շատ մեծ է և խաղաղ է։ Սա իրենց լեգիտիմության հիմքերը քանդում է։ Դրա համար գործընթացը գնում է դեպի իշխանափոխություն, իսկ դա նշանակում է հրաժարական է տալիս կաբինետն ամբողջությամբ։ Ես նկատի չունեմ միայն ՀՀԿ-ն, այլ նաև ողջ կոալիցիան՝ ՀՅԴ-ի հետ միասին։ Դրանք տապ են արել, որ նորից մտնեն խաղի մեջ։

Ժամանակավոր կառավարություն է գալիս և նոր ընտրություններ։ Ընտրությունները կտան այն հարցի պատասխանը, թե ով է կառավարելու։ Երկրորդ կարևոր խնդիրը՝ տնտեսությունը պետք է դառնա արդյունաբերական։ Ռազմավարական նշանակության օբյեկտները, ձեռնարկությունները պետք է անպայման ազգայնացվեն, երկրորդ, մշակութային բարձր հասարակություն պետք է ձևավորվի։ Բացի այդ, Արցախի խնդրում նոր մոտեցում պետք է որդեգրել, որովհետև նախորդ ռեժիմը բավարարել էր Ադրբեջանի պահանջները։ Սերժ Սարգսյանը դրա համար էլ, երևի, դիմադրում էր։ Աշխարհի համակրանքը, բնականաբար, մեր կողմն է, չի կարող այլ կերպ լինել։ Արձագանքները շատ հրաշալի են։

Ամենաընթերցվածը